Here is an article from Haykakan Zhamanak outlining the circumstances of the invasion and conquest of Armenia by the Soviets.
Տասնամյակներ շարունակ հայ կոմունիստները Հայաստանի խորհրդայնացման օրը նշում էին, կլոր տարեթվերին էլ` շքերթ կազմակերպում ու աշխատավորությանը պաստառ-դրոշներով տանում Լենինի հրապարակ` նոյեմբերի 29-ին, ինչը եղելությանը չէր համապատասխանում:
Օրը սխալ էր: Ու սխալը մերօրյա տարատեսակ կոմկուսները շարունակում են կրկնել: Իրականում, մեր երկրում իշխանափոխություն տեղի է ունեցել 1920-ի դեկտեմբերի 2-ին:
Թե ինչպես խորհրդայնացվեց Հայաստանը եւ ինչու իշխանության եկած բոլշեւիկները որոշեցին փոխել պատմական օրը, փորձենք բացատրել` հայացք նետելով 89 տարվա վաղեմության իրադարձությունների ժամանակագրությանը:
1920-ի ապրիլի 28-ին բանվորագյուղացիական, նույնն է թե` բոլշեւիկյան, նույնն է թե` ռուսական Կարմիր բանակը առանց կռվի, Լենին-Աթաթուրք փոխհամաձայնության արդյունքում մտավ Բաքու եւ Ադրբեջանը հայտարարեց խորհրդային: Սա ռուսների` նախկին կայսրության սահմանները վերականգնելու` Անդրկովկասում իրականացվող ծրագրի առաջին արարն էր: Երկրորդն ու երրորդը պիտի լինեին Հայաստանն ու Վրաստանը: Մի քանի օր անց, օգտագործելով մայիսի 1-ին` աշխատավորների համերաշխության օրը տեղի ունեցած ցույցերն ու հանրահավաքները, հայ բոլշեւիկները հեղաշրջման փորձ են անում Հայաստանում, հասնում որոշակի հաջողությունների, սակայն ՀՀ կառավարությանը հաջողվում է արագ կարգ ու կանոն հաստատել, եւ բանը Կարմիր բանակի միջամտությանը չի հասնում: Նույն ամսում բոլշեւիկները տիրանում են Արցախին ու հայտարարում այն Ադրբեջանի անբաժանելի մաս: Զանգեզուրը ռազմակալելու, Նախիջեւան մտած քեմալականներին միանալու ծրագիրը ձախողում են սյունյաց մարտիկները` Նժդեհի գլխավորությամբ: Հաջողության չհասնելով մարտի դաշտում` բոլշեւիկները մեծացնում են քաղաքական-դիվանագիտական ճնշումը: Հուլիսի 30-ին կազմվում է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի կենտկոմի կազմում ընդգրկվում են Կասյանը, Բեկզադյանը, Տեր-Գաբրիելյանը եւ այլն: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում (նույն օրը Սեւրում կնքվում էր այլ դաշնագիր) Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը եւ Հայաստանի ներկայացուցիչներ Ջամալյանն ու Բաբալյանը կնքում են ռուս-հայկական պայմանագիր, որը պետք է հաստատեր զինադադար եւ ռուսական զորքերին հնարավորություն տար զբաղեցնել վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջեւանը: 1920-ի օգոստոսի 24-ին ռուսները Մոսկվայում մեկ այլ պայմանագիր են կնքում թուրքերի հետ (նախաստորագրված այս փաստաթուղթն արժե մանրամասնել մեկ այլ օր), որով, փաստորեն, կանխորոշվում է մեր հայրենիքի ճակատագիրը հետեւյալ սցենարով. թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա, բոլշեւիկյան զորքերը, հայ ժողովրդի վերջին բեկորները բնաջնջումից փրկելու համար, մտնում են Հայաստան, կասեցնում պատերազմը եւ երկիրը հռչակում խորհրդային: Նույնն է հաստատում նաեւ սեպտեմբերի 1-ին Բաքվում գումարված` Արեւելքի ժողովուրդների համագումարը, որը Հայաստանը կոչեց իմպերիալիզմի որջ, բուրժուազիայի հենակետ, աշխատավորների կեղեքիչ, իսկ Թուրքիայի մասով ընդունեց հետեւյալ ձեւակերպումը. Համագումարն իր համակրանքն է հայտնում թուրք բոլոր մարտիկներին, որոնք պայքարում են համաշխարհային կայսերապաշտության դեմ: Համագումարի 1891 մասնակցից 157-ը հայ էր: Սեպտեմբերի 20-ին Բաքվում Հայաստանի կոմկուսի կենտկոմը ընդունում է Հայաստանի կոմունիստներին ուղղված հույժ գաղտնի որոշում, համաձայն որի` սկսվող թուրք-հայկական պատերազմում հարկավոր էր ամեն գնով կազմալուծել հայ բանակը, արագացնել ՀՀ պարտությունը, որով եւ կարագացվի խորհրդայնացումը: Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում եւ կարդալուց հետո անմիջապես այրել:
Մեկ ամիս անց թուրքերը հարձակվում են, սկսվում է հայ-թուրքական պատերազմը: Քեմալական զորքերն արագ առաջ են շարժվում, ում հնարավորինս` զենքով, ոսկով` աջակցում էին բոլշեւիկները, փոխարենը` ոչ միայն քարոզչությամբ բարոյալքում հայոց բանակը, այլեւ` դիմում ահաբեկչության (ճակատ մեկնող գնացք շուռ տալիս): Նոյեմբերի 25-ին Հայհեղկոմը Բաքվից հատուկ գնացքով մեկնում է Ղազախ: Նոյեմբերի 28-ին բոլշեւիկյան զորքերի կուտակումը, որի կազմում նաեւ հայկական առանձին հրաձգային գունդ կար, Հայաստանի սահմանի մոտ ավարտվում է: Նրանց ուղեկցությամբ, հաջորդ օրը` նոյեմբերի 29-ին, Հեղկոմը մտնում է Իջեւան եւ հայտարարում Հայաստանի խորհրդայնացման մասին: Սա ընդամենը հայտարարություն էր, ուրիշ ոչինչ: Նման մի հայտարարություն էլ եղել էր նոյեմբերի 17-ին Ալեքսանդրապոլում` թուրքերի կողմից կազմված մեկ ուրիշ Հեղկոմի կողմից: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին Երեւանում, ուր բանակցություններ էին ընթանում ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի միջեւ: Մեջբերում Օրջոնիկիձեի հեռագրից. Երեւանին առաջարկել իշխանությունը հանձնել կամավոր, առանց որեւէ ճղճղոցի` ներսում ու Եվրոպայում, երաշխավորեք նրանց անձեռնմխելիությունը եւ տվեք հեղկոմի մեջ մտնելու խոստում, առաջին շրջանում նույնիսկ այդպես էլ արեք: ՀՀ կառավարությունը, այլ ելք չտեսնելով, դեկտեմբերի 1-ի երեկոյան ակտով իշխանությունը հանձնում է Դրաստամատ Կանայանին, ով անմիջապես հեռագրում է սահմանագլուխ` Սեպուհին. Բոլշեւիկյան զորքերի հետագա առաջխաղացման դեպքում հրամայում եմ դիմադրություն ցույց չտալ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 2-ին, Դրոյի եւ Լեգրանի միջեւ կնքվում է ՀՀ խորհրդայնացման մասին համաձայնագիրը: Հեղկոմը Երեւան հասավ միայն դեկտեմբերի 4-ին: Նույն օրը վեճ է տեղի ունենում Լեգրանի ու հեղկոմականների միջեւ, ովքեր մեղադրում են Լեգրանին իշխանությունը կռվով նվաճելու, արյուն հեղելու փայլուն հնարավորությունը ձախողելու համար: Դեմ լինելով կնքված համաձայնագրի հատկապես 2-րդ կետին, համաձայն որի` ռազմահեղափոխական կոմիտեի կազմում պիտի ընդգրկվեին երկու, այսպես կոչված, ձախ դաշնակցականներ, Կասյանը պնդում է, որ Հայհեղկոմն է Հայաստանը հռչակել Խորհրդային, հետեւաբար` Դաշնակցական Հայաստանի ներկայացուցիչ Դրոյի հետ կնքած համաձայնագիրը պիտի չեղյալ հայտարարվի: Փաստորեն, ապագայում այդպես էլ արվում է: Հետո է պարզվում, որ նրանք խաբում էին ոչ միայն տարածքային, այլեւ բանակի հրամկազմին պատասխանատվության չկանչելու եւ ՀՀԴ-ի ու մյուս կուսակցությունների հանդեպ հալածանք չծավալելու հարցերում: Այդ ամենը քողարկելու եւ Դրոյի, Դաշնակցության, ՀՀ կառավարության անունը մաքրելու համար հաջորդ իսկ տարի, Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրած հատուկ դեկրետով որոշում են որպես խորհրդայնացման օր նշել նոյեմբերի 29-ը:
Ռուսաբոլշեւիկյան հեքիաթը, թե` հայ ժողովուրդը ապստամբեց ու Կարմիր բանակի օգնությամբ հասնելով ազատության` մտավ եղբայրական համերաշխ ընտանիք, տարիներով լցվեց մեր ականջը:
Այսօր նոր հեքիաթներ են հորինվում, որոնց հավատացող, հուսով ենք, չկա:
ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