Monday, March 17, 2008

FYI



ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ
via marti21

ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային

Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):

Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.

· Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:

· Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):

· Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:

o Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:

o Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):

o Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:

Բողոքի արտահայտման պարագաներ

Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.

· Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:

· Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

· Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

· Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:

Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:



No comments: