Tuesday, March 18, 2008

Ո՞վ հրահանգեց կրակել ցուցարարներին, եւ ո՞վ գլխավորեց մարտի մեկի ջարդը

Մարտի մեկի լուսադեմին եւ գիշերը տեղի ունեցած ջարդի ու դրա հետեւանքների մասին այս օրերին խոսում են բոլորը, բայց այդպես էլ անհայտ է մնում երկու հարց` ո՞վ հրահանգեց ծեծել ու կրակել խաղաղ ցուցարարների վրա, եւ ո՞վ գլխավորեց այդ օպերացիան:

Սկսենք Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ նստացույցի բռնի ցրումից: Այստեղ հայրենի ոստիկանները ամենածիծաղելի մեթոդներով աշխատեցին: Նույնիսկ աշխարհահռչակ մի քանի թերթեր գրեցին, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել ու խաղաղ քնած մարդկանց վրանների տակ զենք-զինամթերք տեղադրելուց հետո գնացել ու օպերացիա է իրականացրել: Խնդիրն այն է, որ 9 օր տեւող խաղաղ նստացույցի ընթացքում որեւէ խուլիգանություն, օրինախախտում չարձանագրվեց, չնայած որ ուժային կառույցներն ամեն ինչ անում էին այդ ուղղությամբ: Տասնյակ դեպքեր եղան, երբ բացահայտվեցին հրապարակ ուղարկված հատուկ սադրիչները, բայց նույնիսկ այդ պարագայում ամեն ինչ խաղաղ էր անցնում, իսկ տեղի ունեցող երթերի ժամանակ էլ ոչ մի մեքենա չէր քերծվում: Այս ամենը, բնականաբար, շատ էր անհանգստացնում ղարաբաղյան կլանի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Նրանք օրեցօր զգում էին, որ մոտ է իրենց իշխանությունը կորցնելու պահը, դրա համար Ռոբերտ Քոչարյանը, վերադառնալով Մոսկվայից, մի գիշերվա ընթացքում մի քանի խորհրդակցություններ անցկացրեց ու որպես իրավիճակից դուրս գալու միակ ելք, ընտրվեց խաղաղ ցուցարարներին ջարդելու տարբերակը: Երկրի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ամենակոպիտ ձեւով հրահանգել էր կանգ չառնել որեւէ բանի առջեւ եւ ամեն կերպ ջարդել ցուցարարներին:

Մեր ունեցած տեղեկություններով, Քոչարյանի այս ագրեսիվ պահվածքը ոչ բոլորին էր դուր եկել, բայց շատերը, ՙհասկանալի պատճառներով՚, բարձրաձայն չէին առարկել: Նրանց վերաբերմունքից Քոչարյանը հասկացել է, որ պետք է ցուցարարների հետ դաժան վարմունքի պատասխանատվությունն այնպիսի մարդու վրա դնի, ում անվերապահորեն վստահում է: ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը հայ ցուցարարներին ծեծելու ու կրակելու օպերացիայի պատասխանատու է նշանակել ՀՀ պաշտպանության սպառազինության գծով փոխնախարար Յուրա Խաչատուրովին: Նա հայտնի է հանրությանը դեռեւս պատերազմական շրջանից. հենց նա էր, որ 1992-ին հանձնեց Արծվաշենը: Խաչատուրովն էլ իր հերթին է վստահելի մարդկանց հավաքագրել` ցուցարարներին ծեծելու եւ սպանելու օպերացիան ՙպատվով՚ կազմակերպելու համար: Մարտի մեկի առավոտյան իրականացված ջարդին ամենատարբեր տվյալներով մասնակցել են ՀՀ ոստիկանության կարեւոր հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության (6-ի) աշխատակիցները, Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները (սպեցնազը), օմոնականները եւ Ղարաբաղից, Վրաստանից բերված հատուկ ծեծողները: Այլ տեղեկությունների համաձայն, Օպերայի բակում իրականացված ջարդի ժամանակ իրավապահների համազգեստով ցուցարարներին ծեծել են նաեւ Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի, Դոդի Գագոյի, Շմայսի եւ Ալրաղացի Լյովի թիկնապահները: Ականատեսներից մեկն էլ մեզ պատմեց, որ ջարդին անձամբ ներկա է եղել նաեւ N կորպուսի հրամանատար, գեներալ Հայկազ Բաղմանյանը, ում սպարապետ Վազգեն Սարգսյանը նարկոտիկներ օգտագործելու եւ սպային ոչ վայել այլ պահվածքի համար հեռացրել էր համակարգից: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո բանակ վերադարձած Բաղմանյանը անձամբ մատով ցույց է տվել Օպերայի բակում գտնվող ՙԵրկրապահ՚ կամավորականների միության անդամներին` հրահանգելով նրանց հատուկ ծեծել:

Լուսադեմին նշված խմբերն ու նրանց ղեկավարները սուսուփուս լցվել են Ազատության հրապարակ: Առաջին նախագահը ներկաներին հորդորել է որեւէ կոնտակտի մեջ չմտնել ոստիկանների հետ` նշելով, որ եթե ոստիկանները եկել են, ուրեմն իրենց ասելու բան ունեն: Բայց հարձակվողների մի մասը անմիջապես սկսել է դաժան ծեծի ենթարկել հրապարակում քայլող արթուն մարդկանց, իսկ մյուս մասն էլ կտրել է հրապարակի վրանների պարանները, վրաններն ընկել են ներսում քնած մարդկանց վրա: Ուժայինները անխնա ծեծել են վրանների տակ մնացածներին, այդ թվում եւ կանաց` հնարավորություն չտալով նրանց գոնե փախչել: Թեեւ ոստիկանությունն ասում էր, թե ՙցուցարարները զինված են եղել՚, այնուամենայնիվ ՙզինվածներից՚ ոչ ոք զենք չի օգտագործել, միայն փախչել են: Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ եթե մարդ նույնիսկ մահակ ունենար իր ձեռքին, պետք է հակահարված տար իրեն ծեծողին, այլ ոչ թե փախչեր` փորձելով մի կերպ փրկվել դաժան ծեծողների ձեռքից: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ վերջին պահը մնացել է հրապարակում: Ողջ գործընթացի ժամանակ Ազատության հրապարակում է եղել նաեւ Քոչարյանի թիկնազորի պետ րիգորի Սարկիսյանը, ով անվերջ հեռախոսով է զրուցել եւ հաշվետվություն ներկայացրել իրավիճակի վերաբերյալ:

Եվ այսպես մարդիկ ցրվել են Ազատության հրապարակից, իսկ ոստիկանները հրապարակ լցվելով սկսել են նկարահանել այն ողբերգական ու միաժամանակ նաեւ ծիծաղելի (զինամթերքի, ներարկիչների մասով) տեսարանները, որոնցով մի քանի օր շարունակ ողողված էր հայաստանյան հեռուստաեթերը: Անհրաժեշտ կադրերը նկարահանելուց հետո հրապարակ են եկել ջրով մեքենաները ու լվացել Ազատության հրապարակում լերդացած արյունը: Այս տեսարաններն իհարկե չցուցադրվեցին հեռուստատեսությամբ: Բայց շատերն են տեսել, թե ինչքան արյուն էր թափվել Ազատության հրապարակում եւ զգացել են նաեւ, թե արյան ինչ հոտ էր գալիս այն ժամանակ, երբ ջրով մաքրում էին հրապարակը: Իսկ ինչ վերաբերում է հրապարակում հավաքված աղբին, ապա անշուշտ գիշերվա ընթացքում հրապարակը կեղտոտվում էր, բայց վաղ առավոտյան նստացույցի մասնակիցները մեկ մարդու նման մաքրում էին ողջ տարածքը եւ աղբը կուտակում աղբամանների մեջ: Սակայն մաքրման այս գործընթացը եւս որեւէ անգամ չցուցադրվեց հեռուստատեսությամբ:

Բայց անցնենք առաջ եւ ընդգծենք, որ երբ խաղաղ ցուցարարների վրա բիրտ ուժ կիրառվեց, հասարակությունը դարձավ անհանդուրժող ու ագրեսիվ: Բոլոր իրենց վերլուծաբան համարող մարդիկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի լարվածությունը քննարկելիս, սկսում են մարտի մեկի գիշերը Մյասնիկյանի անվան հրապարակի մերձակայքում տեղի ունեցած ջարդից ու կրակոցներից, բայց ակնհայտ ու աներկբա է, որ ամեն ինչ սկսվեց Օպերայի հրապարակի լուսադեմին տեղի ունեցած ջարդից: Այս վայրագ վերաբերմունքը մարդկանց համբերության բաժակը լցրեց, եւ Քոչարյանի հաշվարկը հենց այստեղ էր, որ սխալ դուրս եկավ: Նա մտածում էր, որ ինչպես 2004-ի ապրիլի 12-ին արեց, այս անգամ եւս կծեծեր ցուցարարներին, մարդիկ կցրվեին ու ամեն ինչ կանցներ, կգնար, բայց այսօրվա հասարակությունը միանգամայն այլ է եւ շատ քիչ նմանություններ ունի 2004-ի միտինգավորների հետ: Այս անգամ մարդկաց մի մասը ծեծված լինելով ոչ թե փախավ տուն, այլ գնաց Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այնտեղ եւս ոստիկանները 6-րդ վարչության պետ Աշոտ իզիրյանի ներկայությամբ դաժանորեն ծեծել են մի քանի ցուցարարների, ինչը փաստորեն ավելի բարդացրեց իրավիճակը: Այս ծեծին ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ պատգամավորները եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նույնիսկ օրը ցերեկով կայացած այդ հրապարակային ծեծը չվախեցրեց մարդկանց: Ավելին` նրանց թիվը կամաց-կամաց շատացավ Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այդտեղ ինքնաբուխ հանրահավաք էր սկսվել, չկար որեւէ առաջնորդ, բայց մարդիկ ժամանակ առ ժամանակ վանկարկում էին ՙԼեւոն՚ ու ՙՀաղթանակ՚ բառերը: Եւ մինչ անկանխատեսելի իրավիճակը շտկելու կգային ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը, մարդիկ սկսեցին ավտոբուսներից ու տրոլեյբուսներից բարիկադներ կառուցել: Ուժային կառույցներն էլ տեսնելով, որ հասարակական ցասումն անկասելի է, կամաց-կամաց դուրս հանեցին վաղօրոք Մյասնիկյանի անվան հրապարակ բերված զորքն ու ջրցան մեքենաները: Սա ավելի ոգեւորեց հավաքվածներին: Իսկ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներից մեկն էլ ցուցարարներից մեկին ասել էր, թե մարտի մեկի Հայաստանը հիշեցնում է ֆրանսիական հեղափոխությունը:

Առանց բարձրախոսների, հռետորների ու լիդերների սկսված հանրահավաքը խանգարեց ոստիկանության ՙՎիլիս՚ մակնիշի ավտոմեքենան, որը Գՙլաձոր՚ համալսարանի մոտից մեծ արագությամբ մտավ մարդկանց մեջ ու վրաերթի ենթարկելով ցուցարարներին, անցավ դեպի Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Մի խումբ մարդիկ վազեցին այդ մեքենայի հետեւից, սակայն հատուկ ուղարկված սադրիչները հմտորեն փախցրեցին ՙՎիլիսի՚ վարորդին: Ցուցարարներն իրենց վիրավորվածությունը թափեցին մեքենայի վրա` այրելով այն: Հավաքվածների մի խումբ էլ առանձնացավ (ամենայն հավանականությամբ հատուկ սադրիչների ուղեկցությամբ) եւ վազեց դեպի քաղաքապետարանի շենք: Մեծ դժվարությամբ հնարավոր եղավ մարդկանց հանգստացնել ու հետ բերել: Այդ ընթացքում ինչ-որ տեղից բարձրախոսներ ճարեցին, որպեսզի հավաքված մարդկանց ՙՄյասնիկյանի հարթակից՚ կառավարել լիներ: Ու այսպես բարձրախոսով հայտարարվեց, որ ՙմենք այս հրապարակում մնալու ենք այնքան ժամանակ, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին թույլ տան տնային կալանքից դուրս գալ՚: Բայց ինչքան ուշանում էր առաջին նախագահը, այնքան հասարակությունն ագրեսիվանում էր: Նրանց որեւէ մեկը որեւէ գործողության կոչ չի արել, միայն խորհուրդ է տրվել բարիկադներ կառուցել, փայտերով ու երկաթե ձողերով զինվել, որպեսզի ինքնապաշտպանվեն: Ու այս մարդկանց վրա զորքերը հարձակվեցին, կրակեցին: Որքան էլ փորձեն հակառակն ապացուցել, միեւնույն է, բոլորի աչքի առջեւ են եղել կրակոցները: Ուժայինները սկզբում օդ էին կրակում, հետո արդեն կրակահերթն ուղղվեց մարդկանց վրա: Իսկ երբ տեսան, որ մարդիկ չեն վախենում ու ինքնապաշտպանվում են, օպերացիան գլխավորող Խաչատուրովը հրահանգեց լրացուցիչ զորք, տանկեր ու բէ-տէ-էռ-ներ բերել մայրաքաղաք: Իսկ մինչ այդ, ամենատարբեր տեղեկություններով, հատուկ կրակող (նաեւ դիպուկահարներով) մարդիկ են եղել ՙ8՚-ի շենքի վրա (Պռոշյան փողոց), Երեւանի քաղաքապետարանում եւ այլ բարձրադիր տեղերում: Ջարդի ականատեսները պատմում են, որ շարքային ցուցարարները գլխին ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահանում էին:

Տեղեկացնենք, որ մայրաքաղաք Երեւան է մտել փոխնախարար Խաչատուրովի տղայի Արարատի գունդը, Արմավիրի ուսումնական բրիգադը, բանակային N կորպուսի հրամանատար Լյովա Երանոսյանի, Մուրադ Աբրահամյանի զորքերը: Օպերացիային անձամբ հետեւել են ԱԱԾ պետի տեղակալ Հրաչյա Հարությունյանը` Կրակեմ Հրաչը, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատար ՙել՚ մականունով Գարիկ Գաբրիելյանը: Առավել ակտիվ է եղել նաեւ Երեւան քաղաքի կորպուսի հրամանատար Վլադիմիր Նարիմանի Գրիգորյանը եւ բանակի սպեցնազը: Բայց սա ամբողջը չէ, Քոչարյանը պատրաստ է եղել ավելի դաժան մարտական գործողությունների հրաման տալու: Ըստ լուրերի, ոտքի են հանված եղել նաեւ ուղղաթիռային գունդն ու բանակի նույնիսկ քիմիական բատալիոնը: Այսինքն դեռեւս ՀՀ նախագահ Քոչարյանը պատրաստ է ոչնչացնել ողջ ազգին, բայց չհեռանալ պաշտոնից: Նա իր այս պահվածքով նմանվում է մի շարք բռնապետերի` Չաուշեսկու, Սադամ Հուսեյն... որոնց ճակատագիրը հեռու չէ Քոչարյանից:

Բայց պետք է նշել նաեւ, որ եղել են նաեւ մարզային զորքեր, որոնք հրաժարվել են ենթարկվել սպաներին ու գալ մայրաքաղաք, դրա համար էլ շատ դեպքերում միայն սպաներին են բերել: Օրինակ, Արմավիրի գնդի տանկերը հրաժարվել են մտնել մայրաքաղաք:

Իսկ ընդհանուր առմամբ Մարտի մեկի օպերացիաները լավ չկազմակերպելու համար մոտ ժամանակներս մի քանի գեներալների խիստ նկատողություններ են տրվելու` ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացում: Բանն այն է, որ Քոչարյանը չէր պատկերացնում, որ արտերկիրը այսքան բուռն կարձագանքեր, եւ որպեսզի ՙդրսի՚ աչքերին թոզ փչի, մտադիր է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ՙզոհաբերել՚: Այս տեղեկությունը պտտվում է ուժային կառույցներում, ինչի համար էլ ոստիկանությունում, ԱԱԾ-ում, պաշտպանության նախարարությունում սկսվել է շողոքորթելու լուրջ գործընթաց: Բարձր պաշտոնի ձգտողներն այս օրերին ցանկանում են ամեն գնով աչքի ընկնել ղարաբաղյան կլանի պարագլուխների մոտ, որպեսզի պաշտոն ստանան: Թեեւ ե'ւ պաշտոնյաները, ե'ւ պաշտոնի ձգտողները, ե'ւ ուժային կառույցների շարքային աշխատակիցները վստահ են, որ երկրում ամեն ինչ այսպես չի մնա: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք են մտերմիկ զրույցներում ասում, որ ՙպայթելու է՚ իրավիճակը: Իսկ ձերբակալված մարդկանց մասով էլ ասում են, որ բոլորին էլ շուտով բաց են թողնելու, ՙորովհետեւ ըտենց ստից գործերով չես կարա երկար պահես, դրսից ճնշումը ահավոր է՚: Այնպես որ, մնում է մի փոքր համբերել:

No comments: