Thursday, August 21, 2008

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՐԱՎ-ՕՍԵԹԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՐԿԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑՙ

21 Օգոստոսի, 2008, ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր‑Պետրոսյանը պատասխանում է ՚Ա1+ՙ-ի հարցերին

Պարոն նախագահ, կարծես թե, ռուս-վրացական վերջին պատերազմը լրջորեն չգնահատվեց ո՜չ Հայաստանի իշխանությունների, ո՜չ էլ քաղաքական կուսակցությունների եւ նույնիսկ քաղաքագետների կողմից, մինչդեռ ակնհայտ է, որ այդ պատերազմն անուղղակիորեն շոշափում է նաեւ մեր երկրի կենսական շահերը:

Չեմ կարող չհամաձայնել Ձեր դիտարկմանը, բայց կուզեի այդ առթիվ կատարել մեկ հստակեցում` պատերազմը վրաց-օսեթական էր, եւ միայն հետո էր, որ այն վերած­վեց ռուս-վրացականի:

Այսինքն, Դուք ուզում եք ասել, որ նախահարձակը Վրաստանն էր, եւ Ռուսաստանը հարկադրաբա՞ր ներքաշվեց պատերազմի մեջ:

Ես ոչինչ չեմ ուզում ասել, այլ ընդամենը արձանագրում եմ ակնհայտ փաս­տերը: Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը՝ նպա­տակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսեթիայի հանրապետու­թյունը: Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն, իր վճռական միջամտու­թյամբ, հարավ-օսեթական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից: Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսեթիա գոյություն չէր ունենա:

Շատերն, ընդունելով հանդերձ Ռուսաստանի միջամտության հիմնավորվա­ծությունը, միաժամանակ պնդում են, որ նրա պատասխանը համարժեք չէր:

Պատմության մեջ ես չգիտեմ դեպք, երբ հզորների պատասխանը համարժեք է եղել իրենց դեմ կատարված որեւէ ոտնձգության: Կարեւորն, ինչպես ասացի, այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համարժեք լինելու կամ չլինելու պարագայից, կանխեց հարավ-օսեթական ժողովրդին սպառնացող ցեղասպանությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե իբր Սահակաշվիլին չէր կարող նախաձեռնել պատերազմը՝ առանց ստանալու Ամերիկայի Միացյալ Նահանգների հավանությունը:

Այդ պնդումները ես համարում եմ անհիմն եւ անհավատալի, քանի որ բացառված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման լուրջ պետությունը որեւէ մեկին դրդեր այդպիսի արկածախնդրության: Այլ բան է, որ նախագահ Սահակաշվիլին կարող էր սխալ ընկալել կամ մեկնաբանել Արեւմուտքից ստացած որոշ բարեկամական ժեստեր:

Այդ դեպքում ինչի՞ վրա էր հիմնված Սահակաշվիլու հաշվարկը: Մի՞թե նա չէր կարող կանխատեսել իր քայլի հետեւանքները, մասնավորապես, Ռուսաստանի հակազդեցությունը:

Վրաստանի կառավարության հաշվարկն, իմ կարծիքով, հիմնված էր նախեւառաջ հանկարծակիության գործոնի, եւ երկրորդ՝ բարեկամ երկրներին փաստի առջեւ կանգնեցնելու միջոցով հնարավոր միջազգային աջակցություն ստանալու չերաշխավորված ակնկալիքի վրա: Ըստ այդմ, մենք գործ ունենք ՚ցանկալին իրականություն ընկալելուՙ (wishful thinking) տիպական եւ ուսանելի օրինակի հետ:

Եթե, ինչպես Դուք նշեցիք, Վրաստանը հույսը դրել էր հանկարծակիության գործոնի վրա, ապա ինչո՞ւ նա չփորձեց, դեսանտ իջեցնելով, փակել Ռոքի թունելը եւ դրանով խափանել ռուսական ուժերի առաջխաղացումը:

Վրաստանի մտադրությունը ոչ թե հարավ-օսեթական ժողովրդի բնաջնջումն էր, այլ նրա տեղահանումը, ինչն անհնար էր իրականացնել առանց այդ թունելը բաց պահելու: Սահակաշվիլին չէր կարող չգիտակցել, որ բնաջնջումը չէր ներվի համաշխարհային հանրության կողմից, մինչդեռ տեղահանումը կարող էր այս կամ այն կերպ հանդուրժվել, ինչպես 1995 թվականին հանդուրժվեց Կրաինայի սերբերի պարագայում:

Կարո՞ղ եք համառոտակի ամփոփել պատերազմի հիմնական արդյունքները:

Վրաստանի կողմից սանձազերծված պատերազմը ծանր կորուստներ պատճառեց հարավ-օսեթական ժողովրդին եւ ռուս խաղաղարարներին, բայց այդ պատերազմի գլխավոր զոհը դարձավ ինքը Վրաստանը, որը բացի իր վճարած բազմահազար մարդկային կյանքերից, կորցրեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի վրացաբնակ կղզյակները (անկլավները) եւ ստացավ տասնյակ հազարավոր նոր գաղթականներ: Չեմ կասկածում, որ մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ այդ ամենի համար հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից: Ես անկեղծ ցավով եմ արձանագրում եղբայրական վրաց ժողովրդին բաժին ընկած ազգային աղետը եւ նրան մաղթում հնարավորինս արագ վերագտնել իր արժանապատվությունն ու ինքնավստահությունը: Այդ մաղթանքը որքան անկեղծ է մարդկային առումով, նույնքան աներկբա է քաղաքական տեսակետից, քանի որ Վրաստանի կայունությունը, հզորությունը եւ բարգավաճումը միանգամայն համապատասխանում են Հայաստանի շահերին:

Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի միջնորդական առաքելությունը ռուս-վրացական հակամարտության կարգավորման գործում:

Դա միանգամայն ժամանակին նախաձեռնված եւ արդյունավետ առաքելություն էր, ինչն, անշուշտ, հեշտացվեց ռուսական կողմի պատրաստակամության եւ վրացական կողմի այլընտրանք չունենալու պատճառով: Սարկոզիի դերակատարությունը կարեւորվում է մանավանդ այն առումով, որ նա ներկայացնում էր ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Եւրոպական Միության դիրքորոշումը:

Իսկ ինչպե՞ս այդ համատեքստում կմեկնաբանեք Եվրամիության որոշ երկրների՝ Լեհաստանի, Բալթյան հանրապետությունների, ինչպես նաեւ Ուկրաինայի ղեկավարների միանշանակ աջակցությունը Վրաստանին:

Թբիլիսիում տեղի ունեցած համերաշխության այդ ցույցն, իհարկե, հուզիչ արարողություն էր, բայց դրան պետք է վերագրել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական նշանակություն:

Ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ ռուս-վրացական զինված հակամարտությունը գլոբալ քաղաքականության տեսակետից:

Հակառակ ռուս-վրացական պատերազմի առաջացրած լայն միջազգային արձագանքին, ակնհայտ է, որ այն ունենալու է զուտ տեղական կամ տարածաշրջանային նշանակություն եւ, ըստ էության, չի ազդելու գերտերությունների ռազմավարական բնույթի ներկա հարաբերությունների վրա: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծավալվող կոշտ հակառուսական ռիտորիկան բացատրվում է նախընտրական կոնյունկտուրայով, ուստի հիմքեր չկան դա երկարաժամկետ գործոն դիտելու: Հարավային Օսեթիան այն կիզակետը չէ, որ սառը պատերազմի վերակենդանացման ազդակ ծառայի:

Վրաց-օսեթական պատերազմը կարո՞ղ է ինչ-որ կերպ անդրադառնալ մյուս չլուծված էթնիկական հակամարտությունների վրա:

Անտարակույս: Սակայն, ցավոք սրտի, ոչ թե այդ խնդիրների կարգավորման հեշտացման, այլ բարդացման ու երկարաձգման առումով: Պատերազմը մեկ անգամ եւս վերհանեց միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման նկատմամբ գերտերությունների դրսեւորած հակասական մոտեցումը: Մինչեւ աշխարհը չհրաժարվի այս հարցում երկակի ստանդարտների կիրառման պրակտիկայից կամ չգտնի նշված սկզբունքների ներդաշնակեցման բանալին, անհնար է պատկերացնել ազգամիջյան հակամարտությունների արագ լուծումը:

Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը Հայաստանի վրա:

Պատերազմը ամենայն ակնհայտությամբ ցույց տվեց, թե որքա՜ն փխրուն եւ խոցելի է Հայաստանի տնտեսությունը: Հարեւան երկրում ընդամենը մի քանի օր տեւած ռազմական գործողություններն անմիջապես խախտեցին Հայաստանի բեռնափոխադրումների կանոնավորությունը եւ որոշակի խուճապ առաջացրին ներքին շուկայում, մասնավորապես գազի եւ նավթամթերքների մատակարարման բնագավառում: Փոթիի նավահանգստի գործունեության թեկուզ ժամանակավոր խափանումն ու Անդրկովկասյան երկաթուղու կամուրջներից մեկի պայթեցումն սպառնում են ավելի եւս բարդացնել իրավիճակը: Սա պետք է Հայաստանի իշխանություններին ստիպի լրջորեն գնահատել այս դառն իրողությունը եւ համապատասխան եզրակացություններ անել նրանից:

Ձեր կարծիքով, Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս պետք է արձագանքեր պատերազմին եւ ի՞նչ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակում:

Եթե Դուք նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքը, ապա դրական չեզոքությունը, թերեւս, այն առավելագույնն էր, որ Հայաստանի կառավարությունը կարող էր դրսեւորել երկու բարեկամ պետությունների միջեւ ծագած ռազմական հակամարտության նկատմամբ: Այս առումով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան: Իսկ գործնականում Հայաստանի կառավարության կողմից պետք է արվեն եւ մասամբ արվում են իրավիճակից բխող որոշ քայլեր՝ մարդասիրական օգնության ցուցաբերում թե՜ օսեթական, թե՜ վրացական կողմերին, կանոնավոր բեռնափոխադրումների իրականացում ավտոշարասյուների միջոցով, մասնակցություն Փոթիի նավահանգստի վերագործարկման եւ Կասպիի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին եւ այլն: Սակայն ՚համապատասխան եզրակացություններՙ ասելով, նույնիսկ այս ամենը չէ, որ ես նկատի ունեի, այլ շատ ավելի էական պահեր, մասնավորապես՝ պատերազմից քաղելիք մեր դասերը:

Ի՞նչ դասերի մասին է խոսքը:

Առաջին, Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից: Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Երկրորդ, արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է: Փոքր պետություններն այդպիսի սխալներ գործելու իրավունք չունեն: Նման շռայլություն թույլատրված է միայն աշխարհի հզորներին, քանի որ նրանց սխալներից սովորաբար տուժում են ոչ թե իրենք, այլ միեւնույն է՝ փոքրերը: Եւ երրորդ, փոքր պետությունները պետք է մեկանգամընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի ապավինելու կործանարար քաղաքականությունից եւ փորձեն իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով ու կարողություններով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված կանոնները եւ ժողովուրդների համակեցության նորմերը:

6 comments:

  1. This is so naive and short-term, one sided analysis. LTP never had respect to a the crowds which he commands. But in a printed interview he could try to be a little more subtle by his desire to be liked by Russians.

    ReplyDelete
  2. Clementine Churchill: "General, you must not hate your friends more than you hate your enemies"

    De Gaulle (in English): "France has no friends, only interests!"

    ReplyDelete
  3. The Ambassadors (1533).
    See http://www.payqar.org/am/33/

    ReplyDelete
  4. To tell the truth it wasn't impressive from the first reading. Does it deserve a 2nd reading?
    But why we want it to be impressive? It is a personal analysis of events that all of use were doing for the past two weeks.

    I mainly disagree in two things. Georgians knew about the Russian full mobilization on the other side of Roki tunnel I think they had all intentions of securing it but couldn't.

    2ndly this is still a start of the 2nd cold war. The WWI started from a student assassinating Franz Ferdinand.
    Even if Obama gets elected the Nato-Russia relatiosn will not be the same as they were pre Aug 7th.

    ReplyDelete
  5. I've posted the English translation of the interview, as I didn't see it anywhere else.

    ReplyDelete
  6. I didn't know Tzitzernak2 existed--guess I've got some Pashinyan reading to catch up on!

    ReplyDelete