Tuesday, April 15, 2008

ԿԼԱՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Only a few days past the date it was written, this may seem dated. However, it seems to predict how things will proceed, and have proceeded, given the number of ministries set to be given to people originating from Karabakh. It points out, quite truly, the nature of the 'opposition' that SS is trying to build with cadres from Karabakh (most notably Samvel Babayan).

Նկատելի է որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ ստեղծագործական տվայտանքների մեջ է: Կոռուպցիայից ազատ ժամերին նա մտածում է, թե էլ ինչ հոդված կարելի է ավելացնել ՀՀ Քրեական Օրենսգրքում: Նման մտածումների նպատակը, անշուշտ, պետականության հիմքերի ամրապնդումն է: Քոչարյանը երազում է այնքան հարստացնել ՔՕ-ն, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տանը նստած հասցնի մի ինչ-որ հանցանք գործել , որպեսզի արդեն տնից դուրս գալիս նրան հնարավոր լինի ձերբակալել միանգամայն օրինական հիմքերով:

Քոչարյանի ստեղծագործական միտքը , սակայն, չի տեղավորվում առանձին վերցրած մի պետության ու նրա հիմքերի ամրապնդման շրջանակներում, ու նա որոշել է ամրապնդել նաեւ ազգի հիմքերը: Եւ ահա, կարծիք է արտահայտել, որ ՔՕ-ում պետք ունենալ այնպիսի հոդված, որը քրեական պատասխանատվություն նախատեսի ազգի տարբեր հատվածների մեջ սեպ խրելու համար:

Քոչարյանը, սակայն, չի պարզաբանել, որոշ կարեւոր մանրամասներ. եթե, օրինակ, իր եւ Սերժի գործունեության արդյունքում հայաստանցիների զգալի մասը սկսել է ղարաբաղցիներին մեղմ ասած վատ վերաբերվել, ո՞ւմ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, ո՞վ է հանցագործը` Ռոբն ու Սե՞րժը, հայաստանցինե՞րը, թե՞ ես, որ այս մասին գրում եմ: Բայց քանի որ ինձ վրա հոդված արդեն իսկ դրված է, առաջարկում եմ որպես մեղադրյալներ ներգրավել այն հայաստանցիներին, որոնց արարքները չեն տեղավորվում Քրեական օրենսգրքի ավելի քան 300 հոդվածների շրջանակներում: Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ վերլուծենք Ռ.Քոչարյանի վերը բերված հայտարարությունը, կհասկանանք, որ այն հեռահար նպատակներ է հետապնդում:

Այդ հայտարարությամբ Քոչարյանը ըստ էության մատնում է Հայաստանը հետագայում ավելի ուժեղ ղարաբաղիզացիայի ենթարկելու իր եւ Սերժի պլանները: Թվում է, թե սրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են, եւ ոչ մի խոչընդոտ չկա: Բայց Քոչարյանին մտահոգել է թերեւս այն, որ պաշտոնների բաժանման այս փուլում նրան ասել են, թե «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանին չի կարելի վարչապետ նշանակել, քանի որ նա ղարաբաղցի է, իսկ ժողովուրդը առանց այն էլ, ղարաբաղցիների նկատմամբ լավ չի տրամադրված:

Այստեղից Քոչարյանը եզրակացրել է, որ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները Հայաստանում ենթարկվում են խտրական վերաբերմունքի եւ նրանց օրենքով պաշտպանելու անհրաժեշտություն կա: Թե չէ վաղն էլ կասեն, որ ինքը չի կարող Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել, քանի որ ինքնուրույն չի կարող 14-ի կռուգից Երեւանի քաղաքապետարան հասնել: Իսկ ինչու չի կարող, որովհետեւ… Այ այստեղ էլ կհայտնվի մեկը Հատուկ քննչական ծառայությունից, ու վերը նշված փաստարկի հեղինակին օրինական հիմքով կգործուղի ուղղիչ աշխատանքային հիմնարկներ: Իսկ ընդհանրապես, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղիզացիայի թեման շատ ավելի է լրջանում, քան կարելի էր սպասել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ Քոչարյան-Սարգսյան զույգը մտադիր է ղարաբաղիզացիայի ենթարկել ոչ միայն իշխանությունը, բիզնեսը, այլեւ ընդդիմադիր դաշտը:

Ինչպես հայտնի է, վերջին իրադարձություններից հետո, երբ Արթուրիկը, Դհոլը, Վազգենը եւ այլոք բացահայտեցին իրենց սերժանտական էությունը, ընդդիմության դաշտում մնացել են միայն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերը եւ ՀՀ առաջին նախագահը հայտնվել է միավորված ընդդիմության լիդերի կարգավիճակում: Սա իշխանության համար չափազանց վտանգավոր վիճակ է, քանի որ քանի որ նրանք սովոր են ընդդիմության դաշտում բավական թվով կառավարելի ուժեր ունենալ: Եւ ուրեմն, Քոչարյան-Սարգսյան զույգին հարկավոր է այլ ընդդիմություն` կառավարելի, յուրային, օրթախ: Այսպիսի ընդդիմության դերում զույգը, փաստորեն տեսնում է Սյամո Բաբայանին, որը ինչպես հայտնի է, հիմա ռամկավար է դարձել եւ շուտով կդառնա ՀՌԱԿ ատենապետ: Այ սա կլինի իսկական ազգային միասնություն` ղարաբաղցի Սերժը նախագահականում, Ղարաբաղցի Ռոբերտը` թիվ մեկ երեւանցու կարգավիճակում, ղարաբաղցի Ալիկը` «Հ1»-ի ղեկավար, ղարաբաղցի Սեյրանը` գլխավոր շտաբի պետ, ղարաբաղցի Գրիշան` Պետական պահպանության ծառայության պետ, Ղարաբաղցի Արկաշան` Սփյուռքի հետ կապերի նախարար: Իսկ այնտեղ, ուր Արկաշան իշխանություն է, այնտեղ ղարաբաղցի Սյամոն` ընդդիմություն է:

Վերջինս, ի դեպ, արդեն իսկ «բոլոր առողջ ընդդիմադիր ուժերին» կոչ է արել միավորվել, ձեւավորել նոր ազգային ազատական արժեքներ դավանող ընդդիմություն, եւ լուսանցքում, այսինքն «խաղից դուրս թողնել» Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ընդդիմությանը: Կարծում ենք կոչը առավել քան թափանցիկ է, սցենարը շատ ավելի թափանցիկ:

Հ.Գ. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ Ռոբերտ Քոչարյանը վերջերս մի ապշեցուցիչ քայլ արեցին: Սահակյանը ինչ-որ մեդալով պարգեւատրեց Ռոբերտ Քոչարյանին: Կներեք տղերք, բայց սա արդեն ադրբեջանական ոճ է, ալիեւյան ոճ: Ասեմ նաեւ, որ ազգի երկու հատվածների միջեւ սեպ խրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում տրված այս ցուցմունքը ճիշտ է, գրված է իմ ձեռքով, որի համար ստորագրում եմ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ 11-04-2008

No comments:

Post a Comment