Friday, September 05, 2008

ՌՈՒՍԱՄԵ՞Տ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքները ռեպորտաժներ են սփռում այն մասին, որ Վրաստանը 18-րդ դարի վերջից Ռուսական կայսրության մաս է: Եւ այս ֆոնին հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե ռուսները որոշեն զորքը շարժել Թիֆլիսի ուղղությամբ, այստեղ խամաճիկային կառավարություն հաստատեն, եւ վերջինս էլ խնդրի Վրաստանը ետ ընդունել Ռուսական կայսրության գիրկը: Ի՞նչ կպատահի իրադարձությունների նման զարգացման դեպքում: Տարբերակները երկուսն են. համաշխարհային պատերազմ կամ ոչինչ: Շատ հավանական է երկրորդ տարբերակը, այսինքն, որ ոչինչ էլ չլինի:

Եվրամիությունը հերթական անգամ ապացուցեց, որ ընդամենը լավ հագնված աղջիկների եւ տղաների ակումբ է: ԵՄ-ն այդպես էլ չի կարողանում միասնական քաղաքական գործոն դառնալ: Կարելի է ասել, որ սրա պատճառն այն է, որ այն չունի միասնական շահեր: Տարօրինակն այն է, սակայն, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները շատ արագ համաձայնության են գալիս այն հարցում, թե ինչ մատերիալից պետք է պատրաստված լինի ԵՄ տարածք ներմուծվող Բարբի տիկնիկի տուտուզիկը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող է անգամ կես ժամանոց ճառ արտասանել այսպիսի դարակազմիկ համաձայնության վերաբերյալ` ձեռքերն ու ոտքերը աջուձախ թափ տալով: Մյուս կողմից` ռուսական քաղաքականության նոր շրջադարձի առիթով մտահոգվելու ի՞նչ ունի Ֆրանսիան. ռուսական ցար Ալեքսանդրը մտավ Փարիզ, եւ, մեր մեջ ասած, առանձնապես վատ չէր: Հիտլերն էլ մտավ Փարիզ, էլի վատ չէր, պատկերացրեք: Ամերիկացիք էլ մտան Փարիզ, շատ ավելի լավ էր: Այնպես որ, չարժե մեծ աղմուկ անել ռուսական զորքի` Թիֆլիս մտնելու հնարավորության շուրջ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս դժվար թե համաշխարհային պատերազմ սկսի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները Ալյասկա չեն մտել: Հիշեցնեմ, որ Ալյասկան նույնպես Ռուսական կայսրության մաս է եղել: Այնպես որ, Թիֆլիսի պաշտպանության գործը թիֆլիսցիների գործն է, իսկ թիֆլիսցիները կարծես թե շարունակում են հույսը եվրոամերիկյան ուժերի վրա դնել: Բայց մեր մեջ ասած, ջայնամ ըլնի Թիֆլիսը, մեր դարդը Երեւանն է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրեշավոր սխալ թույլ տվեց` հրահրելով Ռուսական արջին: Այդպիսով նա վտանգի տակ դրեց ոչ միայն վրացական, այլեւ Հարավային Կովկասի բոլոր անկախ պետությունների գոյությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ Անդրկովկասում բոլոր ռեակցիաները շղթայական են: Եթե ազգերից մեկը անկախություն է ձեռք բերում, մյուսները` նույնպես, եթե կորցնում է անկախությունը, մյուսները` նույնպես: Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, նրանց ուրախությունը ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչման կապակցությամբ կարելի է հասկանալ: Բայց ուրախանալու բան կա միայն առաջին հայացքից. եթե ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչմամբ նրանք իրենց պաշտպանված են զգում Վրաստանից, փաստացի հիմա անպաշտպան են Ռուսաստանի առաջ, բացարձակապես անպաշտպան: Եւ եթե ռուսները աբխազներին առաջարկեն տեղափոխվել Սիբիր եւ այնտեղ Սիբիրյան Աբխազիայի Ինքնավար Օկրուգ հիմնել, աբխազները այս առաջարկը մերժելու ոչ մի փաստարկ չեն ունենա: Կարելի է համոզված պնդել, որ աբխազները եւ օսեթները չեն էլ փորձի այժմ իրենց ունեցած ռուսական անձնագրերը փոխարինել ազգայինով: Նախ դրանք հնարավոր չի լինի կիրառել, եւ հետո` ռուսները թույլ չեն տա:

Իսկ ընդհանրապես, Վրաստանում որոշվում է ոչ միայն այդ երկրի ճակատագիրը, եւ եթե բանը վրացական պետության դե յուրե կամ դե ֆակտո կորստին չհասնի, պետք է գոհ ու շնորհակալ լինել: Իհարկե, այս պայմաններում լավագույն ելքը կլիներ նախագահ Սահակաշվիլիի հեռանալը: Բայց քանի դեռ Վրաստանում ռուսական զորք կա, նա չի կարող դիմել այդ քայլին: Պետք է որոշակի երաշխիք լինի, որ Վրաստանի հաջորդ նախագահին ընտրելու է վրաց ժողովուրդը, եւ ոչ թե Մոսկվան է նշանակելու: Իսկ Մոսկվան կարծես ուզում է պահել Սահակաշվիլիին այնքան ժամանակ, մինչեւ նրան սեփական ձեռքերով հեռացնելու եւ նրա փոխարեն մեկ ուրիշին սեփական ձեռքերով Վրաստանի ղեկավար կարգելու հնարավորություն ունենա: Իսկ այս պայմաններում Սահակաշվիլին ստիպված է պայքարել մինչեւ վերջ:

ազատ, անկախ Հայաստան

Հայաստանի իշխանական ուժերը երկար ժամանակ չէին կողմնորոշվում` ինչպես հասկանալ եւ ինչպես արձագանքել Հարավային Օսեթիայի դեպքերի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին: Ու քանի որ այդպես էլ չհասկացան, արձագանքեցին սովորականի պես` ռուսամետ, արեւմտամետ պրիմիտիվ չափման դիրքերից: Իսկ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի դիրքորոշմամբ, որով կարող էր հանդես գալ ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային չափման լիդերը: Նրա դիրքորոշումը ունի երկու կարեւոր առանձնահատկություն, որոնցով տարբերվում է մինչեւ այժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքից դուրս հնչած բոլոր տեսակետներից: Առաջին առանձնահատկությունը այն է, որ Տեր-Պետրոսյանը պաշտպանեց ճշմարտությունը առ այն, որ Վրաստանը փորձում էր Հարավային Օսեթիան մաքրել օսեթներից, եւ եթե չլիներ Ռուսաստանը, Հարավային Օսեթիա չէր լինի: Տեր-Պետրոսյանի դիրքորոշման երկրորդ կարեւոր առանձնահատկությունը այն է, որ նա մեղադրեց վրաց իշխանություններին` միեւնույն ժամանակ պաշտպանելով վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը: Այսինքն` նա ընդգծեց, որ վրաց իշխանությունների թույլ տված կոպիտ սխալը, անգամ հանցանքը չի կարելի օգտագործել` վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը ծնկի բերելու համար: Նման ամբողջական դիրքորոշում չի արտահայտել ոչ ոք: Մինչեւ այժմ Արեւմուտքը չի նկատել Հարավային Օսեթիան ոչնչացնելու Վրաստանի մղումը, իսկ ՌԴ-ն չի ճանաչել վրացական պետությունը ծնկի բերելու անթույլատրելիությունը: Իսկ Տեր-Պետրոսյանը արձանագրել է մի այնպիսի դիրքորոշում, որը զարմանալիորեն ներառում է թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի եւ թե՛ տարածաշրջանի շահերը:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են: 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ. հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից: Արդյունքում` հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց: Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում: Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում: Նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Հիմա այդ հարգանքը կորսված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Եւ դա` կոմպլեմենտար կոչված քաղաքականության արդյունքում:

Շատերը կարող են հարց տալ, թե ինչ տարբերություն կոմպլեմենտարության եւ Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության միջեւ: Իսկ տարբերությունը շատ մեծ է. Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի աջակցության, մյուս կողմից` այդ աջակցությունը կարող էր սպառնալիք դառնալ հայոց պետականության համար: Ուստի նա որդեգրել էր ոչ թե Հայաստանի անկախությունը Մոսկվայից պաշտպանելու, այլ Մոսկվայում պաշտպանելու քաղաքականություն: Սրա համար նա ամեն ինչ արեց եւ, ի դեպ, հասավ նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն մաքսիմալ անկեղծ: Այսինքն` Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերվելիս ընդունում էր, որ Ռուսաստանը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի գոյապահպանության հարցում, այսօր էլ մեծ դեր ունի, միշտ էլ մեծ դեր կունենա: Սրան զուգահեռ, նա կարողանում էր Մոսկվայի համար առավել հասկանալի եւ ընդունելի դարձնել անկախ պետություն ունենալու, ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները: Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին տվեց երաշխիքներ, որ Երեւանը երբեք չի ներգրավվի հակառուսական խարդավանքների մեջ, բայց եւ Մոսկվայի համար հասկանալի դարձրեց աշխարհին ինտեգրվելու Երեւանի մղումը: Սա էր Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը իմաստը:

Իսկ կոմպլեմենտարիզմի հիմքում ընկած էր խորամանկությունը: Կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարողները ելնում էին իրենց այն համոզմունքից, որ բոլորին կարելի է շփոթության մեջ գցել, խաբել եւ այլն: Ու այս տրամաբանությամբ ՀՀ կոմպլեմենտար իշխանությունը ԱՄՆ-ի հետ ամերիկամետ էր, ՆԱՏՕ-ի հետ` ՆԱՏՕ-ամետ, ռուսների հետ` ռուսամետ: Սա, բնականաբար, Ռուսաստանին դուր չէր գալիս, եւ ամեն խորամանկության դիմաց նա բռնում էր Հայաստանի իշխանության ականջից եւ փրկագին պահանջում: Այդպես` Ռուսաստանին անցան Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, հեռահաղորդակցությունը, երկաթուղին եւ մնացած բոլոր ստրատեգիական ոլորտները: Փոխարենը` իշխանությունը մեծ փողեր էր ստանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից եւ լափում: Արդյունքում` ՀՀ իշխանավորները Հայաստանը դարձրին ռուսական ֆորպոստ, իսկ իրենք հարստացան ամերիկյան, եվրոպական, իհարկե` նաեւ ռուսական փողերով: Ահա այսպիսին է կոմպլեմենտարիզմի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության տարբերությունը:

Եւ ի դեպ, շատերը հակասություն են տեսնում այն բանի մեջ, որ քաղաքական ընթացիկ շրջանում Տեր-Պետրոսյանը մերժում է ներքաղաքական հարցերում արտաքին միջամտության եւ տղա բերելու տարբերակը եւ, մյուս կողմից, ակտիվ շփումներ է պահպանում ռուսական, ամերիկյան, եվրոպական շրջանակների հետ: Որեւէ հակասություն այստեղ չկա եւ չի կարող լինել: Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն գործող վարչախմբի ներկայացուցիչների, Մոսկվային չի ասում, որ եթե ինքը լինի Հայաստանի նախագահ, Ռուսաստանի համար ավելի լավ կլինի: Այսպես չի ասում նաեւ Եվրոպային, չի ասում նաեւ ԱՄՆ-ին: Տեր-Պետրոսյանը փորձում է Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, մեծ տերությունների համար ընկալելի դարձնել ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները, փորձում է այնպես անել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ հատկապես Ռուսաստանը լուրջ վերաբերվեն Հայաստանի անկախությանը: Ռուսաստանը` հատկապես, որովհետեւ այսօր նա առավել մեծ լծակներ ունի Հայաստանում: Եւ սա ճիշտ քաղաքականություն է, պետական գործչի քաղաքականություն: Եթե Սահակաշվիլին իշխանության գալուց հետո ճիշտ հարաբերություններ կառուցեր Ռուսաստանի հետ, այսօր մենք կունենայինք բոլորովին ուրիշ Վրաստան եւ բոլորովին ուրիշ տարածաշրջան:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

No comments: