Thursday, July 02, 2009

Nikol Pashinian's announcement prior to his surrender.

Սիրելի ժողովուրդ.

Քիչ հետո ես կլքեմ այս տարածքը, որ հանգամանքների բերումով ստիպված եմ ընդհատակ անվանել, եւ ուղղություն կվերցնեմ դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որտեղ գտնվում է Հատուկ քննչական ծառայությունը: Այս քայլին դիմում եմ ի կատարումն ընդհատակից դուրս գալու եւ հատագա քաղաքական պայքարս բանտում շարունակելու խոստման: Այս ծրագրի իրագործման համար ինձ անհրաժեշտ է Հատուկ քննչական ծառայության օգնությունը, եւ ես մի քանի ժամից կլինեմ այնտեղ:

Ընդհատակից դուրս գալու որոշման հիմնավորումներին անդրադարձել եմ հունիսի 24-ի հայտարարության մեջ, եւ չեմ կարծում, թե այդ թեմային կրկին անդրադառնալու կարիք կա: Այս ուղերձով ուզում եմ ուղիղ նայել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ, եւ ընդգծել, որ մեր պայքարը հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի է, հանուն այնպիսի Հայաստանի, որ ապահով տուն եւ տաք օջախ լինի յուրաքանչյուր քաղաքացու համար` անկախ քաղաքական հայացքներից, սոցիալական եւ հանրային դիրքից:

Եւ ուրեմն` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք:

Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

Հ.Գ. Տեղյակ եմ, որ մեր շատ համախոհներ ինձ սպասում էին վաղը կայանալիք հանրահավաքում: Նման հնարավորության շուրջ երկար եմ մտածել, բայց ի վերջո բացառել եմ այդ տարբերակը, որովհետեւ չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, թե մեր Շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների թիկունքում թաքնվելու փորձ եմ անում: Հնարավոր շահարկումներից խուսափելու համար, ահա ընտրեցի իրադարձությունների զարգացման հենց վերը նշված տարբերակը:

07/01/2009

No comments: