Thursday, July 17, 2008

Պռառաբ Ռոբը

Քոչարյանի վերջին շրջանի հարցազրույցներն ու հայտարարությունները (ի նկատի ունեմ անցած տարվա աշնանից սկսած ժամանակահատվածը) իսկական հաճույք են պատճառում:

Կատակ չեմ անում: Իսկապես, ամեն մի իր նոր հրապարակային ելույթով այդ մարդը հնարավորություն է ընձեռնում ճանաչել իր իրական աշխարհընկալումը: Նախկինում նա երբեք այդքան չէր բացվում եւ հիմնականում օգտվում էր Երրորդ Հանրապետության շրջանում ձեւավորված պաշտոնապես ընդունելի համարվող գաղափարաբանության բառապաշարից: Եւ մնում է միայն բերանը բաց լսել հայտնությունները, որոնք վերաբերում են նրա իրական աշխարհընկալմանը: Իսկ բերանը բացել արժի, որովհետեւ Քոչարյանի պատկերացումները կյանքի եւ քաղաքականության մասին շշմեցնող են մի մարդու համար, որը 10 տարի դե ֆակտո եղել է երկրի առաջին դեմքը: Քոչարյանի վերջին հարցազրույցում ես ամենից շատ տպավորվեցի այն հատվածով, ուր խոսվում է Տեր-Պետրոսյանի կողմից չնկատած նորակառույցների, ասֆալտի, մեքենաների, սրճարանների, ռեստորանների եւ այլնի մասին: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանի նշած նորակառույցների գեղագիտական եւ քաղաքաշինական արժեքը շատ կասկածելի է, կամ որ նրա ասֆալտը վաղուց ճաքճքել է եւ այլն: Եւ նույնիսկ այն չէ, որ 90-ականների հետ շարունակ կատարվող համեմատությունները Քոչարյանի կողմից ուղղակի անբարոյական են, քանի որ յուրաքանչյուր ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում` արդյո՞ք նույն այդ 90-ականներին Քոչարյանի ղեկավարած Արցախում կային ֆիրմա ավտոներ, ռեստորաններ, ասֆալտ եւ այլն: Շշմեցնում է, որ երկրի նախագահը առհասարակ խոսում է մեքենաներից, շենքերից, ասֆալտից եւ նույնիսկ, մեղա Աստծո, ռեստորաններից ու սրճարաններից` ներկայացնելով դա որպես իր ղեկավարման գլխավոր ձեռքբերում: Մի պահ պատկերացրեք, որ Քլինթոնն ասի` արա՛, ա՛յ Բուշ, տե՛ս իմ վախտով ինչ շենքեր են կառուցվել Նյու Յորքում, կամ ինչ կայֆ կազինոներ են գոյացել Լաս Վեգասում: Անհեթեթություն: Իհարկե, Հայաստանը ԱՄՆ չէ, ավելի փոքր է, ավելի աղքատ եւ այլն: Բայց նույնիսկ մեզ մոտ այս հարցերը լավագույն դեպքում կարող են լինել քաղաքապետի մակարդակի պաշտոնյայի հպարտության առարկա: Ծայրահեղ դեպքում դրանցից որոշները որպես ձեռքբերում կարող է մատնանշել վարչապետը: Բայց անկախ երկրի նախագահը ամենեւին էլ այդ կարգի հարցերով չի մտնում պատմության մեջ: Նորանկախ երկրի պաշտոնաթող նախագահին գնահատելու համար սերունդները միանգամայն այլ` ռազմավարական բնույթի հարցեր են տալու: Օրինակ` ա) կայացե՞լ է արդյոք արդյունավետ պետական համակարգը` Սահմանադրությամբ նշված երեք իշխանական թեւերի բաժանմամբ, բ) կայացե՞լ է արդյոք կենսունակություն եւ ճկունություն ապահովող մրցակցային բազմաբեւեռ քաղաքական դաշտը, գ) ձեւավորվե՞լ է արդյոք իշխանության փոխանցման կայուն մեխանիզմ, թե՞ յուրաքանչյուր ընտրական գործընթաց անցնում է ցնցումներով եւ այլն, եւ այլն, այսպիսի տասնյակ հարցեր կարելի է ձեւակերպել: Եւ սրանք արդեն նախագահին, այլ ոչ թե պրորաբին վերաբերող հարցեր են: Եւ այս բոլոր հարցերի պատասխանները Քոչարյանի դեպքում բացասական են: Անկեղծ ասած, դրանց մի զգալի մասը բացասական է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Բայց նախ վերջինիս դեպքում կան բազմաթիվ մեղմացուցիչ հանգամանքներ (նրան բաժին հասան հետսովետական ընդհանուր տարածքի օբյեկտիվորեն ամենածանր տարիները, պետությունը առաջին քայլերն էր անում, չկար փորձ, գումարած սրան` պատերազմական վիճակ, տնտեսական խորը անկում եւ այլն: Բացի այդ, Տեր-Պետրոսյանն իր այսօրվա գործունեությամբ ամեն ինչ արել է եւ անում է, որպեսզի լրացնի իր առաջին նախագահության բացերը): Իսկ եթե Քոչարյանն ուզում էր, որ իրեն ավելի շատ սիրեն, քան Տեր-Պետրոսյանին, հրաշալի շանս ուներ 10 տարվա մեջ ոչ թե խորացնել նախկինների թերացումները, այլ շտկել դրանք: Եւ տնտեսական աճը, որը տեղի ունեցավ նրա նախագահության օրոք, ոչ միայն չի արդարացնում նրան, այլեւ խլում է նրանից նաեւ այն մեղմացուցիչ հանգամանքը, որն ունի Հայաստանի առաջին եւ առայժմ վերջին նախագահը: Բայց Քոչարյանն էլ, կարծում ենք, դեռ շանս ունի: Հանրապետության վերականգնումից հետո նրան կարող ենք առաջարկել սահմանամերձ գյուղերից մեկում ասֆալտ փռողի ուղղիչ աշխատանքներ կամ էլ որպես հայտնի ասֆալտ փռող նա կարող է խոպան գնալ Ռուսաստան: Ասում եք` լավ չի՞ նախկին նախագահի մասին նման անհարգալից տոնով խոսել: Բայց ո՞վ է մեղավոր, որ հենց ինքն է իր նախագահության կարեւոր ձեռքբերումը ասֆալտ փռելը համարում:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ

1 comment:

Haik said...

I disagree.
Asphal prel requires honest hard work.
I don't think RK is capable of it.