Saturday, April 12, 2008

ՔԱՋԱԳՈՐԾ ՍԵՐԺԻԿԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների սրումը մեր մեջ ասած ձեռնտու է թե Սերժ Սարգսյանին եւ թե Իլհամ Ալիեւին: Վերջինիս առաջիկայում սպասում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ Սերժ Սարգսյանը պետք է փորձի մարսել ներքաղաքական ճգնաժամը:

Դեռեւս դասականն է ասել` տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է. եւ եթե սա ճիշտ է անհատ տականքների առումով, շատ ավելի ճիշտ պետք է լինի տականքների իշխանության վերաբերյալ: Իլհամ Ալիեւը սեփական ժողովրդի աչքի առաջ պիտի աքլորանա` տեսեք ո~նց շշեցի հայերին, եւ քաղաքական հակառակորդներին պետք է զնդաններ լցնի, քանի որ նրանք ջուր են լցնում հայերի ջրաղացին: Ինչ վերաբերում է Հայաստանին, կարծում եմ Սերժի իշխանության համար ուղղակի փրկություն է այս թեման: Նա էլ իր հերթին ետ չի մնա եւ աղբ կթափի Հեյդարի տղա Իլհամի վրա, իսկ իշխանական Լարիսկաները կգովերգեն բոյով-բուսաթով Սերժի քաջագործությունները: Բնականաբար այս ցնցող տեսարանի ֆոնին հանրային եւ գրպանային հեռուստաընկերությունները Մեծն Սերժիկին իշխանությունից հեռացնելու նրա հրաժարականին հասնելու փորձերը կորակեն դավաճանական: Սա արդեն ծանոթ եւ մի քանի անգամ կիրառված սցենար է, որը վերաբերում է ներքաղաքական խոհանոցին, եւ այստեղ Իլհամն ու Սերժը իրարից շատ չեն տարբերվում:

Ինչ վերաբերում է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացին, այստեղ իրավիճակը շատ ավելի բարդ է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը, ինչպես ասում են` «պրյոմի տակ մնացին»: ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մի այնպիսի հայտարարություն արեց, որի նպատակը թերեւս մարտի 1-ի իրադարձություններից շոկահար հայ ժողովրդին հայրենասիրական զգացումներ ներարկելն էր: Օսկանյանն ասում էր, որ իր կարծիքով ՀՀ (մեղա, մեղա) նորընտիր նախագահը Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում պետք է հանդիպի Իլհամ Ալիեւին եւ նրան ասի. «Եթե դուք հավատում եք, որ ԼՂ հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի ԳԱ-ում ընդունված բնաձեւի շրջնակներում, մենք խոսելու բան չունենք»: Նույն միտքը մի քանի օր անց կրկնեց նաեւ Սերժ Սարգսյանը, թե կգնամ ու Ալիեւին էսպես կասեմ: Շարմազանով Էդոն, Ճպըլ Արմենը արդեն պատկերացնում էին, թե ինչպես է Սերժը այս ասելով դուրս գալիս բանակցությունների սենյակից, Իլհամն էլ հետեւից վազում է. «Ապե, հըլը մի րոպե մի տաքացի էլի, կյանքիդ մեռնեմ», ասելով: Բայց Բաքուն շատ արագ արձագանքեց Սերժի այս հայտարարությանը ու Իլհամ Ալիեւը ասաց, թե չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել: Հայ պատրիոտները քիչ էր մնում ծունկ չոքեին Իլհամի առաջ, ախր վերջինիս հետ հանդիպումը միակ բանն էր, որ իմաստալից էր դարձնում Սերժի բուխարեստյան այցը: Բայց Իլհամը անդրդվելի էր, եւ նա ոչ միայն չհանդիպեց Սերժի հետ այլեւ Բուխարեստում բառիս բուն իմաստով քրֆեց համանախագահներին, չստանալով ոչ մի պատասխան: Ընդհակառակը` համանախագահները չքմեղացան եւ մի անգամ էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ԼՂ հարցի լուծումը պատկերացնում են հենց այս շրջանակներում: Ի դեպ, մինչ հայ հանրությունը աղմուկ է բարձրացնում ՄԱԿ-ի ԳԱ հայտնի բանաձեւի վերաբերյալ, որով ԳԱ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, շատերը չնկատեցին, որ դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ Մոսկվայում համանման հայտարարություն էր արել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա բառացիորեն ասել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եւ հենց այս հայտարարության ֆոնին առնվազն հասկանալի չէ, թե ինչով Սերժին դուր չի եկել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը: Չէ որ բնաձեւում կրկնվում են իր մտքերը: Ինչեւէ Սերժ Սարգսյանի բուխարեստյան քաջագործությունը տապալվեց: Ընդհակառակը, պարզվեց, որ նրա հետ շփումը իր համար անպատեհ է համարում նույնիսկ Իլհամ Ալիեւի նման սուլթանիկը: Դե իսկ ճաշին` Սերժ Սարգսյանին նստեցրին երկու եվրոաղջիկների արանքում, ճիշտ այնպես, ինչպես մանկապարտեզներում են վարվում միջոցառման ֆոնը փչացնող տղաների հետ: Իսկ աղջիկները, որոնց լեզուն Սերժ Սարգսյանը բարեբախտաբար չի հասկանում, չնկատելու էին տալիս մեր բոյով ու սիրուն ազգային հերոսի ներկայությունը եւ իրենց մայրենի գերմաներենով հարցնում. «Աղջի, էս դանդուռին ո՞վ էստեղ բերեց»: Տեսնես Վարդան Օսկանյանը հասկացա՞վ, թե ինչու է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ավստրիայի ԱԳ նախարարը նստած սեղանի շուրջ, իսկ ինքը, այսինքն Հայաստանի արտգործնախարարը պատի տակ: Գիտե՞ք ինչու. որովհետեւ ինքը «հայրենասեր» է, իսկ Ավստրիայի ԱԳ նախարարը` ոչ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, 10-04-2008

1 comment:

Anonymous said...

Mostly agree.
Even though I don't approve of Pashinian's style ("thypyl Armen",
"ape hla mi hat taqaci" and stuff like that).
On the other hand it's understandable: he knows that most Republican MPs read HZH, so he has to make sure they also understand what he is saying.