Friday, April 04, 2008

ՄԵԿ ԳՈՒՄԱՐԱԾ ՄԵԿ… ԳՈՒՄԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը , անշուշտ, էական դժվարությունների առաջ է այս պահին: Շարժման ակտիվիստների հիմնական մասը գտնվում է մեկուսարաններում, կամ մշտական ահաբեկումների թիրախ է:

Շատ ավելի մեծ պրոբլեմ է հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունների բացակայությունը: Իհարկե, այս իրավիճակը եւ դրանից հնարավոր ելքերը այսօր լայն քննարկման առարկա են: Սակայն կարծում եմ` այս ժամանակավոր դադարից արժե օգտվել` վերևլուծելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման անցած ուղին, պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք անցած ամիսների ընթացքում ամեն ինչ ճիշտ ընթացք է ունեցել եւ արդյո՞ք ընդդիմությունը գործել է լուրջ սխալներ: Եւ արդյոք առաջացած դժվարությունները այդ սխալների հետեւանք են, թե՞ անխուսափելի հանգրվան` հաղթանակի ճանապարհին:

Անկեղծ ասած, սա եղել է վերջին մեկ ամսվա իմ մտածումների հիմնական թեման եւ հանգել եմ շատերի համար գուցե անսպասելի եզրակացության` շարժման ղեկավարությունը այն տարել է բացառիկ ճշգրիտ ուղեգծով: Քավ լիցի` խոսքը ոչ թե անսխալականության մասին է, այլ պայքարի ուղեգծի: Այսինքն` կարելի է ասել, որ Ազատության հրապարակում պետք էր ոչ թե «Արաբո» երգը միացնել, այլ ասենք` «Կտրիճ Դավոն», բայց չի կարելի ասել, թե պետք չէր հանրահավաքները երաժշտությամբ զարդարել: Ինչ խոսք` շուրջօրյա հանրահավաքների ընթացքում եղել են այնպիսի միջադեպեր, երեւույթներ, որ կարելի էր թույլ չտալ, բայց շատ բան տեղի էր ունենում ինքնաբուխ եւ ամեն ինչ կառավարելիության, հրահանգավորման շրջանակներում տեղավորելու փորձերը կարող էին վնասել Ազատության հրապարակի` թվում է հրաշքով վերածնված ոգուն: Եւ ուրեմն` ռազմավարական ուղեգծի առումով ամեն ինչ ընթացել է զարմանալի կերպով ճշգրիտ: Այս պնդման ճշմարտացիության մեջ համոզվելու համար ինքնս ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչը կարելի էր այլ կերպ անել, եթե ամեն ինչ նորից անցնելու հնարավորություն լիներ: Ստիպված եմ արձանագրել, որ մեծ հաշվով փոխելու ոչինչ չկա:

Ինչ վերաբերում է ամենացավոտ հարցին, ողբերգական հարցին` մարտի մեկի զոհերին, պետք է դառնությամբ խոստովանել, որ նման ողբերգական ընթացքից խուսափելու հնարավորություն նույնպես չկար. բոլորը գիտեին, որ Քոչարյան-Սարգսյան զույգը պատրաստ է հարյուրապատիկ ավելի մարդ կոտորել սեփական իշխանութունը պահպանելու համար: Կարելի է իհարկե, մեզ մեղադրել, որ մենք մարդասպաններին գործելու հնարավորություն տվեցինք: Բայց սա սոփեստական մեղադրանք է եւ հանգում է նրան, որ Քոչարյան-Սերժ զույգին հարկավոր է թույլ տալ` անարգել Հայաստանը անդունդ գլորել: Նման մեղադրանք հնչեցնող մարդիկ սակայն, պետք է պատասխանեն հետեւյալ հարցին. ո՞վ հրահրեց Պողոս Պողոսյանի սպանությունը, ո՞վ հրահրեց Բուզանդի փողոցի բնակիչներին ` ծեծուջարդով տնավեր անելու գործընթացը, ո՞վ հրահրեց Լեւոն Գուլյանի սպանությունը, եւ այլն եւ այսպես շարունակ: Եւ ընդհանրապես` մարտի 1-ին քաղաքական երկընտրանքը հետեւյալն էր. արդյո՞ք Հայաստանի քաղաքացին նորից պետք է ծնկի իջնի ամենաթողության առաջ, թե՞ ոտքի վրա մնալու շանս պիտի ունենա: Եւ քաղաքական հարթակի դերը հենց այս երկուսի միջեւ ընտրություն կատարելն էր: Եւ կատարվեց ճիշտ ընտրություն, որովհետեւ հակառակը, այսինքն` մարդկանց կրկին անպաշտպան թողնելը պետք է լիներ իսկական դավաճանություն: Հարց կարող է հնչել` մարտի 1-ի ժողովուրդը հաղթե՞ց, թե՞ պարտվեց:

Ժողովուրդը ծնկի չիջավ, ժողովուրդը ոտքի վրա մնաց, ժողովուրդը հետագա պայքարի հայտ ներկայացրեց եւ դա թերեւս այդ օրվա ամենակարեւոր արդյունքն էր:

Ի դեպ, վերջերս սկսել են տեսակետներ հնչել, թե մարտի 1-ի իրադարձությունները «ամենաշատը ձեռնտու չէին Սերժ Սարգսյանին», որովհետեւ ոչ ոք չի ուզենա որ իր նախագահական ժամկետը սասկվի արյունահեղությամբ: Հույս ունեմ, որ այսպես արտահայտվողները լավ չեն մտածել, ու հապճեպ հետեւություններ են արել, հակառակ դեպքում նրանց այդ մեկնաբանությունը ուրիշ բան է նշանակում: Որովհետեւ ակնհայտ է, որ եթե մարտի 1-ին Սերժ Սարգսյանը չկրակեր ու արտակարգ դրություն չմտցներ, մարտի 2-ին Ազատության հրապարակում տեղի էր ունենալու հայ ժողովրդի պատմության մեջ ամենամարդաշատ հանրահավաքը` Արթուրիկ Բաղդասարյանի հիասթափված էլեկտորատի մասնակցությամբ: Եթե մարտի 1-ի կրակոցները չհնչեին, Սերժ Սարգսյանը ընդամենը մի քանի օր հետո հայտնի չէ, թե ինչ կարգավիճակում կլիներ, համենայն դեպս ոչ իշխանավորի, ոմանք ասում են անգամ ` հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալի կարգավիճակում: Այնպես որ հարգելի բարեկամներ, միտք արտահայտելուց առաջ արժի ծանրութեթեւ անել:

Մյուս կողմից սակայն, կրակոցները հնչելու էին անխուսափելիորեն: Եթե Գեներալ Մանվելն էլ գար Ազատության հրապարակ, եթե Արթուրիկն էլ գար Ազատության հրապարակ, եթե անգամ բոլորը գային ազատության հրապարակ: Որովհետեւ, պատմությունը ցույց է տալիս, որ անգամ ամենափլուզված իշխանութունները ունենում են մեծաթիվ հավատարիմ զորք, եւ նման դեպքերում մարդ չի սպանվում միայն այն ժամանակ, երբ իշխանության գագաթին կանգնածը հասկանում է, որ մարդ սպանել չի կարելի: Բայց այն մարդը, որ «Հայր մեր»-ը չգիտի, դժվար թե պատվիրաններից խաբար լինի. Պողոս Պողոսյանի հրապարակային մահապատիժը ձեզ վկա: Կարճ ասած, զոհերից խուսափելու մի ձեւ կար միայն. Հայաստանը փեշ քեշ անել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյաններին, Սերժիկ եւ Միշիկ Սարգսյաններին: Բայց սա էլ զոհերից խուսափելու ճանապարհ չէ. Պողոս Պողոսյանի հրապարակային մահապատիժն էլ ձեզ վկա:

Կարճ ասած` որքան էլ ողբերգական հնչի, ամեն ինչ ընթանում է հնարավոր միակ սցենարով, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հայաստանցիները ապացուցեցին, որ արժանի են ապրել օրինական, ազատ, արժանապատիվ ու անվտանգ երկրում: Եւ հիմա մեզնից յուրաքանչյուրը ունի ընդամենը մեկ խնդիր. չնահանջել, չընկրկել, չծուլանալ: Եւ իրոք պատեհ է, որ մեզնից յուրաքանչյուրը իրոք հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ինքն է: Ինչ խոսք, քաղաքական հետագա պայքարի կազմկերպման գործում հատուկ դեր ունեն առաջնորդները եւ առանձնապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը. չմոռանանք որ հենց նա է «Պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսի հեղինակը:

Հ.Գ. Ամենեւին չզարմացա իմանալով, որ Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները պարզելուն ուղղված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս գործով պոտենցիալ մեղադրյալներից գլխավորը` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանն էր: Վերջինս մարտի 1-ի առվոտյան Ազատության հրապարկում գործող ամենաակտիվ ջարդարարներից էր. նրան ուղարկել էին վերը նշված քրեական գործի կարճումը վաստակելու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ (03 Apr, 2008)

2 comments:

Anonymous said...

wow...thats all I gota say.

Anonymous said...

The people who have been in the Liberty square and later in Luysavorich st. know the truth and it is exactly as is described by Nikol, and none of them is desperate now. We are just waiting and we are sure that justice will be done