Sunday, March 30, 2008

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

«Ամենից լավը այն կառավարությունն է, որն ամենից քիչ է կառավարում։»
Թոմաս Ջեֆերսոն

1849 թ. Հենրի Դեյվիդ Թորոն իր մի էսսեում քաղաքացիական անհնազանդության կոչ արեց՝ պնդելով, որ մարդիկ չպետք է կառավարություններին թույլ տան իշխել իրենց խղճի վրա կամ ճնշել այն: Մարդիկ պարտավոր են նաև թույլ չտալ, որ իրենց հանդուրժողականությունը թե քաղաքացիական պարտքը կառավարություններին հնարավորություն ընձեռի իրենց շահարկելու որպես անարդարության գործիքներ։

Հայ ժողովրդի քաղաքացիական իրավունքները խախտվել են դարեր ի վեր, թե’ օտարերկրյա կառավարողների, թե’ իրենց իսկ կառավարությունների և առաջնորդների կողմից, ընդհուպ մինչև 21-րդ դար, և հետայդու։ Հայերը կա’մ բռնի ուժով, կա’մ իրենց կառավարությունների վարած քաղաքականության պատճառով լքել են իրենց հայրենիքը և վերաբնակվել աշխարհի բոլոր ծագերում։

Հայը պատմության ողջ ընթացքում պայքարել է հանուն Հայաստանում ազատ ու արժանապատվորեն ապրելու անհատական ու հավաքական իրավունքի՝ այնպես, որ իր բոլոր մարդկային, քաղաքացիական և էթնիկական իրավունքները հարգվեն, սակայն զգալի հաջողությունների չի հասել՝ բռնապետական ուժերի կողմից իրեն ներշնչված վախի, գործադրվող ապօրինությունների, ճնշումների և մինչև իսկ ազգադավ որճրագործությունների պատճառով։
Արդ, հայի համար հասել է ժամանակը՝ ապրելու, գործադրելու և ցուցաբերելու «քաղաքացիական անհնազանդություն», այսինքն՝ «անհնազանդություն պետությանը»՝ նվաճելու իր անձի ազատությունը օտար ուժերի և հայրենի կառավարության նկատմամբ ունեցած վախից ու բռնատիրությունից։

Սակայն յուրաքանչյուր հայի անհատական որոշումն է՝ քաղաքացիական անհնազանդության գործողության ժամանակ միանալու բազմություններին՝ ցույց տալու իշխանություններին, որ պետականության ուժը գալիս է նրանցից, ովքեր չեն ցանկանում ստրկացվել և օգտագործվել որպես անարդարության գործիքներ։

Ազատ հայերը իրենց ճնշողներից ազատագրվելու այս ազնվաբարո սկզբունքի մեջ պետք է միավորվեն ոգով և խղճով` փոխելու համար իրենց պարտադրված ճակատագիրը։
Մենք ձեզ կոչ ենք անում հետևել քաղաքացիական անհնազանդության հետևյալ կանոններին.

1. «Պարզապես պասիվորեն մի’ սպասեք արդարության համար քվեարկելու հնարավորությանը։ Հանուն արդարության քվեարկելը նույնքան անարդյունավետ է, որքան արդարություն ցանկանալը։ Հարկավոր է գործնականորեն լինել արդար։ Սա չի նշանակում, որ դուք պարտականություն ունեք ձեր կյանքը նվիրելու հանուն արդարության պայքարին, այլ որ ունեք պարտականություն անարդարություն չգործելու և անարդարությանը չցուցաբերելու ձեր գործնական սատարումը»։

2. Երբ որևէ կառավարություն դառնում է մարդու հիմնական իրավունքների ոտնահարող, մարդկանց պարտականությունն է՝ «փոխել կամ վերացնել այն»։

