Thursday, April 17, 2008

ԱՊՐԻԼԻՆՆՅԱՆ ԷԼԵԳԻԱ

Ապրիլի 9-ին, երբ Ս.Ս.-ն,"Այստեղ հանցագործություն է կատարվել" ահազանգող դեղին ժապավենների, զենքուզրահի "հովանու ներքո", երդում թե չգիտեմ ինչ էր ուտում, իսկ Հայաստանի ազատ քաղաքացիներս նույն ժամին Մյասնիկյանի արձանի մոտ, շուրջկալված, մեր սուգն էինք սգում, արցունքներից կարմրած աչուկներով մի անուշիկ աղջնակ մոտեցավ"մեր անվտանգությունն ապահովող" սաղավարտավահանակիր երկու զինվորի ու ասաց.

- Կարելի° է ձեզ մի բան հարցնել:

- Հարցրեք, քույրիկ ջան,- ասաց երկու զինվորներից մեկը:

- Դուք որ գնում եք տուն, գիշերը հանգի°ստ եք քնում,- հարցրեց անուշիկ աղջնակը:

Ի°նչ եք կարծում` ի°նչ պատահեց դրանից հետո: Երեւի կմտածեք` զինվորները ռետինե մահակով խփեցին աղջնակին: Կամ կմտածեք` լկտի հայհոյեցին: Կամ կմտածեք` պատասխանեցին. "Հա, լյա~վ էլ քնում ենք, մի հատ փախի ըստուց": Դե, ռոբասերժաբազազախլուրդավարի: Եթե հենց այսպես ու սրանցից էլ ավելի ահավոր բաներ մտածեք, բացարձակապես անարդարացի չեք լինի, որովհետեւ այս կարգի "սեանսները" մեր կյանքի մշտական ուղեկիցն են այլեւս, ու արդեն մեր ամեն Աստծու օրը չի մթնում առանց բիրտ սապոգի ներկայության:

Բայց սա այդ դեպքը չէր: "Դուք որ գնում եք տուն, գիշերը հանգի°ստ եք քնում" հարցին ի պատասխան` զինվորներից մեկը արտասվեց: Մյուսն էլ եղբոր գորովանքով գրկեց նրա ուսը: Ինչո°ւ արտասվեց զինվորը: Գուցե իր մայրը կամ հայրը, եղբայրը կամ քույրը կամ սիրած աղջիկը մեզ հետ էր, ու ինքը սարսափահա°ր էր, որ ահա-ահա իրենց կհրամայեն մեզ նորից ջարդել կամ կրակել: Գուցե մարտի 1-ի զոհերից մեկնումեկն իր հարազա°տն էր: Գուցե այնտեղ հավաքված բոլո°րս էինք իր հարազատները, եւ պատանու սիրտը պայթում էր անզորությունից: Չգիտեմ: Բայց այդ զինվորի արցունքներն իմ ատելությունը ռոբասերժականների նկատմամբ կրկնապատկեցին, քառապատկեցին, հազարապատկեցին:

Սրանց մայր չի ծնել` որդնոտած կաղամբի թփերի տակից են քչփորել հանել, մանկուրտ դարձրել ու քսի տվել մեր հոգիներն ու մարմինները հոշոտելու: Ու բնական է, որ սրանց նմանների ճիվաղային գիտակցությանը հասու չէ, թե ինչ է նշանակում անզորությունից արտասվող զինվոր, որը երդվել է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ենիչերիի պես հալածել, ծեծել, ձերբակալել ու սպանել այդ նույն Հանրապետության քաղաքացիներին:

Գուցե Աստված ձեզ ների, ռոբասերժականներ, բայց մենք չե°նք ներելու: Պատանի զինվորի արցունքը վկա:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

No comments: