Թերեւս շատերն են հիշում Հայփոստի հոլանդացի գլխավոր տնօրեն Հանս Բոոնի հետ անցած տարի տեղի ունեցածի մասին, երբ երկու անգամ նրան ծեծի էին ենթարկել Երեւանի հենց կենտրոնում, իսկ երկրորդ անգամը Բոոնը ստացել էր մարմնական ծանր վնասվածքներ:
Իր անվտանգության նկատառումներից ելնելով` շուտով նա դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու հեռացել Հայաստանից: Վերջինս դրանից հետո վստահեցրել էր, թե ծառայողական քննություն է նշանակել, իսկ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Հայփոստի տնօրենի ծեծի ենթարկվելու երկու փաստի առիթով էլ հարուցվել է քրեական գործ: Ի դեպ, նշենք, որ իշխանությունները Հայփոստի տնօրենի նկատմամբ կիրառված բռնության մասին սկսել էին խոսել մեր թերթի հրապարակումից հետո միայն: Եւ ահա, միջադեպից մեկ տարի անց, երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչ պարզվեց վարչապետի նշանակած ծառայողական քննության արդյունքում, ակնհայտ դարձավ, որ ոչ մի ծառայողական քննություն էլ չի եղել, կամ էլ ուղղակի պարզվածը հրապարակելը ձեռնտու չէ: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից 5 օր շարունակ ձգձգում էին մեր հարցին պատասխանելու պահը եւ ի վերջո, որեւէ պատասխան չտվեցին: Իսկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ հարուցված քրեական գործերի վարույթը կասեցված է` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Մեզ, սակայն, հավաստիացրին, թե անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումները ձեռնարկվում են` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Բայց որ Հանս Բոոնին ծեծի ենթարկողներն այդպես էլ չեն բացահայտվի, թերեւս կասկածի ենթակա չէ: Ոստիկանության պատասխանը եւս անակնկալ չէ` հաշվի առնելով նաեւ Հայփոստի հոլանդացի տնօրենի բաց նամակը, որը նա գրել էր հայրենի երկիր վերադառնալուց հետո: Իսկ նամակում Բոոնը մանրամասն նկարագրել էր Երեւանում իր հետ տեղի ունեցածն` անդրադառնալով նաեւ ՀՀ ոստիկանության աշխատաոճին: Նա նշել էր, որ ոստիկանությունը, մեծ դժկամությամբ գործի անցնելով, քննությունը սկսել է միայն 20 օր անց, երբ ինքն արդեն գտնվել է Հոլանդիայում: Հանս Բոոնը պատմել էր նաեւ, թե ինչպես ոստիկանները երկու ժամ իրեն թույլ չեն տվել բուժօգնություն ստանալ: Հարձակումից հետո ինձ եւ իմ հոլանդացի ընկերոջը տարան ոստիկանության բաժին, որտեղ երկու ժամ մեզ թույլ չէին տալիս բուժօգնություն ստանալ: Երկու ժամ անց մեր հայ գործընկերոջը հաջողվեց միջամտել եւ խնդրել ոստիկաններին` թույլ տալ շտապօգնություն կանչել: Բուժօգնությունը տեւեց ամբողջ երկու օր, քանի որ վերքերը բավականին ծանր էին: Դրանից հետո մեզ այցելեցին ոստիկանության երկու բարեհամբույր սպաներ: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում գործի քննությունը: Նրանք ծիծաղեցին, իսկ հետո բացատրեցին, որ Հայաստանում տիրող կարգերը քննություն չեն նախատեսում, դրա փոխարեն տուժածի ընտանիքի անդամները որոշակի առաջարկություն են անում ոստիկանությանը,- հայաստանյան բարքերը զարմացրել էին եվրոպացի Բոոնին, ով, տեսածից անակնկալի եկած, նաեւ հայտարարել էր. Ես աշխատել եմ ավելի քան 50 զարգացող երկրներում, սակայն նման տիպի փորձը ինձ համար բացարձակապես նորություն էր: Կարծում եմ` այն մտորելու օգտակար տեղեկություն կլինի այն արտասահմանցիների համար, ովքեր բարեկամական կապեր չունեն Հայաստանում: Բոոնը տեղեկացրել էր նաեւ, թե Նիդեռլանդների արդարադատության նախարարը բողոքի նոտա է հղել Հայաստան` իր երկրի երկու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ: Հայկական կողմը, սակայն, կասկածի տակ էր առել հոլանդացի նախարարի պնդումների իսկությունը` հայտարարելով, թե Բոոնն ու իր գործընկերը բուժօգնություն ժամանակին են ստացել: Նկատենք, որ Հայփոստը Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց շուրջ մեկ տարի անց հոլանդացի ղեկավարությունը հանդես էր եկել սենսացիոն բացահայտումներով` հայտարարելով նախկինում Հայփոստում տեղի ունեցած չարաշահումների մասին: Այդ չարաշահումներն, ըստ որոշ լուրերի, հասնում էին տասնյակ միլիոնավոր դոլարների: Այս ամենն, ուղղակի թե անուղղակի, առնչվում էր ժամանակին ՀՀ տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարար Անդրանիկ Մանուկյանին, ում ղեկավարության տակ էլ գործել է Հայփոստը, վերջինիս նախկին տնօրեն, այնուհետեւ ՏԿ փոխնախարար Վրույր Առաքելյանին եւ մինչ հոլանդացիներին հանձնելը` Առաքելյանին Հայփոստի տնօրենի պաշտոնում փոխարինած` նրա տեղակալ Գեւորգ Նալբանդյանին: Սակայն, այս մարդիկ հրաժարական չտվեցին իրենց պաշտոններից, բայց եւ չփորձեցին ապացուցել, թե Հայփոստի նոր ղեկավարության մեղադրանքներն անհիմն են: Իմիջիայլոց, Հանս Բոոնի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ, երբ հրապարակվեցին չարաշահումների մասին տեղեկությունները, կարծիքներ հայտնվեցին, թե դա հենց այնպես` անհետեւանք չի մնալու: Ու հետեւանքը, փաստորեն, չուշացավ: Հավելենք, որ Հայփոստն այժմ պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
No comments:
Post a Comment