Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսի հեռուստատեսային լուսաբանումը ցույց տվեց, որ ավազակապետությունը որոշ սրբագրումների է ենթարկել իր լրատվական քաղաքականությունը: Լրատվական թողարկումներում Կոնգրեսը հարձակման չենթարկվեց, փոխարենը, սակայն փորձ արվեց այն ներկայացնել մի ձանձրալի, տաղտկալի միջոցառման տեսքով:
Ըստ իշխանական վարկածի, դա մի միջոցառում էր, որտեղ ոգեւորության նշույլ անգամ չկար, ավելին` ընդդիմությանը փորձ արվեց վերագրել պարտվողական տրամադրութուններ: Թվում է, թե խելոք է մտածված, բայց իշխանությունները իրենք էլ չդիմացան իրենց սկսած խաղին: Եթե ընդդիմությունը հանձնվել է, հարկավոր է տոնել այդ իրադարձությունը, բայց սերժանտների տրամադրությունը ամենեւին էլ տոնական չէ: Ընդհակառակը` ինչ-որ շփոթվածություն է զգացվում: Այս վիճակը բռնցքամարտի լեզվով կոչվում է նոգդաուն: Սա այն դեպքն է, երբ բռնցքամարտիկը մի ակնթարթ անջատվում է, բայց ետ է գալիս արագ, եւ դեռ կարող է շարունակել պայքարը: Թե բռնցքամարտում եւ թե ամենուր` ամենավտանգավոր հարվածները անսպասելի հարվածներն են, իսկ համաժողովրդական շարժման կոնգրեսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առնվազն երեք այդպիսի հարված հասցրեց ավազակապետությանը:
Առաջին հարվածը Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր Ղարաբաղի վերաբերյալ. առաջին նախագահն ասաց, որ ԼՂՀ-ին սպառնացող անմիջական ռազմական վտանգի դեպքում ինքը իր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծվել «հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»: Սա ուղղակի «հայրական ապտակ» է սերժանտական իշխանությանը, որը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը ծախում է Ղարաբաղը: Տեր-Պետրոսյանը ցույց տվեց, որ շատ արագ կարող է ընդդիմության առաջնորդից վերածվել կամավորական շարժման առաջնորդի: Բայց այս քայլով առաջին նախագահը ավելին արեց. նա ըստ էության կանխեց ղարաբաղյան պատերազմի ` թվում է անխուսափելի բռնկումը: Իլհամ Հեյդար օղլին, որ վերջերս ինչ-որ ոգեւորվել էր, Տեր-Պետրոսյանի ապտակի հավասարազոր հասցեատեր դարձավ, եւ դա նրա համար սթափեցնող նշանակություն ունեցավ: Ադրբեջանում ոգեւորվել էին, որ Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ մյուսների պես տղերքը բանտում են հայտնվել, բայց հիմա հասկացան, որ էս տղերքը Սերժի ու Ռոբերտի նկատմամբ ունեցած «քենը» կարող են ադրբեջանցիներից հանել: Տեր-Պետրոսյանի ելույթից հետո բացառվում է նաեւ պատերազմի հրահրումը հայկական կողմից, որովհետեւ հիմա իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի ընդդիմադիր ակտիվիստների զինված ջոկատների ձեւավորմանը:
Երկրորդ հայրական ապտակը կոչն էր ԱՄՆ կառավարությանը չդադարեցնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը Հայաստանում: Սա էլ ապտակ էր այն պատճառով, որ իշխանական քարոզչությունը 10 տարի փորձում է ապացուցել, որ Տեր-Պետրոսյանը առաջնորդվում է «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Հաջորդ հայրական ապտակը այն էր, որ Տեր-Պետրոսյանը Սերժիկ Սարգսյանին` մարտի 1-ի սպանդից սահմանազատվելու շանս տվեց: Այս ամենին իշխանությունը չէր սպասում եւ սա ավելի է ուժեղացնում նրա ստացած հարվածը: Բայց դրա ուժը ավելի հասկանալի է դառնում, երբ արձանագրում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ, չի կարող հակահարված հասցնել: Որովհետեւ այս իրավիճակում հակահարված հասցնելու համար իշխանությունը պետք է անհապաղ ազատի քաղբանտարկյալներին, ձեռնամուխ լինի մարտի 1-ի դեպքերի անկախ միջազգային հետաքննության իրականացմանը, եւ մինչեւ այս հետաքննության ավարտը կասեցնի այն խայտառակ նախաքննությունը, որ իրականացնում է Հատուկ քննչական ծառայություն կոչված կրկեսը: Իսկ նման քայլերի իշխանությունը, թերեւս, ի վիճակի չէ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 06-05-2008