Thursday, May 28, 2009

Մհեր Մանուկյանի և ՀԻՄԱ ռոք-խմբի համերգին տիրում էր ազատասիրություն

Մայիսի 27-ին ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր ռոք-համերգ` Շարժման երգերի կատարմամբ: Այն տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա» մշակութային կենտրոնում: Համերգին նվագում էին ՀԻՄԱ-ի տաղանդավոր երաժիշտ-ակտիվիստները, իսկ գլխավոր հերոսը Շարժման բազմաթիվ երգերի հեղինակ ու կատարող Մհեր Մանուկյանն էր:

Համերգը գրավել էր ազատ մտքին ու խոսքին հավատացող քաղաքացիներին: Մեկը մյուսի ետեւից կատարվեցին անցած տարվա գարնանից պարբերաբար հրապարակվող երգերը` «Մեկ գումարած մեկ», «Երգ հոգեխանգարմունքի», «Երկրի հակառակ կողմից», «Ես էլ», «Ձոն գարնանամուտի», «Ջահել ազատության երգը», «Մենք ժպտում ենք», ինչպես նաև Մհեր Մանուկյանի «նախաշարժումային» երգերից: Համերգին տիրող մթնոլորտը ակամայից ստիպում էր յուրաքանչյուրին թռչել ժամանակի միջով դեպի 2008-ի նախընտրական քարոզարշավ, փետրվարի 19 եւ 20, դրան հաջորդած համապետական հանրահավաքային Շարժում, մարտի մեկ եւ այդ ամենը վերապրած ու չշղթայվող Ոգու վերածնունդ: Ամեն կատարումը Շարժման մի դրվագ էր արտացոլում: Բեմից հնչածը լոկ երգ չէր. այն մի ամբողջ ազատատենչ ժողովրդի երազների ու հույսերի խտացումն էր:

Համերգին յուրահատուկ շունչ էր հաղորդում դահլիճում գտնվող մանուկների ազատությունը: Այդ երեխաների համար չկային սահմաններ: Նրանք ամբողջությամբ հենվում էին իրենց ամենաբնական ցանկության` ազատ լինելու վրա: Մեր երկրի ապագան հենց նրանցն է` ազատության շունչն ու բույրը զգացած ու այն ապրած մանուկներինը: Այսօր մենք ենք կրում մեր երկրի ազատությունը կերտելու ու պահելու բեռը, իսկ վաղը` նրանք: Մեր երկրի ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց ազնիվ բնազդին, չեն սպանում, չեն խեղդում, այլ թողում են, որ այն բոցկլտա ու տարածվի: Որովհետեւ հենց այդ բնազդն է ընկած մարդկային շատ ու շատ գործողությունների հիմքում, հանճարի ու ստեղծագործության հիմքում: Որովհետեւ միայն այդ բնազդի արտահայտմամբ կա զարգացում, կա շարժում ու կա կյանք: Ազատության խեղդումը ծնում է միաձեւություն, հայացքի եւ տեսլականի կորուստ, ծնում է անմարդկային մարդիկ: Հենց ազատության ճնշումն է, որ ծնում է հոգեխանգարմունք եւ ո'չ դրա սնուցումը:

Երգն է Ազատությունը: Երգն Ազատության երազն ու կանչն է, մի ամբողջ Շարժման կրքի ու կրակի մարմնավորում: Եվ ինչպես երգը, այնպես էլ ազատությունը չի լինում կուսակցական: Չկա աջակողմյան ու ձախակողմյան, չկա կոմունիստական ու կապիտալիստական ազատություն: Կա միայն մեկ բնատուր եւ ի ծնե տրված Ազատություն: Ազատությունը ծնվում է քո մեջ ու տարածվում է քո միջից: Այն երբեք չի կարող լինել մակերեւութային, որովհետեւ մակերեւութային ազատությունը ազատություն չէ. այն բովանդակազուրկ է: Որովհետեւ Ազատությունը հենց բովանդակություն է: Այն հավատ է: Ազատությունը հիմք է եւ օդ: Ազատությունը պայքար է:

Մեր պայքարը հենց Ազատության պայքար է:

ՀԻՄԱ Ե/Ն

No comments: