Wednesday, April 23, 2008

Pamphlet

Here is a link to a printable pamphlet publicizing tomorrow's march. Please print and distribute in Armenia.

PDF file

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անցած նախագահական ընտրություններով եւ դրան հաջորդած իրադարձություններով տեղի ունեցավ ոչ թե հասարակության բաժանում, այլ զատում: Հասարակությունը ոչ թե պառակտվել, այլ բացառիկ համախմբվել, սահմանազատվել է. մի կողմում խարխլված ավազակապետական բուրգն է՝ ամբողջությամբ հենված կրիմինալի վրա, մյուս կողմում՝ այս ամենին ոչ մի կերպ չհամակերպվող, տեւական համաժողովրդական շարժմամբ իր ազատությունն ու արժանապատվությունը ձեռքբերած ողջ ժողովուրդը:

1988 թվականից ի վեր ապրիլի 24-ը 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր լինելով, ձեռք է բերել նաեւ այլ խորհուրդ, դարձել ազատության եւ արդարության համար համաժողովրդական պայքարի շարունակման մեկնակետ: Եւ դա խորհրդանշական է, հոգեբանորեն հասկանալի, քրիստոնեական ուսմունքով պարտադիր. չի կարելի լոկ սգալ, առանց հույսի ու ապագայի ակնկալիքի:

Պատմական արդարության վերականգնման խնդրի շուրջ հասարակության նման համախմբում եղել է 1988-ին, որ փորձեցին ջարդել «Սումգայիթով»: Չհաջողվեց. նույն տարվա ապրիլի 24-ի հզոր երթը դեպի Ծիծեռնակաբերդ վճռական ազդակը տվեց Համաժողովրդական շարժման վերակենդանացման ու ծավալման եւ մի քանի ամիս անց հասավ Շարժման փաստական իշխանության հաստատման:

Համաժողովրդական Շարժումը ջարդելու երկրորդ փորձը կատարվեց 1988-ի վերջին՝ ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն: Չհաջողվեց. 1989-ի ապրիլի 24-ի հզոր երթը դարձավ պայքարի նոր վերելքի անկասելի սկիզբ, որ ավարտվեց ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ձեռքբերմամբ:

Մարդկային ազատության, արժանապատվության եւ արդարության համար Հայաստանի քաղաքացիների համաժողովրդական նոր Շարժումը փորձ արվեց ջարդել 2008թ. մարտի 1-ի արյունալի ոճրագործությամբ: Չի հաջողվելու. ապրիլի 24-ը կրկին դառնալու է մեր չդադարած պայքարի նոր մի սկիզբ, որ ավարտվելու է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ձեռքբերմամբ:

Միասնականացած, իր արժեքներով ու բարոյականությամբ հանցավոր վարչախմբից զատված համախումբ ժողովուրդը, որպես սգո արտահայտություն ու հարգանքի տուրք Ցեղասպանության զոհերի հիշատակին, ոտքով լուռ կուղեւորվի դեպի Մեծ Եղեռնի հուշարձան: 1967 թվականից, ավանդաբար, հավաքատեղին կլինի Ազատության հրապարակը ու Օպերային թատրոնի հարակից տարածքները: Կշարժվենք ժամը 15-ին: Եւ, ինչպես 1988-ին եւ 1989-ին, անցյալի սուգին կուղեկցի ապագայի անկոտրում հույսը՝ ցուցադրելով ժողովրդի միակամությունը, կենսունակությունը, պայքարը շարունակելու եւ հաղթելու հավատն ու վճռականությունը:

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

No comments: