Օրենքի եւ ամոթի առաջ
12:47 Yerevan | 8:47 GMT | Thursday 28 January 2010, Zhamanak.com
Արման Բաբաջանյան
Որեւէ երկրում օրենքների ոտնահարմանը հետեւում են ծանր հետեւանքներ: Հայաստանն այսօր իսկ ճաշակում է այդ ծանր հետեւանքները թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ու քաղաքական ոլորտներում: Բայց երկրի իրավական հիմքերի քայքայման ամենածանր հետեւանքը, թերեւս, բարոյական քայքայումն է: Երբ հիսուն տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող երկրում որեւէ նախարար շրջում է 70, 90 100 հազար դոլարանոց մեքենայով, դա արդեն բարոյական քայքայման էական նշան է:
Որովհետեւ որեւէ մեկը նման երկրում նման մեքենայով շրջելու համար պետք է լուրջ բարոյական արգելքներ հաղթահարի:
Որովհետեւ բարոյական արգելակներդ փչացած պիտի լինեն, որպեսզի դու այդ մեքենան վարես մարդկանց միջով, որոնք իրենց տասը, քսան տարվա համախառն եկամտով չեն կարող նման մեքենա նույնիսկ երազել:
ՀՀ կառավարության անդամների գարնանային վոյաժը ՀՀ մարզերով՝ վիրավորական էր հենց այս տեսանկյունից: Գյուղեր էին մտնում նախարարական այնպիսի կորտեջներ, որոնց մեջ մտնող ավտոմեքենաների ընդհանուր գումարով կարելի կլիներ լուծել տվյալ գյուղի բոլոր պրոբլեմները:
Եվ ընդհանրապես, այն ապրելակերպը, որով ապրում են հայրենի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները` ուղղակի հուսահատեցնում է: Մեր պաշտոնյաների կենցաղի անբաժանելի մաս են կազմում սիրուհիները, որոնք, բնականաբար, պահվում են պետական բյուջեից գողացված փողերով, այդ փողերով են ապրում նաեւ նրանց երեխաներն ու հարազատները: Պուտանկաները, սաունաները, կազինոները, գիշերային ակումբները, ռեստորանները, թմրանյութերը, գինարբուքները մեր պետական պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից շատերի ամենօրյա «մենյուի» մեջ են մտնում (իսկը միջնադարյան արքունիք): Իսկ այս ամենն ապահովելու համար, ինքներդ եք հասկանում, հարկավոր է փող, ավելի շատ փող, որքան հնարավոր է շա՛տ փող: Ու ժամանակի հետ՝ այս ամենը շատ ավելի կարեւոր է, քան պարզ, սովորական, մարդկային ամոթը:
Երկիրը քայքայվում է, երկիրը կործանվում է այն ժամանակ, երբ ամոթը դառնում է բոլորից մոռացված հասկացություն, երբ ջնջվում է «կարելիի» եւ «չի կարելիի» սահմանը: Ու երբ այս տեսանկյունից ենք դիտարկում Հայաստանում առկա վիճակը, կարելի է ուղղակի սարսափել: Իսկ ի՞նչ չի կարելի Հայաստանում: Ահազդու է, բայց նման հարցադրումն ինքնին մեր երկրում այլեւս անիմաստ է, անիմաստ է առանց ճշգրտող հարցի` ո՞ւմ չի կարելի... Որովհետեւ մեր երկրում օրենքի եւ ամոթի առաջ բոլորը հավասար են, իսկ ոմանք, ինչպես կասեր դասականը, ավելի՛ հավասար են:
No comments:
Post a Comment