Friday, April 11, 2008

ՎԱԽԻ ԵՎ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

ChI.am, Yerevan, 04-09-2008 Երեկ Երեւանում "ՀՀ նախագահի երդման արարողություն" անվանումով մի ծիծաղաշարժ միջոցառում տեղի ունեցավ: Ինչպես եւ ցանկացած այլ ոստիկանական միջոցառում, այս անգամ եւս փակվել էին Երեւան մտնող բոլոր մայրուղիները, քաղաքի կենտրոնն ամբողջովին շղթայված էր ոստիկանական ուժերով եւ այլն: Եվ սա պատահական չէ. ռեժիմն ընդամենը հերթական "ուժային ակցիան" էր իրականացնում:

Ամեն ինչ խղճուկ էր: Եվ Սերժ Սարգսյանի` ձայնին խրոխտ երանգներ տալու անհաջող փորձերը, եւ դահլիճում նստածների մռայլ ու ձանձրացող հայացքները: Նույնիսկ "Հայլուրն" էր անհեթեթ վիճակում հայտնվել ու որպեսզի գոնե փոքր-ինչ հանդիսավոր տեսք տա օրվա խեղկատակությանը, սյուժեներ էր ներկայացնում այլ երկրների "երդման արարողությունների" մասին: Եվ պատկերացրեք` հինգ օրինակ բերեց. Ռուսաստան, Բելառուս, Իրան, Թուրքմենստան եւ ինչ-որ աֆրիկյան երկիր: Հետո երեւի իրենք էլ հասկացան, որ անհարմար բան ստացվեց ու փորձեցին մի երկու խոսք կորզել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականից: Դարձյալ անհարմար բան ստացվեց. Մեթյու Բրայզան ընդամենը ասաց, որ Սերժ Սարգսյանը գեղեցիկ խոսքեր է ասում, մինչդեռ կարեւոր է, որ դրան կոնկրետ քայլեր հաջորդեն:

Բայց ավելի անհեթեթ էր Օպերայի դահլիճի բեմում Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Թորոսյանի` այդպես էլ անհասկանալի մնացած ցածրաձայն երկխոսությունը: Տիգրան Թորոսյանը Սերժ Սարգսյանին համառորեն հրավիրում էր խոսափողի մոտ, Սերժ Սարգսյանը հրաժարվեց ու նրա վրա "մուննաթ եկավ", սա բեմի վրա ինչ-որ անհասկանալի պտույտ արեց ու նորից հրավիրեց, Սերժն էլ նեղացավ ու գնաց բեմի անկյունում կանգնեց, հետո ԱԺ նախագահը գնաց-կանգնեց նրա կողքին, հետո ԱԺ փոխնախագահը "սումըչկան" թեւը գցած, միացավ նրանց, հետո ինչ-որ մեկը բոլորին հրավիրեց "մի կտոր հաց ուտելու...": Մի խոսքով, լավ բան չստացվեց: Ու "պատասխանատու հեռուստաընկերությունները" ստիպված եղան ուղիղ հեռարձակումն ընդմիջել "երաժշտական դադարով":

Հետո սկսվեց ամենաահավորը: Ազատության հրապարակում շարված զորքը սպասում էր նոր "գերագույն գլխավոր հրամանատարին": Ի վերջո սա բավականին ուշացումով դուրս եկավ շենքից ու ողջույնից հետո մեռելային լռության տակ քայլեց զորքի առջեւով: Նրան ուղեկցում էր մի զինվորական եւ քամուց քշվող մի պոլիէթիլենային չարանենգ պարկ... Մի խոսքով, ամեն ինչ իսկապես սգո արարողություն էր հիշեցնում: Իսկ "Հայլուրը", չգիտես ինչու, այս ամենն անվանում էր "հաղթական քայլերթ" (սովորաբար այս միջոցառումն անվանում են "տոնական քայլերթ", իսկ "հաղթական քայլերթ" անցկացնում են ինչ-որ ճակատամարտում հաղթելուց հետո):

Բայց "Հայլուրն" ինչ-որ իմաստով իսկապես իրավացի էր: Այնպիսի տպավորություն էր, թե թշնամու մայրաքաղաքը գրավելուց հետո օկուպացիոն զորքերի հրամանատարը մեռյալ քաղաքի դատարկ փողոցներում "պառադ" է ընդունում: Միայն մի բան էր պակասում` որ քայլող զինվորները Սերժ Սարգսյանի ոտքերի տակ նետեն թշնամուց խլված դրոշները: Բայց քիչ անց նկատեցինք, որ դա էլ չէր պակասում: Ամբողջ միջոցառման ընթացքում հսկայական Եռագույն մի դրոշ ընկած էր ասֆալտին` Սերժի ոտքերի մոտ: Քամին պոկել էր Օպերայի շենքի ճակատից եւ որեւէ մեկը, բնականաբար, չէր բարձրացրել:

Իրականում երեկվա միջոցառումը չափազանց ճշգրիտ է արտացոլում ռեժիմի ներկա վիճակը: Հայաստանում նրանք դատարկության մեջ ե, ժողովուրդը նրանց հետ որեւէ կապ չի ունեցել, չունի եւ չի ունենալու: Երեկվա միջոցառմանը մասնակցում էր ռեժիմի հենարանը` ամբողջ կազմով: Դահլիճում` ինչ-որ անհասկանալի դեմքեր, մի քանի "կառուցողական" հոգեւորականներ, մտավորականներ ու շոու-բիզնեսի "աստղեր", դրսում` ոստիկանություն ու "սպեցնազ", եւ իհարկե, մի քանի երկրներից ձեւի համար ուղարկված մի քանի պաշտոնյաներ (երախտապարտ կլինեինք, եթե "Հայլուրը" հրապարակեր այն "մոտ 60 երկրների" ցանկը, որոնք իբր ներկայացուցիչներ էին ուղարկել): Վերջ, սա է Սերժ Սարգսյանի ողջ պոտենցիալը:

Հայաստանում նա ուրիշ հենարան չունի եւ չի ունենալու: Ու միշտ այդպիսին է մնալու` խղճահարության չափ ծիծաղելի ու մեկուսացված: Արյունով "պաշտոն ստանձնողներն" ուրիշ ճակատագիր ունենալ չեն կարող:

No comments:

Post a Comment