Friday, March 14, 2008

Որտեղից ճարել գումար

Օրերս ոստիկանության բաժանմունք է հրավիրվել ՀՀ վիճպետվարչության նախկին պետ Էդուարդ Աղաջանովը: Անկեղծ ասած, մտավախություն ունենք, որ հարգարժան տնտեսագետին էլ ի թիվս այլ ոչ պակաս հարգարժան մարդկանց կմեղադրեն իշխանությունը բռնազավթելու մեջ: Ասենք, կարող էին նրան մեղադրել, որ դիտավորյալ կեղծում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքների վիճակագրությունը: Կամ կարող էին ասել, որ ակնհայտ սադրիչ նպատակներով հաշվում է, թե ՀՀ քաղաքացիներից քանիսը չի սիրում Սերժ Սարգսյանին եւ այդ չսիրողների ո՞ր տոկոսն է առանձնապես քնքույշ զգացմունքներ տածում վարչապետի նկատմամբ: Ամենամոտավոր հաշվարկը ցույց է տալիս, որ եթե իշխանությունն ընթանար վերոնշյալ ճանապարհով, ապա պրն Աղաջանովը մոտակա ամիսների ընթացքում կանցկացներ քաղբանտարկյալների վիճակագրությունը: Սակայն ամեն ինչ ավելի պարզ էր, պրն Աղաջանովից ընդամենը բացատրություններ էին պահանջել առ այն, թե ինչու է նա մասնակցել չարտոնված հանրահավաքին: Սկսենք այն բանից, որ ՀՀ Սահմանադրությունը եւ գործող օրենսդրությունը չեն պարունակում ՙչարտոնված հանրահավաք՚ հասկացությունը: Ավելին, սահմանադրություն կոչվող գրքույկում հստակ գրված է, որ քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու: Սակայն ներենք հարազատ ոստիկանությանը այս չիմացության համար: Վերջիվերջո չի կարելի պահանջել, որպեսզի մեր բարձր ինտելեկտուալ ոստիկանությունը կարդա եւ նույնիսկ փորձի հասկանալ ՀՀ օրենսդրությունը:

Եվ այսպես, ներենք եւ հաշտվենք այն մտքի հետ, որ Աղաջանովը հայտնվել է Ն բաժանմունքում: Դիտարկենք հարցը այլ` վիճակագրական կողմից: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքների տարբեր օրերին մասնակցել է մոտ կես միլիոն մարդ: Եթե այդ հանրահավաքներին մասնակցելը գնահատենք որպես հասարակական կարգի խանգարում (1988-ի մակաշովյան եւ վեզիրովյան տերմինաբանությամբ), ապա առավելագույն պատիժը կարող է սահմանվել կամ 15 օր վարչական կալանք, կամ էլ տուգանք: Ցավոք, մեր ոստիկանության համար, առաջին տարբերակն անիրականանալի է, քանզի այս պարագայում, հանրապետության բնակչության մեկ քառորդին 15 օր պահելու համար անհրաժեշտ կլիներ ոստիկանությանը տրամադրել Երեւանի ողջ բնակֆոնդը` ներառյալ Հյուսիսային պողոտայի էլիտար տները: Մնում է երկրորդ տարբերակը. կես միլիոն մարդուն ենթարկել վարչական տուգանքի նվազագույն աշխատավարձի, ասենք, 50-ապատիկի չափով: Ընդունելով մեր երկրում որպես նվազագույն աշխատավարձ 20.000 դրամը եւ հաշվի առնելով հանրահավաքի մասնակիցների վերոնշյալ քանակը, ստացվում է, որ տուգանքների հաշվին պետական բյուջե մուտք կգործի մոտ 10 միլիարդ դրամ: Համաձայնվեք, որ վատ նվեր չէ մեր հարազատ իշխանություններին եւ սիրելի օլիգարխներին, հաշվի առնելով, թե որքան են իրենք մուծվել փորձելով Ս. Սարգսյանին ճխտել նախագահական նստատեղում: Այս ճանապարհով կարելի է լուծել երկրի առաջ ծառացած բոլոր տնտեսական պրոբլեմները, վճարել արտաքին պարտքը եւ մինչեւ հաջորդ ընտրություններ պատիվ տալ միջազգային դիտորդներին: Ավելին, 10 միլիարդ դրամով կարելի է վերջնականապես քանդել Երեւանը` ավելացնելով Հյուսիսայինին` հարավային, արեւելյան, արեւմտյան, ինչպես նաեւ հարավ-արեւելյան, հյուսիս-արեւմտյան եւ այլ պողոտաներ: Մնացյալ գումարներով նախկին երեւանցիներին կարելի է տրամադրել հարմարավետ նկուղներ Նուբարաշենի եւ այլ քրեակատարողական հիմնարկներում:

Ծագում է միայն մեկ հարց. իսկ արդյոք պետք է սահմանափակվել միտինգներին մասնակցած կես միլիոնով: Ինչու չներգրավել այս ազգանվեր գործընթացի մեջ նաեւ միտինգների մասնակիցների ընտանիքների անդամներին: Չէ որ ՙЧС՚ (член семьи– ընտանիքի անդամ) մեղադրանքն իրեն լիովին արդարացրել է 1937-ին: Այս պարագայում նշված տասը միլիարդը կքառապատկվի:

1 comment:

Anonymous said...

Kneres hargelis, uxaki mek uxxum katarem! Voreve tuyji chapy sahmanelis, vorpes nvazaguyn ashxatavardz petq e yndhunel 1000 AMD!