Monday, August 11, 2008

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑ-ՀԱՐԱՎՕՍԵԹԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արդեն երրորդ օրն է, ինչ վրաց-հարավօսեթական հակամարտության գոտում տեղի են ունենում ըստ էության պատերազմական գործողություններ։ Ռազմական կոնֆլիկտը շարունակվում է, զոհերի թիվը, մեծագույն մասը քաղաքացիական բնակչութունից, տարբեր տվյալներով անցնում է 2000-ի սահմանը։

Հայաստանի Համաժողովրդական շարժումն իր խորը անհանգստությունն ու ցավակցությունն է հայտնում ծավալված ողբերգական դեպքերի ու մարդկային զոհերի առիթով՝ համարելով որ այդօրինակ հակամարտությունները պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Պատերազմական գործողությունները դուրս են եկել հակամարտության գոտու սահմաններից։ Վտանգի տակ են Հայաստանի Հանրապետություն մտնող կարեւոր ճանապարհները եւ կոմունիկացիաները, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի անվտանգության համար։ Անապահով վիճակում են հայտնվել վրացական հանգստավայրերում եւ այլ վայրերում գտնվող Հայաստանի 10.000-ից ավելի քաղաքացիներ, ինչպես նաեւ ողջ վրացահայությունը։

Այս պայմաններում, երբ յուրաքանչյուրը ժամը կարող է ճակատագրական լինել, ՀՀ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը իր շքախմբով անվրդով շարունակում է օլիմպիական հանգիստը եւ զվարճանքները Չինաստանում։ Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարի համար արտառոց այս պահվածքը, ցավոք, բնական ու բնութագրական է նրա համար։ ՄԵնք դատապարտում ենք Սերժ Սարգսյանի՝ ազգային անվտանգության եւ երկրի քաղաքացիների ճակատագրի նկատմամբ դրսեւորած հանցավոր անտարբերությունը։ Երկրի իշխանություններից պահանջում ենք իրավիճակից թելադրված համարժեք միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու մեր քաղաքացիներին, ինչպես նաեւ ռուսական եւ վրացական իշխանությունների հետ անհրաժեշտ կոնսուլտացիաներ անցկացնել՝ Հայաստանի անխափան մատակարարումն ապահովող կոմունիկացիաների գործունեությունը չվտանգելու նպատակով։

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
via Payqar

No comments: