Wednesday, March 26, 2008

Պետրոս Մակեյան: 37 թվականի ոճով հալածանք իմ ընտանիքի նկատմամբ

Պետրոս Մակեյան: Հայտարարություն

Zhamanak,03-24-2008, Yerevan Ի սկզբանե իմանալով, որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է եւ նպատակ է դրված ինձ մեկուսացնել, այնուամենայնիվ ես համաձայնեցի ցուցմունք տալ, որպեսզի քննչական խումբը պատկերացում ունենար, թե փետրվարի 19-ին` նախագահական ընտրության օրը, թիվ 34/06 ընտրատեղամասում իմ գտնվելու ժամանակ իրականում ինչ է կատարվել:

Ընտրատեղամասում ես ընդամենը փորձել եմ պարզաբանել, թե ինչու՞ է լցոնում կատարվել Սերժ Սարգսյանի օգտին: Այսուհետեւ անլուրջ եմ համարում մասնակից դառնալ այն խեղկատակությանը, որը ներկայացվում է որպես քրեական գործ:

Իշխանությունների նման գործելաոճը իմ անձի ու ընտանիքիս նկատմամբ շարունակվում է արդեն տասը տարի: Եվ որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ներկայացնում եմ իմ նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումների խրոնիկան:

Հանդիսանալով ԱԺ-ում ընդդիմադիր «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ եւ 1998թ. ԱԺ-ում ձեւավորված «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացած վարկերը եւ փոխառությունները» ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ` իշխանությունները նպատակ ունենալով ԱԺ-ում ինձ լռեցնել սկսեցին շրջապատիս, հարազատներիս եւ իմ նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցել եւ մարդկանց մեկուսացնել` խնդիր ունենալով իմ վրա ցուցմունքները կորզել, ինչը շարունակվեց մինչեւ 2000թ.:

2000թ. մայիս-հուլիս ամիսներին Մեղրին հանձնելու գործարքը կանխելու նպատակով Երեւանում եւ Սյունիքում կազմակերպված հանրահավաքներից հետո վերսկսվեցին հետապնդումները իմ նկատմամբ, որի հանգուցալուծումը դրսեւորվեց 2001թ. հունիսին` մահափորձ իմ դեմ:

2001թ. սեպտեմբերի 7-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքում «ԱրմենՏելի» գործարքի ստվերային մասով գաղտնազերծման եւ ներդրումային ոլորտում անօրինակությունների եւ զեղծարարության ճանապարհով յուրացված գումարի չափը եւ կապը բարձրագույն իշխանությունների հետ հրապարակելուց հետո մի քանի տասնյակ քաղաքացիական հագուստով, ոստիկանական վկայականներով` ավազակախումբը ներխուժեց իմ բնակարան, բերման ենթարկեցին, գիշերային փակ դատավարությամբ տաս օրվա կալանքի որոշում ընդունեցին:

2007թ.-ին մեր կուսակցությունը ԱԺ-ի ընտրություններին մասնակցեց «Իմփիչմենթ» դաշինքով, ինչը առիթ տվեց վարչախմբին արդեն 37 թվականի ոճով հալածանք սկսել իմ ընտանիքի նկատմամբ:

2007թ. հոկտեմբերի 23-ին Կորյունի փողոցում ոստիկանության կազմակերպած սադրանքի արդյունքում բերման ենթարկվեցին 11 հոգի, այդ թվում` «Իմփիչմենթ» դաշինքը գլխավորած առաջին երեք անձինք` Նիկոլ Փաշինյանը, Միքայել Հայրապետյանը, ես` իմ երկու որդիներով եւ Դավիթ Մաթեւոսյանը` իր որդու հետ: Իմ եւ տղաներիս նկատմամբ հարուցվեց քրեական գործ եւ ներկայացվեց մեղադրանք:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` հայտարարում եմ, որ իմ նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը վերը թվարկված քաղաքական հետապնդումների շարունակությունն է, որի արդյունքում ես փետրվարի 25-ից ապօրինի գտնվում եմ անազատության մեջ: Նման գործելաոճը հատուկ է իշխող վարչախմբին, որը ավելի ցցուն եւ ավելի ագրեսիվ դրսեւորում ստացավ նախագահական ընտրություններ կոչված միջոցառումից հետո:

No comments: