If you are in Armenia, please print and distribute among friends. If you are in Armenia and know people who want to have news but cannot access it on the internet, please print copies and distribute. But remember NOT to print a color copy - print only a black and white copy. Items printed in color leave markers, originally done to defeat counterfeiters, that will enable security forces to match a print with the printer. Black and white prints do not have that problem.
Another interesting idea: generate viral emails to spread the word. You can send an email to you friends with the link, the whole text, or the zip file from the link below, and ask them to send it to their friends as well. This way, we can spread the news quickly among people who care about freedom and keep them informed before the Armenian government manages to shut down or block the source. But please use discretion - we do not want to resemble spam. Do not send more than one or two emails a day. And if someone objects receiving these emails, please stop sending it to them.
ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր, ՄԻՆՉԵՎ ՎԵ՛ՐՋ
ընդհատակյա թերթ
www.Payqar.org
13.03.08
ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Մարտի 1-ի երեկոյան Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակից դեպի Պարոնյան փողոց քայլելիս, ի թիվս մոտ 30 քաղաքացիների, դաժան ծեծի են ենթարկվել նաեւ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը եւ դուստրը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին մշտապես մասնակցող Գրիզելդա եւ Գայանե Ղազարյանները պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի տիկնոջ հրավերով երեկոյան ժամը 21-ի սահմաններում որոշել են գնալ Պարոնյան 18 հասցեում գտնվող նրանց բնակարան եւ փոքր-ինչ հանգստանալուց հետո հետ վերադառնալ: Ճանապարհին նրանք ականատես են եղել, թե ինչպես է ամբողջ Մաշտոցի պողոտան` մինչեւ Ամիրյան փողոց, լցված ոստիկաններով: Տիկին Գրիզելդան պատմում է, որ ոստիկանների մի մասն այդ պահին շարժվել է դեպի քաղաքապետարան, իսկ մի փոքր մաս էլ, պոկվելով խմբից, սկսել է «քշել» տարբեր պատճառներով հանրահավաքից անջատված խմբին: «Ես մոտեցա սպաներից մեկին եւ ասացի, որ երբ այս ամենը վերջանա, նրա «պագոնները» պոկել կտամ, քանի որ շատ լավ եմ ճանաչում իրեն»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Իսկ սպային նա ճանաչել է դեռեւս Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունից: Հայհոյելով եւ ձեռքի ռեզինե մահակով հարվածելով Գրիզելդա Ղազարյանի որովայնին` ոստիկանը շարունակել է «քշել» մարդկանց: Նրանց հասցրել են Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, լսելով կրակոցներ, մարդիկ վախեցել են եւ մտածել, որ հրապարակում այդ պահին դիակներ են միայն եւ պետք է հետ գնալ այնտեղ: «Հրապարակում մեր հարազատներն էին, որդիս: Շատ վախեցանք եւ գոռում էինք` էս ի՞նչ եք անում, պետությունը մենք ենք, մի միլիոն սպանեցիք, 2 միլիոն սպանեցիք, ո՞ւմ համար եք մնալու էս երկրում: Ի պատասխան` շիթավոր ոստիկանները սկսեցին խփել շիթերին, որ մեր ձայնը չլսվի, որ մեր քարոզչությունը տեղ չհասնի, ազդեցություն չգործի»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը: Ոստիկաններն ավելի կատաղած են վազել դեպի մարդիկ, որոնք էլ սկսել են թաքնվել շենքերում: Մուտքերի մոտից քարշ տալով ոստիկաններից մեկը Գայանեին գցել է փողոց եւ իրեն միացած մի քանի ոստիկանների հետ սկսել ոտքերով հարվածել աղջկան: Այդ ընթացքում դաժան ծեծի է ենթարկվել նաեւ տիկին Գրիզելդան, չնայած Շիրխանյանի կնոջ հորդորներին, թե նա Ռաֆայել Ղազարյանի կինն է: Ծեծելուց հետո Գայանեին նորից քարշ տալով (այս անգամ նա ցավից չի կարողացել քայլել) հասցրել են մոր մոտ: Մտցնելով շենք` սպաներից մեկը նրանց ասել է, որ ինքը փրկել է նրանց կյանքը: Հետո սպան լքել է նրանց, եւ մայր ու դուստր փորձել են որեւէ մեկի բնակարան մտնել: Առաջին հարկում նրանց առաջ դուռ չեն բացել: Բարձրանալով երկրորդ հարկ` պարզել են, որ գրեթե բոլոր փախածները այդտեղի բնակարաններից մեկում են: Այդ տանն էլ Գայանեն զանգել է իր երկու ծանոթներին եւ խնդրել շտապօգնություն ուղարկել: «Որոշ ժամանակ անց երկուսն էլ զանգեցին եւ ասացին նույն բանը. շտապօգնությունից ասում են, որ իրենք Լեոյի փողոցին են հասել, բայց չեն կարողանում առաջ գալ, քանի որ ոստիկանները կրակում են իրենց մեքենաների վրա»,- ծանոթների ասածն է պատմում Գայանեն: Հետո պատշգամբից լսել են, թե ինչպես են ոստիկանները թաքնված մարդկանց փնտրում: «Այսինքն` նրանք ոչ թե մարդկանց ցրելու նպատակ ունեին, այլ ծեծելու եւ այդքանից հետո էլ դեռ չէին հանգստացել»,- մտածել է Գայանեն: Արդեն գիշերը` ժամը երկուսն անց կես, եկել է շտապօգնության մեքենան, բայց Ղազարյանները հրաժարվել են նրանց հետ գնալ: «Ասացին, որ պիտի տանեն Էրեբունու հիվանդանոց, բայց ես գիտեմ, որ այնտեղ ինձ կսպանեին: Ես չուզեցի գնալ նաեւ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, եւ մեր մեքենայով գնացինք Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ բժիշկները զարմացան, որ ոստիկաններից բացի ուրիշ քաղաքացի են ներս թողել»,- պատմում է Գայանեն: Այդ հիվանդանոցում էլ հենց տկն Գրիզելդայի գլխին 8 կար է դրվել: Նա հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ խնդրել է իր հիվանդության պատմությունը տալ` բուժումը շարունակելու համար, բայց չեն տվել` ասելով. «Քանի որ դուք կապված եք այդ դեպքերի հետ, մենք չենք կարող հիվանդության պատմությունը տալ: Դատախազությունը հարցում կանի, մենք նրանց կտանք պատասխանը, իսկ ձեզ` պատճենը»: Այս ամենից հետո էլ Գայանեին հեռացրել են աշխատանքից: Ու չնայած դրան, տկն Գրիզելդան հավատում է, որ հաղթելու է եւ հաղթանակած էլ պիտի ապրի միմիայն Հայաստանում:
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՈՐՈՆՈՒՄ
Գարնան առաջին օրը Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերից մեկը 46-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն էր, ում մասին նրա բակի հարեւաններն ասում են` արդարություն փնտրող մարդ էր:
Ու թեեւ նա արդարություն էր որոնում, սակայն այն, ինչ գտավ, որեւէ ընդհանրություն չունի այդ հասկացության հետ: Հովհաննես Հովհաննիսյանը կամ, ինչպես նրա մասին խոսելիս հարեւաններն են ասում, Հովիկը, այլեւս չկա, եւ նրա ընտանիքը մնացել է շիվար: Կինն ու երկու երեխաները պատուհասած արհավիրքից հետո երեկ առաջին անգամ էին տուն վերադարձել: Մինչ այդ բնակվել են Հովհաննեսի ծնողական տանը, որտեղից էլ կատարվել է նրա հուղարկավորության արարողությունը: Ամուսնուն կորցրած Լիլյան անչափ սակավախոս էր: Նա չէր կարողանում ու նաեւ չէր ցանկանում իր ցավն արտահայտել բառերի միջոցով: Մանավանդ` խոսել ու պատմել մի բանի մասին, որին ներկա չի եղել: Ասում էր` դեպքերի միայն հաջորդ օրն են իրենց զանգահարել ու տեղեկացրել, որ Հովհաննեսը զոհվել է: Թե ո՞վ էր այդ բոթը հայտնողը, տիկին Լիլյան չգիտի: «Ես միայն մտածում եմ, որ անմեղ զոհ եմ ունեցել: Ո՞վ է դրա համար պատասխան տալու»,- հարց է ուղղում այրիացած կինը` վստահեցնելով, որ իր արհեստավոր ամուսինը հանրահավաքներին չէր մասնակցում, ու այդ օրն էլ «հաճախորդի» տնից է վերադառնալիս եղել. Հովհաննեսը սանտեխնիկ էր, եւ հենց որ մեկնումեկը ջրի խողովակների հետ կապված խնդիր էր ունենում, անմիջապես զանգահարում էր նրան: Այդ անգամ էլ, ինչպես վստահեցնում են Հովհաննեսի տանը, նա աշխատանքի էր գնացել ու պետք է տուն վերադառնար: Բայց ուշացել է: Ծանոթ-բարեկամներն անընդհատ զանգահարել ու հետաքրքրվել են` Հովհաննեսը չեկա՞վ: Նա այլեւս չէր գալու եւ իր ընտանիքը թողնելու էր նաեւ առանց կերակրողի, որովհետեւ միակ աշխատողն ինքն էր: Հարեւանները պատմում էին, որ նրան անընդհատ աշխատանքային գործիքներով լի պայուսակը ձեռքին էին տեսնում: Ճիշտ է, տիկին Լիլյան մասնագիտություն ունի, սակայն արդեն այնքան էլ երիտասարդ չէ, ուստիեւ չի համապատասխանում աշխատանք գտնելու համար այսօրվա ընդունված չափանիշներին: Եւ չնայած ամուսնու մահվան հարցում տիկին Լիլյան մեղավորներ չի փնտրում, գոնե մինչ այս պահը, ասելով` «Ի՞նչ իմանամ` ո՞ւմ մեղադրեմ», սակայն նրա հարեւանները չեն խուսափում այդ մասին խոսելուց: Թեեւ պետք է նշել, որ ամեն դեպքում` ակնհայտ էր մարդկանց զգուշավորություն ցուցաբերելու հանգամանքը: Ստալինի ժամանակների շունչն էր մի տեսակ զգացվում: Բայց լիովին զգուշավորություն պահպանել չի լինում, եւ մարդկանց թեկուզ կատակով արված արտահայտությունների միջից դուրս է գալիս նրանց իրական վերաբերմունքը: ««Հայլուր» նայեք, «Հայլուրից» ճիշտը չկա»,- օրինակ` հեգնանքով ասում էին նրանք: Ինչեւէ: Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները կարծում են, որ այդ մարդկանց զոհվելու պատճառ են հանդիսացել Ազատության հրապարակում նույն օրը վաղ առավոտյան կատարված դեպքերը, երբ մահակավորները սկսել են ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: ««Հայլուր» ենք լսում, ստացվում է` մեղավորը մեռնողներն են, բայց մեղավորը Օպերայում կատարված դեպքերն են: Գիշերով քնած մարդու վրա կհարձակվե՞ն»,- ասում էին նրանք ու հաղորդում իրենց իմացածը, ըստ որի` «գրոհայինները» կտրել են վրանների թելերը եւ դրանից հետո սկսել են խփել վրանների տակ մնացած մարդկանց` չնայելով` ո՞վ կա, ո՞վ չկա այնտեղ: Ահա այդպիսի անմարդկային վերաբերմունքն էլ ունեցավ իր շարունակությունը, բայց արդեն Ֆրանսիայի դեսպանատան մերձակա հրապարակում: Իսկ որ այդքան զոհ ունենալուց հետո մեր երկրում Սգո օր չհայտարարվեց, Հովհաննես Հովհաննիսյանի հարեւանները համարում են սխալ, ի տարբերություն նրա կնոջ, որն այդպիսի միտք չի արտահայտում: Կարծես վիրավորանք պարունակող տոնով նա ասում էր. «Իրենց գործն է: Մենք մեր սուգն արել ենք»: Նա նաեւ վստահեցնում էր, որ չի տեսել, թե իր զոհված ամուսինն ինչպիսի վնասվածք էր ստացել, սակայն հետո չէր ժխտում, որ կարծես գլխին ստացած հրազենային վնասվածքից է մահացել: «Ես չեմ նայել»,- ասում էր նա:
ԱՇԽԱՐՀԸ ՑՆՑՎԱԾ Է
Մարտի 1-ին Հայաստանում կատարված ողբերգական իրադարձությունները եւ դրանց հաջորդած զարգացումները լուրջ արձագանք ստացան ամբողջ աշխարհում:
Առաջին իսկ օրվանից տասնյակ միջազգային կառույցներ, եվրոպական երկրներ, հայտնի ու անհայտ կազմակերպություններ հատուկ հայտարարություններ ընդունեցին Հայաստանի վերաբերյալ եւ դեռ շարունակում են ընդունել: Հայ հանրությունը, սակայն, միայն մասամբ է ծանոթ դրանց, քանի որ եթե նույնիսկ ՀՀ իշխանական ԶԼՄ-ները անդրադառնում են այդ հայտարարություններին, ապա միայն համապատասխան սրբագրումներ անելուց հետո: Ուստի հարկ ենք համարում ներկայացնել այդ հայտարարությունների հատկապես այն հատվածները, որոնք կրճատվել են իշխանական ԶԼՄ-ների կողմից: Այսպես` մարտի 1-ին Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ նույն օրը իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա, մասնավորապես, նշել է, որ ցնցված է առնվազն 8 զոհերի մասին տեղեկություններով, միաժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել «հետաքննել մահվան բոլոր դեպքերը եւ ուժի կիրառման չարաշահման վերաբերյալ մեղադրանքները, կենտրոնանալ հանցագործությունների կատարողներին հայտնաբերելու եւ ոչ թե քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու վրա»: Հայտնի իրադարձությունների ժամանակ Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, իր հերթին, նշել է, որ ձերբակալությունները պետք է իրականացվեն միմիայն ապացույցներով: Եվրոպացի դիվանագետը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դե յուրե տնային կալանքի տակ չէ, իսկ դե ֆակտո՝ այո: Տալվիտիեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել արտակարգ իրադրությունը:
Մարտի 3-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հայաստանի իշխանություններին կոչ է արել վերացնել հայտարարված արտակարգ իրադրությունը եւ չսահմանափակել Լեւոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժվելու իրավունքը: Իր հերթին, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը` ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին մարտի 4-ին Վիեննայում հայտարարել է, որ արտակարգ դրությունը չպետք է իշխանությունների կողմից օգտագործվի` հասարակությանը տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելու նպատակով: ՀՀ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարտի 4-ին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Հայտարարության մեջ նշվում է. «Մենք խիստ մտահոգված ենք շաբաթ օրը տեղի ունեցած բռնությամբ, որը դատապարտում ենք ամենայն խստությամբ: Հուսով ենք, որ շատ շուտով, օրինակ, ամբողջ ծավալով կվերականգնվի լրատվամիջոցների ազատությունը, եւ որ հնարավոր կլինի վերացնել արտակարգ իրավիճակը»:
Մարտի 7-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, որը ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս հետ խոսել է արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին: Բրայզան խստորեն դատապարտել է ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործադրած բռնությունները: Իսկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում Բրայզան դա որակել է որպես «ցավալի» եւ ասել, թե ակնհայտ է, որ կառավարական ուժերի արձագանքը «կոպիտ եւ վայրագ էր»: Ամերիկացի դիվանագետը նաեւ մտահոգություն է հայտնել անկախ մամուլի նկատմամբ գործադրվող սահմանափակումների վերաբերյալ: Նա հորդորել է վերացնել արտակարգ դրությունը եւ իշխանություններին կոչ է արել վերջ տալ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առնչություն ունեցող ընդդիմության ակտիվիստների ձերբակալություններին: Իսկ ահա փետրվարի 19-ի ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկոտը մարտի 10-ին ողջունել է արտակարգ իրավիճակի երկու դրույթների չեղյալ հայտարարումը եւ կոչ է արել հանել արտակարգ իրավիճակի մնացած դրույթները: Նույն օրը Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել միջազգային օրենքները եւ միջազգային քննիչներ հրավիրել` մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը քննելու համար: «Միայն նման միջազգային հետաքննությունը արժանահավատ կհամարվի հայաստանցիների կողմից»,- հայտարարել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Գունար Կառլսենը: Վերջինս նաեւ նշել է, որ լայն տարածում է ստացել թերահավատությունը այն բանի հանդեպ, թե ինչպես են իշխանություններն անցկացրել նախագահական ընտրությունները, եւ ահագնանում են վրդովմունքն ու հուսահատությունը այն միջոցների կապակցությամբ, որոնցով դադարեցվել են խաղաղ ցույցերը: Մարտի 11-ին եռօրյա այցով Երեւան ժամանելուց առաջ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարել էր, որ մտահոգված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակով եւ արտակարգ դրության հայտարարման հետեւանքներով: Իր հերթին, Սպիտակ տան մամուլի խոսնակ Թոնի Ֆրատոն երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ քաղաքական երկխոսության կոչ արել: «Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, վերացնի արտակարգ դրությունը եւ վերականգնի մամուլի ազատությունը: ԱՄՆ-ն դատապարտել է մարտի 1-ի եւ 2-ի բռնությունները, որոնց հետեւանքով մարդիկ զոհվեցին, եւ դրան հետեւած իշխանության գործողությունները, ներառյալ ընդդիմադիրների ձերբակալումը, մամուլի ազատության, ինչպես նաեւ հավաքվելու իրավունքի սահմանափակումը», - հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ երեկ իր մտահոգությունն է հայտնել Եվրամիության նախագահությունը` իշխանություններին կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: ԵՄ նախագահության կողմից երեկ ընդունված հայտարարության մեջ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իրենց քաղաքական ակտիվության պատճառով, եւ ձեռնպահ մնալ հետագա ձերբակալություններից»: Նշենք, որ սրանք ամբողջը չեն, եւ այս ընթացքում Հայաստանին վերաբերող հայտարարություններ ընդունած կառույցների եւ երկրների շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Մասնավորապես, դրանց մեջ են` «Human Rights Watch», «Amnesty International» կազմակերպությունները, Բալկանյան քաղաքական ակումբը, Կանադայի ԱԳ նախարարությունը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ այլն:
միայն ժողովրդավարական միջավայրում
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում:
Այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ֆինանսավորման վրա: Դանիլովիչը նաեւ գրել է, որ կորպորացիան վերանայում է Հայաստանում իր աշխատանքի գործառնական տեսանկյունները հայտնի իրադարձությունների լույսի ներքո, ներառյալ լրատվամիջոցների ազատության սահմանափակումը եւ արտակարգ դրության հայտարարումը, եւ ուշի ուշով հետեւում է իրադրությանը ԱՄՆ-ի կառավարության եւ դոնոր գործընկերների հետ միասին: «Որպես Հայաստանի բարեկամ եւ երկարաժամկետ տնտեսական աճի, կայունության եւ ժողովրդավարության ջատագով՝ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան պարտավորություն ունի հաստատելու, որ մեր ծրագիրը գործում է ժողովրդավարական միջավայրում: Կորպորացիայի համաձայնագիրը Հայաստանի ժողովրդի հետ` 235,6 միլիոն դոլար հատկացնելու վերաբերյալ, հիմնված է երկրի քաղաքական ցուցանիշներով ձեւավորվող շարունակական ընթացիկ կատարողականի վրա»,- եզրափակել է Ջոն Դանիլովիչը:
առանց երկակի ստանդարտների
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները Կոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի կապակցությամբ երեկ հանդես են եկել հայտարարությամբ:
«Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունները իրենց համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը, պաշտպանում են ազատ ինքնորոշման իրավունքը եւ ողջունում միջազգային հանրության կեցվածքը Կոսովոյի բնակչության մեծամասնության մարդկային եւ քաղաքացիական իրավունքների հարգման հարցում: Միաժամանակ, պատգամավորները աշխարհի երկրների խորհրդարաններին կոչ են արել հետեւողական լինել ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա կազմավորված պետությունների ճանաչման հարցում` ձեռնպահ մնալով երկակի ստանդարտներից:
չեն հանդուրժվելու
Միջազգային ճգնաժամային խմբի` Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը երեկ ամերիկյան «Wall Street Journal» պարբերականում հրապարակված հոդվածում նշել է, որ Հարավային Կովկասում քչերն են հավատում, թե կարող են իշխանություն փոխել խաղաղ ճանապարհով` քվեատուփերի միջոցով:
Նրա խոսքերով, Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած բռնությունները թեեւ առաջինն էին Երեւանի փողոցներում, սակայն տեղավորվում են Հարավային Կովկասում արդեն շատ ծանոթ վտանգավոր սխեմայի շրջանակներում: Ըստ Ֆրեյզերի, «հաճախ կրկնվող սցենարը հետեւյալն է. նախ խախտումները եւ ընտրակեղծիքների մասին պնդումները ստվերում են ընտրությունները, այնուհետեւ ընդդիմությունը բողոքի զանգվածային ցույցեր է կազմակերպում, եւ վերջապես` ուղարկվում է ոստիկանությունը եւ անհամարժեք ուժ է գործադրում` ծեծելով ազատելով փողոցները ցուցարարներից: Դա այնքան սովորական բան է դարձել Հայաստանում եւ Ադրբեջանում, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն այժմ կարծես նույնքան ժամանակ են ծախսում հետընտրական պայքարին պատրաստվելու վրա, որքան ծախսում են քվեների համար ընտրարշավի վրա: Նույնը, ինչպես երեւում է, սպասվում է Վրաստանում մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որտեղ նոյեմբերին կառավարության հարձակումը խաղաղ ցուցարարների վրա նախորդեց հունվարյան նախագահական ընտրություններին»: Ֆրեյզերը գրում է, որ տարածաշրջանում անչափ շատ ընտրություններ են ստվերվել ձայների վատ կամ շատ վատ հաշվարկով, ընդդիմադիր ակտիվիստների ահաբեկմամբ, քվեատուփերի լցոնմամբ, բազմակի քվեարկությամբ, կողմնակալ ընտրական հանձնաժողովներով, կառավարության թեկնածուի աջակցման համար պետական ռեսուրսների օգտագործմամբ եւ լրատվամիջոցների կողմից ընտրարշավի աղավաղված լուսաբանմամբ: «Դա չէ այն հետխորհրդային իրականությունը, որի հույսը ունեին շատերը: Խորհրդային Միության փլուզումից եւ Հարավային Կովկասի հանրապետությունների անկախացումից հետո բոլորը խոսում էին նրանց ժողովրդավարացման մասին»,- շեշտում է Սաբինա Ֆրեյզերը: Վերջինս գտնում է, որ մեղքի իր բաժինն ունի նաեւ միջազգային հանրությունը: Միջազգային հաստատությունները ներկայացնող դիտորդները, հատկապես` խորհրդարանականները, սովորաբար հակված են շատ արագ հավանություն տալ ընտրություններին` առաջնորդվելով քաղաքական նպատակներով. աջակցել կառավարության թեկնածուին հանուն «տարածաշրջանային կայունության» կամ էլ պարզապես նպաստել առանձին դաշնակիցների` իշխանության մնալուն: Ֆրեյզերը շատ ավելի վստահելի է համարում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության գնահատականները, որոնք հիմնված են շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տեւած դիտարկումների վրա, եւ որոնք վերջնական տեսքով շատ ավելի ուշ են ներկայացվում: Հոդվածագիրը շեշտում է, որ ընտրությունների նման սցենարը կկրկնվի, մինչեւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն նոր ուղեգիծ չորդեգրեն` աջակցելով ավելի շատ այդ երկրների հաստատություններին, այլ ոչ թե անհատներին: «Նրանք պետք է հստակ հասկացնեն, որ կեղծված ընտրությունների հերթական շրջանը չի հանդուրժվելու: Խորհրդային Միության փլուզումից 17 տարի անց բոլոր այդ երկրները պետք է արդեն իմանան` ինչպես անցկացնել իսկական ընտրություններ: Ժամանակն է, որպեսզի տեղի իշխանությունները եւ նրանց օտարերկրյա գործընկերները Հարավային Կովկասում եւ նախկին Խորհրդային Միության որեւէ այլ վայրում ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու եւ հետագա արյունահեղություններից խուսափելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ցուցաբերեն»,- եզրափակում է Սաբինա Ֆրեյզերը:
ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Արդեն 2 շաբաթ է` պաշտոնական քարոզչությունը մարտի 1-ի իրադարձությունները յուրովի է մեկնաբանում` փորձելով խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ:
Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հրապարակում են ինչ-որ տվյալներ, առանձին անձանց ցուցմունքներ, որոնց նպատակը նույնն է` խաղաղ ցուցարարներին ներկայացնել որպես հանցագործներ: ՀՀ իրավապահների եւ զինված ուժերի զենքը կոչված է պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին: Մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության առանցքային կողմերից մեկն այն է, որ այդ զենքերը կրակեցին քաղաքացիների վրա, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին` պաշտոնապես ութ հոգի: Այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանի իրավապահները ողբերգական իրադարձությունների ամենակարեւոր այդ կողմը` մարդկանց սպանության դեպքերը, մտադիր չեն լուրջ քննել: Դեռեւս մարտի 5-ին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտարարել է, որ ոստիկանները ցուցարարների դեմ հրազեն չեն օգտագործել եւ մարդկանց վրա չեն կրակել: Այսինքն` նախաքննության ամենասկզբում իրավապահները գործնականում բացառեցին իրավապահների կողմից իրենց լիազորությունները գերազանցելու վարկածները քննելու տարբերակը: Մի խոսքով, մարդկանց սպանության դեպքերը նախաքննության մարմինը քննելու է այնքանով, որքանով հնարավոր կլինի այդ սպանությունները բարդել ընդդիմության եւ ցուցարարների վրա: Մարտի 1-ի ողբերգական դեպքերի նախաքննության վերաբերյալ տրամադրվող պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Հեռուստատեսությամբ հրապարակում են ոստիկանության տրամադրած տեսանյութերը, որոնցում ինչ-որ երիտասարդներ իբր ցուցմունքներ են տալիս եւ պատմում, թե ինչպես են իրենք թալանել Մաշտոցի պողոտայի խանութները: Չնայած նույն այդ երիտասարդները նշում են, որ իրենք հանրահավաքի հետ կապ չեն ունեցել, բայց ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, միեւնույն է, այնպես են ամեն ինչ ներկայացնում, իբրեւ հենց այդ թալանչիներն են եղել ցուցարարները: Սա այն դեպքում, երբ նույն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել եւ հարցաքննվել են շուրջ 800 քաղաքացիներ, որոնցից շուրջ 150-ը կալանավորված են: Իսկ ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազությունը չի հրապարակում, ասենք, մարտի 1-ի առավոտյան ժամը 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված մարդկանց ցուցմունքները: Փաստաբանների տրամադրած տվյալներից ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի առավոտյան, երբ մարդկանց առանց տարբերակման ուժի գործադրմամբ փողոցից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, նրանց հետագա ճակատագրերը որոշվել է ըստ իրենց բացատրությունների: Նրանք, ովքեր գրել են, որ իրենք պատահական անցորդ են եւ հավաստել են, որ հանրահավաքի չեն մասնակցել, ազատ են արձակվել: Էական չի էլ եղել` այդ մարդիկ իրականում հանրահավաքին մասնակցել են, թե` ոչ: Ոստիկանության համար առավել կարեւոր է եղել, որպեսզի քաղաքացին ընդունի այն խաղի կանոնը, որն իրեն պարտադրվել է, այսինքն` հանրահավաքին մասնակցելն ընկալի որպես օրենքի խախտում եւ իր բացատրությամբ փաստի, որ ինքը նման «օրինախախտման» չի մասնակցել: Իրավապահների այս մոտեցման նպատակը մարդկանց վախեցնելը եւ հետագայում հանրահավաքներին մասնակցելուց հեռու պահելն է: Իսկ այն մարդիկ, ովքեր մարտի 1-ի առավոտյան բերման են ենթարկվել եւ գրել են այն, ինչ տեսել են, կամ ինչ իրենց հետ է տեղի ունեցել, հայտնվել են անազատության մեջ: Փաստաբանները պատմում են, որ բոլոր այն դեպքերում, երբ մարդը իր բացատրություններում գրել է, որ մարտի 1-ի առավոտյան ինքը եկել է Մաշտոցի պողոտա, եւ այնտեղ հասնելուն պես ոստիկանները հարձակվել են իր վրա, ու ծեծուջարդով բերման են ենթարկվել ոստիկանություն, տվյալ քաղաքացին հետագայում ինքն է դարձել մեղադրյալ, եւ նրան այլեւս ազատ չեն արձակել: Նույն կերպ անազատության մեջ են հայտնվել նաեւ մարտի 1-ի` լույս 2-ի գիշերվա իրադարձություններից հետո բերման ենթարկված ցուցարարները: Տվյալ դեպքում խոսքը թալանով զբաղված երիտասարդների մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության ակտիվիստներին, ապա պաշտոնական քարոզչության տեսանկյունից նրանց ցուցմունքները եւ բացատրությունները «ցենզուրայից» դուրս են: Դրանք հիմնականում շատ կարճ են եւ փաստում են միայն, որ իրենց նկատմամբ սկսված հետապնդումը քաղաքական է: Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների նախաքննությունը ի սկզբանե չի կարող օբյեկտիվ լինել, որովհետեւ այն վարողը շահագրգիռ կողմ է: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը պատասխանել այն հարցին, թե իրավապահներից ովքեր են կրակել խաղաղ ցուցարարների վրա: Այսինքն` մարտի 1-ի նախաքննությունը միայն մեկ դեպքում կարող է հավատ ներշնչել, եթե այն իրականացվի անկախ միջազգային կառույցի կողմից: Հենց այդ նպատակով էլ ԵՄ նախագահությունը դեռեւս մարտի 4-ին ՀՀ իշխանություններին առաջարկել էր միջազգային անկախ հետաքննություն անցկացնել:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, իսկ այնուհետեւ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ:
Հանդիպումների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իշխանությունները շահագրգռված չեն մարտի 1-ի իրադարձությունների համապարփակ հետաքննությամբ, եւ կարեւորել է այդ իրադարձությունների վերաբերյալ միջազգային անկախ հետաքննության անցկացումը, որը ներառված է նաեւ ԵՄ նախագահության կողմից արված առաջարկում: Առաջին նախագահը նաեւ տեղեկացրել է, որ առ այսօր շարունակվում են իր կողմնակիցների ձերբակալությունները, որոնցից մի քանիսի նկատմամբ իրավապահ հաստատություններում կիրառվում են բռնություններ, եւ նրանց է հանձնել համապատասխան տեղեկանքներ ինչպես ձերբակալված, այնպես էլ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ:
վտանգված է
ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ-ի 2009-ի բյուջեի նախագծի շուրջ Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովում նախօրեին հայտարարել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագիրը վտանգված է:
Նա նշել է, որ վերջերս հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում ամերիկյան որոշ ծրագրեր առկախելու անհրաժեշտություն է առաջացրել: Ռայսի խոսքերով, հարկ կլինի զգուշացնել հայերին, որ արտակարգ դրությունը վտանգում է նաեւ «ՀՄ»-ի ծրագիրը:
բազար
Երբ ընտրություններից հետո Վահան Հովհաննիսյանը հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` իր այդ որոշումը կապելով ընտրությունների արդյունքների հետ, ՀՅԴ-ն հայտարարեց, թե նրան կարող են հետեւել նաեւ ՀՅԴ-ական նախարարները:
Դաշնակցականները նույնիսկ հայտարարեցին, թե ցանկացած պահի կարող են դուրս գալ կոալիցիայի կազմից: Առ այսօր, սակայն, ՀՅԴ-ական նախարարները չեն հրաժարվել իրենց պաշտոններից, իսկ դաշնակցական վերնախավն էլ, մեր տեղեկություններով, ակտիվ երկխոսության մեջ է մտել իշխանությունների հետ` հետագա համագործակցության շուրջ: Այս անգամ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՅԴ-ն չի բավարարվել ունեցած երեք նախարարական պորտֆելներով եւ կոալիցիայի մեջ մտնելու համար մի շարք կարեւոր պաշտոններ է պահանջել: Հենց այս հարցերն էլ արդեն 3 օր է` քննարկման առարկա են դարձել ՀՅԴ վերնախավում: Փաստորեն, Դաշնակցությունը զգում է Սերժ Սարգսյանի խոցելի վիճակը եւ փորձում է հնարավորինս շատ օգուտ քաղել Սարգսյանի խոցելիությունից:
ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ
Նկարում պատկերվածը մի դրվագ է մարտի 1-ի իրադարձությունները ներկայացնող սիրողական տեսախցիկով նկարահանված ֆիլմից, որը ներկայումս ակտիվորեն շրջանառվում է հանրության շրջանում:
Photo path: http://www.payqar.org/payqar/100.jpg
Պարզվում է, սակայն, որ այդ ֆիլմն «ակնհայտ սուտ է», քանի որ, ինչպես ՀՀ դատախազությունն է պնդում, մարտի 1-ին ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ բանակը ժողովրդի վրա չեն կրակել: Իսկ ֆիլմի այդ մասը, որտեղ համազգեստավոր մարդասպանները ուղիղ նշանառությամբ կրակում են, ըստ նույն դատախազության, մոնտաժված է: Բոլոր նրանք, ովքեր տեսել են այս կադրերը, իհարկե, հասկանում են, որ սա չի կարող մոնտաժ լինել եւ ոչ էլ գեղարվեստական ֆիլմ է: Ակնհայտ ճշմարտություն է, որ համազգեստավորները կրակում են, ընդ որում` ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթերով եւ անընդհատ նույն ուղղությամբ` թիրախներին անպայմանորեն սպանելու հստակ նպատակով: Բայց սա, ըստ պաշտոնական տեղեկատվության, սուտ է եւ կեղծիք: Ըստ նույն պաշտոնական տեղեկատվության, «ակնհայտ ճշմարտություն է» այն, որ ցուցարարներն են սկսել կրակել ոստիկանների ու զինվորների վրա, բայց դեպքի վայրում հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ նկարահանողներ այդպես էլ որեւէ անժխտելի փաստ չեն կարողանում ներկայացնել, որ ցուցարարները կրակում են: Իսկ այն կադրերից, որոնք ներկայացվում են, ուղղակի ակնհայտ է դառնում, որ դրանք հստակ բեմադրված են: Օրինակ` մոխիրի տակից հանվող պլաստիկե ներարկիչը կրակի մեջ, փաստորեն, չի հալվում: Կամ Ազատության հրապարակում գիշերային հարձակումից հետո ոստիկանը վրանի մոտ գտնում է ատրճանակ եւ առանց ձեռնոցների վերցնում ու կինոխցիկի առաջ ցույց տալիս` առանց դրա վրայի մատնահետքերը պահպանելու մտահոգության: Ի դեպ, սա նկատել էր նույնիսկ «Նյու Յորք Թայմսը» եւ հստակ արձանագրել, որ զենքերն ու զինամթերքը խաղաղ ցուցարարներին ցրելուց հետո են հայտնվել: Պաշտոնական քարոզչությունն ակնհայտ ստի եւ ակնհայտ ճշմարտության այս ձեւախեղումը հասցրել է պարզապես աբսուրդի մակարդակի: Իշխանությունը պետք է որ դասեր քաղած լիներ վերջին մի քանի ամսում իր իրականացրած քարոզչության եւ հակաքարոզչության արդյունքից. որքան շատ են քննադատում ու հայհոյում ընդդիմությանը, այնքան բարձրանում է նրա հեղինակությունը, իսկ որքան շատ են գովերգում ու դիֆիրամբներ ձոնում իշխանությանը, այնքան ավելի շատ մարդկանց համար է այն դառնում ատելի ու անտանելի: Սրանից ուղղակիորեն հետեւում է, որ քոչարյանասերժական ռեժիմի դեմ պայքարողների թիվն ավելի է մեծանալու, եւ այդ պայքարը մտնում է մի նոր փուլ:

No comments:
Post a Comment