Samizdat vol. 1.7
If you are in Armenia, please print and distribute among friends. If you are in Armenia and know people who want to have news but cannot access it on the internet, please print copies and distribute. But remember NOT to print a color copy - print only a black and white copy. Items printed in color leave markers, originally done to defeat counterfeiters, that will enable security forces to match a print with the printer. Black and white prints do not have that problem.
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
11.03.08
Դավիթ Շահնազարյան. «Պայքարը նոր է սկսվում»
http://zhamanak.com/article/8603/
8:08 Yerevan | 4:08 GMT | Tuesday 11 March 2008
«Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց ժողովրդի վրա, ինչի համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում», - համոզված է «ԺԵ»-«ԺԼԱ»-ի զրուցակից` ՀՀՇ հիմնադիր անդամ, 1991-1999թթ. ԱԺ պատգամավոր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-1995թթ. Ազգային անվտանգության պետական վարչության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
-Պարոն Շահնազարյան. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Ձեր անունը մի քանի օր շարունակ տարբեր պաշտոնյաներ եւ իշխանական լրատվամիջոցներ հնչեցնում էին` կապելով այդ դեպքերի հետ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին Երեւանում, եւ ի՞նչ գնահատական կտաք այդ իրադարձություններին:
- Օգտվելով` մարտի 1-ից հետո ինձ ընձեռված այս առաջին հնարավորությունից` խորապես եւ անկեղծորեն ցավակցում եմ մարտի 1-ին բոլոր զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Իմ անունը շոշափելու առիթով այդ պաշտոնյաներին ձեր թերթի միջոցով ես արդեն պատասխանել եմ (Դ.Շահնազարյանը մեր թերթի մարտի 6-ի համարում ասել էր. «Այս հսկայածավալ տեղեկատվական շրջափակման ու պաշտոնական տոտալ կեղծ տեղեկատվության տարածման պայմաններում Քոչարյանը կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, որոնք ուղղակիորեն կրում են մարտի 1-ի սպանությունների եւ այլ հանցագործությունների ողջ պատասխանատվությունը, թող չփորձեն հոլովել իմ անունը` համեմելով այն կեղծիքով ու ստով».- հեղ.): Ինչպես գիտեք, մարտի 1-ի վաղ առավոտյան իշխանությունները հատուկ ստորաբաժանման զորքերով հարձակում են գործել Ազատության հրապարակում անցկացվող խաղաղ նստացույցի հազարավոր մասնակիցների եւ նրանց վրանների վրա. ընդ որում, այդ գործողությունները իրականացվել է առանց որեւէ նախազգուշացման: Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության զորքերը մտել են Ազատության հրապարակ Տեր-Պետրոսյանը խոսափողով դիմել է թե նստացույցի մասնակիցներին, թե ոստիկանական զորքերին` ասելով հետեւյալը. «Խնդրում եմ պահպանել հանգստություն. ոստիկաններ են եկել, տեսնենք ինչ են ուզում», այնուհետեւ դիմելով ոստիկաններին Տեր-Պետրոսյանը նշել է` «նստացույցին մասնակցում են կանայք եւ երեխաներ, վրաններում կան կանայք եւ երեխաներ, խնդրում եմ հաշվի առեք դա». դեռ խոսքը չավարտած հատուկ ջոկատայինները մահակներով, վահաններով, էլեկտրաշոկով, հատուկ միջոցներով, ինչպես հետագայում պարզվեց` նաեւ արցունքաբեր գազ կիրառելով սկսել են հարձակումները, նաեւ` Մաշտոցի, Թումանյանի, Սայաթ-Նովայի փողոցներում: Դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի առավոտյան, տնային կալանքի մեջ գտնվելով, ժամը 11.00-ին հրավիրած իր մամուլի ասուլիսում արդեն ներկայացրել է:
Ազատության հրապարակի շրջակայքում իրականացված գործողություններից մի քանի ժամ անց, արդեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Մյասնիկյանի արձանին հարակից հրապարակում, երբ ես եկա այդտեղ, կարծում եմ` 100 000-ից ավելի մարդ էր հավաքված: Ակնհայտ էր, որ բավական լարված, պայթունավտանգ իրավիճակ էր` հատուկ ստորաբաժանումները զինված էին մահակներով, վահաններով. նաեւ ջրցան մեքենաներ կային, եւ, ի դեպ, զորքերը կանգնած էին ժողովրդից կես կամ մեկ մետր հեռավորության վրա` դեմ առ դեմ: Բացի այդ, հատուկ ստորաբաժանումները ժողովրդին բաժանել էին մի քանի հատվածների. մարդկանց խմբերը միմյանցից կտրված էին, ժողովրդի եւ հատուկ ջոկատայինների միջեւ անընդհատ` հաճախ բավական սուր վիճաբանություններ էին ծագում: Պետք է նկատել, որ մարդիկ արդեն տեղյակ էին, թե ինչ է տեղի ունեցել վաղ առավոտյան Ազատության հրապարակում, եւ հասարակությունը չափազանց բորբոքված էր, զայրացած. ավելին` այդտեղ կային նաեւ Ազատության հրապարակի դեպքերի ականատեսներ, իրավիճակը իսկապես լարված էր: Պետք է շեշտեմ նաեւ, որ դա ինքնաբուխ հանրահավաք էր` այն չուներ կազմակերպիչներ: Այդ իրավիճակում միայն մեկ խնդիր կար. հարկավոր էր անմիջապես հեռացնել ոստիկանական զորքերը, որովհետեւ այնպիսի իրադրություն էր ստեղծվել, որ հնարավոր էր անգամ առանց հրամանի բախումներ բռնկվեին: Ի դեպ, նշեմ, որ ինքս նկատեցի մի քանի անձանց, որոնք ակնհայտորեն սադրիչներ էին, օլիգարխների, այսպես կոչված` թիկնազորից, որոնց դեմքով բոլորս էլ ճանաչում ենք:
Անմիջապես սկսեցինք խոսել, կարելի է ասել` բանակցել գեներալներ Աֆյանի եւ Գիզիրյանի հետ. ի դեպ, ներկա էր նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ով իրեն պատշաճ դրսեւորեց` նա եւս ձգտում էր լիցքաթափել լարված մթնոլորտը: Ինչեւէ, գեներալներն առաջարկեցին ժողովրդին «տեղափոխել» Մատենադարան: Ժողովրդի պահանջը մեկն էր. մարդիկ սպասում էին, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ արդեն տեղյակ էին, որ նա գտնվում է տնային կալանքի մեջ: Ի սկզբանե ասեմ, որ ժողովրդին տեղափոխել Մատենադարան անհնար էր, քանի որ ժողովուրդը առանց Տեր-Պետրոսյանի չէր շարժվի այդտեղից, ժողովուրդը կենթարկվեր բացառապես նրա կոչերին եւ, իմիջիայլոց, գիշերը ժամը 3.00-ին ժողովուրդը ցրվեց հենց Տեր-Պետրոսյանի հորդորով: Ապա. ժողովրդի շարժը դեպի Մատենադարան կնպաստեր սադրանքների հրահրման, անկարգությունների մի նոր փուլի մեկնարկին: Եվ հաջորդ կարեւոր հանգամանքը` անթույլատրելի էր, որպեսզի Ազատության հրապարակում տեղի ունեցած այդ դաժան ծեծուջարդից ու բռնություններից հետո 100 000-ից ավել մարդ անցներ Օպերայի շրջակայքով` ուր տեղակայված էր զինուժ եւ տեխնիկա: Երբ գեներալների կողմից առաջարկ եղավ ժողովրդին «տեղափոխել» Մատենադարանի դիմացի հրապարակ, ի պատասխան դրան ես գեներալներին ասացի, որ հարկավոր է ետ քաշել, հեռացնել զորքերը, բացել հատուկ ստորաբաժանումների շղթաները, ինչի արդյունքում ժողովուրդը մասնատվել էր:
Գեներալները համաձայնեցին, ասացին, որ եթե ես հայտարարեմ դեպի Մատենադարան շարժվելու մասին, իրենք զորքերը ետ կքաշեն: Ես ոստիկանական մեքենայի բարձրախոսով դիմեցի ժողովրդին` նախ նշեցի, որ սա ինքնաբուխ հանրահավաք է, չունի կազմակերպիչներ, այնուհետեւ հայտարարեցի, որ պետք է շարժվել դեպի Մատենադարանի տարածք: Դրանից անմիջապես հետո զորքերը իսկապես սկսեցին ետ քաշվել, իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց, սակայն ժողովուրդը շարունակում էր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ներկայությունը եւ ակնհայտ էր, որ որեւէ ուղղությամբ այդտեղից չէր շարժվելու, ինչի մասին ես հայտնեցի գեներալներին: Ի դեպ ասեմ, որ իմ անձնական տպավորությամբ` գեներալներ Աֆյանը եւ Գիզիրյանը շահագրգռված չէին, որ այդտեղ բախումներ ծագեն: Այնուհետեւ նկատեցինք, որ սադրիչների մի նոր խումբ աղմուկ-աղաղակով եկավ Գինու գործարանի կողմից, սկսեցին քարեր նետել, այնուհետեւ ոստիկանական մեքենայի հետ կապված հայտնի միջադեպը եղավ` ես 200 մետր հեռավորության վրա նկատեցի, թե ինչպես ոստիկանության այդ մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ, եւ փառք Աստծո, իմ տեղեկություններով զոհեր չկան, երեք մարդ է վիրավորվել:
- Այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանին հնարավորություն չտրվեց գալ` իրեն մի քանի ժամ սպասող հազարավոր մարդկանց մոտ: Իսկ դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ:
- Մի պահ հույս կար, որ իշխանությունները խելամիտ կգտնվեն եւ գոնե 15 րոպեով թույլ կտան Տեր-Պետրոսյանին գալ, հանդարտեցնել բորբոքված ժողովրդին: Որ իշխանությունները չգնացին այդ քայլին, դա խոսուն եւ լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նրանք մեծ սադրանք էին կազմակերպում, այն, ինչը եւ տեղի ունեցավ: Այդ անորոշ իրավիճակը պահպանվեց մինչեւ երեկոյան ժամը 21.10-ը` ցուցարարները Գրիգոր Լուսավորչի պողոտայում հավաքվել էին մինչեւ ՌԴ-ի դեսպանատան հատվածը, ինքնակազմակերպվել, բարիկադավորվել էին: ժամը 21.10-ին ՌԴ դեսպանատնից դեպի վերեւ` ձկան խանութի տարածքից պայթյուններ հնչեցին, կարծում եմ պայթուցիկ փաթեթներ էին: Այնուհետեւ սկսվեցին հուժկու ավտոմատային լուսարձակող գնդակների տեւական կրակահերթեր` ցուցարարների գլխավերեւով. դա նույնպես հոգեբանական ակցիա էր, սակայն ժողովուրդը չշարժվեց տեղից` 100 000 մարդ միաբերան վանկարկում էր` «թուրքեր, հեռացեք»: Սակայն Քոչարյանը հրեշավոր սադրանք էր ծրագրել, որն էլ իրականացրեց: Պարզվեց, որ նա սպանդ էր կազմակերպել այլ տեղ` Լեոյի, Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, ուր ցուցարարներ չկային եւ չէին էլ եղել: Ցուցարարների գլխավերեւում այդ լուսարձակող գնդակներով կրակահերթերին զուգահեռաբար, ճիշտ այդ պահին սկսվել էին այրվել ավտոմեքենաներ եւ ջարդվել խանութների ցուցափեղկեր Մաշտոցի պողոտայում` շուկայի շրջակայքում: Այսինքն` ցուցարարները այլ վայրում էին, իսկ Քոչարյանը հատուկ գործողություններ էր իրականացնում բոլորովին այլ հատվածում` կրակում էին անցորդների, ժողովրդի վրա, իսկ սադրիչները, քրեածին տարրերը, օլիգարխների թիկնազորի անդամները այրում, ջարդում էին խանութների ցուցափեղկերը: Այսինքն` Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում մինչեւ ՌԴ-ի դեսպանատան տարածքում հավաքված ցուցարարների նկատմամբ Ռ.Քոչարյանը հարձակման իմիտացիա իրականացրեց` լուսարձակող փամփուշտներով ցուցարարների գլխավերեւով սուրացող կրակահերթերով, որպեսզի ցուցարարների համար խլացվեն այն իրական կրակոցները, որոնք մարդկային կյանքեր էին խլում. փաստորեն սպանդ էր իրականացվում Լեոյի, Պարոնյանի եւ Մաշտոցի փողոցներում: Հարց է ծագում` ինչու՞ ժամը 21.10-ին սկսվեցին այդ գործողությունները, կարող էին սպասել մինչեւ գիշերվա ժամը 03.00-04.00-ն, ցուցարարները կհոգնեին, կհեռանային... Ոչ, Քոչարյանի նպատակը մեկն էր` Օպերայի հրապարակում իրականացրած իր բռնությունները մարտի 1-ին նույնացնել արդեն Ֆրանսիայի դեսպանատան իրադարձությունների հետ:
Այն, ինչ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին իրականացրեց Երեւանում` հանցագործություն էր ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլեւ մարդկության հանդեպ. նա կրակ բացեց խաղաղ ժողովրդի վրա, ինչ համար նախատեսված է միջազգային պատասխանատվություն` Հաագայի դատարանում: Սրա ապացուցողական փաստերը բազմաթիվ են եւ շեշտակիորեն ավելանում են` այս մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ է միջազգային հանրությունը: Մեկ հատկանշական փաստ` ինչու՞ են իշխանությունները կտրականապես հրաժարվում, որպեսզի ստեղծվի մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող միջազգային անկախ հետաքննող մարմին... Որովհետեւ դրա կազմակերպիչները իրենք են եւ դրա ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Քոչարյանը. նրան հարկավոր էին զոհեր, գնդակահարվեցին մարդիկ, ովքեր անգամ ցուցարարներ չէին` խաղաղ անցորդներ էին, նրան պետք էր արտակարգ դրություն հայտարարել: Հետեւաբար, մեծագույն այս ողբերգությունը, որը տեղի ունեցավ մարտի 1-ին, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված, ծրագրված հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ես առայժմ չեմ անդրադառնա մարտի 1-ի իրադարձությունների բոլոր մանրամասներին, արդեն հսկայածավալ տեղեկություններ եւ փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են Քոչարյանի գործած ոճրագործությունը, սակայն արդեն իսկ անվիճելի է, որ Քոչարյանը արյուն թափեց, նպատակ ունենալով այդ արյունը «բարդել» ընդդիմության վրա, սակայն այս անգամ նրա հաշվարկները չարդարացան: Եվ ամենացավալին այն է, որ այդ դեպքերից հետո ոչ միայն սգո օր չհայտարարվեց, այլեւ` նա ցավակցություն չհայտնեց զոհվածների ընտանիքներին. իրեն մտավորական համարող Քոչարյանի նոմենկլատուրայի որեւէ ներկայացուցիչ նույնպես ցավակցություն չհայտնեց, ավելին` ԼՂ-ից ոչ միայն համաժողովրդական Շարժմանը սատար կանգնելու որեւէ արձագանք չեղավ, այլեւ չգտնվեց ցավակցություն հայտնող:
Քոչարյանը իր սահմանափակ, գավառամիտ եւ բացառապես քրեական (կրիմինալ) մտածողությամբ չի գիտակցում մեկ պարզ իրողություն. սա արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պայքարը չէ, սա արդեն մեր ժողովրդի` ՀՀ քաղաքացիների պայքարն է. ժողովուրդը սա երբեք չի հանդուրժելու եւ պայքարը իրականում նոր է սկսվում:
Մի ուշագրավ փաստ եւս` մարտի 1-ի երեկոյան ինձ երկու տասնյակից ավելի մարդիկ մոտեցան, ասացին, որ քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, բայց որոշել են Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ գալ` Ազատության հրապարակում առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններից հետո: Այսինքն` մի կողմում մեր ամբողջ հասարակությունն է, իսկ մյուս կողմում` իշխանությունը: Քոչարյանը ապացուցեց, որ եղել եւ մնում է օտար, որ ինքը օկուպացիոն ռեժիմ է ղեկավարում եւ այժմ այդ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարի է ելել ողջ ժողովուրդը, եւ այդ ռեժիմը դատապարտված է: Քոչարյանը գտնվելով անդունդում` փորձում է իր շրջապատին էլ քաշել անդունդը:
Մեկ կարեւորագույն հանգամանք` համաժողովրդական այս Շարժման եւ 1988թ. Շարժման միջեւ զուգահեռներ-ընդհանրություններ անշուշտ կան, սակայն այս Շարժումը, դրականորեն, էապես տարբերվում է 1988թ. Շարժումից. սա Շարժում է հանուն ազատության եւ քաղաքացիական իրավունքների, սա Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիների Շարժումն է` հանուն արժանապատվության եւ ազատության հաստատման: Իշխանությունները չեն գիտակցում, որ այսօր գործ ունեն նոր ժողովրդի հետ. սա այն ժողովուրդը չէ, որը մինչ այժմ էր, այս ժողովուրդը գիտի ինչ է անում, եւ զանգվածային ինքնակազմակերպման այն գործընթացները, որոնք ծավալվում են` անշրջելի են: Այս իշխանության ճակատագիրը կանխորոշված է, նրանց չի փրկի ոչ միջազգային հանրությունը (որի դիրքորոշումն իմիջիայլոց կտրուկ փոխվել է հօգուտ հայ ժողովրդի), ոչ կրիմինալը: Ես հպարտ եմ, որ հիմա մենք այսպիսի ժողովուրդ ենք: Եվ բանակը, եւ ոստիկանությունը, եւ գեներալիտետը հստակ գիտակցում են, թե Ռ.Քոչարյանը ինչպիսի արհավիրքի առաջ է իրենց կանգնեցրել, քանի որ այն արյունը, որը թափվել է մարտի 1-ին` ոչ միայն Քոչարյանի վրա է, այլեւ իրենց վրա է, եւ նրանք պիտի գիտակցեն, որ ովքեր Քոչարյանի կողքին են այսօր` նրանք եւս հանդիսանում են այդ օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները:
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը օրերս հրապարակեց իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում բավականաչափ օրինախախտումների փաստեր են ներկայացված, Եվրամիության նախագահության հայտարարության եւ արեւմտյան բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների բավականին կոշտ հայտարարությունների ականատեսն ենք վերջին օրերին: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները միջազգային հանրության պահաջները, կոչերը շրջանցելու մարտավարություն են կարծես որդեգրել. օրինակ` ամենահաճախ հնչող հորդորներից մեկը` «բոլոր կողմերի միջեւ երկխոսություն սկսելու» գաղափարն է, որը չի կայանում: Նման իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում` Հայաստանը բնականոն կյանքի վերադարձնելու նպատակով:
- Միջազգային հանրության կողմից արձագանքները բազմաթիվ են` միջազգային տարբեր ատյաններից, կազմակերպություններից, կուսակցություններից, անհատներից հսկայական թվով համերաշխության ուղերձներ են ստացվում: Կանդրադառնամ երկուսին. ԵՄ նախագահության հայտարարությունը. կոչ էր ուղղված երկու կողմերին` Տեր-Պետրոսյանին եւ իշխանություններին. հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը այդ հայտարարությունը անվերապահորեն ընդունել է` այդ մասին հայտարարելով Հայաստանի ամենաբարձր ատյանում` Սահմանադրական դատարանում: Մինչդեռ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չկա: Երկրորդ կարեւոր փաստաթուղթը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած երկրորդ միջանկյալ զեկույցն է, որը, ըստ էության, դատավճիռ է այս իշխանությունների համար: Այդ զեկույցից կարելի է բացառապես մեկ եզրակացության գալ` Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է երկխոսությանը` ապա իշխանությունները մյուս թեկնածուների հետ, այսինքն` իրենց ներսում ինչ-որ բանակցություններ են վարում: Այս ընտրությունները հստակ եւ վերջնականապես ցույց տվեցին թե մեր ժողովրդին, թե ամբողջ աշխարհին, որ գոյություն ուներ ընդդիմության մեկ թեկնածու, իշխանության ութ թեկնածու` առանց որեւէ բացառության եւ նույնիսկ այդ պայմաններում Տեր-Պետրոսյանը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այժմ էլ տեղեկատվական բլոկադա են իրականացնում, զանգվածային կեղծիք ու սուտ են տարածում, թույլ չեն տալիս թերթերը տպագրվեն, կայքեր են արգելափակում, ինտերնետն էլ գուցե արգելեն` այս պայմաններում դա էլ չի բացառվում. հետո ի՞նչ պետք է անեն. «սանձել է ուզում հողմերին էս ողորմելին»...
- Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված համաժողովրդական շարժման հարյուրավոր կողմնակիցների, Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ մշակվել է քաղաքական հետապնդումների հստակ ծրագիր. այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետագա քայլերը եւ իշխանության հետագա գործողությունները. ի՞նչ խնդիր են լուծում իշխանությունները արտակարգ դրություն հայտարարելուց հետո:
- Ինչպես գիտեք, հարյուրավոր ձերբակալվածներ կան: Տեր-Պետրոսյանն արդեն դիմել է` ամսի 21-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելով: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանի թիմը, ինչպես եղել է` այդպես էլ շարունակելու է մնալ բացառապես օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա կարծում եմ, որ Քոչարյանը սրանով չի սահմանափակվելու, նա նորանոր սադրանքներ է կազմակերպելու, որպեսզի երկարաձգի արտակարգ դրությունը, ավելին` հաշվի առնելով Քոչարյանի ոչ ռացիոնալ, իրավիճակին բացարձակապես ոչ համարժեք (ոչ ադեկվատ) մտածելակերպը, վստահ եմ, որ նրա ծրագրերում է նաեւ ռազմական դրություն հայտարարելու գաղափարը, որը կարող է իրագործել` օգտագործելով ԼՂ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք ես չափազանց մտահոգիչ եմ համարում: Չեմ բացառում, որ դեպքերի նման ընթացքի դեպքում նա փորձի ապրիլի 9-ի Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությունն էլ ոչ նպատակահարմար համարել: Իսկ Տեր-Պետրոսյանը այս ամբողջ ընթացքում խախտել է ընդամենը մեկ օրենք, այսպես կոչված` «չարտոնված հանրահավաքներ» է անցկացրել (թեեւ «չարտոնված ցույց, հանրահավաք, երթ» ձեւակերպում գոյություն չունի` հանրահավաքը խաղաղ է, կամ ոչ խաղաղ), մինչդեռ այսօր գոյություն չունի քրեական մեկ հոդված, Հայաստանի ստանձնած մեկ միջազգային պարտավորություն, որը այս իշխանությունները խախտած չլինեն: Ամեն օր ձերբակալվածների, կալանավորների թիվը ավելանում է, շարունակում են ռեպրեսիաները, իշխանությունները ավելի են սրում իրավիճակը: Այսինքն` այս իշխանությունները ապացուցում են, որ Հայաստանում իսկապես ավազակապետություն է, որ այս իշխանությունների հիմքը կրիմինալն է: Ի դեպ, միջազգային հանրությունն էլ արդեն համոզվել է, որ Հայաստանում ավազակապետություն է, եւ որ ԱԺ, ՍԴ, դատարաններ գոյություն չունեն, դրանք ընդամենը ցուցանակներ են:
- Ընդհանրապես, երբ ասում ենք «իշխանություններ», ու՞մ պետք է նկատի ունենալ` Ռ.Քոչարյանի՞ն, թե՞ Ս.Սարգսյանին, եւ մարտի 1-ի դեպքերի պատասխանատուն Ռ.Քոչարյա՞նն է, թե՞ Ս.Սարգսյանը:
- Չեմ ցանկանում նրանց միմյանցից տարանջատել. գոյություն ունի պարագլուխ, որը արդեն կործանված է, իր շրջապատին էլ իր հետ տանում է:
- Սահմանադրական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողեց ուժի մեջ, Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ որեւէ այլ վճիռ չէիք ակնկալում ՍԴ-ից, իրո՞ք կանխատեսելի էր այդ վճիռը:
- Ավելի քան կանխատեսելի էր:
- Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջերս սրված իրադրությունը Ձեր կարծիքով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ու՞նի, եւ եթե այո` ի՞նչ հետեւանքներ կարող է դա ունենալ:
- Անշուշտ կապ ունի, որովհետեւ Քոչարյանը պատրաստ է ամեն ինչի` նա Ղարաբաղն էլ կզոհի, ժողովրդին էլ է պատրաստ զոհել` հանուն իր անձի. նրա գործողությունները երբեք ադեկվատ չեն իրավիճակին: Իսկ հետեւանքները կարող են շատ ծանր լինել առաջին հերթին հենց Լեռնային Ղարաբաղի համար: Եթե Քոչարյանի իշխանությունը երկարաձգվի` ԼՂ-ի հարցը արդեն անվերադարձ կլուծվի` գուցե արդեն դե ֆակտո:
www.zhamanak.com
Բողոքի ցույց Վաշինգտոնում
ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում տեղակայված Հայաստանի դեսպանատան առաջ երեկ բողոքի ցույց են կազմակերպել բազմաթիվ ամերիկահայեր` որպես Լոս Անջելեսում վերջերս տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի պատվիրակներ` ՀՀ իշխանություններին փոխանցելու հանրահավաքի մասնակիցների պահանջները:
Պատվիրակ ցուցարարները պահանջել են, որ ՀՀ դեսպանատնից իրենց մոտ պաշտոնյա իջնի, սակայն այդպես էլ ոչ ոք չի եկել: Ցուցարարները կարդացել են Լոս Անջելեսի բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը, որով ամերիկահայերը ՀՀ իշխանություններից պահանջում են վերջ տալ քաղաքական հետապնդմանը, ազատ արձակել մարտի մեկի իրադարձություններից հետո ձերբակալված կամ կալանավորված բոլոր ցուցարարներին, Հայաստանում վերացնել արտակարգ դրությունը, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները: Ցուցարարները հայտարարությունը փոխանցել են ՀՀ դեսպանատուն: Բողոքի ցույցը կազմակերպել են «Հանուն ժողովրդավար Հայաստանիե կոալիցիան եւ Վաշինգտոնի կազմակերպական կոմիտեի անդամները: Կոալիցիայի անդամ Կարո Կարապետյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ արդեն իսկ ունեն նախնական համաձայնություն ԱՄՆ Պետդեպարտամենտ մտնելու եւ ամերիկահայերի պահանջները այնտեղ ներկայացնելու համար` Լոս Անջելեսի բազմահազարանոց ցույցի մասնակիցների տասնյակ հազարավոր ստորագրություններով: «Մենք` որպես Ամերիկայում բնակվող հայեր, ցանկանում ենք, որ ԱՄՆ-ը օժանդակի, որպեսզի դարադեցվի բռնապետությունը եւ չճանաչվեն կեղծված ընտրությունների արդյունքներըե, - ասաց Կարո Կարապետյանը
www.zhamanak.com
Իրականացվում է միակողմանի ագրեսիվ քարոզչություն
«Ազատություն» ռադիոկայանը այսօր հարցազրույց է անցկացրել Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Ռադիոկայանի այն հարցին, թե արդյո±ք զանգվածային լրատվամիջոցներին առնչվող դրույթը հրամանագրում համապատասխանում է Սահմանադրության եւ օրենքի պահանջներին, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը վերապահումով է պատասխան տվել. «Ինձ այս օրերին մեկ այլ բան է ավելի մտահոգում: Դա այն է, որ զանգվածաբար նախագահի հրամանագրի դրույթը, որը կապված է լրատվամիջոցների գործունեության հետ, խախտվում է, եւ դա հանդուրժվում է: Ես առաջին հերթին նկատի ունեմ այն, որ համարյա բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները եւ թերթերը, որոնք մենք սովորաբար իշխանամետ ենք կոչում, փաստորեն որեւէ ձեւով իրենց գործունեությունը չեն սահմանափակել»:
Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը, մասնավորապես, նկատի ուներ, որ հեռուստաընկերությունները եւ ինչպես Հայաստանում ընդունված է ասել իշխանամետ մամուլը հենց հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից պետական եւ ներքաղաքական կյանքի մասին ոչ միայն պաշտոնական հաղորդագրություններ են տարածում, «այլ գրում են բազմաթիվ վելուծություններ, բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, բազմաթիվ կարծիքներ, հարցազրույցներ եւ այլն, եւ այլն, որոնք ուղղակիորեն եւ կոպտորեն խախտում են հրամանագրի դրույթները»: «Այն դեպքում, որ այն լրատվամիջոցները, որոնք փաստորեն որեւէ խախտում դեռ չէին արել, արգելափակվել են: Եվ փաստորեն նրանց նկատմամբ նախնական գրաքննության մեխանիզմներ են աշխատացվում: Իսկ նախագահի հրամանագրով Հայաստանում գրաքննություն, առավել եւս` նախնական գրաքննություն մտցված չէր»:
Ըստ Բորիս Նավասարդյանի, լրատվամիջոցների միակողմանի սահմանափակում է կատարվել: Առանց հանցանք կատարելու եւ հանցանքը ապացուցելու, մեղադրվել եւ պատժվել են մի շարք լարտվամիջոցներ, ինչի արդյունքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարեւոր իրավական սկզբունք` անմեղության կանխավարկածը:
Հարցին, թե որքանով են հատկապես ԶԼՄ-ի եւ ազատ խոսքի սահմանափակումները մեղմացնում ներքաղաքական լարվածութունը եւ ինչ հետեւանքներ կունենան այս միջոցառումները երկրի համար, Նավասարդյանը պատասխանել է. «Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, առաջինը` որեւէ ձեւով չի նպաստում արտակարգ իրավիճակի համար հիմք ծառայած խնդիրների հաղթահարմանը: Բացի դրանից, իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են գնալ երկխոսության, համագործակցության եւ համաձայնության հասնել հասարակության տարբեր շերտերի, տարբեր խմբերի հետ, բայց կատարվում է հակառակը, երբ միակողմանի ագրեսիվ քարոզչություն է տեղի ունենում: Եվ վերջապես, այս օրերին կիրառվում են խոսքի ազատությունը, մամուլի հավասարությունը, բազմակարծությունը ճնշելու այնպիսի եղանակներ, որոնք ամբողջատիրական հասարակություններում են միայն կիրառվում»:
Հիասթափեցնող է
«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինն այսօր գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ:
«Հիասթափեցնող է, որ Հայաստանի իշխանությունների սահմանափակումների պատճառով մենք ստիպված ենք եղել դիմելու այս հետընթաց քայլին` օգտագործել հնացած հաճախականությունները, որոնցից Հայաստանում հրաժարվել էինք 3 տարի առաջ, բայց ուրախ եմ, որ դա գործում է»,- ասված է Գեդմինի հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 8-ից «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեկոյան ծրագիրը հեռարձակվում է կարճ ալիքների երկու հաճախականություններով: Այնուամենայնիվ այդ հաճախականություններով հեռարձակվում է «Ազատություն» ռադիոկայանի ընդամենը մեկժամյա ծրագիրը, մինչդեռ մինչեւ սահմանափակումները FM կայաններով հեռարձակումը կազմում էր 3 ժամ: Միաժամանակ կտրուկ ավելացել է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի այցելուների թիվը: Մարտին այցելուների թիվը եռապատկվել է նախորդ ամսվա համեմատությամբ:
Կոչ է արել չճանաչել ընտրությունների արդյունքները
Հայաստանի հելսինկյան ասոցիացիան այսօր դիմել է միջազգային կազմակերպություններին` կոչ անելով չընդունել փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
Իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը նաեւ կոչ է արել պահանջել Հայաստանի նախագահից անհապաղ չեղյալ համարել 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը՝ Երեւան քաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին:
Մերժել են
Երեկ ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք ացկացնելու մասին:
Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը մերժել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը: Իսկ մերժել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ ենթակետով` զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը: Երեւանի քաղաքապետարանը այս մերժումով փաստորեն խոստովանել է, որ Հայաստանում խաղաղ ցույցերն ու հանրահավաքները մարդկանց կյանքին վտանգ են սպառնում` ոստիկանությունն ու բանակը գալիս մարդկանց վրա կրակում են:
Միայն միջազգային հետաքննությունը կհամարվի արժանահավատ
Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար:
«Հայաստանի իշխանությունները պետք է հրավիրեն Եվրախորհրդին կամ հարգանք վայելող այլ կազմակերպությունների՝ հուզումները եւ Հայաստանի ոստիկանության եւ բանակի կողմից դրանց պատասխանը քննելու համար: Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,- հայտարարել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կարլսենը: Վերջինս նաեւ նշել է, որ լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Կարլսենի խոսքերով, ժամանակն է, որ կառավարությունը հրավիրի անկախ միջազգային դերակատարների, որոնք կբացահայտեն, թե ինչ է կատարվել, եւ կապահովեն պատասխանատվությունը յուրաքանչյուր հանցանքի համար: Ի դեպ, անցյալ շաբաթ Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն նամակ է հասցեագրել երկրի արտգործնախարար Յոնաս Գար Ստորեին` հորդորելով Նորվեգիայի իշխանություններին ակտիվություն ցուցաբերել այս հարցում:
Մտահոգված է մարդու իրավունքների վիճակով
Հայաստանում հետընտրական բռնությունների հետեւանքով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եռօրյա այցով մարտի 12-ին ժամանելու է Երեւան` մարդու հիմնարար իրավունքների արդյունավետ պաշտպանության խրախուսման նպատակով:
«Ես մտահոգված եմ Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով»,- Հայաստան ժամանելուց առաջ երեկ հայտարարել է հանձնակատարը: Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակի Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, միջազգային կազմակերպությունների ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանձնակատար Համմարբերգը այցելելու է նաեւ բանտեր, ոստիկանական տեղամասեր եւ հիվանդանոցներ` հայտնի իրադարձությունների մասնակից անձանց հանդիպելու նպատակով:Հրատապ է վերականգնել այն վիճակը, երբ լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը չի խոչընդոտվում:
Ռեկտոր են խոստացել
Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանին իշխանությունները խոստացել են ՀՀ-ում գործող հեղինակավոր բուհերից մեկի ռեկտորի պաշտոնը:
Մասնավորապես նշվում է հայ-ռուսական սլավոնական համալսարանի անունը: Սույն պաշտոնը թերեւս կլինի այն ծառայության գինը, որ Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ մատուցեց ՀՀ իշխանություններին:
Այսօր կրկին
Երեկ ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Պատգամավորը դատախազությունում մոտ ութը ժամ հարցաքննվել է որպես վկա: Երեկ դատախազությունից դուրս գալուց հետո Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ինքն առարկություններ ունի քննության ընթացքի հետ կապված եւ չի գտնում, որ այն անաչառ է: Այսօր Ստեփան Սաֆարյանը կիկին հրավիրվել է գլխավոր դատախազություն: Այսօր գլխավոր դատախազություն է հրավիրվել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երկխոսության կոչ է արել
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քուրթ Վոլքերը հայտարարել է, թե միայն երկխոսությունն ու հետագա կտրուկ քայլերի բացառումը հնարավոր կդարձնի հայաստանյան քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:
«Մենք աշխատում ենք կողմերին համոզել, որպեսզի երկխոսության սկիզբ դրվի: Խոսքը թե՛ կառավարության մասին է, որը շատ կոշտ մեթոդների է դիմել` սահմանափակելով լրատվամիջոցների ազատությունը, արտակարգ դրություն հայտարարելով, ձերբակալություններ իրականացնելով: Դիմում ենք նաեւ ընդդիմությանը, որն այդ մարդաշատ ցույցերի կազմակերպիչն էր: Մենք աշխատում ենք երկու կողմի հետ էլ` փորձելով քաղաքական երկխոսություն նախաձեռնել, կազմակերպել մի «կլոր սեղան», որի շուրջ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները կքննարկեն ստեղծված իրադրությունը` փորձելով հանգուցալուծել այն հակամարտությունն ու լարվածությունը, որն այսօր առկա է», - ասել է Վոլքերը:
Վերջինս նաեւ հատուկ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների որդեգրած մարտավարությունը: «Մենք չենք կարծում, որ հետագա ճնշումները, հետագա ձերբակալությունները ճիշտ գործելաոճ են: Անհրաժեշտ է վերացնել արտակարգ դրությունը, ապահովել մամուլի եւ հավաքների ազատությունը, ապահովել քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որպեսզի Հայաստանը կարողանա դուրս գալ քաղաքական այս ճգնաժամից», - հայտարարել է Քուրթ Վոլքերը:
ԱՄՆ-ն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ՀՀ իշխանությունների գործադրած բռնությունները
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները:
Բրայզան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Բրայզան նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին: «ԱՓ»-ն նշում է, որ Բրայզան Երեւանում հանդիպել է Տեր-Պետրոսյանին, ընտրություններում հաղթող ճանաչված վարչապետ Սերժ Սարգսյանին եւ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Պրեսկոտը կոչ է արել արտակարգ դրության մնացած դրույթներն էլ հանել
Հայաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը Հայաստանի իշխանությունների կողմից՝ անցյալ շաբաթ Հայաստան իր կատարած այցից հետո, եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները:
«Ես հատկապես ողջունում եմ քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության կասեցման մասին դրույթի չեղյալ հայտարարումը, որի վերաբերյալ ես հատուկ կոչ արեցի իմ այցի ընթացքում: Այժմ ես կոչ եմ անում իշխանություններին հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները, մասնավորապես նրանք, որոնք սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը», - հայտարարել է Պրեսկոտը եւ հավելել. «Ես կրկնում եմ իմ այն եզրակացությունը, որ ներկա ճգնաժամի հանգուցալուծման միակ եղանակը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ճանաչումն է, արտակարգ դրության հանումը եւ մարդու իրավունքների ու ազատությունների վերականգնումը եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին հանգեցրած հանգամանքների անկախ հետաքննումն ու քաղաքական բոլոր ուժերի միջեւ երկխոսության ծավալումը անհրաժեշտ քաղաքական եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ»: Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն` Ջոն Պրեսկոտը իր բացահայտումների եւ եզրակացությունների վերաբերյալ կզեկուցի Վեհաժողովի նախագահին ԵԽԽՎ-ի բյուրոյի մարտի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը:
Զինվորները մնացել են պեռաշկիի հույսին
ինչպես արդեն տեղեկցրել էինք, մարտի 1-ից Երեւան բերված ժամկետային զինծառայողներին իրենց վերադասները մեղմ ասած «այնքան էլ լավ չեն կերակրում»:
Թերահավատները կարող են ականատես լինել, թե ինչպես են զինվորականների բարեկամները ուտելիք բերում նրանց: Իսկ կառավարության եւ ՀՀԿ-ի գրասենյակի մոտ կանգնած զինվորականները նույնիսկ այդ հնարավորությունից են զրկված: Նրանք մնացել են պեռաշկի ծախող պապիկների հույսին: Օրվա տարբեր ժամերի կարելի է ականատես լինել, թե ինչպես է պեռաշկի վաճառող պապիկը սկուտեղը ձեռքին մոտենում զինվորներին, եւ ինչպես են զինվորները հերթ կանգնում` 1-2 պեռաշկի գնելու համար:
Առա’ջ, Շուշան
Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, մարտի 1-ի գիշերը «Ազատության» հրապարակում տեղի ունեցած ջարդի ամենաակտիվ մասնակիցներից մեկը եղել է երգչուհի, նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի համար «Առաջ, Հայաստան» երգող Շուշան Պետրոսյանի ներկայիս ամուսինը` Արման Հարությունյանը:
Վերջինս տխրահռչակ 6-րդ վարչության աշխատակիցներից է: Ընդ որում, Շուշան Պետրոսյանի Արմանը հատկապես աչքի է ընկել նրանով, որ առանձնահատուկ դաժանությամբ ծեծել է «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:

No comments:
Post a Comment