Wednesday, April 16, 2008

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼՈՒ Է ՁԵՐ ԵՏԵՎԻՑ

Գարնանամուտի շարժման հակառակորդները ամեն կերպ փորձում են նսեմացնել այդ գործընթացի քաղաքական բնույթը, տեղի ունեցածին փորձելով վերագրել զանազան` ոչ գաղափարական երանգներ: Գռեհկաբանությունը նույնիսկ հասավ այնտեղ, որ փորձեցին ասել, թե Ազատության հրապարակում գիշերելու համար մարդկանց վճարել են:

Ճիշտն ասած` այս մոտեցման համար իշխանություններին ու նրանց սպասարկուներին չեմ էլ մեղադրում, որովհետեւ նրանք տեղի ունեցածը փորձում են ընկալել սեփական պատկերացումների, արժեհամակարգի շրջանակներում: Ինչը, օրինակ կարող է Բառադի Համոյին ստիպել գիշերը մնալ Ազատության հրապարակում. իհարկե հինգ հազար դրամը: Եւ ինչն է Հանրապետական կուսակցության անդամներին պահում իրենց կուսակցության մեջ, իհարկե հինգ հազար դրամը: Ինչի վրա էր հույս դնում Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելիս. իհարկե հինգ հազար դրամի:

Ինչեւէ. կան իշխանական խոսափողի դերում գտնվող անձինք, ովքեր պակաս գռեհիկ մեկնաբանություններ են անում ՀՀ առաջին նախագահի ղեկավարած Գարնանամուտի շարժման մասին: Նրանք ասում են, որ դա սոցիալական բունտ է, այսինքն մարդիկ զզված սոցիալական ծանր վիճակից դուրս են եկել փողոց: Այս պնդումը առավել քան անհեթեթ է, որովհետեւ շարժման կորիզը Իրականում միջին խավի եւ ուսանողության ներկայացուցիչներն են, մարդիկ, ովքեր որեւէ կերպ չեն տեղավորվում սոցիալական բունտի համատեքստում: Այնպես որ Գարնանամուտի շարժման ակունքները բոլորովին այլ տեղ պետք է փնտրել` քաղաքացիական անպաշտպանության:

Երբ մարդը տեսնում է, որ Նեմեց Ռուբոն օրը ցերեկով մարդ է առեւանգում, նրան խոշտանգումների ենթարկում, շղթայում ու զնդաններում պահում, ու մնում անպատիժ, հասկանում է, որ Արսեն Խանամիրյանի փոխարեն կարող են իրեն էլ առեւանգել, ու իր կորուստը առանձնապես չի էլ նկատվի Հայոց կայուն պետականության մեջ:

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մարդը ուզում է Նեմեց Ռուբոյի ձեռքից խլել նրա հարստությունը, կամ նրան վատություն անել. քաղաքացի Կիրակոս Մարտիրոսյանը ընդամենը ուզում է, որ ինքը եւ քաղաքացի Ռուբեն Հայրապետյանը հավասարապես պաշտպանված լինեն օրենքով եւ պատասխանատու լինեն օրենքի առաջ:

Երբ մարդը իմանում է, որ Լֆիկ Սամոյի թիկնապահները մտել են մեկի տուն, ու ընտանիքի անդամների ներկայությամբ նվաստացրել տանտիրոջը, հասկանում է, որ այդ սափրագլուխները նույն հաջողությամբ մի օր էլ կարող են իրենց տուն մտնել: Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մարդը ՀՀ քաղաքացին ուզում է վատություն անել Լֆիկ Սամոյին, նրանից խլել նրա անսահման հարստությունը. քաղաքացի Մարտիրոս Կիրակոսյանը ուզում է, որ ինքը եւ քաղաքացի Սամվել Ալեքսանյանը հավասարապես պատասխանատու լինեն օրենքի առաջ եւ հավասարապես պաշտպանված լինեն օրենքով:

Երբ մի սրճարանատեր տեսնում է, որ ինքը ոչնչով չի զիջում Միշիկ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանի փեսայի կարգավիճակը Միշիկին դարձնում է սրճարանային մագնատ, նա հասկանում է, որ վաղ թե ուշ իր սրճարանի ճակատին էլ են խփելու «Ջազվե»: Մարդը չի ուզում Միշիկի վատը, չի ուզում նրանից խլել ավազակապետի փեսայի կարգավիճակը, մարդը ուզում է, որ ինքն ու քաղաքացի Միքայել Մինասյանը հավասարապես պատասխանտու լինեն օրենքի առաջ եւ հավասարապես պաշտպնված լինեն օրենքով:

Երբ քաղաքացին իմանում է, որ անգամ Հարություն Փամբուկյանի նման ղզիկը էնքան է հաբռգել, որ կարող է քաղաքացուն գերի վերցնել ու ատրճանակի խզակոթով գլխին խփել, հասկանում է, որ կամ պետք է այս երկրից փախչի կամ չորեքթաթ ապրի: Մարդը չի ուզում չորեքթաթ ապրել մարդը չի էլ ուզում փախչել: Մարդը Հարություն Փամբուկյանին էլ չի ցանկանում փախուստ, կամ չորեքթաթ կյանք: Բայց մարդը ուզում է, որ Հարություն Փամբուկյանն էլ իրեն կզցնելուց հաճույք չստանա ու իրեն հարգի:

Երբ մարդը իմանում է, ղարաբաղցի լինելը ոմանց առավելություն է տալիս իր նկատմամբ, նա չի ուզում հավատալ, որ ծննդավայրում հասուն տարիքում մեկ էլ հանկարծ ինքը հայտնվել է երկրորդ սորտի մարդու կարգավիճակում: Մարդը չի ուզում իր կյանքը դասավորելու համար ղարաբաղցի ձեւանալ, «HKP» կամ «90» կոդով ավտոյի համար հանել: Մարդը ուզում է մնալ երեւանցի, եւ չի ուզում իրեն այնպես զգալ, ինչպես 1985 թվականի ստեփանակերտցին: Մարդը չի ուզում ղարաբաղցուն քշել Երեւանից, բայց նաեւ չի ուզում որ ղարաբաղցին իրեն քշի Երեւանից:

Երբ մարդը իմանում է, որ Պողոս Պողոսյանին ծեծելով սպանել են միայն այն բանի համար, որ նա ասել է բարեւ Ռոբ, հասկանում է, որ իրեն կսպանեն ու կսպանեն, որովհետեւ ինքը շատ ավելին է ասում «Ռոբին»: Մարդը ուզում է, որ ինքը իր մտածածը ասելու հնարավորություն ունենա, մարդը ուզում է լսելի լինել:

Երբ մարդը «Հայլուր» է նայում, հասկանում է, որ հիմարի տեղ են դնում. մարդը չի ուզում, որ իրեն հիմարի տեղ դնեն:

Երբ մարդը իր տնից դուս է գալիս փողոց, նա հասկանում է, որ հայտնվել է ջունգլիներում, ընդ որում որպես խոտակեր` կերակրային սանդղակի ամենաներքեւում, որտեղ բոլորը ցանկանում են իրենց կուլ տալ. իր երեխայի ուսուցիչը գնահատական չի դնում առանց կաշառքի, իր թաղայինը ամեն օր իրեն հաթաթա է տալիս, գաիշնիկը նվաստացնում է ամեն օր: Եւ ինքը պետք է թաքնված ապրի, որ իր գլխին չբամփեն: Մարդը չի ուզում, որ իր գլխին բամփեն, եւ չի ուզում թաքնված ապրել եւ մարտի մեկին մարդը, ՀՀ քաղաքացին այս մասին բարձրաձայնեց: Բարձրաձայնեց, որովհետեւ դուք պարոնայք իշխանավորներ եւ օլիգարխներ խուլ էիք ձեւանում:

Եւ հիմա փակում եք Ազատության հրապարակը, քաղաքական դեմքերին բանտերը լցնում: Սա ձեզ լուծո՞ւմ է թվում: Մի անգամ ձեզ բոլորիդ զգուշացրել եմ, էլի եմ ուզում զգուշացնել. ժողովուրդը գալու է ձեր ետեւից. ձեզանից յուրաքանչյուրի ետեւից: Եթե անգամ մենք բանտերում լինենք, կամ չլինենք ընդհանրապես, ժողովուրդը գալու է ձեր ետեւից: Եւ եթե դուք փակում եք երեւանի Ազատության հրապարակը, մարտի 1-ի թատերաբեմ են դառնալու ձեր բարձրապարիսպ դղյակները, ձեր ճաշասենյակներն ու օթոցները: Եւ այնտեղ լինելու է լաց եւ ատամների կրճտոց:

Դուք բոլորդ այս հեռանկարից խուսափելու միայն մեկ հնարավորություն ունեք. կանգնել ժողովրդի առաջ եւ ներում հայցել նրանից: Մենք կխնդրենք ժողովրդին, որ ձեզ ներեն: Եթե իհարկե, դուք իրոք արժանի լինեք ներման:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, 15-04-2008
via Payqar.net

No comments: