Friday, April 18, 2008

ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ

ENG: You may access the English translation of this article at Armenaker Kamilion's blog.

1998 թվականի փետրվարի 3-ի կամ 4-ի երեկոյան խոսելով Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին ՌԴ նախագահ Բորիս Ելցինը հետաքրքրիր հայտարարություն արեց: Նա ասաց, որ հրաժարականից օրեր առաջ ինքը խոսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ , նրան օգնություն առաջարկել, սակայն Հայաստանի նախագահը հրաժարվել է օգնությունից:

Տասը տարվա վաղեմության այս տեղեկատվությունը հիշելու առիթը, ինչպես արդեն կռահեցիք, Մոսկվայում Սերժ Սարգսյանի հրապարակային շնորհակալություններն էին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես Սերժ Սարգսյանն էր արտահայտվել, նախընտրական եւ ետընտրական շրջանում իրեն եւ Ռոբերտ Քոչարյանին ցույց տված աջակցության համար: Փաստացի Սերժ Սարգսյանը Պուտինին շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանությունը յուրացնելու, համաքաղաքացիներին կոտորելու գործում ցուցաբերած աջակցության համար: Այս երկու` առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր օրինակները հստակ ցույց են տալիս, թե այն իրավիճակը, որում այսօր գտնվում է հայոց պետականությունը, եւ թե այն այլընտրանքը, որը ունի այդ պետությունը:

Վերջին տասը տարում գործող իշխանությունները հաճախ են ճամարտակել պետության ու նրա շահի մասին, սա օգտագործելով հակառակորդների դեմ: Իրականում, սակայն, մտածել են միայն ու միայն սեփական իշխանությունն ու հարստությունը պահպանելու մասին: Իսկ այս ընթացքում պետությունը վեր են ածել սովորական մի ֆորպոստի: Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թե ԵԽ-ն պոլիտբյուրո չէ: Պարզվում է, նա նախադասությունը կիսատ էր թողել, ու պետք է ճշտեր, որ իր համար պոլիտբյուրոն առաջվա նման գտնվում է Մոսկվայում: Սա ըստ էության ողբերգական արձանագրումն է այն բանի, որ տասը տարի Հայաստանի ղեկին գտնված մարդը գավառական գործարանի պարտկոմի մակարդակից չի աճել: Եւ չնայած սրան շքախումբը որոշել է նրան դասել տիեզերամասշտաբ պետական այրերի շարքը: Ինչ խոսք, պատմությունը ինքը կորոշի հիշե՞լ թե չհիշել Քոչարյանին: Եւ եթե հիշել, ի՞նչ շեշտադրումներով: Նկատենք, սակայն որ օտարներից ընդդեմ սեփական ժողովրդի օգնության խնդրած ղեկավարներին պատմությունը կամ չի հիշում, կամ էլ հիշում է արհամարանքով: Եւ ի դեպ, Սերժ Սարգսյանը նույնպես այս փառքն ու համբավը արդեն իսկ կիսում է հավասարապես:

Հ.Գ. Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարած շարժումը բնորոշեց որպես ազգային ազատագրական, ոմանք դա չափազանցություն համարեցին: Պարզվեց, սակայն, որ Քոչարյանասարգսյանական ռեժիմը վարձկանի դեր է կատարում, որի խնդիրը Հայաստանն ու հայ ժողովրդին միջնորդավորված օկուպացիայի մեջ պահելն է: Ընդ որում «պոլիցայների» այդ ռեժիմի ծառայություններից հավասարապես օգտվում է թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը: Այնպես որ պայքարը իսկապես ազգային ազատագրական է, սրանից բխող բոլոր հետեւանքներով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 17-04-2008

No comments: