Friday, June 06, 2008

Բա, ըսենց բաներ:

ԴԱՏԱԽԱԶԸ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՂԱՎ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Ազգային ժողովում բառիս բուն իմաստով խայտառակ եղավ:

Պարոն դատախազը երեկ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի զեկույցի խորհրդարանական լսումների ժամանակ ցույց տվեց, որ մարտի 1-ի քրեական գործն իրավական շրջանակներից դուրս է: Գլխավոր դատախազն այդպես էլ չկարողացավ դուրս գալ իրեն ուղղված բազմաթիվ հարցերի տակից ու այնքան էր նեղն ընկել, որ որոշ հարցերի արդեն պատասխանում էր` չգիտեմ, չեմ ասի, չեմ պատասխանի եւ այլն: Պարոն Հովսեփյանը, որը մինչեւ ուշ երեկո տեւած լսումների ողջ ընթացքում գրեթե կապտած էր լարվածությունից, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ելույթից հետո, որը դահլիճը ծափերով ընդունեց, հայտարարեց, թե այնքան էր հուզվել ելույթից, որ քիչ էր մնում ինքն էլ ծափ տար: Իշխանության ներկայացուցիչները երեկ ջանք ու եռանդ չխնայեցին` ապացուցելու համար, որ ՄԻ պաշտպանի հայտնի զեկույցը քաղաքական էր, ու այնպիսի հարցեր էին ուղղում նրան, որ դահլիճում նստածները ժամանակ առ ժամանակ արձագանքում էին. Լավ, ինչպե՞ս կարելի է այդքան պլինդուսից ցածր հարցեր տալ: Իսկ ՄԻ պաշտպանն ընդամենն ասում էր. Մենք հարց ենք տալիս, թե ովքե՞ր են մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում թալանել խանութները, նրանք կապ ունե՞ն ցուցարարների հետ, թե՞ ոչ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ հարցը հուզում է հասարակությանը, իսկ առարկողները մեր առաջադրած հարցադրումը վեր են ածում եզրահանգման` մեղադրող դատողություններով, եւ տարակուսանք են հայտնում, որ պաշտպանը, գտնվելով այնտեղ, ինքը պետք է իմանար դրա պատասխանը, մինչդեռ դա նախաքննության մարմինների պարզելու խնդիրն է: Հայաստանի հասարակությունն այսօր, ըստ ՄԻ պաշտպանի, կանգնած է այլընտրանքի առջեւ` զարգանալ ժողովրդավարական արժեքների ապահովման եւ ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ կամ ընթանալ իշխանության ավտորիտար միտումների ուժեղացման կամ պահպանման ճանապարհով` դրանով իսկ խորացնելով իշխանությունների եւ հասարակության մեծամասնության միջեւ առկա անջրպետը: Շատերն այսօր, ըստ ՄԻ պաշտպանի, խոսում են համամարդկային արժեքների` ազատությունների, մարդու արժանապատվության, քաղաքացիների իրավահավասարության մասին` գործնականում ոտնահարելով բոլոր այդ արժեքները: Ի պատասխան ՄԻՊ-ի ելույթի, գլխավոր դատախազն իր հուզմունքի մասին հայտնելուց հետո հայտարարեց. Սա եվրոպական պրակտիկայում առաջին դեպքն է, երբ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս զեկույցով` վերլուծելով երկրի քաղաքական իրավիճակը: Նրա ելույթից հետո սկսվեցին իրեն ուղղված հարցերը: Ու որպեսզի հստակ երեւա, թե ինչպես պարոն Հովսեփյանը ցույց տվեց, որ մարտի 1-ի քրեական գործ իրականում գոյություն չունի, պարզապես ներկայացնում ենք ընդամենը մի քանի հարցադրումներ եւ նրա պատասխանները դրանց:

Դավիթ Հարությունյան - Դուք նշեցիք, որ իրավասու եք պաշտպանի զեկույցի հետ կապված ներկայացնել ձեր պարզաբանումները: Ես չեմ ցանկանում այս պահին դրա իրավական գնահատականը տալ, բայց կուզեի ճշտել` այն, որ զեկույցի հետ կապված ներկայացված են միմիայն առարկություններ կամ Առարկություններ վերտառությամբ մի փաստաթուղթ, նշանակո՞ւմ է, որ այդ զեկույցում դուք չեք հայտնաբերել որեւէ մի հարց, որը պահանջում էր առնվազն պարզաբանում: Եւ համեմատելով ՄԻՊ զեկույցի առարկությունները, որ ներկայացված են եղել դատախազության եւ արդարադատության նախարարության կողմից, ես հայտնաբերեցի բազմաթիվ ոչ միայն մտքերի համընկնում, այլ նաեւ որոշ հատվածների ուղղակի բառացի համընկնում: Արդյո՞ք այդ առարկությունները նախապատրաստվել են երկու մարմինների կողմից միառժամանակ, միասին աշխատելով, թե՞ դրանցից որեւէ մեկը եղել է առաջնային: Եթե` այո, ապա ո՞րը:

Աղվան Հովսեփյան - Շատ լավ, հաջորդ դեպքում կկոչենք Առարկություններ, պարզաբանումներ:

Զարուհի Փոստանջյան - Արդյո՞ք կան մեղադրյալներ արդեն իսկ 10 զոհերի վերաբերյալ: Առանձին գործեր հարուցվա՞ծ են, թե՞ ոչ, կա՞ն տուժողի իրավահաջորդներ ճանաչված:

Աղվան Հովսեփյան - Քրգործի տվյալների մասին ես ձեզ տեղեկացրի, թե ինչ չափով է դատախազությունը իրավասու դրանց պատասխանել: Դա մենք կանենք, բայց ոչ այստեղ եւ ոչ այս պայմաններում: Ես այժմ նման հարցերի չեմ պատրաստվում պատասխանել, օրենքն արգելում է քրգործերով լսումներ կազմակերպել:

Զարուհի Փոստանջյան - Հարգելի դատախազ, հարցը չի վերաբերում կոնկրետ անուններին, այլ կա՞ն մեղադրյալներ, եւ արդյո՞ք տուժողի իրավահաջորդներ ճանաչվել են: Եթե կան, խնդրում եմ, ասեք` քանիսն են:

Աղվան Հովսեփյան - Ա՛յ, այդքանը ես ձեզ չեմ ասի:

Սեդա Սաֆարյան` Փաստաբանների պալատի անդամ, Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Հայոցյանի եւ Դավիթ Առաքելյանի շահերի պաշտպան - Իմ 3 պաշտպանյալների վերաբերյալ հարուցված քրգործով դուք տեղյա՞կ եք, որ այդ գործերով բերման որոշումները, ձերբակալման որոշումները, անձին բացարկման իրավունքները եւ մնացած էական դատավարական իրավունքները նրանց բացատրվել է շատ ուշ` մարտի 15-ից հետո, իմ բազմաթիվ միջնորդություններից հետո, եւ իմաստ տեսնո՞ւմ եք` բացարկման իրավունքը բացատրել 15 օր հետո, եթե նրանց հարցաքննությունը տեղի է ունեցել մարտի 1-4-ն ընկած ժամանակահատվածում: Իմ 3 պաշտպանյալների գործերով էլ իշխանության ներկայացուցիչները, որոնց իբր թե դիմադրել են իմ պաշտպանյալները, անհայտ են: Ինչպե՞ս եք որակում նրանց առաջադրված մեղադրանքները. եթե դուք չգիտեք, նախաքննությամբ չի պարզվել կողմերի համաչափությունը գործողությունների առումով: Այսինքն` ի՞նչ ոտնձգություն է եղել, որ հիմա էլ պաշտպանություն լիներ: Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչպես կարողացան ոստիկաններին այս համակարգով վարկաբեկել: Իշխանության ներկայացուցիչները Արշակունյաց փողոցից սկսած...

Այստեղ դատախազին փրկելու համար միջամտեց լսումներն այդ պահին վարող Մանվել Բադեյանը: Մեր ձեւաչափն ուրիշ է, մենք հավաքված ենք քննարկելու ոչ կոնկրետ հարցադրումներ ձեր տված քրեադատավարական պրոցեդուրայի, այլ սա զեկույցի շրջանակներում է,- տիկին Սաֆարյանին ընդհատելով` ասաց Բադեյանը եւ թույլ չտվեց, որ դատախազը հարցին պատասխանի:

Արթուր Սաքունց - Ի՞նչ հոգեբանական հնարքներ են, որ կիրառվել են, որո՞նք են դրանց իրավական հիմքերը, եթե պաշտպանը իր մոտեցումը դրսեւորեր, ապա արդյո՞ք դա կբավարարեր ձեզ: ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար Ռուբեն Ոսկանյանը բերման է ենթարկվել մարտի 1-ին, ձերբակալման մասին որոշումը կայացվել է 4-ին, քրգործում որեւէ հիմք չկա, թե որտեղ է նա գտնվել: Ավելին, 5 օր շարունակ ոչ ոք չգիտեր նրա գտնվելու մասին: Դուք տեղյա՞կ եք, որ այդ մեղադրական եզրակացությունը դուք եք ստորագրել, ուշադրություն դարձրե՞լ եք, թե մարդը 3 օր շարունակ որտեղ է գտնվել, եւ արդյո՞ք դա համարվում է մարդու իրավունքների խախտում, թե՞ ոչ: Ոսկանյանը ֆիզիկական բռնության է ենթարկվել մինչ բերման ենթարկվելը, եւ չի պարզվել, թե ոստիկանության կողմից ուժի գործադրումը համարժե՞ք է եղել, թե՞ ոչ...

Նիստը վարողը թույլ չտվեց, որ Սաքունցն իր հարցերը շարունակի: Ու դատախազը, հուզմունքը հաղթահարելով, այստեղ անդրադարձավ Սեդա Սաֆարյանի հարցերին. Դուք ավելի լավ կլինի ձեր ուժը, կարողությունը, միտքը, հնարքները կիրառեք նախաքննության իրականացման վայրերում` պաշտպանելու համար այն անձանց, որոնք ունեն ձեր պաշտպանության կարիքը, ոչ թե այստեղ միտինգներ անեք:

Անահիտ Բախշյան - Տպավորությունն այնպիսին է, որ ՄԻՊ զեկույցը փոխարինում է դատախազության` իրավապաշտպան այդ կառույցի, մեղմ ասած, անգործությանը, իսկ ավելի խստորեն ասած` անմարդկային գործողություններին: Չե՞ք կիսում այդ տեսակետը, որ այդ զեկույցը եկավ փոխարինելու այն բոլոր գործողություններին, որ դուք պարտավոր էիք անել, եւ հասարակությունն այդ զեկույցի շնորհիվ հնարավորություն ունի քննարկելու մեզանում կուտակված բոլոր այն խնդիրները, որտեղ մենք տեսնում ենք մեր քաղաքացիների իրավունքների ակնհայտ ոտնահարումը, մասնավորապես, դատախազությունում, իրավապահ մարմիններում, ոստիկանությունում:

Աղվան Հովսեփյան - Ոչ, չեմ տեսնում:

Գլխավոր դատախազը չպատասխանեց նաեւ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե արդյո՞ք հրազենային վնասվածքներից մահացածների գործով քրեական գործեր հարուցվել են, թե՞ ոչ: Ըստ էության, չպատասխանեց նաեւ ՉԻ թղթակից Գոհար Վեզիրյանի հարցին, թե ինչո՞ւ անձեռնմխելիությունից զրկված 3 պատգամավորների նկատմամբ 90 օր շարունակ որեւէ քննչական գործողություն չի կատարվել եւ այլն: Գլխ. դատախազից հետո ելույթ ունեցած արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւս չկարողացավ ըստ էության պատասխանել իրեն ուղղված հարցերին: Իսկ նեղն ընկած դատախազը հայտարարեց, թե քանի ինքը դատախազ է, ոչ ոքի չի հաջողվի մեր իրավական համակարգը ներքաշել քաղաքական քննարկումների մեջ եւ ծառայեցնել քաղաքական նպատակների: Ասել կուզի` ինքը քաղաքական պատվեր չի կատարում: Այնինչ, պարոն դատախազը խոսելիս տեղ-տեղ քաղաքական գնահատականներ էր տալիս: Հարցերին պատասխանելիս դատախազը մարտի 1-ի առավոտվա օպերացիայի պատասխանատվությունը, ըստ էության, գցեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վրա` մատնանշելով օրենսդրության այն դրույթները, ըստ որոնց` ոստիկանության զորքերը ղեկավարում է ՀՀ ոստիկանապետը, ուստի հենց նա էլ մարտի 1-ին ղեկավարել է այդ զորքերը: Իսկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը դրեց Ռոբերտ Քոչարյանի վրա: ՄԻՊ զեկույցի ամբողջ տրամաբանությունը եւ իմ հարցադրումների ամբողջ ուղղվածությունը ցույց է տալիս, որ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար պատասխանատու է ՀՀ 2-րդ նախագահը: Այս զեկույցից հստակ երեւում է, որ կա անհրաժեշտություն, որ պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով` այդ ողբերգական իրադարձությունները ուսումնասիրելու եւ քաղաքական եզրակացություն տալու համար,- ասաց Դալլաքյանը, որի կարծիքով` իշխանությունը պետք է արտոնի հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը, ընդունի ԵԽԽՎ բանաձեւի պահանջները եւ մտածի ներում, համաներում եւ խափանման միջոցները փոխելու ուղղությամբ առարկայական քայլեր կատարելու համար:

Երեկ դատախազի պատիվը փրկելու համար` լսումները վարող Բադեյանը թույլ չտվեց, որ Ժառանգություն խմբակցության մի քանի պատգամավորներ ու նաեւ Սեդա Սաֆարյանը ելույթ ունենան: Ուստի Ժառանգությունը ցուցադրաբար լքեց դահլիճը` բոյկոտելով լսումները: Ժառանգություն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվա քննարկումները պարզ դարձրեցին, որ այդ ամբողջը ԵԽ բանաձեւի պահանջները կատարելու իմիտացիա է, եւ իշխանությունը Ստրասբուրգում պտիչկա դնելու խնդիր ունի:

Իսկ օմբուդսմենը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ինքն իրոք գործել է Սահմանադրության եւ մյուս օրենքների շրջանակներում: Համոզված եղեք` եթե մյուս զեկույցի կարիքը լինի, ավելի լավ կգրեմ: Բայց հուսով եմ, որ այդ զեկույցի կարիքը չի լինի,- հայտարարեց Արմեն Հարությունյանը:

No comments:

Post a Comment