Monday, July 07, 2008

Levon Ter-Petrosian's speech on July 4.

[...] Ետընտրական թոհուբոհում բոլորովին մոռացության է մատնվել պատմական այն նշանակալի իրողությունը, որ վերջապես ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի փառահեղ գահակալության տասնամյակը: Այդ բացը լրացնելու համար ես կփորձեմ ներկայացնել Քոչարյանի նախագահական շրջանի գործունեության սեղմ հաշվեկշիռը` ավելի համակողմանի քննությունը թողնելով ապագային:

Եվ այսպես. նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը

• Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց Հանրապետության նախագահի աթոռին,

• 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը,

• Խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը,

• Պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ,

• Ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը,

• Ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ,

• Կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն,

• Վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը,

• Վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները,

• Փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը,

• Սիստեմատիկաբար ուռճացրեց Հայաստանի տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները,

• Հայաստանը ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման,

• Կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության,

• Ոտնահարեց շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքները՝ հավասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում,

• Համարյա ողջ պետական գույքը եւ պահուստային հողատարածքները խորհրդանշական գներով վաճառեց իր մերձավորներին,

• Հարկային բեռը բարդեց մանր ու միջին գործարարների վրա, ըստ էության, վերացնելով 90-ական թվականներին ձեւավորված միջին խավը,

• Խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից,

• Դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար,

• Ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն,

• Տնտեսական աճի ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով,

• Ղարաբաղից Հայաստան տեղափոխեց շուրջ 15.000 մարդ,

• Կորցրեց Ղարաբաղի հարցի բարենպաստ լուծման մի քանի առիթներ,

• Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից,

Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի,

• Սերունդներին կտակեց իր ղարաբաղյան քաղաքականության պսակը հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խայտառակ բանաձեւը,

• Ահագնացրեց Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը,

• Խորացրեց հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը,

• Չնչին պարտքի դիմաց իր նախաձեռնությամբ Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը,

• Եվ վերջապես` իր ազգանվեր գործունեությունն ավարտեց Երեւանի կենտրոնում կատարած արյունահեղությամբ, Արտակարգ դրության հաստատմամբ եւ զանգվածային ձերբակալություններով եւ բանտարկություններով:

Արդար լինելու համար, սակայն, հարկ է պատշաճը մատուցել Քոչարյանին եւ բարեխղճորեն արձանագրել նաեւ նրա կատարած դրական գործերը.

• Պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա կտրեց հինգ կիլոմետր կարմիր ժապավեն, շուրջ երեք հարյուր հոգու շնորհեց գեներալի կամ վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ, մոտ 10.000 մարդու պարգեւատրեց շքանշաններով ու մեդալներով,

• Նոր աշխատատեղեր ստեղծելու ազնիվ մղումով կրկնապատկեց փոխնախարարների թիվը, եռապատկեց նախագահի, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմը, հնգապատկեց պետական պաշտոնյաների պահպանության վարչության ծառայողների քանակը,

• Նշանակալի ավանդ ներդրեց հայկական մշակույթի զարգացման գործում՝ մասնավորապես Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի երաժշտության փոխարեն ռադիո•հեռուստատեսային եթերը լցնելով «բարձրաճաշակ» արեւելածոր մեղեդիներով ու պորտապարերով,

• Մեծապես հարստացրեց ոսկեղենիկ հայոց լեզվի բառապաշարը, իր ստեղծած անզուգական նորաբանություններով՝ վիզկապ, մասանդրա, ծյունինգ, մտնելորտ, անթռաշ, գնհատել եւ այլն,

• Ժողովրդին զվարճացրեց հրաշալի անեկդոտներով՝ կլիզմայի, վատ պարողին խանգարող հանգամանքների, փղերի ու մոսկաների, մեջքից ներքեւ գտնվող փափուկ տեղի մասին,

• Հարմար բնորդ լինելու հանգամանքով անսահմանորեն ճոխացրեց արդի հայ ծաղրանկարչական արվեստը: [...]

For the full text, visit Payqar.org

3 comments:

Anonymous said...

///Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը վերածեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի,///

Եթե չեմ սխալվում բացահայտված բոլոր բանակցային փաստաթղթերում ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը գրված է, իսկ տարածքների մասին կարծեմ ԼՏՊ-ն հատուկ վերաբերմունք ունի, գոնե չխոսա, նրա մոտ ցինիզմը սահման չունի

nazarian said...

Առաջին անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը Հայաստանի կողմից ամրագրվեց Ստամբուլում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Դրանից հետո ինչ էլ որ անես, ամեն ինչ դիտվում է տարածքային ամբողջականության ոսպնյակի միջով և Ղարաբաղի խնդիրը դառնում է տարածքային վեճ:

Տարածքային վեճերը սովորաբար լավ վերջ չեն ունենում:

Anonymous said...

//Եթե չեմ սխալվում բացահայտված բոլոր բանակցային փաստաթղթերում ԼՂ հայերի ինքնորոշման իրավունքը գրված է, իսկ տարածքների մասին կարծեմ ԼՏՊ-ն հատուկ վերաբերմունք ունի, գոնե չխոսա, նրա մոտ ցինիզմը սահման չունի/
ete nexutyun chi mi hat indz canotacru LTP_I hatuk verabermunqi masin taracqneri veraberyal..indz tvuma du lav ches jokel ira verabermunq@ et arumov..LTP_N voch te cinika, ayl bavakanin xelaci divanaget...