Thursday, March 20, 2008

«Մեծ բեկում» հասարակության գիտակցության մեջ

via zhamanak.com

Մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո վանաձորցիներից ոմանց գիտակցության մեջ «մեծ բեկում» է տեղի ունեցել. նույնիսկ նրանք, ովքեր մինչ այդ չէին ողջունում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը, այժմ շատ բացասաբար են ընդունում իշխանությունների կողմից Տեր-Պետրոսյանի դեմ ներդրված ջանքերը. այսինքն՝ իշխանությունները որքան փորձում են պախարակել ՀՀ Առաջին նախագահին, այնքան մարդիկ ավելի դրական են տրամադրվում նրա հանդեպ եւ ավելի թշնամաբար՝ իշխանությունների նկատմամբ (մանավանդ որ` երկրորդ հանգամանքին նպաստում է ընտրություններից հետո բարձրացած սոցիալական բողոքի ալիքը՝ հերթական թանկացումների կապակցությամբ):

«Եթե մարտի 1-ի անկարգության մասնակիցներին պատժում են, բա ինչի՞ Լեւոնի տան դիմաց հավաքվածների անկարգությունները չէին կանխում. դա ի՞նչ շնորհք է, գնացել էին մի քանի օր շարունակ թաղման ծաղկեպսակներով ցույց էին անում, բա թող կանխեին իշխանությունները, թույլ չտային», - դժգոհեց միջին տարիքի մի գործազուրկ քաղաքացուհի՝ բարձրագույն կրթությամբ, որն, ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանին չէր ձայն տվել (բայց «փոշմանել» էր ՕԵԿ առաջնորդին ձայն տալու համար): Նաեւ ավելացրեց. «Ինչի՞ նման էր. ընտրություններն ավարտվել էին-վերջացել, բայց ուսուցիչներին տիկնիկների նման լցրել էին ավտոբուսները՝ թե տանում են Երեւան հանրահավաքի, որ ասեն, թե իբր Լեւոնին չեն ընտրել, վարչապետին են ընտրել: Դա ի՞նչ թատրոն էր»: Այս նույն համատեքստում մեկ ուրիշն էլ դժգոհեց, թե ինչու՞ Տեր-Պետրոսյանի թիմակիցներին մեղադրում են մայրաքաղաքում ընդդիմության հանրահավաքին մարդկանց փոխադրումը կազմակերպելու մեջ, երբ իրենք էլ վարչապետի հանրահավաքի համար էին մարդկանց փոխադրում կազմակերպում. բայց՝ վարչական լծակների կիրառմամբ:

Քաղաքականապես ակտիվ մարդկանց այժմ առավելապես մտահոգում է տեղեկատվության սահմանափակումը: ՀՀ նախագահի կողմից իբր թե «մեղմացումներ» են կիրառվում ԶԼՄ-ների գործունեությունը աշխուժացնելու ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ ընդդիմադիր ու անկախ թերթերի լույս տեսնելն արգելում են եւ անգամ փակում արտասահմանյան կայքէջեր տանող ուղիները: Մարդիկ միմյանց հանդիպելիս հետաքրքրվում են. «Դուք «Ազատություն» ինչո՞վ եք լսում, կարողանու՞մ եք բռնեք»: Մեկն, օրինակ, հպարտությամբ նկարագրում էր, թե նույնիսկ... «սովետի ժամանակվա» ռադիոընդունիչով «Ազատություն» «բռնելու» ձեւը գտել է (այն դեպքում, երբ ուրիշներն անգամ FM-ով չեն կարողանում «Ազատություն» «բռնել»): Մեկ ուրիշն էլ զրուցակցին էր փոխանցում «տարելկով» (արբանյակային կապով) «Ազատություն» «բռնելու» ուսանելի փորձը: Իսկ ոմանք էլ մտահոգված են, որ տեղեկատվության շրջափակման եւ ընդդիմությանը մեկուսացնելու պայմաններում միակ «ընդդիմադիր» ԶԼՄ-ն մնացել է «ԱԼՄ»-ն. «Քաղաքական դաշտը մաքրում են, որ միակ ընդդիմությունը Կարապետիչը մնա»:

2 comments:

Anonymous said...

Apren Vanadzorcinere, misht progresiv joghovurd en yeghel amen inchum! Grakanutyunic minchev yerajshtutyun!
Aram

Anonymous said...

http://www.hetq.am/eng/politics/7835/