«ԻՄ ԱՄՈՒՍՆՈՒՆ ՍՊԱՆԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ»[20:40] 23 Հոկտեմբերի, 2008
http://www.a1plus.am/amu/?page=issue&id=65404
«Բոլորն էլ գիտեն, թե ով է սպանել մարտի 1-ի 10 զոհերին: Այդ մասին բոլորն են խոսում, բայց իրենց տներում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իմ ամուսնուն սպանել է Ռոբերտ Քոչարյանը: Ինձ համար այնքան կարեւոր չէ, թե ով է կրակել, ավելի կարեւոր է, թե ով է հրաման տվել: Իսկ կրակելու հրաման տվել է Ռոբերտ Քոչարյանը: Եթե նա հրաման չտար, որեւէ մեկը չէր զոհվի»,- ասում է մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը: Արմեն Ֆարմանյանի այն զոհն է, որի մարմինը մեքենայի վրա մարտի 1-ին փորձել են դուրս բերել ոստիկանների շրջափակումից: Այդ կադրերը հեռարձակվեցին գրեթե բոլոր հեռուստաընկերություններով:
Նա սպանվել է մարտի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, սակայն մինչ նրա զոհվելը կինը` Աննան, տարօրինակ ահազանգ է ստացել:
«Մարտի 1-ին, Ժամը 17.00-ի սահմաններում ես աշխատանքի էի, ինձ զանգահարեցին փակ համարից, եւ շատ ծանոթ ձայնն ինձ ասաց. «Կարող եք գալ Սպանդարյանի հիվանդանոց եւ ճանաչել դիակը Արմենի՞նն է, թե՞ ոչ»: Իմ հեռախոսը մեր աշխատակիցներից մեկը վերցրեց եւ անմիջապես տարավ «Վիվա Սելլ» եւ պարզեցին, որ զանգը եղել ավտոմատ հեռախոսախցից: Մինչեւ հիմա պարզի չի, թե ով էր ինձ զանգողը»,- «Ա1+»-ին պատմեց Աննան: Աշխատակիցներից մեկը Աննային ասել է, որ նոր է գալիս Մյասնիկյանի արձանի մոտից եւ Արմենին տեսել է:
34-ամյա Արմեն Ֆարմանյանը փետրվարի 21-ից մասնակցում էր Համաժողովրդական շարժման հանրահավաքներին, հնարավորության դեպքում նաեւ գիշերում էր Ազատության հրապարակում:
«Ամուսինս պայքարում էր իմ, իր եւ մեր երեխայի ապագայի համար: Անընդհատ ասում էր, որ մի քիչ է մնում վերջնական հաղթանակի հասնելու համար: Մեր մտքով չէր անցնում, որ դա կավարտվեր մարտի 1-ով, սպանություններով»,- ասաց Աննան: Փետրվարի 29-ին Արմենը գիշերել է տանը, իսկ մարտի 1-ի առավոտյան 12-ին երեխային` Իրինային, տարել է իր եղբոր տուն եւ կրկին գնացել հանրահավաքի: Սովորականի պես աշխատանքն ավարտելուց հետո Ժամը 22.30-ին Աննան գնացել է ամուսնու եղբոր տուն` Արմենի եւ իրենց դստեր հետ տուն գնալու համար.«Բակից կանչեցի ամուսնուս եղբորը եւ ասացի, որ սպասում եմ, սակայն նա ինձ հայտնեց, որ Արմենը դեռ չի վերադարձել եւ ինչ-որ մեկն էլ զանգել է, անհեթեթություններ է հայտնել: Ես նորից անհանգստացա: Ժամը 23.30 էր, ես տաքսու վարորդին խնդրեցի ինձ տանել Կենտրոն, բայց նա հրաժարվեց եւ ասաց, որ ճանապարհները փակ են: Երբ բարձրացա ամուսնուս եղբոր տուն, նա պատմեց, որ ինչ-որ անհայտ մեկը զանգահարել է նրանց տուն եւ ասել, որ ինքն ու Արմենը միասին են եւ շրջափակման մեջ են եւ չգիտեն կկարողանան տուն հասնել, թե ոչ»:
Ստուգվել է նաեւ Արմեն Ֆարմանյանի եղբոր բնակարան արված հեռախոսազանգը եւ պարզվել է, որ այն կրկին ավտոմատ հեռախոսախցից է:
Մարտի 1-ին Արմենը այդպես էլ տուն չվերադարձավ:
«Հեռուստատեսությամբ արդեն հայտարարում էին, որ շատերին ձերբակալել են, ոմանք վիրավորված են, իսկ ոմանք էլ` մահացած: Չգիտեմ` ինչու ես Արմենի եղբորը եւ նրա ընկերներին ասացի, որ գնան դիահերձարան: Երբ գնացել են Կենտրոնական դիահերձարան, այնտեղ շատ դիակներ են եղել: Բժիշկ Շավաշյանի հետ են զրուցել, նկարագրել են Արմենին, եւ նա էլ դիակներ է ցույց տվելՙ: Արմեն Ֆարմանյանին ճանաչել են նրա կոշիկներից: «Դիահերձարանում Արմենի դիակը տեսել են այն վիճակում, ինչպես ցույց է տրված կադրերում, երբ նրան մեքենայի վրա դրած, բաճկոնով գլուխը փաթաթած տանում են: Այդպես էլ բաճկոնը գլխին փաթաթած, փորը բաց վրան գրված է եղել` «նե իզվեստնո»:
Դիահերձարանից զանհագարել են Աննային եւ հայտնել, որ Արմեն Ֆարմանյանը մահացել է: Ֆարմանյանի դիակը հարազատներին են հանձնել մարտի 3-ին: Արմեն Ֆարմանյանի մարմինը դիահերձել են ճանաչումից հետո: Բժիշկը ասել է, որ գլխի մեջ 3 փամփուշտ է հայտնաբերվել` 2 մետաղյա` 3մմ-անոց, մյուսը` պլաստմասե: «Ամուսնուս գլխին կրակել էին հետեւից: Ինձ ասացին, որ դեպքը տեղի է ունեցել Սպանդարյանի դպրոցի մոտ` կամարի տակ: Հետաքրքիրն այն է, որ ժամը 19.00-ին ինձ զանգում ասում են, թե արի` Արմենի դիակը ճանաչելու, եւ նույն վայրում նրան սպանում են ժամը 21.00-ին: Ես չգիտեմ, ինչ մտածեմ»,- ասաց Աննան: Նա չի հավատում, որ ամուսնու այն ընկերների հայտարարություններին, որոնք ասում են, որ այդ ժամանակ եղել են նրա կողքին, սակայն չեն տեսել, թե ովքեր են սպանել Արմենին: «Արմենին ճանաչողները, նույնիսկ տեսանյութից կճանաչեին նրա դիակը: Ինձ ասացին, որ Արմենի դիակը մեքենայի վրա տեղափոխել են Սարյանի փողոց, որտեղ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել առաջ շարժվել: Ասում են, որ այնտեղ են տեղափոխել նաեւ Հովիկ անունով մեկի դիակը, հետո Շտապ օգնությւոն են կանչել` Արմենի եւ այդ տղայի դիակները տանելու համար»:
Արմեն Ֆարմանյանի մահվան վկայականի վրա գրված է. «Գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարում: Գանգուղեղային բաց բութ վիրավորում»: «Սպանվել է հրազենից, այդ մասին խոսք չկա »,- ասաց Աննան: Նրա համար մի բան հստակ է. «Մարտի 1-ին մարդկանց սկսել են ծեծել եւ սպանել մինչեւ Քոչարյանի արտակարգ դրություն հայտարարելը: Ո՞վ է մեղավորը: Ի՞նչ գործ ունեին զինվորականները, դիմակավորները այդ վայրում, քանի դեռ արտակարգ դրություն չէր հայտարարվել: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չհայտարարեր, որ մարդիկ գնային տուն, անկասկած նորից էին հարձակվելու եւ նորից էին սպանելու մարդկանց: Եթե Քոչարյանը չէր ուզում, որ զոհեր լինեին, ինչու ավելի շուտ արտակարգ դրություն չհայտարարեց, ինչո՞ւ են բոլորը սպանվել մինչեւ Քոչարյանի արտակարգ դրությունը»:
Հատուկ քննչական ծառայությունում քննիչը Աննային ցույց է տվել մարտի 1-ի դեպքերի տեսանյութը եւ ասել.« Քննիչն ինձ ասում էր` նայեք, թե ժողովուրդը ինչպես է ծեծում զինվորականներին: Ես չեմ հասկանում, իրենք չե՞ն հասկանում, որ այդտեղ զինվորական չպետք է լիներ: Զինվորականները այնտեղ են եղել մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը: Երբ քննիչին այդ մասին ասացի, ինձ ասաց. «էդ պռոբլեմը քե՞զ են տվել»: Բա ու՞մ են տվել, բա իմ պռոբլեմը չի, որ այսօր ամուսնիսը սպանված է: Մեղավորը զինվորներին այնտեղ բերողն էր, նրանց կրակելու հրաման տվողն էր»:
Աննան նաեւ տեղեկացրեց, որ Արմենի մահվան 7-րդ օրվա արարողությունից հետո նրա ընկերներից մեկին տարել են Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին եւ ծեծի ենթարկել: «Այդ տղային ծեծել են միայն նրա համար, որ Արմենի 7-ին է եկել: Մի աչքի առաջ այդ տղայի գլուխը մի քանի անգամ խփեցին պատին: Իսկ ինձ ասում էին, որ գրեմ, թե Հակոբ Հակոբյանը` Լեդին իմ ամուսնուս փող է տվել: Ես չէի կարող իմ ամուսնու մասին կեղծ վկայություն տալ: Սկզբում, երբ ինձ հարցաքննում էին, գրում էին Արմեն Ֆարմանյանի փաստացի այրի, հետո սկսեցին գրել վկա: Ես հետաքրքրվեցի, թե ինչպես վկա դարձա, ի՞նչ է` ես դեպքի վայրո՞ւմ եմ եղել»:
Աննայի պատմելով` Արմենի մահվանից 40 օր հետո իրենց տուն այցելած նրա ընկերներից մեկին էլ իրենց տանից դուրս գալուց բռնել են եւ գցել ինչ- որ մեքենայի թափքի մեջ. «Նրան սկզբում ավտովթարի էին ենթարկել, հետո գցել մքենայի թափքի մեջ, տարել էին ու ծեծելուց հետո գցել Նոր-Նորքի աղբանոցը: Այսօր այդ տղան հաշմանդամ է: Ազգանունը չեմ հիշում, բայց անունը Գառնիկ է: Ինձ նաեւ այդ դեպքի առթիվ են հարցաքննել»:
Ինչ վերաբերում է ձերբակալված պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ Արմեն Ֆարմանյանի կապին, ապա Աննան ասաց. «Արմենը եւ Հակոբ Հակոբյանը նույն թաղում են ապրում, հարեւանն են: Արմենը նրա մոտ էր գնացել, քանի որ մենք աշխատում էինք «Սիմոն-Հակոբ թոռներ » ընկերությունում եւ մեր երեխայի համար փաստաթուղթ էր անհրաժեշտ: Սիմոնը` Հակոբի եղբայրը, հրաժարվել էր փաստաթուղթ տալ, Արմենն էլ գնացել էր Հակոբի մոտ: Այդ ժամանակ Հակոբը ամբողջ օրը Ազատության հրապարկում էր լինում, Արմենն էլ ստիպված այնտեղ էր գնացել: Հակոբը Արմենին ասել էր, որ ինքը շատ զբաղված է, որ իրավիճակը հանդարտվի, անպայման այդ փաստաթուղթը կտա: Զրուցել էին, դրանից հետո Արմենն էլ էր ոգեւորվել, ասում էր, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, արդարություն կհաստատվի եւ ինքն էլ ոգեւորված գնում էր հանրահավաքների»:
Աննային վիրավորում է այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործում Արմեն Ֆարմանյանի անվան դիմաց գրված է դատապարտված: «Ես բողոք եմ ներկայացրել եւ Դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին: Երբ գրում էին դատապարտված, թող բարի լինեին նաեւ նշել, թե ինչու են դատապարտել եւ ինչու արդարացրել: Եթե մարդուն արդարացրել են` նշանակում է, որ նա անմեղ է եղել»:
Ֆարմանյանի «դատապարտված» լինելը բացառիկ հուզիչ պատմություն է: Հանուն իրենց ընտանիքի պահպանման` Արմենն ու Աննան մեծ փորձությունների միջով են անցել:
Արմենին եւ Աննային դատապարտել են երեխա առեւանգելու մեղադրանքով. այն երեխային, որին նրանց հանձնել է մայրը, իսկ 1 տարի հետո ներկայացել եւ նրանցից 100 դոլար պահանջել: «Ես ու Արմենը համատեղ ապրում ենք արդեն 6 տարի: Մեր ամուսնությանը Արմենի հարազատները դեմ էին: Նրանք գիտեին, որ ես չեմ կարող երեխա ունենալ, սակայն Արմեն ինձ շատ էր սիրում եւ ոչնչի վրա ուշադրություն չդարձրեց: Մեր ընտանիքը լիարժեք դարձնելու համար երեխա էինք ցանկանում որդեգրել: Այդ ընթացում մեր հարեւաններից մեկը մեզ ասաց, որ ինչ-որ մեկը իր 11 ամսեկան երեխային թողել է շան բնի մոտ եւ գնացել: Գնացինք, տեսանք երեխային: Շատ գեղեցիկ երեխա էր: Արմենը միանգամից երեխային գրկեց եւ որոշեց, որ երեխային վերցնում ենք: Հարեւանը խոստացավ, որ երեխայի մայրը երկոյան փաստաթղթերով կգա եւ գրավոր երեխային մեզ կհանձնի»: Ինչպես եւ խոստացել էր հարեւանը հաջորդ օրը երեխայի մայրը փաստաթղթերով ներկայացել է, եւ մոտ 10 վկայի ներկայությամբ երեխային հանձնել է եւ ուրախությամբ հեռացել: «Արդեն մի տարի էր, որ Իրինան մեզ հետ էր ապրում, երբ աշխատանքի վայրում «Սիմոն-Հակոբ» ընկերությունում ինձ ձերբակալեցին ոստիկանության աշխատակիցները եւ մեղադրեցին` երեխային` Իրինային, առեւանգելու մեղադրանքով: Ոստիկանության բաժնում նստած էի, երբ բերեցին նաեւ ամուսնուս: Արմենը լացելով ինձ ասաց, որ երեխային ուժով պոկեցին եւ տարան մանկատուն»: Երեխայի մայրը կեղծ բողոք էր ներկայացրել Աննայի եւ Արմենի դեմ` նրանից 100 դոլար չստանալու համար: 4 ամիս կալանքի տակ մնալուց հետո, Աննան ու Արմենը դատարանի դահլիճում արդարացվում են ազատ արձակվում, քանի որ նրանք ունենին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նրանք դիմել էին դատարան` իրենց հասցրած բարոյական եւ ֆինանասկան վնասները փոխահատուցելու համար:
Արդարացվելուց 9 ամիս հետո նրանք մանկատնից կարողանում են հետ վերցնել երեխային, որը մարտի 1-ին զրկվեց հորից: «Այս պատմությունը բոլորովին չի հետաքրքրում դատախազությանը, փոխարենը նրանք մտահոգված են զոհերին հանցագործ ներկայացնելով: Նրանց չի հետաքրքրում, թե Իրինան ինչ է զգում ամեն անգամ Արմենի նկարի առաջ կանգնելով: Երեխան ավելի շատ հոր` Արմենի հետ էր կապված, քան իմ»:
Աննան այսօր միանակ մայր է եւ իր ու Արմենի խնամակալության տակ գտնվող 4-ամյա Իրինային ստիպված է մեծացնել միայնակ: Նա ցանկանում է, որպեսզի Իրինան ստանա Արմենի ազգանունը, քանի որ Արմենը հենց այդ գործընթացը ավարտին հարցնելու համար էր դիմել Հակոբ Հակոբյանին` անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու համար:
Աննա Էլոյանը այսօր պատրաստ է հեռանալ Հայաստանից, եթե հնարավորություն ունենա իր հետ տանել նաեւ ամուսնու շիրիմը: «Ինձ համար մեկ է, թե ուր կգնամ: Միայն թե այս անարդարությունը այլեւս չտեսնեմ: Խոսքս բոլոր իշխանավորների մասին է, նաեւ նույն Սերժ Սարգսյանի: Ես Գյումրեցի եմ, Գյումրիում բոլորին փող էին բաժանում, որ Սերժին ընտրեն: Ինձ էլ են առաջարկել, հրաժարվել եմ, ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել: Մարդկանց սպանեցին, իսկ հիմա հենց նրանց էլ փորձում են հանցագործ դարձնել: Ես չեմ բացառում, որ մի օր էլ ինձ սպանեն, հայտնվեմ մեքենայի տակ կամ մի այլ «դժբախտ» պատահար լինի, բայց, միեւնույն է, չեմ լռելու»,-ասաց նա:
via Aramazd