It looks like three of the dead people were passers-by and two of them have died of gunshot wounds with another one dead because of heavy beating that resulted in a fractured skull.
Գյադեն երբեք աղա չի դառնա
1:34 Yerevan | 21:34 GMT | Thursday 6 March 2008
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած հայտնի գործողությունների ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 8 մարդ` Զաքար Սարգսի Հովհաննիսյանը, ծնվ. 1977թ., Համլետ Թադեւոսյանը, Գոռ Սարգսի Քլոյանը, ծնվ. 1979թ., Դավիթ Աֆրենդի Պետրոսյանը, Տիգրան Հովսեփի Խաչատրյանը, Գրիգոր Օնիկի Գեւորգյանը, ծնվ. 1985թ., Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Ֆարմանյանը:
Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զոհվածների թիվը 56 է: «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագրակազմը իր վշտակցությունն է հայտնում այդ օրը զոհված բոլոր քաղաքացիների հարազատներին: Երեկ այցելեցինք Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի, Գրիգոր Գեւորգյանի հարազատներին` հայտնելու մեր ցավակցությունը: Ցավով պետք է նշենք, որ նրանք երեքն էլ պատահական անցորդներ են եղել (ցուցարարներ չեն եղել, երբեւէ չեն մասնակցել Ազատության հրապարակի հանրահավաքներին) եւ զոհվել են գլխին ստացած վնասվածքներից` Տիգրան Խաչատրյանը գլխին ստացած հարվածից, իսկ Գրիգոր Գեւորգյանն ու Գոռ Քլոյանը հրազենային վնասվածքներից: Ու ամենացավալին` նրանք բոլորն էլ երիտասարդներ էին: Տիգրանի եւ Գոռի հարազատները, հասկանալի պատճառներով, չցանկացան զրուցել մեզ հետ: Տիգրանի տնեցիներից մեկը մի բան ցանկացավ նշել. «Չեմ համակերպվում կատարվածի հետ... Զուր տեղը արյուն հեղվեց, մեր ջահել երեխաների արյունը ու տասնյակ խաղաղ ընտանիքներում մեր վայ իշխանությունների ձեռքով սուգ ու շիվան է տիրում: Հանուն ինչի՞»: 27-ամյա Գրիգոր Գեւորգյանը, երկու երեխաների հայր էր, նրա մայրը, որը մահացել է տարիներ առաջ, «Զոհված ազատամարտիկների կոմիտեի» նախագահ Սուսաննա Անտոնյանն էր, հայրը` զոհված ազատամարտիկ Հովհաննես Գրիգորյանը: Գրիգորի քեռին` Վանիկ Անտոնյանը, մեզ պատմեց, որ մարտի 2-ին դիահերձարանից իրենց տեղեկացրել են, որ Գրիգորը մահացել է պայթուցիկ նյութի բեկորներից, սակայն դատական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս մահացել է գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, գանգի հրազենային վիրավորումից: Մեր այցելության ժամանակ Գրիգորի հարազատները խուսափում էին խոսել` կասկածելով, թե մենք Ազգային անվտանգությունից ենք: Գրիգորի կնոջ եղբայրը` Ռոմիկ Բաղդասարյանը պատմեց, որ Գրիգորի մահվան հանգամանքների մասին երկու վարկած կա. «Ականատեսներից մեկը մեզ ասաց, թե տեսել է, որ Գրիգորի գլխին թիկունքից կրակել է ոստիկաններից մեկը, իսկ մեկ այլ ականատեսի վկայությամբ` Գրիգորի գլխին կրակել են բարձրահարկ շենքի տանիքից, ըստ որում հատուկ գնդի` սպեցնազի զինվորներից մեկը: Եվ դա ավելի հավանական է, եթե նկատի ունենանք, որ Գրիգորը մահացել է գլխի գագաթին ստացած վերքից: Իսկ դա հնարավոր էր միայն գլխին` վերեւից կրակելու դեպքում»: Նշենք, որ Վանիկ Անտոնյանին մարտի 2-ին հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել դիտել «Հայլուրի» եթերում ցուցադրված ռեպորտաժներից մեկում, որի ընթացքում պրն Անտոնյանը պատմում էր, որ Գրիգորը մահացել է ցուցարարներից մեկի կողմից նետած պայթուցիկ նյութից ստացած վնասվածքից: Վանիկ Անտոնյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ վերջինս հարցազրույց է տվել ոչ թե «Հայլուրին», այլ «Ա1+» լրատվական գործակալությունից ներկայացած լրագրողին: «Ես շատ զարմացա, երբ տեսա, որ ինձ ցույց են տալիս «Հայլուրով»:
Ասեմ նաեւ, որ իմ խոսքը մոնտաժված էր ու տպավորություն էր, որ ես հակա բաներ եմ խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների մասին: Ես չեմ ժխտում, ասել եմ, քանի որ այդ ժամանակ դեռ մեզ հայտնի չէր Գրիգորի մահվան իրական պատճառը, մտածում էի գազազած ժողովուրդն ա սպանել քրոջս տղային: Հիմա էլ ուզում եմ դիմեմ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Սերժ Սարգսյան եւ Քոչարյան, ես ձեզ պարոններ չեմ կարող ասել, քանի որ դուք արժանի չեք դրան: Պարոններն իմ պապերն են, որ ֆայտոններով են եկել Երեւան, իսկ դուք մի տակ շապիկով եւ մի վարատնիկ սառոչկով, դուք չեք կարող պարոններ ու առավել եւս պրեզիդենտ լինել... Իմ տղայի` իմ Գրիգորի համարը 191-ն է, դա ի՞նչ համար է` մահացածների թվի՞ համարը, դիահերձարանի սառնարանների՞ համարը, թե՞ իրականում մահացել է 191 մարդ եւ Գրիգորը նրանցից մեկն է` 191-րդը: Ես նորից եմ դիմում Ռոբերտին եւ Սերժին ու ասում, որ իմ պապերը եկել եւ Երեւանն են հիմնել, կառուցել, իսկ այդ երկուսը եկել եւ ժողովրդին իրար դեմ են սրել, ուզում են արյան վրա իշխանություն կառուցեն: Հայկական մի լավ խոսք կա` գյադեն երբեք աղա չի դառնա: Թող այդ խոսքերը լավ հիշեն»:
No comments:
Post a Comment