Վախեցած հասարակություն
The editorial below is from Aravot published today. When I was reading it, it suddenly hit me - Aravot, Haykakan Zhamanak or Chorord Inqnishkhanutyun are courageous media. A large chunk of the society in Armenia is scared - they have no guarantee that they will not be imprisoned without due process, or physically battered (the favorite pastime of the police in the country) or even killed. But there is the brave portion of the society that does not hesitate to confront this issue. You can see these people on their "political walks" on the Northern Avenue or at political prisoners' trials being abused by the thugs of the police.
Մի քանի օր առաջ խմբագրություն էին այցելել բուհերից մեկի ուսանողները, որոնք բողոքում էին իրենց ուսխորհրդի նախագահից: Նախ՝ նրանք վախեցան թերթում ներկայանալ իրենց անուններով: Այնուհետեւ՝ լրագրողի հարցը՝ «շա՞տ են ձեզ նման ընդդիմադիրները», նրանք սխալ հասկացան եւ սկսեցին վախեցած արագ-արագ առարկել՝ «ոչ, ոչ, մենք ընդդիմություն չենք, մեզ մոտ ընդդիմությունից մարդ չկա»: Ամենացնցողն, իհարկե, նրանց զուգահեռն էր «բուհական իշխանավորի» եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Ինչպես վերջինս էր, ըստ մեր հյուրերի, հատուկ ստեղծել «ցրտի-մթի» տարիներ, որպեսզի մարդիկ, բացի հացի խնդրից, որեւէ այլ բանի մասին չմտածեն, այդպես էլ՝ ուսխորհրդի նախագահը:
Իհարկե, 30 տարի առաջ, երբ ես էի սովորում, բուհերում նույնպես կային այդ տեսակի «քառակուսի» կոմսոմոլներ (չիմացողներին հայտնեմ՝ այդպես էին կոչվում այն ժամանակվա «բազեները»): Բայց, որքան էլ զարմանալի թվա, իմ տպավորությամբ, բրեժնեւյան խորը լճացման տարիներին («կագեբե»-ի եւ պատժիչ հոգեբուժության օրոք) վախը մարդկանց մեջ ավելի շատ չէր, քան այսօր:
Այսօր վախենում են բոլորը՝ փողոց ավլողից սկսած եւ ամենահաստավիզ մեծահարուստով վերջացրած: Ընդ որում, ամենավախեցածը հենց վերջիններս են: Եվ երբ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են տարածում, թե այս կամ այն օլիգարխը դուրս է եկել նախագահի դեմ, դա պարզապես անհեթեթություն է: Ինչպե՞ս պիտի դուրս գան: Ի՞նչ է, չե՞ն հասկանում, որ նրան ոչնչացնելը 5 րոպեի խնդիր է՝ այնքան շատ են նման մարդկանց մեղքերը: Հենց օլիգարխներն են իրենց միլիոններով մեր տիպի երկրներում ամենակախյալ մարդիկ: Ով կորցնելու շատ բան ունի, նա էլ ամենաշատն է դողում իր հարստությունների համար՝ իմանալով, որ գոյություն չունի նրան պաշտպանող օրենք կամ դատարան: Եվ մյուս կողմից՝ գիտակցելով, որ իրենց լոյալությունն է օրենքը շրջանցելու գինը:
Դառնալով ուսանողներին, այնուամենայնիվ, փոքր-ինչ զարմանում եմ, թե ինչի՞ց են նրանք վախենում: Երեկ, օրինակ, «Առավոտ» եկան գրադարաններից մեկի աշխատակիցները, որոնք բողոքում էին իրենց աշխատավարձից: Նրանք չցանկացան, որ իրենց անունները գրվեն թերթում, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը: Դա ես կարող եմ հասկանալ. տնօրենը կասի՝ «ա՜խ, դուք աշխատավա՞րձ եք ուզում, դե շուտ՝ ձեր ազատման դիմումները գրեք, թե չէ՝ ես ձեր կյանքը անտանելի կդարձնեմ»: Բայց երբ ուսանողները բողոքում են մեկ այլ ուսանողից, մի՞թե վախենում են դուրս մնալ բուհից: Հավանաբար, խնդիրն այստեղ այլ է: Ուսխորհուրդը տրամպլին է՝ «բազեական» կարիերա անելու համար: Հենց այդ պատճառով էլ երիտասարդները ձգտում են մի կողմից՝ «թախտից գցել» ուսխորհրդի նախագահին, մյուս կողմից՝ առանձնապես «ընդդիմադիր» չերեւալ: Ճիշտ նույն պատճառով էլ ուսխորհրդի նախագահը ոչնչի առաջ չի կանգնի՝ իր աթոռը պահելու համար: Առաջ այս տիպի ուսանողները երազում էին Կենտկոմի, այսօր՝ Ազգային ժողովի մասին: Մանավանդ որ՝ շենքը նույնն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
No comments:
Post a Comment