Մենք կոչ ենք անում ողջ աշխարհի բոլոր ազատ հայերին դադարել վճարել անդամավճարները, դրամական պարգևները և նվիրատվությունները այն բոլոր կազմակերպություններին, որոնք այդ դրամն ուղղում են Հայաստանում իշխող կառավարությանը։ Դրա փոխարեն մենք նրանց ցուցում ենք տալիս նույն գումարը և ավելի մեծ չափով օժանդակություն ուղարկել ուղղակի Հայաստանի գյուղերում և քաղաքներում ապրող հայ մարդկանց։

Դրամ և օժանդակություն չպետք է ուղղվի, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին, Ամերիկայի Հայկական Համագումարին, Հայկական Ազգային Կոմիտեին, Հայ Օգնության Միությանը, ձեզ ծանոթ քաղաքական բոլոր կուսակցություններին և մյուս բոլոր կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն սատարում են Հայաստանի Հանրապետության բռնապետական և հանցագործ իշխանություններին։

Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին ապրել խաղաղ և անհնազանդություն ցույց տալ պետական իշխանություններին՝ սկսած շարքային ոստիկանից մինչև չընտրված նախագահը, առանց կռվի, առանց կոպիտ խոսքերի, հայհոյանքների, հատուցման գործողությունների կամ բռնության, չհնազանդվել նրանց որևէ փոքր կամ մեծ անօրինականության։ Հանեք ձեր մասնակցությունը, անդամությունը և ներդրումը այս բոլոր կուսակցություններից, կազմակերպություններից և պետական հիմնարկություններից, որոնք բռնանում են Հայաստանի ազատ մարդկանց նկատմամբ։

Մենք կոչ ենք անում բոլոր ազատ հայերին իրենց կենցաղում, առևտրում, ամենօրյա կյանքում հնարավորին չափ չնպաստել հանցագործ իշխանությունների սպասարկու՝ օլիգարխիայի հարստացմանն ու բարգավաճմանը։ Հորդորում ենք Ձեր առաքինի ապրելակերպով արմատախիլ անել այն անառակությունը, որ ներթափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտները։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միավորվել քաղաքացիական հասարակության ստեղծման գործում, որի բարձրագույն գիտակցությունը վճիռ կկայացնի և կստեղծի իրենց սեփական ապրելակերպը, արդար հասարակությունը և ազատ երկիրը։

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ. ԱՅՍՕՐ ԻՍԿ ՍԿՍԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ։ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ԵՎ ՔՈՒՅՐԵՐԻՆ՝ ԼԻՆԵԼՈՒ ԱԶԱՏ։ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ՀԱՅԵՐԸ ԿՆՎԱՃԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԱՐԺԱՆԻ ԵՆ։ ՍԱԿԱՅՆ ԴՐԱՆՔ ՁԵՌՔ ՉԵՆ ԲԵՐՎԻ ԱՌԱՆՑ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՆԴԵՊ, ՈՎՔԵՐ ՀԱՅԵՐԻՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՀԵԼ ԵՆ ՎԱԽԻ ԵՎ ՄՏՔԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

ԱԶԱՏ ՀԱՅԵՐ
ՄԱՐՏ 21, 2008թ.

4 comments:

Anonymous said...

Apres Hrair jan.

Arayjm
Gor

mayranoush said...

Wow, I am speechless. This is truly amazing.

Armen Filadelfiatsi said...

Nice pick, nazarian.


Translation here:
http://armenaker.blogspot.com/2008/03/free-armenians-call-for-civil.html

Anonymous said...

Petke nshel konkret vor dzernarkutyunnere ev obyektnere enknumem hamahaykakan boykoti tak.
Orinak
Lfik Samo
Yerevan city,Lus astgh//,,,,
Nemec rubo
Harsnaqar,Zargacman Bank,,,,,,,,
X Groupi Xachik
Arax haver,ETF dzu, ,,,,,,
Dodi Gago
tarber multiner
Nayev petke hraparakel te vor derasannere,ergichnere arzhnien boykoti, Shusho ev ayln.
Nayev petke ays amene tpagrel mamulum vor aveli layn masannerin hasaneli lini.Sa im kartsiqov amena karevorna