Tuesday, March 04, 2008

Samizdat volume 1.1

Now that Armenia has been reduced to the level of China, the brave souls try to keep the liberty going by publishing underground papers and radio reports. Fortunately, we have internet now in addition to the traditional methods of samizdat to disseminate information. Below it the issue number one of samizdat. The sources and authors are kept secret to protect them from the Armenian state.

Ընդհատակյա թերթ
ԹՈՂԱՐԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ. 03.03.2008

Օմբուդսմենը հարցնում է

մարտի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով նա մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին տվել է իր գնահատականը եւ մի շարք հարցեր է առաջադրել ՀՀ իշխանություններին: «Մարտի 1-ի իրադարձությունները սկսեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում: Կատարվածի իրական մեղավորներին որոշելու համար` Հարությունյանը հետեւյալ հարցերն է առաջադրել ՀՀ իշխանություններին. «Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում է որոշում կայացրել` խաղաղ նստացույցը մարտի 1-ի վաղ առավոտյան ուժի գործադրմամբ հարկադիր դադարեցնելու վերաբերյալ»: Բացի այդ, օմբուդսմենը ցանկանում է նաեւ պարզել` արդյո՞ք նստացույցի մասնակիցներին ներկայացվել է խուզարկություն իրականացնելու հրապարակային պահանջ: Այնուհետեւ Հարությունյանը արձանագրել է. «Մեզ համար դժվար է իրականությունը բացահայտել, բայց մեկ հարց մնում է անպատասխան: Ի՞նչն էր պատճառը, որ Ոստիկանությունը խոչընդոտեց լրագրողների մասնագիտական գործունեության իրականացմանը, ինչը հնարավորություն կընձեռեր ստանալ լիարժեք եւ անաչառ տեղեկատվություն»,- ասված է հայտարարությունում:

ցավակցել է

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն երեկ ցավակցություն է հայտնել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին եւ հանդարտության եւ զսպվածության կոչ արել: «Խորապես ցավակցում եմ անխտիր բոլոր զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, անկախ այն բանից` նրանք ժողովրդի, թե ոստիկանության ներկայացուցիչներ են», - ասված է Լեւոն Տեր-Պետրասյանի այսօր տարածած հայտարարության մեջ: «Կոչ եմ անում հանդարտության եւ զսպվածության, վստահ լինելով, որ գործված ոճիրների բոլո պատասխանատուները վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առջեւ», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ

Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները լայն արձագանք են գտել արտերկրում:

Մասնավորապես, վրացական ոչ կառավարական կազմակերպությունները, հայ համայնքի հետ մեկտեղ, կիրակի օրը Թբիլիսիում ՀՀ դեսպանատան առջեւ խաղաղ ցույց են կազմակերպել` ՀՀ իշխանություններից պահանջելով ձեռնպահ մնալ Երեւանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ կիրառելուց: Դեսպանատան առջեւ հավաքված 200-ից ավելի ցուցարարներ վանկարկում էին. «Մի կրակեք», «Կյանք առանց բռնության»:

Այնուհետեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները Վրաստանում Հայաստանի դեսպանին են ներկայացրել փաստաթուղթ, որով դատապարտել են մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Մենք կտրականապես դեմ ենք ուժի կիրառմանը, առավել եւս, եթե այն կիրառվում է սեփական ժողովրդի նկատմամբ»: Փաստաթղթով նաեւ ցավակցություն է հայտնվում հանրահավաքի ցրման ժամանակ մահացածների ընտանիքներին: Վրացական ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարել են, որ մտադիր են մարտի 3-ից նմանատիպ բողոքի ակցիաներ կազմակերպել Վրաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների առջեւ: Իր հերթին, Վրաստանի հանրապետական կուսակցությունը տարածել է հատուկ հայտարարություն, որով դատապարտել է «Հայաստանի իշխանությունների այնպիսի գործողությունները, ինչպիսին են խաղաղ ցույցի նկատմամբ ուժի գործադրումը, արտակարգ դրության հռչակումը եւ ընդդիմության լիդերների ձերբակալությունները»: Միաժամանակ, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան իշխանություններին կոչ է արել հետաքննություն սկսել իրավապահների կողմից բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ չափից ավելի բիրտ ուժի կիրառման կապակցությամբ:

Մարտի 1-ի իրադարձություններին լայնորեն անդրադարձել են ռուսական եւ օտարերկրյա այլ լրատվամիջոցներ: Այսպես օրինակ` ռուսաստանյան «Նովիե իզվեստիա» պարբերականը երեկ հրապարակված հոդվածում գրում է, որ շաբաթ օրը իրավապահները ցրել են Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպված ընդդիմության անժամկետ հանրահավաքը: Հոդվածագիրը նշում է, որ ոստիկանական ջոկատներն առանց նախազգուշացման գրոհել են ընդդիմության կողմնակիցների վրանների վրա` օգտագործելով մահակներ եւ էլեկտրաշոկ: Հոդվածագիրը վկայում է, որ հատուկ ջոկատայիններն անխնա ծեծում էին ցուցարարներին, այդ թվում` կանանց եւ երեխաներին, որոնց մի մասին հաջողվել է ճեղքել «օղակը» եւ հասնել տարբեր երկրների դեսպանատների մոտ: «Նովիե իզվեստիան» գրում է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը բռնությամբ մտցրել է մեքենան եւ տարել նրա տուն, որը շրջապատվել է զինվորականների կողմից` Տեր-Պետրոսյանին առնելով փաստացի տնային կալանքի տակ: Պարբերականը շեշտում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն անմիջապես դատապարտել են ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Իլկա Կաներվան, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւ այլոք:

Բրիտանական «BBC» կայքէջը եւս անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: «BBC»-ն գրում է, որ շաբաթ օրն առավոտյան ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի են ունեցել բախումներ, ինչի հետեւանքով 8 մարդ մահացել է: Բրիտանական պարբերականը գրում է, որ հայաստանյան ընդդիմությունը, որը բողոքում է փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների կեղծման դեմ, հայտարարել է, որ պայքարը շարունակելու է մինչեւ վերջ: Պարբերականը մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ ընդդիմության պայքարը իշխանությունների դեմ կարող է շարունակվել երկար տարիներ, քանի դեռ ատելի, հանցավոր ռեժիմը չտապալվի` ավելացնելով, որ իր կողմնակիցները չեն նահանջելու եւ չեն վախենում ո՛չ բանտերից եւ ո՛չ էլ նրանց սպառնալիքներից:

Իր հերթին, ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականը եւս երեկ հրապարակված ընդարձակ հոդվածում անդրադարձել է մարտի 1-ի իրադարձություններին: Հոդվածագիրը մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես են իր առջեւ ոստիկանները դաժան ծեծի ենթարկել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, որոնց հետապնդել են մինչեւ Մյասնիկյանի հրապարակ: Պարբերականը գրում է, որ ցուցարարներին ցրելուց հետո վերջիններս սկսել են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան առջեւ եւ վանկարկել. «Սերժիկ, հանցագործ», «Հաղթանակ», «Լեւոն»: Հոդվածագիրը նաեւ նշում է, թե դեսպանատան առջեւ հավաքված բազմահազար ցուցարարներին որոշ ժամանակ անց կրկին մոտեցել են հատուկ ջոկատայինները, որոնց հարձակումից պաշտպանվելու համար` հավաքվածները սկսել են բարիկադներ պատրաստել, «զինվել» երկաթե ձողերով: «Կոմերսանտը» գրում է, որ երեկոյան կողմ ցուցարարների գլուխների վրայով լուսարձակող փամփուշտներ էին արձակվում, ապա իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումներ սկսվեցին, որի ընթացքում 8 մարդ մահացել է, 100-ից ավելին` վիրավորվել: Հոդվածագիրը գրում է, որ ցուցարարները հեռացան Մյասնիկյանի հրապարակից միայն այն բանից հետո, երբ նման կոչով նրանց դիմեց 1-ին նախագահը:

մտահոգված է

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ իր մտահոգությունն է հայտնել հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ մտահոգված է «Երեւանում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ արտակարգ իրավիճակի հայտարարմամբ: Ես ցնցված եմ` տեղեկանալով առնվազն 8 զոհերի մասին: Հորդորում եմ իշխանություններին հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները: Ակնհայտ է, որ հետաքննությունը պետք է կենտրոնանա հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու վրա եւ ոչ թե օգտագործվի քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար»: Դեւիսը, միաժամանակ, հույս է հայտնել, որ արտակարգ իրադրությունը կվերացվի շատ շուտով` իշխանություններին հորդորելով քննարկել սահմանված սահմանափակումների արդարացիության հարցը, հատկապես` զանգվածային լրատվության, քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դեպքում` գտնելով, որ այդ սահմանափակումները խոչընդոտում են քաղաքական երկխոսությանը, որը ներկա իրավիճակում քաղաքական լուծում գտնելու միակ ճանապարհն է: Դեւիսի խոսքերով, արտակարգ իրավիճակը սահմանափակում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող մի շարք իրավունքների եւ ազատությունների իրագործումը: «Կոնվենցիայի թիվ 15 հոդվածի համաձայնª Հայաստանի կառավարությունը պետք է տեղեկացնի ինձ իր ձեռնարկած միջոցների եւ դրանց հիմնավորվածության մասին: Ակնկալում եմ, որ դա կարվի առանց հապաղելու»,- ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

հարցազրույց է տվել

Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որը երկու օր է, ինչ գտնվում է Հայաստանում, երեկ օտարերկրյա ԶԼՄ-ներին հարցազրույց է տվել: Դրա ընթացքում նա, մասնավորապես, նշել է, թե «իշխանությունները հիմա պետք է հաղթահարեն քաղաքական այն իրավիճակը, որը շատ լավ չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ շատ մեկուսացած է հիմա: Եթե հիմա սկսենք մեկս մյուսին մեղադրել, դա կտանի փակուղի»: Ապա շարունակել է. «Միակ բանը, որ կարող ենք անել, պատասխանատվություն ստանձնելն է. այդքան մարդ է մահացել: Հիմա ամենակարեւորն էª փորձել բռնել քաղաքական լուծում գտնելու ուղին»: Տալվիտիեն նշել է, որ իր նպատակն է եղել, որ ձերբակալությունները սահմանափակվեն միմիայն ապացույցներով:

Իշխանությունները երաշխավորել են, որ իրավիճակը հանդարտվելուն պես` հնարավորինս շուտ կվերացնեն արտակարգ դրության իրավիճակը, անգամ եթե դա լինի 20 օրից շուտ: Հեյկի Տալվիտիեի կարծիքով, քաղաքական երկխոսության համար ժամանակ է պետքª նկատի ունենալով կողմերի հարաբերությունները: Եվրոպայից ժամանած պատվիրակը նշել է, որ իր նպատակն է եղել, որ ձերբակալությունները սահմանափակվեն միմիայն ապացույցներով: Եվրոպացի դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտոª այո: «Իշխանությունը պետք է ցույց տա, որ ընդդիմությունն էլ իր ուրույն տեղը պետք է ունենա իշխանության մեջ»,- եզրափակել է Հեյկի Տալվիտիեն:

պատվեր

Երեկ մի քանի ժամ շարունակ խուզարկություն է կատարվել Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի եւ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Երջանիկ Աբգարյանի բնակարաններում: Եղիազարյանն ու Աբգարյանը ձերբակալված են: Նրանք կասկածվում են պետական իշխանությունը բռնի կերպով յուրացնելու փորձի մեջ (ՀՀ ՔՕ-ի 300 հոդված): Այժմ նրանք գտնվում են ԱԱԾ «Երեւան» քրեակատարողականում (ԱԱԾ մեկուսարան): Գուրգեն Եղիազարյանը հայտարարել է, որ իրեն մեղսադրվող արարքի հետ ոչ մի կապ չունի եւ այդ ամենը համարում է իշխանությունների կողմից իջեցված պատվեր:

արտահերթ

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, օրերս նախատեսվում է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Իշխանությունները պատրաստվում են անձեռնմխելիությունից զրկել ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին, ովքեր, ինչպես հայտնի է, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Ի դեպ, առաջին երեքը այժմ ձերբակալված են:

բողոքումեն նաեւ լոսանջելեսահայերը

ՀՀ իշխանությունների դեմ Լոս Անջելեսում կազմակերպված հանրահավաք-բողոքին, որը նվիրված էր Երեւանում տեղի ունեցած դեպքերին, մասնակցել է մոտ 20 հազար մարդ:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԻ ԴՐԵՑԻՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ
2.03.2008

Մարտի 1-ի վաղ առավոտյան, ռետինե մահակներով ու էլեկտրաշոկերով զինված ոստիկանները լցվել են Ազատության հրապարակ եւ ընդամենը 10-15 րոպեների ընթացքում բռնի ուժով ցրել են խաղաղ նստացույցի մասնակիցներին. բռնի ցրման գործընթացը զուգակցվել է դաժան ծեծուջարդով: Խաղաղ ցույցի մասնակիցների մի մասը, սակայն, դուրս գալով Ազատության հրապարակից ոչ թե ցրվել են, այլ ուղղվել են դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան շենք: Այստեղ ցուցարարներին կրկին դիմավորեցին ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները, որոնք ժամը 11:30-ի մոտակայքում նորից անցան ծեծուջարդի: Սակայն, այս բախումից հետո մարդկանց հոսքը դեպի Ֆրանսիայի դեսպանատուն ոչ թե դադարել է, այլ սկսել է էլ ավելի շատանալ: Դեպքի վայր եկան §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Մինչ մարդկանց հոսքը շարունակվում էր, ոստիկաններն ու «Ժառանգության» պատգամավորները բանակցում էին` հետագա քայլերի շուրջ: Բանակցություններին ոստիկանների կողմից մասնակցում էր ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, ով աչքի ընկավ հատկապես իր ագրեսիվությամբ: Աֆյանն առաջարկում էր, որպեսզի ցուցարարները հավաքվեն եւ երթով հասնեն դեպի «Դինամո» մարզադաշտ: «Ժառանգության» պատգամավորները, սակայն, բացառում էին այդ տարբերակը` կասկածելով, որ դեռ ժամեր առաջ մարդկանց դաժանորեն ծեծի ենթարկած ոստիկանները ընդամենը ցանկանում են օղակել ցուցարարներին` վերջիններիս հետ ավելի հեշտ հաշվեհարդար տեսնելու համար: Ու մինչ բանակցությունները շարունակվում էր, ցուցարարների հեսքը շարունակվում էր. ընդ որում, բոլորի պահանջը մեկն էր` իշխանությունները պետք է անհապաղ հնարավորություն տան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին գալ ցուցարարների մոտ, ովքեր պատրաստ էին կատարել միայն նրա հրահանգները: (Հիշեցնենք, որ մարտի 1-ի վաղ առավոտվանից Լեւոն Տեր-Պետրոսյանը դե ֆակտո գտնվում է տնային կալանքի մեջ, չնայած իշխանությունները հայտարարում էին, թե դա տնային կալանք չէ): Ու թեեւ բանակցություններ արդյունք չտվեցին, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանները սկսեցին հեռանալ դեպքի վայրից:

Մարդիկ մտածեցին, թե հայրենի իրավապահների խիղճն արթնացել է ու նրանք տեղի են տալիս:

Իրականում ոստիկանները դիրքավորովում էին: Նրանց մի մասը, սկսեց շարժվել դեպի քաղաքապետարանի շենքը: Ոստիկանների հետքերով շարժվեց նաեւ ցուցարարների մի մասը, ինչպես նաեւ մի քանի սադրիչներ: Վերջիններս փորձեցին բախում հրահրել` փորձելով հարվածել ոստիկաններին: Սակայն, այդ ժամանակ քաղաքապետարանի մոտ գտնվող ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ծածկեց ոստիկանին, ինչի պատճառով էլ սադրիչը մեջքից դանակահարեց պատգամավորին: Հետո, հենց ինքը` Արմեն Մարտիրոսյաննը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն դանակահարել է սադրիչ, քանի որ ցուցարարները դեմքով ճանաչում էին իրեն եւ նման բան չէին անի: (Նշենք, որ Մարտիրոսյանը դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան հազիվ են փրկել հաշմանդամ մնալուց): Իսկ այդ ընթացքում ցուցարարներին միացան նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վերջիններիս հետ հեռախոսով կապվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ, հանդարտության կոչ անելով, հորդորեց մարդկանց հրապարակում մնալ այնքան ժամանակ, մինչեւ ինքը կգա այնտեղ: Ցուցարարները լսեցին նախագահի կոչը եւ պատրաստակամություն հայտնեցին մինչեւ վերջ մնալ հրապարակում: Ու մինչ խաղաղ ցուցարարները հանրահավք էին անցկացնում Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ, իշխանությունները մոտակա տարածքներում մոբիլիզացրել էին ուժային կառույցներին, որոնք էլ արդեն երեկոյան ժամը 21-ի կողմերը հարձակվեցին խաղաղ ցուցարարների վրա: Այդ ժամանակ էր, որ լսվեցին առաջին կրակոցները: Նշենք, որ թեեւ զինվորականները սկզբից կրակում էին միայն օդ, սակայն դատարկ փամփուշտներին զուգահեռ կրակում էին նաեւ մարտական փամփուշտներով: Իրավիճակը գնալով լարվում էր, ինչը վերածվեց բախման: Հատուկ ջոկատայինները հարձակվեցին ցուցարարների վրա, ովքեր սկսեցին պաշտպանվել ձեռքի տակ եղած փայտե եւ մետաղե ձողերով: Այսինքն, ցուցարարներւ ձեռքին զենք չի եղել: Ուստի անհասկանալի է, թե այդ ինչպե±ս ստացվեց, որ հետո մի քանի ոստիկաններ են տեղափոխվել հիվանդանոց հրազենային վնասվածքներով: (Ասում են, որ զինվորականները հենց իրենք են կրակել ոստիկանների հետեւից, որպեսզի վերջիններս հանկարծ հետդարձ չանեն): Զինված ոստիկանների եւ ցուցարարների բախումը գնալով ավելի էր ուժգնանում, իսկ որոշ մարդիկ էլ, ովքեր որեւէ կապ չունեին ցուցարարների հետ, պոկվեցին ցուցարարների խմբից եւ հասան մինչեւ Մաշտոցի պողոտա` ջարդելով խանութների ապակիներն ու վառելով մեքենաները: Բախումն այնքան ուժեղ էր, որ այլեւս որեւէ բան հասկանալ հնարավոր չէր, Գրիգոր Լուսավորիչ փողոցն ու Մաշտոցի պողոտայի մի մասը կորել էր ծխի ու կրակի մեջ: Իրավիճակն արդեն անվերահսկելի էր. մինչեւ այն պահը, երբ 1-ին նախագահը կապվեց Արամ Սարգսյանի հետ ու հորդորեց մարդկանց ցրվել: Ընդգծենք, որ մարդիկ հրապարակից հեռացան միայն առաջին նախագահի կոչով եւ ոչ թե ոստիկանների միջամտության շնորհիվ, ինչպես հետո հեռուստաեթերով գլուխ էր գովում Ռ. Քոչարյանը:

հայտարարություն

2008թ. մարտի 1-ին, վաղ առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին բռնությամբ դուրս մղելուց հետո վերջիններս ինքնաբուխ կերպով հանրահավաքը շարունակեցին Մյասնիկյանի հրապարակում:


Գործող վարչախումբը քաղաքացիների խաղաղ հանրահավաքը դարձյալ բռնությամբ ցրելու գործողությունների դիմեց, որոնց հետեւանքով եղան բազմաթիվ վիրավորներ եւ, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ զոհեր:

Այս իրավիճակից միակ ելքը, ինչպես նշել էինք դեռեւս ս/թ փետրվարի 29-ին արած մեր հայտարարությունում, տնային կալանքի տակ գտնվող ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին անմիջապես ազատ արձակելն ու ժողովրդին անմիջականորեն դիմելու հնարավորություն տալն էր: Մի բան, որ իշխանությունների մերժողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Չնայած դրան, հանրահավաքում ելույթ ունեցողներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի զայրույթը մեղմելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Սակայն իշխանությունների կողմից սադրանքները շարունակվեցին ներդրված գործակալների միջոցով, ովքեր հանրահավաքի վայրից մեծ հեռավորության վրա գտնվող Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութների ցուցափեղկեր, թալանել որոշ խանութներ եւ վնասել մեքենաներ:

Սույնով մենք հայտարարում ենք, որ այդ սադրիչները որեւէ կապ չունեն հանրահավաքի մասնակիցների հետ, նրանք ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից, ուստի կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Ժողովրդի նկատմամբ մարտի 1-ին կիրառված այս ահաբեկչությունը եւս մեկ սեւ էջ է Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության մեջ:

Իշխանությունների կողմից գործադրված այս երկարատեւ բռնություններից ու սադրանքներից հետո, երբ ժողովրդի մեծ մասն արդեն ցրվել էր, եւ Մյասնիկյանի հրապարակում մնացել էր 5-6 հազար բորբոքված մարդ, Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ին առավոտյան ժամը 4-ին հեռախոսով դիմեց նրանց եւ կոչ արեց ոստիկանության եւ բանակի հնարավոր նոր բռնի գործողություններից խուսափելու համար ցրվել տները եւ սպասել ներկա իրադրության մեջ Համաժողովրդական շարժման ղեկավարության գործունեության ծրագրի հրապարակմանը: Տեր-Պետրոսյանի կոչը ժողովրդին փոխանցեցին Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո հավաքվածները, ընդառաջելով իրենց առաջնորդի կոչին, խաղաղ հեռացան իրենց տները:

Մենք կշարունակենք քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության:


Լեւոն Տեր-Պետրոսյանի
նախընտրական շտաբ
Երեւան
2 մարտի, 2008թ.

ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐ

Երեկվա դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հրապարակել է մարտի 1-ի առավոտյան ժամը 07-ի սահմաններից սկսած մինչեւ երեկ բերման ենթարկված, այնուհետեւ ձերբակալված անձանցից միայն 15-ի անունները:

Երեկ երեկոյան տարածված հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է եւս 30 անձանց: ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից տրամադրված տվյալների համաձայն, երեկվա դրությամբ ձերբակալվածները 62-ն են, իսկ 11 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, այնուհետեւ ազատ արձակվել: Ի դեպ, ձերբակալվածների մի զգալի մասը շարքային քաղաքացիներ են, որոնք երբ մարտի 1-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում տեղեկացել են խաղաղ ցուցարարներին ուժով ցրելու մասին, շտապել են քաղաքի կենտրոն` տեղում կատարվածի մասին իմանալու համար, բայց նրանց Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել ոստիկանություն: Ինչեւէ, ստորեւ ներկայացնում ենք երեկվա դրությամբ ձերբակալված քաղաքացիների ցուցակը:

Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
Դավիթ Առաքելյան
Վահագն (Վարդգես) Հայոցյան
Մասիս Այվազյան
Լեւիկ Խաչատրյան
Աշոտ Մանուկյան
Մուշեղ Սաղաթելյան
Կորյուն Մհերյան
Երվանդ Ավեյան
Վեմիր Մխիթարյան
Գեւորգ Սիմոնյան
Ծատուր Սեւոյան
Տիգրան Բաղդասարյան
Սարգիս Հացպանյան
Համլետ Աբրահամյան
Համլետ Աբրահամյան
Արտակ Սարգսյան
Պետրոս Շահբազյան
Հովհաննես Ղազարյան
Սամվել Հարությունյան
Իսահակ Մալխասյան
Ավետիք Ներսիսյան
Միսակ Հովակիմյան
Սամվել Աբովյան
Նարեկ Շահինյան
Խաչիկ Գասպարյան
Քրիստ Գասպարյան
Արթուր Գասպարյան
Հակոբ Հակոբյան
Սուրեն Բարսեղյան
Արթուր
Հակոբ Բաղվիշյան
Մարտիկ
Սեդրակ
Մյասնիկ Մալխասյան
Վլադիմիր Առաքելյան
Տիգրան
Ջիվան Հովհաննիսյան
Կարապետ Ռուբինյան
Տարոն Գալստյան
Քյարամ Ամոյան
Աշոտ
Ռաֆայել
Սաշա Առաքելյան
Վարուժան Ներսիսյան
Վաղինակ Աբովյան
Արտյոմ Սերոբյան
Աշոտ Ֆելիկյան
Յուրա Զաքարյան
Գեղամ Հարությունյան
Հարություն Բարսեղյան
Հմայակ Հայրապետյան
Շոթա Սաղաթելյան
Երջանիկ Աբգարյան
Դավիթ Համբարձումյան
Արմեն Մանուկյան
Սիմոն Սիմոնյան
Գուրգեն Եղիազարյան
Արմեն Վարազդատի Մաղաթյան
Սամվել Վարդգեսի Մուրադյան
Համլետ Հայրապետյան
Տեր Հուսիկ Լազարյան

Բերման են ենթարկվել, ապա ազատ են արձակվել.
Սարգիս Մարգարյան
Աբրահամ Մաթեւոսյան
Արմեն Օհանյան
Արամ Մանուկյան
Հրանտ Բագրատյան
Գագիկ Շամշյան (լրագրող)
Լեւոն Բարսեղյան
Աշոտ Երջանիկի Բարսեղյան
Նելլի Գերասիմի Բարսեղյան
Արամ Աշոտի Բարսեղյան
Հովհաննես Մարության

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ին ստորագրած հրամանագիրը, որով Երեւանում մարտի 1-ից 20-ը սահմանվում է արտակարգ դրություն, դեռ երկար ջուր կհավաքի:

Բանն այն է, որ այդ փաստաթուղթը որեւէ իրավական քննադատության չի դիմանում, եւ բավական է դրան մոտենալ իրավական տեսանկյունից, որպեսզի համոզվես, որ այն հակասահմանադրական եւ անօրինական է: Հրամանագրի պաշտոնական տարբերակը հրապարակված է ՀՀ նախագահի ինտերնետային կայքում: Ըստ այդմ, պարզվում է, որ նրա կազմման ընթացքում չեն պահպանվել իրավական ակտին բնորոշ տեխնիկական կանոնները, որոնք սահմանված են «ՀՀ իրավական ակտերի մասին» օրենքով: Բանն այն է, որ հրամանագիրը չի պարունակում հերթական համարը եւ դրա բնույթը ամրագրող նշատառը, այն է` «Ն», «Ա» կամ «Լ»: Առաջինը նշանակում է նորմատիվ, երկրորդը` անհատական, իսկ երրորդը` անհատական լոկալ իրավական ակտ: Սակայն այս ամենը հրամանագրի անօրինականության ամենամեղմ կողմն է: Քոչարյանի հրամանագրի 4 կետի թվով 7 ենթակետերում մանրամասնեցված են այն սահմանափակումները, որոնք կիրառվում են արտակարգ դրության ժամանակ: Մարդկանց եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հրամանագրում նշված սահմանափակումներն այնպիսին են, որ դրանք կարող են ամրագրվել բացառապես օրենքներով: Ասենք, ԶԼՄ գործունեության սահմանափակումը կարող է տեղի ունենալ միայն օրենքով: Սակայն այս փաստը չի խանգարել, որպեսզի Քոչարյանն իր հրամանագրով սահմանափակի ԶԼՄ-ների գործունեությունը` նրանց թողնելով միայն պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելու գործառույթը: Իսկ ինչպե±ս պետք է ապահովեն այդ նորմի կիրառումը: Ինքնին հասկանալի է, որ այդ հնարավոր է անել միայն մամուլը գրաքննելով: Բայց ինչպե±ս կարող են այդ անել, երբ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով մամուլի գրաքննությունն ուղղակի արգելված է: Նույնը վերաբերում է նաեւ քաղաքացիներին բռնի իրենց բնակության վայրերը վտարելու մասին դրույթին: Սա նույնպես հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնուրույն ընտրել իր բնակության վայրը: Այսինքն` ոչ ոք չի կարող մարզերից Երեւան տեղափոխված մարդկանց արգելել մայրաքաղաքում կամ այլ վայրում ապրել:

Ի դեպ, հրամանագիրը հակասահմանադրական է նաեւ այն պարզ պատճառով, որ բացակայում են դրա կայացման հիմքերը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն, արտակարգ դրությունը հայտարարվում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Իսկ ՀՀ սահմանադրական կարգը սահմանված է Սահմանադրության 1-ին անփոփոխելի հոդվածով` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Այսինքն` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը վերը բերված կարգերից մեկի փոփոխմանն ուղղված իրական վտանգը կամ սպառնալիքն է: Իսկ կոնկրետ անձի իշխանությունը չի կարող համարվել սահմանադրական կարգ: Այսինքն` ժողովուրդը, որին պատկանում է իշխանությունը, կարող է եւ լիարժեք իրավունք ունի պահանջել այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը եւ հեռացումը: Քոչարյանի հրամանագրի հակասահմանադրականության իրավական հիմնավորումները կարելի է շատ երկար շարունակել, սակայն կարծում ենք, որ վերը բերվածը բավարար է:

Ի դեպ, տեղի ունեցածի հակասահմանադրականության ապացույցներից մեկը նաեւ այն փաստն է, որ ՀՀ զինված ուժերը մայրաքաղաք են տեղափոխվել արտակարգ իրավիճակ հայտարարելուց շատ ավելի շուտ: Այսինքն` ՀՀ իշխանությունները արտակարգ իրավիճակ հայտարարելու ծրագիրը նախապես են մշակած եղել:

թույլ չեն տվել

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին թույլ չեն տվել մտնել դիահերձարան: Այստեղ հրաժարվել են վերցնել անգամ պատգամավորների գրությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեզ հայտնեց, որ իրենք դիահերձարանից գնացել են ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման մեկուսարան: Այստեղ եւս պատգամավորներին թույլ չեն տվել ներս մտնել: Տիկին Փոստանջյանը, սակայն, մեզ հայտնեց, որ իրենց հանդիպել են պահման մեկուսարանից դուրս եկող փաստաբանների, որոնք ասել են, որ ներսում կան բազմաթիվ մարդիկ: Ընդ որում, նրանց մեջ եղել են նաեւ քաղաքացիներ, ովքեր ունեցել են արյունահոսող վերքեր: Այս մարդկանց մի մասը ոստիկանության մեկուսարան է բերվել երեկ:

ցրել են

Գյումրիի «Ասպարեզ» ակումբը տեղեկացնում է, որ մարտի 2-ին Գյումրիի Թատերական հրապարակի մոտ ոստիկանները հարձակվել են այնտեղ եկող մարդկանց եւ լրագրողների վրա:

Ոստիկանները հրմշտել են Գյումրիի հրապարակում ինքնաբուխ հավաքվող մարդկանց: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վ. Հարությունյանը հարձակվել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի վրա, քաշքշել է նրան եւ հրամայել հեռանալ այդտեղից: Ոստիկանները քաշքշել են նաեւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Արմինե Վարդանյանին եւ «ԳԱԼԱ»-ի օպերատորին, ապա փորձել նրանց բերման ենթարկել: Քաշքշել են նաեւ «Ազատություն» ռ/կ Գյումրիի թղթակից Սաթենիկ Վանթյանին, իսկ «Առավոտ» օրաթերթի թղթակից Նունե Արեւշատյանից խլել են նրա ֆոտոխցիկը: Լրագրողները, ինչպես նաեւ հանրահավաքի եկող մի քանի այլ քաղաքացիներ, տարվել են ոստիկանության Գյումրիի քաղաքային բաժին: Մի քանի ժամ շարունակ լրագրողներին ոստիկանության բաժնում պահելուց հետո նրանց ազատ են արձակել` առանց արձանագրություն կազմելու:

վախեցած են

Երեկ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը հրաժարվել է տպագրել «Առավոտ» օրաթերթը, որը նախատեսվում էր լույս ընծայել լրիվ դատարկ էջերով: Դա եւս իշխանությունները թերեւս համարել են իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ:



No comments: