Աղասի Ենոքյան: մեղավորները նրանք են, ովքեր կեղծելով ընտրությունների արդյունքը՝ իրենք իրենց հռչակել էին նախագահ, ԱԺ նախագահ եւ այլն
A1+, 03-25-2008, Yerevan «Եթե դիկտատուրա ենք, եկեք հայտարարենք, որ դիկտատուրա ենք եւ ոչ թե անգամ մարդկանց զբոսանքը խոչընդոտենք. սա ուղղակի անհեթեթություն է. ո՞ւմ ենք ուզում խաբած լինենք",-«Ա1+"-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա կարծիքով, թեեւ արտակարգ դրությունը իրավաբանորեն հանվեց, բայց փաստացի կարծես թե մնաց. տեղի ունեցան կոսմետիկ փոփոխություններ, այսինքն, բանակի փոխարեն կանգնած է ոստիկանական զորքը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:
«Ավելին, այդ արտակարգ դրությունը հավերժացնելու նպատակով մտցրեցին փոփոխություններ երթերի մասին օրենքում, բայց իրականում ոչինչ չի փոխվել: Այս մեթոդներով կարելի է ուղղակի մի երկու-երեք շաբաթ ձգձգել քաղաքական զարգացումները, սառեցնել, բայց ոչ ավելի",- կանխատեսում է Ենոքյանը:
Հանրահավաքների, ցույցերի,երթերի մասին օրենքում փոփոխությունները քաղաքագետը որակեց իբրեւ հակաժողովրդավարական եւ նկատեց, որ հատուկ ընդունվել են մարտի 1-ի դեպքերի համար, եւ ընդհանրապես, ըստ Ենոքյանի, արդեն ավանդույթ է դառնում, որ ընդունված օրենքները ոչ թե ունիվերսալ են լինում, այլ հենց նման դեպքերի համար. «Սա հակասում է թե ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, թե ՀՀ Սահմանադրությանը":
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի պնդումները, թե դրանք բխում են մեր Սահմանադրությունից, նա համարում է ուղղակի սուտ: Միջազգային փորձին հղումների կապակցությամբ էլ Աղասի Ենոքյանը նկատում է, որ այո, կան որոշակի սահմանափակումներ, բայց այնուամենայնիվ ոչ այդպիսիք. «Սրանք ոչ թե սահմանափակումներ են, այլ այն գործողությունների ցանկը, թե ինչպես կարելի է արգելել ցույցերը":
Քաղաքագետի գնահատմամբ, քաղաքական լարված իրավիճակը լիցքաթափելու նպատակով ստեղծված կոալիցիան չի կարող կատարել իր հիմնական առաքելությունը:
«Նպատակ էր դրված ցույց տալ կոալիցիայի ձեւավորումով համաժողովրդական համաձայնություն, որը կկայունացներ իրավիճակը, իրականում առավել ապակայունացրեց վիճակը, քանի որ ասենք` թեկուզ փոքր ընտրազանգվածները, որ հույսեր էին կապում Արթուր Բաղդասարյանի կամ դաշնակցականների հետ, նրանք նույնպես եկան, միացան այս զանգվածին, եւ միջին մի շերտ, որը իրականում կարող էր կայունության կորիզ հանդիսանալ, դա պարզապես վերացվեց",- ասում է Աղասի Ենոքյանն ու ավելացնում. - «Բայց այստեղ կա երկրորդ, ավելի կարեւոր գործոն. դա այն է, որ Սերժ Սարգսյանի այն շրջապատը, որը բազմաթիվ հանցագործություններ է գործել, փողեր է ծախսել ընտրությունների ժամանակ, նրանք հիմա հայտնվում են խաղից դուրս վիճակում, եւ ինչի՞ համար, ինչ-որ մի ՕԵԿ-ի՞ կամ ՀՅԴ-ի՞, ում դեմ ընտրությունների ժամանակ իրենք կռվում էին, ովքեր Սերժ Սարգսյանին էին հայհոյում: Սա իշխանական շրջանակներում լուրջ, ներքին անկայություններ է բորբոքելու, որովհետեւ այս մարդիկ պետք է հարց տան. բա մեզ ինչո՞ւ դրդեցիք հանցագործությունների, որ սրա՞նց տաք պաշտոնները":
Երկրում առկա քաղբանտարկյալներին Աղասի Ենոքյանը պատանդ է համարում Սերժ Սարգսյանի ձեռքում. «Նա ցանկանում է որպես պատանդ պահվող քաղբանտարկյալներին դարձնել Տեր-Պետրոսյանի հետ քննարկման առարկա, թե ինչ պայմաններով նրանց ազատ թողնի: Բայց Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ճիշտ է, որը գտնում է, որ նրանց ազատ արձակումը պետք է լինի բանակցությունների նախապայման, ոչ թե բանակցությունների առարկա, որովհետեւ պատանդառուների հետ չեն բանակցում",- նկատում է Ենոքյանը:
Ի դեպ, քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված բոլոր քաղաքական գործիչներին, Աղասի Ենոքյանը ճիշտ է համարում. «Հոդվածը ճիշտ հոդված է, որովհետեւ իրականում իշխանությունը հայտնվել է օպերայում, բայց դրա մեղավորները ոչ թե միտինգ անողներն են, այլ նրանք, ովքեր մինչեւ այդ էին գործել իշխանության յուրացում՝ կեղծելով ընտրությունների արդյունքը՝ իրենք իրենց հռչակել էին նախագահ, ԱԺ նախագահ եւ այլն":
Ըստ Աղասի Ենոքյանի, այսօր Հայաստանի միջազգային վարկն ու հեղինակությունն ամբողջողվին խաթարված է. «ՀՀ-ն ունի չնչին հեղինակություն. բայց կա նաեւ սրա հակառակ կողմը, երբ մի քիչ հետո Տեր-Պետրոսյանը վերցնի իշխանությունը, ու քանի որ ամեն ինչ բացարձակ ժողովրդավարական մեթոդներով է արվել, Տեր-Պետրոսյանի իշխանությունը կլինի չափազանց ուժեղ, միջազգային ասպարեզում եւս":
No comments:
Post a Comment