Wednesday, September 03, 2008

Levon's press conference.

Levon Ter Petrosian held a press conference yesterday where, among other items, he published a few documents which show the Kocharian regime's KGB style repressions. Radio Liberty has an English language recap of the event. Below is the transcript of the presentation of these documents.

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԻ ԺԱՄԱՆԱԿ
Սեպտեմբեր 02, 2008


Այս ասուլիսը ես հրավիրել եմ` ձեզ ներկայացնելու համար մի քանի նորահայտ փաստաթղթեր, որոնք չափազանց կարեւոր նշանակություն ունեն` ընդդիմության դեմ Հայաստանի իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով: Այդ փաստաթղթերը, միաժամանակ, ցույց են տալիս, թե անփութության, մասնագիտական անլիարժեքության, տգիտության եւ ապօրինության ինչպիսի սանձարձակ ու անմխիթար վիճակ է տիրում երկրի արդարադատության ոլորտում:

Փաստաթուղթ 1 (19.02.2008 թ.) - Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշումը` փետրվարի 19-ին Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին: Թեեւ դատական այս որոշման մասին մամուլում արդեն մի թռուցիկ հաղորդագրություն եղել է, սակայն նկատի ունենալով նրա ներկայացրած մեծագույն հետաքրքրականությունը` հարկ եմ համարում հնարավորինս հանգամանալից մեկնաբանել այն: Ի՞նչ է պարզվում այս չարաբաստիկ փաստաթղթից:

1. 2008 թվականի փետրվարի 19-ին, այսինքն` նախագահական ընտրությունների օրը, դատարանի որոշմամբ ԱԱԾ-ին թույլատրվել է գաղտնալսել Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները, վերահսկել նրա նամակագրությունն ու փոստային հեռագրական եւ այլ հաղորդումները, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին դիտում իրականացնել նրա նկատմամբ:

2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետը, նշանակում է` քվեարկության օրը իշխանությունները լիովին վերահսկել են այդ շտաբի ողջ անցուդարձը, ընտրախախտումների վերաբերյալ տեղամասերից ստացվող ահազանգերը, վստահված անձանց, դիտորդներին ու լրագրողներին տրվող տեղեկությունները, ինչպես նաեւ բողոքարկումների հետ կապված ցուցումները: Այսինքն` խոսքը վերաբերում է Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտման մի արտառոց դեպքի, որը ցանկացած նորմալ երկրում համազգային ընդվզման եւ կառավարական ճգնաժամի պատճառ կարող էր դառնալ: Կատարվածը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1972 թվականի Ուոթրգեյթյան հայտնի սկանդալից, որը վերջիվերջո հանգեցրեց նախագահ Նիքսոնի հրաժարականին: Թող այդ համեմատությունը չափազանցված չթվա: Մասշտաբները տարբեր են, երկրները տարբեր են, բայց երեւույթը բացարձակապես նույնն է: Հետաքրքիր էր իմանալ, որ եթե այս փաստաթուղթը ժամանակին հայտնի լիներ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Գերդ Արենսին կամ ՀՀ Սահմանադրական դատարանին, ապա ինչպիսի՞ վճիռ կկայացնեին նրանք անցած նախագահական ընտրությունների մասին:

3. Որպես Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ կիրառված միջոցառման հիմնավորում նշված է այն ենթադրությունը, որ նա իբրեւ թե իրականացնում է գործունեություն` ուղղված ՀՀ ներքաղաքական վիճակի ապակայունացմանը, քաղաքացիական անհնազանդության իրավիճակի ստեղծմանը` դրանով իսկ հիմքեր ստեղծելով ՀՀ-ում հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման համար: Դժվար չէ նկատել, որ այս հիմնավորումը լիովին հակասում է մի այլ պաշտոնական փաստաթղթի, այն է` ԱԱԾ քննչական ծառայության ավագ քննիչ Մարուքյանի կողմից Համաժողովրդական շարժման գործիչների դեմ քրեական գործ հարուցելու մասին փետրվարի 24-ին կայացված որոշման բովանդակությանը, ըստ որի` ընդդիմությունը ՀՀ պետական իշխանությունը յուրացնելու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ կատարել է միայն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նախնական տվյալների, պարտվել է ընտրություններում եւ ստացել ընտրողների ձայների ընդամենը 21,5 տոկոսը: Փետրվարի 19-ին դեռեւս հայտնի չէր, թե ով է հաղթելու: Հետեւաբար, հարց է ծագում, թե ինչու պիտի Ալեքսանդր Արզումանյանը այդ օրը հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրագործման փորձ կատարեր: Ավելի խղճուկ տրամաբանություն կամ ողորմելի իրավագիտակցություն դժվար է պատկերացնել:

4. Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինաբար գաղտնալսվել են անգամ դատական որոշումից առաջ: Դա պարզվում է փաստաթղթում տեղ գտած այն թյուրիմացությունից, որ Ալեքսանդր Արզումանյանին է վերագրվել մի հեռախոսահամար, որը պատկանում է բոլորովին այլ մարդու: Տեղյակ լինելու համար, որ Արզումանյանն օգտագործել է այդ հեռախոսը, ԱԱԾ-ն պետք է նախապես գաղտնալսած լիներ այն: Այսպիսով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդանյանի կայացրած որոշման պարագայում մենք գործ ունենք հայկական արդարադատության մի հերթական գլուխգործոցի հետ, որն արժանի է տեղ զբաղեցնելու Մարուքյանի եւ Միրզոյանի հայտնի ստեղծագործությունների կողքին: Թեեւ ակնհայտ է, որ այդ անօրինական որոշման արդյունքում ձեռք բերված նյութերը չպետք է ապացուցողական ուժ ունենան Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ ծրագրվող ապագա դատական գործընթացում, սակայն Հայաստանում ոչինչ բացառված չէ:

Ի դեպ, լուրջ հիմքեր կան պնդելու համար, որ դատավոր Վարդանյանը փետրվարի 19-ին նման որոշում կայացրել է ոչ միայն Ալեքսանդր Արզումանյանի, այլեւ իմ նախընտրական շտաբի մնացյալ անդամների եւ Համաժողովրդական շարժման բազմաթիվ գործիչների վերաբերյալ: Դրա համար հիմքեր կան, շուտով կհրապարակվեն նաեւ փաստեր: Այսինքն` խոսքը վերաբերում է ոչ թե մի մասնավոր, թեեւ արտառոց դեպքի, այլ ընդդիմության նախընտրական պայքարի ապօրինի վերահսկման տոտալ միջոցառման:

Փաստաթուղթ 2 - Սա էլ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանի մարտի 1-ին կայացրած որոշումն է մարտի 1-ի առավոտյան դեպքերից անմիջապես հետո Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների մասին (մարտի 1-ի իրադարձությունների 2-րդ կեսը չի ընդգրկում): Այս փաստաթուղթը ուշագրավ է հետեւյալ 2 առումներով.

1. Որոշման մեջ հստակ արձանագրված է, որ ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում իրենց գործողությունները սկսել են առավոտյան ժամը 6-ի սահմաններում, ինչը ավելորդ է դարձնում տվյալ միջոցառման վերաբերյալ շրջանառվող բոլոր խոսակցություններն ու դատարկ քննարկումները: Եթե հիշում եք, խորհրդարանական հանձնաժողովը արդեն 1 ամիս է` զբաղված է այդ հարցը ճշտելով, ինչն արդեն ճշտված է պաշտոնական փաստաթղթով: Սրանից բարձր պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի այդ իրադարձությունների մասին: Ի դեպ, նույն ժամը նշված է նաեւ մարտի 1-ին դատախազության տարածած մամլո հաղորդագրության մեջ` նույն ժամը 6-ի սահմաններում: Հետեւաբար, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետագա պնդումներն այն մասին, որ գործողություններն իբր սկսվել են ժամը 7-ից հետո, այլ բան, քան սուտ վկայություն, չեն կարող որակվել եւ, ըստ այդմ, պետք է արժանանան համապատասխան իրավական գնահատականի:

2. Տվյալ փաստաթղթում նույնքան հստակորեն արձանագրված է նաեւ, որ մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ է ժամանել սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները հարկադիր դադարեցնելու նպատակով` այդ գործողությունը հիմնավորելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով: Այսինքն, կարճ ասած, ոստիկանության գործողության նպատակը, ըստ այս փաստաթղթի, Ազատության հրապարակի խաղաղ նստացույցի ցրումն էր: Սակայն տարօրինակ կերպով նույն օրը մի քիչ ավելի ուշ ոստիկանության կողմից տարածված մի հաղորդագրության մեջ նշվում է բոլորովին մի այլ նպատակ, այն է` Ազատության հրապարակում հրազեն, նռնակներ, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր եւ մահակներ առգրավելուն ուղղված զննության վարկածը: Այսինքն` մի դեպքում նպատակը նստացույցը ցրելն էր, մի այլ դեպքում` տեղազննություն կատարել Ազատության հրապարակում: Զննության վարկածը կրկնում է նաեւ գլխավոր դատախազը մարտի 4-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը: Մի կողմ դնելով դատախազության կողմից «պարզաբանում» կոչված խղճուկ բարբաջանքը կամ էժանագին աճպարարությունը (եթե հիշում եք, դատախազությունը, նկատելով այս հակասությունը, ստիպված եղավ ինչ-որ պարզաբանում տալ), իմ կարծիքով, տեղի է ունեցել հետեւյալը: Երբ նստացույցը ցրելու նպատակով ժամանած ոստիկանությունը կատարել է իր խնդիրը եւ ապա ճարպկորեն թփերի տակ տեղադրել ու հեռուստախցիկների առջեւ հայտնաբերել անհրաժեշտ «իրեղեն ապացույցները», դրանից հետո իշխանության բռնազավթման վարկածին ավելի մեծ համոզչականություն հաղորդելու համար մոգոնվել է «զննության վարկածը»: Նախապես իրենք չեն եկել զննության, չեն գրել զննություն, որովհետեւ հաստատ գիտեին, որ այնտեղ զենք չկա, եւ դեռ չեն իմացել` իրենց կհաջողվի՞ այդ թփերի տակ զենք տեղադրել, թե՞ ոչ: Երբ դա արել են, տեղավորել են թփերի տակ, դրանից հետո կիրառել են այս զննության վարկածը, որպեսզի իշխանության բռնազավթման վարկածը ավելի համոզիչ դարձնեն` զենք ցույց տան, ոզնիներ ցույց տան եւ այլն: Ինչեւէ, «նստացույցը ցրելու» վարկածը հաստատվում է պաշտոնական փաստաթղթով, այն է` խնդրո առարկա քննչական որոշմամբ, մինչդեռ «զննության վարկածը» տեղ է գտել ոստիկանության եւ դատախազության մամլո հաղորդագրություններում, որոնք ոչ մի կերպ պաշտոնական փաստաթղթեր համարել հնարավոր չէ:

Փաստաթուղթ 3 - Այս փաստաթուղթն առերեւույթ որեւէ կապ չունի ո՛չ վերը նշված 2 որոշումների, ո՛չ էլ ընդհանրապես այսօրվա իրադարձությունների հետ: Թվում է` նրա նշանակությունը զուտ պատմական է, քանի որ ընդամենը ապացուցում է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին Երեւանում գրանցված չի եղել, հետեւաբար` նախագահ է ընտրվել կեղծ տեղեկանքի շնորհիվ: Փաստաթուղթը մի հարցում է` Փաստաբանական կոլեգիայի կողմից ուղղված Հասցեների հանրապետական բյուրոյին 97 թվականի փետրվարի 18-ին` ճշտելու համար, թե այդպիսի մարդ Երեւանում գրանցվա՞ծ է, թե՞ ոչ: Պատասխանը հետեւյալն է` «Քոչարյան Ռոբերտ Սեդրակի, 1954 թվականին ծնված, չի անցնում», այսինքն` չկա այդպիսի քաղաքացի Երեւանում գրանցված: Սակայն եթե նկատի ունենանք 1998-ի եւ 2008-ի իրավագիտակցության խորքային կապը, ապա դժվար է չնկատել, որ 10 տարվա ընթացքում Հայաստանում տիրող իրավական «բեսպրեդելի» վիճակում ոչինչ չի փոխվել, իսկ եթե, այնուամենայնիվ, փոխվել է, ապա դեպի «բեսպրեդելի» կատարելագործումը: Ի դեպ, ,բեսպրեդելըե թերեւս կարելի է վերարտադրել հայերեն «սահմանազանցություն» բառով:

No comments:

Post a Comment