Thursday, March 13, 2008

Ճակնդեղը

Օրերս Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը անդրադարձավ Մեթյու Բրայզայի հայտարարությանը, եւ մասնավորապես նշեց, որ ցնցված է ամերիկացի դիվանագետի հայտարարությամբ: Պրն Բալայանի եւ մեր արտաքին գերատեսչության կարծիքով, պրն Բրայզան լինելով մեր մայրաքաղաքում եւ ականատես լինելով այս ամենին, պետք է տոգորվեր անհուն սիրով Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նմանատիպ բոլոր ջարդարարների նկատմամբ եւ անարգանքի սյանը գամեր հայաստանյան ընդդիմությանը եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Սակայն ի զարմանս հայաստանյան իշխանությունների, պրն Բրայզան ոչ միայն չհավատաց մեր իշխանություններին, այլեւ հանդիպեց տնային կալանքի տակ գտնվող նախագահ Տեր-Պետրոսյանի հետ: Ավելին, դիվանագետը համարձակվել է իր տարակուսանքը հայտնել առ այն, որ իշխանությունների հետ հանդիպումների մասին իր խոսքերը հայաստանյան պետական լրատվամիջոցները ցիտել են հատվածաբար եւ ենթատեքստից կտրված: Մի խոսքով, ընդհանուր առմամբ Մեթյու Բրայզան այս ամենի հանրագումարով լիովին կարող էր ընկնել բանտ (Հայաստանում պակաս բանի համար էլ են բռնում) պետական իշխանությունն ուզուրպացնելու մեղադրանքով:

Հայտնի չէ, թե ով կամ ինչը փրկեց Բրայզային` մեր ոստիկանության հետ անմիջական շփումից: ուցե Բուշը միջնորդեց Արմենչիկին կամ Կոնդոլիզա Ռայսը` Տիգրան Բալայանին. մի բան է պարզ` Մեթյու Բրայզան չգնահատեց մեր իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը եւ համարձակվեց ասել, թե ինչ է իրականում մտածում:

Խոստովանենք, որ Բրայզայի արածը` արած չէր: Մեր իշխանությունները դիմավորեցին նրան, առնի-եղարդ տարան, կաթողիկոսին ցույց տվեցին, ՙԴոլմամայում՚ պատիվ տվեցին: Վերջիվերջո փող ծախսեցին (կազինոյից պոկեցին): Եվ այսքանից հետո այդ ապերախտ ամերիկացին համարձակվել է վիրավորվել եւ ճշմարտությունը ասել: Այս ամենն էլ վիրավորել էր ԱՆ-ին եւ Տիգրան Բալայանին: Վերջինս պարզապես չի հասկանում, թե ինչպես կարելի է չհավատալ մեր իշխանություններին: Մի՞թե ութ քաղաքացիական եւ մեկ ոստիկանի զոհերը չեն հաստատում այն միտքը, որ ժողովուրդն է կրակել բանակի վրա եւ այդ զենքը միտինգավորների մոտ կար դեռեւս փետրվարի 29-ից: Մի՞թե նայելով մեր իրավապահպանների ինտելեկտուալ դեմքերին պարզ չի դառնում, որ նրանք պարզապես ի վիճակի չեն մատով դիպչել հայրենակիցներին: Եվ այս ամենի արդյունքում ծնվեց Տիգրան Բալայանի վրդովված ելույթը, որտեղ պարունակվող որոշ արտահայտություններ պարզապես ընդունված չեն դիվանագիտական շրջանակներում:

Հարց է ծագում. այդ ինչն է այդքան վրդովվեցրել մերոնց: Ամենայն հավանականությամբ, ԱՆ-ի ղեկավարությունն արդեն հասցրել էր զեկուցել Ռ. Քոչարյանին, որ Բրայզայի հարցերը լուծվում են եւ ամերիկյան դիվանագետն իրենց կողմից է: Պարզ չէ միայն, թե ինչ կարող էր օսկանյանականներին հուշել այդ միտքը: Ամենայն հավանականությամբ Տիգրան Բալայանին շփոթեցրել էին Բրայզայի քաղաքավարի խոսքերը եւ դիվանագիտական ժպիտները: Բացառված չէ նաեւ, որ հայկական դիվանագետներն ի սկզբանե գիտեին կամ կանխազգում էին Բրայզայի խիստ վերաբերմունքը եւ այժմ անում են այն, ինչ կոչվում է ՙхорошая мина при плохой игре՚:

Այժմ պատասխանենք ամենապարզ հարցին. ինչ ստացվեց այս ամենի արդյունքում: Արդյունքում մեր դիվանագետները դեն նետեցին եւ վերածվեցին նույն ոստիկանների եւ ջարդարարների, ինչպիսին են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե հանկարծակի ԱՆ-ն փորձի ինչ-որ կերպ հերքել այս մտքերը, թույլ տանք մեզ հիշեցնել պարսկագետ Տիգրան Բալայանին մի հին պարսկական ասացվածք` ՙԲիլլա դիգ, բիլլա չողանդար՚ (ինչպիսին կաթսան է, այնպիսին էլ կաթսայի միջի ճակնդեղն է):

Մ. Պոյաճյան

No comments: