Սիրելի հայրենակիցներ,
Այն, ինչ ասվեց նախորդ ելույթներում, ընդամենը նախնական գնահատական էր անցած ընտրություններին: Մենք չէինք հավակնում այսօր սպառիչ պատասխան տալ եւ վերլուծել ամբողջ իրադարձությունը. մեկ օրում դրա հնարավորությունը չկար: Ուստի, իմ ելույթում հնչած գնահատականները նախնական են լինելու: Մենք մեր վերջնական գնահատականը` եւ այս իրադարձությունների մասին, եւ հետագա անելիքների մասին, եւ մեր ստրատեգիայի մասին` մենք կտանք մեր հաջորդ հանրահավաքում, որի ամսաթիվը ես ձեզ կհաղորդեմ ելույթի վերջում:
Սակայն, մինչեւ գնահականներ տալը, ուզում եմ սրտանց շնորհավորել արտաքին քաղաքականության ճակատում շարունակ պարտություններ կրող Սերժ Սարգսյանին` սեփական ժողովրդի նկատմամբ տարած «փառահեռ» հաղթանակի համար:
Դուք տեղյակ եք, որ միջազգային հանրությունը` Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, սկսած 1998 թվականից, ընտրությունից ընտրություն, Հայաստանում առաջընթաց, իրենց լեզվով ասած` պրոգրես են արձանագրում` եւ ընտրությունների որակի, եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման առնչությամբ, բայց մենք տեսնում ենք, իրականում, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրություն շատ ավելի այլանդակ է լինում, քան նախորդը: Եթե սա է Եվրոպայի, Արեւմուտքի պատկերացումը պրոգրեսի մասին, ապա կամ նրանք զբաղված են երգիծաբանությամբ, կամ էլ պարզապես ձեռ են առնում մեր ժողովրդին` նրան դնելով երկրորդ սորտի մարդկանց տեղ: Միջազգային հանրությունը, այսպիսով, ոչ թե նպաստում է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, այլ կարծես թե դիտավորյալ խոչընդոտում է այդ զարգացումը: Ես մի փաստ կարող եմ ասել. եթե եվրոպական կառույցները, Միացյալ Նահանգները, ողջ Արեւմուտքը սկզբունքային գնահատական տային 2008 թ. նախագահական ընտրություններին, ապա այսօրվա խայտառակ ընտրությունները տեղի չէին ունենա: Արեւմուտքի անլրջության վկայությունն է նաեւ թեկուզ այն փոքրիկ փաստը, որ այս ընտրությունները դիտարկելու համար նրանք ուղարկել էին ընդամենը 15 հոգու: Երբ լրագրողներից մեկն այդ դիտորդական առաքելության ղեկավարին հարցրել էր` արդյո՞ք 15 հոգին բավական է ընտրությունները դիտարկելու եւ օբյեկտիվ գնահատելու համար, այդ խմբի ղեկավարը առանց քաշվելու ասել էր` գիտեք ինչ, հարյուր հոգին էլ բավական չէր լինի: Դե եթե այդպես է, ինչո՞ւ եք վեր կացել-եկել, այդքան էլ փող ծախսել, չգիտեմ` նորից մեր ժողովրդին ձեռ առնելու համա՞ր: Եւ այս ասելուց հետո էլ առավոտյան արդեն նրանք հրապարակել են իրենց առաջին զեկույցը: Եւ ինչպե՞ս են գնահատել ընտրությունները` որ ընտրությունները ընդհանուր առմամբ համապատասխանել են եվրոպական չափանիշներին: Ուրեմն, կամ պետք է մտածել, որ այդ մարդիկ մեզ են ծաղրում, կամ իրենք իրենց են ծիծաղելի վիճակի մեջ դնում: Եթե եվրոպական չափանիշ է լրագրողին ծեծելը, եթե եվրոպական չափանիշ է հազարավոր ավտոբուսներով ընտրողներին տեղամասեր բերելը, եթե եվրոպական չափանիշ է ընտրակաշառք բաժանելը, եթե եվրոպական չափանիշ է վստահված անձանց, հանձնաժողովների անդամներին ահաբեկելը, ապա մենք այդ եվրոպական չափանիշների հետ գործ չունենք, թող այդ չափանիշները տանեն, կիրառեն իրենց վրա:
Հիմա ավելի էական մի հարցի մասին: Ի՞նչ է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուզածը: Ես համայնքային հանրահավաքներում այդ հարցին անդրադարձել եմ տարբեր տեղերում, բայց առիթ է ավելի լայն լսարանի առջեւ այս շեշտադրումը կատարելու: Նրանց երազած պետությունը` ընդդիմություն չունեցող, քաղաքական կուսակցություններ չունեցող, ոչ մի հակաճառող գոյություն չունեցող, հլու-հնազանդ հպատակների մի հավաքականություն է եղել: Եւ նրանք տասնմեկ տարի շարունակ հստակորեն փորձել են իրականացնել ահա իրենց այս նպատակը: Չկանգնելով ոչ մի քայլի առջեւ. եթե պետք է կեղծել ընտրությունները` կեղծե՛լ, եթե պետք է բռնություն գործադրել ընտրողների վրա` գործադրե՛լ, եթե պետք է գնդակահարել ընդդիմադիրներին` սառնասրտորեն գնդակահարե՛լ, ինչպես գնդակահարեցին Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին, եթե պետք է ժողովրդի սպանդ կազմակերպել` ա՛յդ էլ կանենք, եւ այդ էլ արեցին մարտի 1-ին, եթե պետք է հարյուրավոր մարդկանց բանտերը լցնել` ա՛յդ էլ կանենք: Սա էր իրենց գլխավոր խնդիրը: Դուք պատկերացրեք` ի՞նչ է նշանակում ընդդիմությունը բռնազավթիչի համար: Ընդդիմությունը բռնազավթիչի համար նշանակում է ամենօրյա վտանգ նրա իշխանության հավերժությանը: Նրանք ուզում են իշխել հավերժ: Գողերը, ավազակները, մարդասպանները տիրել են երկրին եւ ուզում են տիրել հավերժ: Ասացի, նրանք ոչ մի բանի առջեւ կանգ չառան, ամեն ինչ արեցին` ընդդիմադիրների կամ կես-ընդդիմադիրների մի մասին նրանք ուղղակի կաշառեցին, գնեցին ոտքով-գլխով` եւ ֆիզիկապես, եւ արժանապատվությամբ, ամեն ինչով: Մյուսներին, ովքեր անկախ էին, այդ թվում` երկրապահները (այդ մարդիկ ազատագրել էին Արցախը), պատժեցին բանտերով ու զնդաններով: Ժողովրդին պատժում են թշվառությամբ, պարտադրված թշվառությամբ, որովհետեւ այն թշվառությունն ու աղքատությունը, որն այսօր տիրում է Հայաստանում, օբյեկտիվ պատճառ չունի: Դա իրենց անսահմանափակ թալանի արդյունքն է: Այդ մարդիկ այս երկիրը իրենցն են համարում, մեզ, ձեզ, բոլորիս` իրենց ճորտերը: Անկախը, բարձրաձայնելու քաջություն ունեցողը պետք է զսպվի, նրա բերանը պետք է փակվի:
Եւ ի՞նչ ստացան: Ստացան հակառակը: Այսօր մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որը Հայաստանի անկախ գոյության քսան տարվա ընթացքում գոյություն չի ունեցել, հզորագու՛յն ընդդիմություն: Այդ ընդդիմությունը օդից չծնվեց. այն ունի իր սնուցող աղբյուրները, որոնք են` ե՛ւ մեր ազատամարտիկները` սկսած 1988 թվականից, բոլոր երկրապահները, ե՛ւ Հայոց Համազգային Շարժումը` իր քաղաքական փորձով, ե՛ւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, որն ըստ էության այդ ընդդիմությունը ղեկավարել է 1998 թվականից սկսած` վերջին տասը տարվա ընթացքում, բոլոր մյուս կուսակցությունները, որոնք վիզ չեն ծռել այս իշխանությունների առջեւ: Ահա այս աղբյուրներից սնված ընդդիմությունն էր, որը, վաստակելով ժողովրդի աջակցությունը, այսօր դարձել է մի այնպիսի ուժ, որը քուն ու դադար չի տալիս Սերժ Սարգսյանին եւ նրա ավազակախմբին:
Ընդհանրապես կարող եք հարցնել` ի՞նչ է ընդդիմությունը, ո՞ւմ է պետք այդ ընդդիմությունը: Եթե պետությունը ընդդիմություն չունի` այդ պետության մեջ ժողովրդավարության, ազատության մասին խոսելը ավելորդ է: Այդ պետության մեջ կաշառակերությունը վերացնելու մասին խոսելը բացարձակապես ավելորդ է: Ընդդիմությունը ունի երկու ֆունկցիա. մեկը` ներքին, մյուսը` արտաքին: Ներքինը. նրա գոյությունն այն զսպող ուժն է, որը սահմանափակում է իշխանությունների անվերահսկելի վարքն ու բարքը: Մյուս մեխանիզմը ազատ հեռուստաընկերություններն են, ազատ մամուլն է, որ Հայաստանում ըստ էության գոյություն չունեն, իսկ ազատների, անկախների մեծ մասը դատապարտված է ֆինանսական-նյութական չքավոր գոյության` փոքրիկ տպաքանակներով: Եթե կուզեք իմանալ, այս վերջին մեկուկես տարում այս ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, ձեզ հետ միասին արդեն հսկայական դեր է խաղացել. այդ զսպող, վերահսկող դերը խաղացել է` անկախ այն բանից, թե մենք իշխանություններում ներկայացվա՞ծ ենք, թե` ոչ: Ի դեպ` սրանից օգտվել են ավելի շատ իշխանությունները եւ իշխանամերձ քաղաքական ուժերը, քան բուն ժողովուրդը: Եթե չլիներ ընդդիմությունը` այսօր Հայաստանում մանր եւ միջին ձեռնարկատիրություն գոյություն չէր ունենա. ուղղակի այս ավազակապետությունը ամբողջությամբ լափած կլիներ այդ վերջին չնչին հարստությունը, որը իրենց իշխանության սահմաններից դուրս էր գտնվում եւ առայժմ գտնվում է` շնորհիվ այս ընդդիմության: Եթե չլիներ այս ընդդիմությունը` այս օլիգարխների մի զգալի մասն էլ կորցրած կլիներ իր հարստությունը, մյուսները` ավելի զոռբաները, արդեն վերաբաշխած կլինեին այդ հարստությունը: Եթե չլիներ ընդդիմությունը` «Օրինաց երկիրը», Դաշնակցությունը չէին կարող երազել կոալիցիայի կազմում ընդգրկվելու մասին: Եթե չլիներ այս ընդդիմությունը` Վազգեն Մանուկյանը երբեւէ նախագահ չէր դառնա, իսկ այսօր դարձել է Հանրային խորհրդի նախագահ. վերջապես այս մարդը հասավ իր մուրազին` ընդդիմության շնորհիվ:
Սա ընդդիմության նշանակությունն է ներքին քաղաքականության մեջ, ներքին կյանքում, բայց ընդդիմությունը կարեւոր գործառույթ ունի նաեւ երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ընդդիմությունը այն նյութն է, որը իշխանություններին հնարավորություն է տալիս արտաքին քաղականության մեջ մանեւրել, ստիպված չլինել, հարկադրված չլինել ստորագրել ամեն ինչ: Ես չեմ տեսել որեւէ թուղթ, որ դեմ տան Սերժ Սարգսյանին, եւ նա չստորագրի: Խոսքը վերաբերում է արտաքին աշխարհին. ինչ թուղթ տան` նա ստորագրել է եւ ստորագրելու է: Այնինչ կար մի շատ հեշտ միջոց. սա ինձ համար տեսական դատողություն չէ, սա իմ փորձառությունն է: Երբ Դաշնային խորհրդում, որը գլխավորում էր Գորբաչովը, եւ դրանից հետո` Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովներում` բազմիցս ականատես եմ եղել այդ բանին: Ասենք` Կրավչուկը, երբ մի բան չէր ուզում ստորագրել, ասում էր` գիտե՞ք ինչ, եթե ես սա ստորագրեմ, ապա Կիեւ չեմ կարող վերադառնալ, ընդդիմությունը ինձ կհոշոտի: Նույնը` Ալիեւը, մյուս նախագահները: Եթե Սերժ Սարգսյանը հանդուրժեր ընդդիմություն` նա, օրինակ, երբ նրան առաջարկեին ստորագրել հայ եւ թուրք պատմաբանների ստեղծման հանձնաժողովի այդ պահանջը` նա հանգիստ կարող էր ասել` ես չեմ կարող դա բացատրել իմ ժողովրդին, որովհետեւ այնտեղ կա մի գազան` Հայ ազգային կոնգրես է անունը, որը ինձ կհոշոտի, թույլ չի տա սա ստորագրել: Նույնը` Ղարաբաղի հարցում: Մարդ ինքը իրեն զրկի այսպիսի գործիքի՞ց: Մի լավ իրավաբան ունեինք ժամանակին, ես չեմ ուզում ուրիշ բառ օգտագործել, այսպիսի դեպքերի համար ասում էր` եկեք չխոսենք խելագարության կանխավարկածի մասին:
Հիմա, ի՞նչ տեղի ունեցավ այս ընտրություններում:
Ֆորմալ առումով` Սերժ Սարգսյանը, ես «Սերժ Սարգսյան» եմ ասում, որովհետեւ ՀՀԿ, Բեգլարյան, մյուսներ, դրանք նույն բանն են, ամբողջը «Սերժ» է կոչվում: Այս ընտրություններում ֆորմալ առումով Սերժը ավելի շատ ձայն ստացավ, քան 2008 թ. նախագահական ընտրություններում` 47.8 տոկոս, այնինչ` նախագահական ընտրություններում 42-43 տոկոս էր ստացել: Կարելի է ասել, որ զարմանալի բան է կատարվել մեր երկրում: Ի՞նչ գործի համար այս մեկուկես տարվա ընթացքում պիտի Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելանար Երեւանում: Եկեք հիշենք` այս մեկուկես տարվա ընթացքում ընտրությունները կեղծեց այնպես, որի տակից ժողովուրդը եւ այս երկիրը երկար տարիներ դեռ չի կարողանալու դուրս գալ: Եթե նա մարտի 1-ի սպանդի գլխավոր հրաման տվողը չէր, ապա նույնքան պատասխանատու էր այդ սպանդի համար, որովհետեւ նա այդ կենտրոնական շտաբի անդամ էր, որի մասին մամուլում եղան գրություններ, եւ դա հարյուր տոկոսանոց իրականություն է: Նա ոչ միայն հանդուրժեց, թույլ տվեց Ռոբերտ Քոչարյանին` իրականացնել այդ սպանդը, այլ նաեւ այս մեկուկես տարվա ընթացքում նրա այն հսկայական եռանդը, որը ներդնում է այդ սպանդի, մարդասպանությունների բուն մեղավորներին կոծկելու համար` ապացուցում է, որ ինքն այդ սպանդի համահեղինակներից մեկն է: Ուրիշ ի՞նչ լավ գործ արեց` հարյուրավոր մարդկանց նետեց բանտերը, որոնցից հիսունը դեռ այսօր էլ գտնվում են այնտեղ: Ռոբերտ Քոչարյանը գոնե կարող էր ասել, որ իր ժամանակ երկնիշ տնտեսական աճ եղել: Անկախ այն բանից, թե դա եղել է արտերկից ուղարկված տրանսֆերտների հաշվին, բայց փաստ է, գոնե կարող է ասել` մի լավ բան տեղի ունեցել է: Մեր ժամանակ շատ դժվարություններ կային, հսկայական դժվարություններ, բայց դրանց կողքին կային ռեալ գործեր` Հայաստանի անկախության ձեռքբերումը, Ղարաբաղի ազատագրումը, տնտեսական ռեֆորմների իրականացումը եւ այլն, եւ այլն: Ցույց տվեք Սերժ Սարգսյանի օրոք, այս ահավոր մթնոլորտի պայմաններում, որեւէ գործ, որը կարող է դրվել սրանց կողքին:
Մյուսը` տնտեսական վիճակի այս վատթարացումը, երկնիշ աճող թվերն այսօր վերածվում են, այս ամիս դուք արդեն կտեսնեք, երկնիշ անկման թվերի, եւ սա անընդհատ դեռեւս գլորվելու է: Ղարաբաղի հարցում. Ղարաբաղի հարցը Սերժ Սարգսյանի օրոք: Ես չեմ ուզում նրան վերագրել այդ մեղքը: Մեղքի մեծագույն բաժինն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի վրա, որոնք տասը տարի, մայմունություններով զբաղված, պարզապես տանուլ են տվել Ղարաբաղի խնդիրը, իսկ Սերժն այսօր դրա վերջակետն է դնում: Եւ ամենամեծ խայտառակությունը` հայ-թուրքական հարաբերություններում համաձայնելն էր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը այլ բան, քան ցեղասպանության ուրացում, չի նշանակում: Այստեղ իլյուզիաներ թող չլինեն, հեքիաթներ թող չպատմեն, թող չասեն` նա ինչ է նկատի ունեցել կամ ինչ նպատակով է դա արել: Սրա միակ իմաստը ցեղասպանությունը վաճառելն էր թուրքերին` ընդամենը սահմանը բացելու համար, որպեսզի այս ժողովրդին ցույց տար, որ գոնե այսպիսի ռեալ գործ նա կատարեց:
Ընտրությունների կեղծման մեխանիզմների մասին իմ ընկերները շատ խոսեցին: Կատարելագործվել է մի փառահեղ ձեւով: Ոչ մի այլ բնագավառում Հայաստանն այնպիսի հաջողությունների չի հասել, ինչպես ընտրությունների կեղծման մեխանիզմների մշակման մեջ: Այստեղ Սերժ Սարգսյանը եւ նրա համակարգը, կարելի է ասել, գրոսմայստերներ են: Բայց ամենացավալին հետեւյալն է. այս ընտրություններից երեւաց, որ կեղծման գլխավոր մեխանիզմը եղել է ընտրակաշառքը, որին տուրք է տվել ընտրողների մի զգալի մաս: Սխալված չեմ լինի, եթե ասեմ` 100-150 հազար մարդ քվեարկել է ուղղակի կաշառված: Ինչո՞վ սա բացատրել: Նախ, որ իշխանությունները կիրառել են չափազանց կարեւոր մեխանիզմներ` օգտագործելով վարչական ռեսուրսը: Մենք ունենք տվյալներ, փաստաթղթեր, որ Կենսաթոշակային հիմնադրամ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբին է տրամադրել Հայաստանի թոշակառուների բոլոր տվյալները` հասցեներով, անուն-ազգանուններով, եւ այլն: Մեկ առ մեկ աշխատել են բոլոր թոշակառուների հետ: Մի այլ բան. ՀՀԿ-ի նախընտրական շտաբին են տրվել «Փարոս» ծրագրով բոլոր նպաստառուների տվյալները: Նրանց են տրվել, այդ փաստաթղթերի մի մասն անգամ հրապարակվեց, կոմունալ պարտքեր ունեցող բոլոր քաղաքացիների տվյալները, որոնցից շատերի պարտքերը զեղչվել են, թոշակառուներին, նպաստառուներին լրացուցիչ գումարներ են տրվել, եւ այլն, եւ այլն: Ես չեմ ուզում այս հարցը տեղափոխել բարոյական հարթություն: Սա մեր դժբախտությունն է: Սա մեր դժբախտությունն է, եւ ես Կոնգրեսն ի նկատի չունեմ, այլ մեր ժողովրդին, մեր երկրին նկատի ունեմ: Դա խոսում է երկրի համատարած թշվառացման եւ աղքատացման մասին: Ինչո՞ւ 2008 թ. նախագահական ընտրություններում ընտրակաշառքն այսքան համատարած չէր: Համենայն դեպս, 2008 թ. փետրվարի 19-ին դեռ տնտեսական ճգնաժամը չէր սկսվել, եւ մեր ժողովուրդը այսպիսի թշվառ վիճակի մեջ չէր` համեմատաբար: Միայն այդ փաստը կարող է պատկերացում տալ այն սոցիալական թշվառացման մասին, որը տեղի է ունեցել այս տնտեսական ճգնաժամի ժամանակ: Գիտե՞ք ինչ, այլ երկրներում էլ են լինում ընտրակաշառքի դեպքեր: Նույնիսկ ԱՄՆ-ում: Դեպքեր կան դրա մասին գրված: Աղքատ, չքավոր, անտուն խավերի շրջանում երբեմն այդ ընտրակաշառքն աշխատում է, բայց այդ խավերը Միացյալ Նահանգների բնակչության անգամ մեկ տոկոսը չեն կազմում: Այդ մեկ տոկոսից ավելի վատ վիճակի մեջ գտնվում է Հայաստանի ժողովրդի 75 տոկոսը: Այդ թշվառությունն էլ պատահական չէ: Իշխանություններին ձեռնտու է, որ ժողովուրդը միշտ թշվառ լինի, միշտ աղքատ լինի: Եւ ընտրակաշառքը ստացողն էլ չի հասկանում, որ իրեն տալիս են իրենից գողացածի մի չնչին մասը: Եւ երկրորդ. տալիս են, որ այսուհետեւ եւս նրան պահեն թշվառ վիճակի մեջ` անհրաժեշտության պահին մի պատառ նետելու համար: Համոզված եղեք` սրանք ամեն ինչ անելու են, սպառելու են երկրի ողջ հարստությունը, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք չտեսնի: Հակառակ դեպքում ժողովուրդը կլինի ազատ ժողովուրդ: Բարեկեցիկ ժողովուրդը չի կարող լինել ճորտ, ենթակա եւ իշխանություններին հլու-հնազանդ: Ես ասացի` չեմ ուզում հարցը տեղափոխել բարոյական հարթություն, բայց մի շատ ավելի ողբերգական բան եմ տեսնում: Այդ ընտրակաշառվածները չեն հասկանում, որ իրենք մեղսակից են դառնում Սերժ Սարգսյանի բոլոր դավաճանություններին, ոչ միայն ներազգային, այլեւ դավաճանական գործերին, ցեղասպանության ուրացման գործին, Ղարաբաղը տանուլ տալու գործին: Ես մի ավելի տխուր եզրակացություն կարող եմ անել, որն ինձ համար ողբերգություն է: Չէի ուզի այդպես մտածել, բայց կարծես թե մեր ժողովրդի մի զգալի մասը, կարելի է ասել, թքած ունի Ղարաբաղի վրա էլ, հայ-թուրքական հարաբերությունների վրա էլ, ցեղասպանության վրա էլ: Մարդկանց հասցրել են այնպիսի վիճակի, որ օրուգիշեր թաղված հոգսերի մեջ` նրանք այլեւս ի վիճակի չեն անգամ մտածել ազգային արժանապատվության, ազգային իղձերի, ազգային նպատակների մասին: Ահա թե ինչ են նրանք դարձրել մեր ժողովրդին:
Սերժ Սարգսյանը, ինչպես ես սկզբում ասացի, կարող է «փայլուն» հաղթանակ նշել այսօր: Չգիտեմ` նա ինչ շահեց, առնվազն շահեց ժամանակավորապես իր բռնապետությունը եւ երկիրը թալանելը շարունակելու հնարավորությունը: Ժամանակավորապես: Բայց դրանով, վստահ եղեք, նա թուլացրեց մեր պետությունը եւ այն դարձրեց արտաքին ճնշումների հանդեպ խոցելի: Չեմ կասկածում, որ հերթական կեղծված ընտրություններն առավելագույնս կօգտագործվեն Սերժ Սարգսյանից նորանոր զիջումներ կորզելու համար` թե՛ Թուրքիայի, թե՛ Ղարաբաղի հարցում:
Սերժ Սարգսյանը լուծեց նաեւ մի ուրիշ խնդիր: Դրա մասին խոսեցին իմ ընկերները: Նա ոչ միայն խնդիրներ ունի ժողովրդի հետ, ընդդիմության հետ, այլեւ իր շրջապատի հետ, որովհետեւ այնտեղ երբեմն ոմանք չեն հասկանում իրենց կարգավիճակը, եւ երբեմն հանդգնում են իրենց կարգավիճակից ավելի բաների հավակնել: Այս ընտրություններով, մասնավորապես, Սերժ Սարգսյանը պատժեց, նվաստացրեց, իրենց տեղը ցույց տվեց «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանը եւ «Օրինաց երկրին»: Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին նա հայրաբար ասաց` չհամարձակվես հանդգնել Գագիկ Բեգլարյանի կրստեր եղբորից ավելի բարձր կարգավիճակի: Սա, բայց, արարի կեսն է: Երկրորդ կեսը Գագիկ Ծառուկյանի սեփականության վերաբաշխումն է, որին շատ շուտով ականատես կլինենք: Թեեւ չեմ ուզում այդ կուսակցության անունն էլ տալ, նախագահի անունը երբեք չեմ տալիս, բայց ուղղակի ձեզ համար մի բացատրություն էլ, որը գուցե ամենամեծ անակնկալներից մեկն է, որը չեք զգացել: Նախագահական ընտրություններում «Օրինաց երկիրը», որը հանդես էր գալիս որպես ընդդիմություն, Երեւանում ստացել էր 12 տոկոս ձայն: Այս ընտրություններում նա ստացել է ընդամենը հինգ տոկոս: Այսինքն, սա ձեր պատասխանն է նրա այն Հուդայի գործողությանը, որը կատարվեց ընտրություններից անմիջապես հետո:
Ասացի, Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարցեր լուծեց, բայց, կրկնեմ, նա վտանգեց մեր պետությունը, թուլացրեց այն, ավելի խոցելի դարձրեց արտաքին աշխարհի համար եւ կորցրեց չափազանց կարեւոր մի շանս` այս երկրի հոգեբանական վիճակը բարելավելու համար: Այս ընտրություններով Սերժ Սարգսյանը փաստորեն փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը: Նա այրեց բոլոր կամուրջները: Երկխոսության եւ ազգային համախմբման մասին մեր տեսակետը ձեզ հայտնի է: Մենք ասել ենք: Դա միայն կուժեղացներ մեր պետականությունը եւ հնարավորություն կտար դիմակայել արտաքին մարտահրավերները: Փակելով ազգային երկխոսության ճանապարհը` Սերժ Սարգսյանը Թուրքիայի, հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցում արդեն իսկ կատարած դավաճանական քայլերին գումարեց եւս մի դավաճանական քայլ, որը ազգի հիմնովին պառակտումն է: Ես սա պաշտոնապես եմ հայտարարում: Մենք բազմիցս ասել ենք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում պատրաստ ենք նստել Սերժ Սարգսյանի հետ բաց, հրապարակային երկխոսության: Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ: Քանի որ Սերժ Սարգսյանը, քաղբանտարկյալների հարցում խաբելով միջազգային հանրությանը, ուզում է մինչեւ վերջ իրականացրած լինել իր քինախնդրությունը, ցուցադրել իր ուժը` ում ուզեմ` կնստեցնեմ, բանտերում կփտեցնեմ, երբ ուզեմ, կթողնեմ, հետո նորից կնետեմ զնդանները. սրանից նա հաճույք է ստանում, սա ուրիշ երեւույթ է: Ուրեմն հետո ինչ-որ մի կիսատ-պռատ զառանցանք մայիսի 28-ին համաներման մասին, դրանից մի օր առաջ ինչ-որ ուղերձ Սարդարապատի ճակատամարտի տոնակատարության առթիվ: Սրանք ուղղակի ամաչելու փաստաթղթեր են: Որեւէ քաղաքացի ոչ միայն մեր երկրում, որեւէ այլ երկրում կամաչեր, եթե իր նախագահն այդպիսի հայտարարություններ աներ: Մեզ էլ ասում են, թե դուք վերաբերմունք ցույց չեք տալիս համաներման մասին Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը: Ի՞նչ հայտարարություն է արել, ո՞վ է այդ հայտարարությունից բան հասկացել: Ընդհանրապես դա մեկնաբանելու կարիքը չեմ զգում, որովհետեւ մեր մամուլը փառահեղ կերպով մեկնաբանել էր այդ հայտարարությունը: Սա մի խեղկատակություն էր: Երկրորդը` անցած ընտրությունները: Ուրեմն Սերժ Սարգսյանը մեր առաջարկներից մեկն ուղղակի ծաղրեց, ձեռ առավ: Դա քաղբանտարկյալների հարցն էր: Մյուսն ուղղակի բռնաբարեց` բռնի ուժով իրականացրեց Հայաստանի պատմության ամենաայլանդակ ընտրությունը: Ես չեմ չափազանցնում: Վստահ եղեք, եթե Սերժ Սարգսյանը մնա եւ մի հաջորդ ընտրություն էլ նրա օրոք տեղի ունենա, այդ ընտրությունը ավելի այլանդակ է լինելու, քան այս մեկը: Ասել եմ` Հայաստանում մի բան է պրոգրես ապրում, դա ընտրությունների կեղծման մեխանիզմն է: Ուրիշ ոչ մի պրոգրես Հայաստանում չկա:
Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց: Պաշտոնապես հայտարարում ենք: Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ:
Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ: Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի: Մանավանդ, եթե այդ փաստաթուղթը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին: Ուստի, քանի մենք կանք, իսկ մենք հավերժ ենք, մեր միակ կարգախոսը լինելու է` «Սերժիկ, »… (Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են` «Հե-ռա-ցի՛ր»:) Դուք ասացիք:
Հիմա, մեր առաջիկա անելիքների մասին: Ինչ վերաբերում է հիմային, թե վաղվան, ես վստահ եմ, որ դուք լիովին վստահում եք ձեզ առաջնորդող Հայ ազգային կոնգրեսին: Ուրեմն հիմայի եւ վաղվա հարցի լուծումն էլ պիտի վստահեք նրան: Առաջիկայում մենք ի՞նչ ենք անելու: Ես միշտ էլ, 20 տարվա իմ գործունեությունը ձեր աչքի առջեւ է, հապշտապ որոշումներ չեմ կայացրել: Մինչեւ մենք լրջորեն չվերլուծենք եւ իրադրությունը, եւ զարգացման միտումները, մեր եւ իշխանությունների հնարավորությունները, մենք ժողովրդին որեւէ արկածախնդրության չենք տանի: Դա մոռացեք: Մենք հիմա շատ հանգիստ, հստակ, բայց գերմոբիլիզացված աշխատանք ենք տանելու: Դուք հանգստանալու եք: Դուք կհանգստանաք մինչեւ հաջորդ միտինգը, մենք ենք աշխատելու գիշեր-ցերեկ: Առաջին: Կան ֆորմալ բաներ: Ես շատ մեծ կարեւորություն չեմ տալիս, բայց անելու ենք: Մենք օգտագործելու ենք, օրինակ, ընտրությունների արդյունքների օրինական բողոքարկման համար բոլոր հնարավորությունները: Դիմելու ենք ե՛ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ե՛ւ Վարչական դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու նպատակով: Շատ մեծ կարեւորություն չտալով դրան, բայց սա մենք անելու ենք մինչեւ վերջ, եթե հարկ լինի` անգամ եվրոպական ատյաններ: Անկախ սրանից` մենք շարունակելու ենք հզորացնել համաժողովրդական պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր վերջնական նպատակին` ավազակապետության վերացմանը: Վհատվելու, տրտնջալու, պայքարի օրինական միջոցներից հիասթափվելու, պարտվողական տրամադրությունների կարիք չկա: Իրենք են գիշեր-ցերեկ ահուդողի ու սարսափի մեջ: Ես իմ համայնքային հանրահավաքներից մեկում ասացի` ի՞նչ է նշանակում պարտվել քաղաքական պայքարում: Այդպիսի բան գոյություն չունի: Այնքան ժամանակ, քանի դեռ պայքարը շարունակվում է, պարտության մասին խոսելն անհեթեթություն է: Պարտություն կարող եք համարել միայն այն դեպքում, եթե մենք դադարենք պայքարել: Իսկ մենք պայքարը դադարեցնողը չե՛նք: Կա մի դասական գերմանացի ստրատեգ` Կլաուզերից: Նրա խոսքերով` քանի դեռ որեւէ պայքարում չի կոտրված մրցակցի կամքը, նա պարտված չէ: Իսկ պայքարի մեր կամքը կոտրել հնարավոր չէ, ուստի` Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Ես, իմ ընկերները, Կոնգրեսի բոլոր ղեկավարները ձեզ հրաժեշտ ենք տալիս բարձր տրամադրությամբ, եւ մեր հաղթանակի անխուսափելիության գիտակցությամբ: Նույնը մաղթում եմ ձեզ: Իսկ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 12-ին, ժամը 19:30-ին, երբ մենք պատրաստ կլինենք ձեզ ներկայանալու շատ ավելի մշակված եւ հստակ ծրագրով:
Ուշադրություն: Ես ասացի, մենք այլեւս կամուրջներն այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ: Այս կոնտեքստում կարեւոր է նաեւ ձեզ տեղեկացնել, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ` »Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակում անդամագրված` Ավագանու բոլոր թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից: