Wednesday, April 16, 2008

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆՈՎԱՅԱ ԻԶՎԵՍՏԻԱ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ – 14.04.2008

via Payqar.net

ՆԻ - Լեւոն Հակոբի, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը մինչ նախագահական ընտրությունները եւ դրանից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

ԼՏՊ - Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 19-ին, հնարավոր չէ անվանել ընտրություններ: Դա ժողովրդի կամքի նկատմամբ կոպիտ բռնություն էր: Այդ օրվան նախորդել են բերման ենթարկումները ոստիկանություն եւ իմ հազարավոր կողմնակիցների ձերբակալությունները: Նրանց սպառնացել են, վախեցրել, որ չմասնակցեն իմ ընտրարշավին: Իմ հանրահավաքների ժամանակ իշխանությունների կողմից պրովոկացիաներ են կազմակերպվել, իշխանություններին ենթակա հեռուստատեսային բոլոր ալիքներով տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի միակողմանի լուսաբանում, ժողովրդի աչքում իմ անձի հրեշավորում: Ընտրությունների օրը նույնպես իմ 200 կողմնակիցներ, վստահված անձինք, դիտորդներ ծեծի են ենթարկվել: Ամենասարսափելին տեղի է ունեցել ժամը 20-ից հետո, երբ ընտրատեղամասերը փակել էին ձայների հաշվարկի համար: Տեղի է ունեցել վստահված անձանց զանգվածային վտարում եւ ընտրությունների արդյունքների կեղծում: Դրան հաջորդեցին ԵԱՀԿ դիտորդների 2 զեկույցներ: Հատկապես խիստ էր երկրորդը: Դրանից հետեւում էր, որ ընտրությունները որպես այդպիսին չեն եղել, եւ բնականաբար, մենք չէինք կարող ճանաչել դրանք: Դրան հետեւած բազմահազարանոց խաղաղ ցույցերն ապացուցեցին, որ ժողովուրդը եւս դրանք չի ճանաչում: Այն օրը, երբ մեզ միացան Սերժ Սարգսյանի հանրահավաքի մասնակիցները, ցուցարարների թիվը կազմում էր 300-ից 400 հազար մարդ, իսկ ակտիվ մասնակիցների նման թիվը արդեն իսկ ամբողջ ժողովուրդն է: Իշխանությունները գիտակցում էին, որ նման մթնոլորտում Սահմանադրական դատարանը կարող էր իրենց համար անընդունելի վճիռ կայացնել, եւ նրանք դիմեցին պրովոկացիայի. Ազատության հրապարակի հանրահավաքը առավոտյան ցրեցին: Դա մանրակրկիտ կերպով մշակված ծրագիր էր, ընդհուպ մինչեւ խանութների թալանը եւ ցուցարարների գնդակահարությունը: Նրանց առիթ էր պետք` դատարանի նիստն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու համար, եւ նրանք հասան դրան:

ՆԻ - Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր:

ԼՏՊ - Առաջին հերթին, Հայաստանում հաշվվում է մոտ 150 քաղբանտարկյալ: Ես Եվրախորհրդի այլ երկիր չգիտեմ, ուր քաղբանտարկյալներ կան: Կալանքի տակ են գտնվում իմ գրեթե բոլոր վստահված անձինք, իմ շտաբների բոլոր ղեկավարները: Որոշ մարդիկ ստիպված են թաքնվել: Ավելին, այն գյուղերում, որտեղ ես հաղթել եմ, աշխատանքից ազատվում են գյուղական ավագանիները: Աշխատանքից ազատվում են ընտրատեղամասերի նախագահները, որոնց տեղամասերում ես հաղթել եմ: Ամեն օր ոստիկանություն, ԱԱԾ են տարվում տասնյակ մարդիկ, ովքեր քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերել: Նրանց վախեցնում են, ազատում աշխատանքից, հարվածում նրանց բիզնեսին: Ապրիլի 9-ին միջազգային հանրության եւ, առաջին հերթին, եվրոպական կազմակերպությունների օրհնությամբ Հայաստանը ձեռք բերեց բռնապետական, կրիմինալ ռեժիմ, որը, մեղմ ասած, չի վայելում ժողովրդի վստահությունը: Նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, այն ջարդից հետո, որը իրագործեցին իշխանությունները խաղաղ ցուցարարների դեմ, այժմ մեծամասամբ դեմ են նրան: Հասարակության կողմից ուժեղանալու է անհանդուրժողականությունը այս իշխանությունների նկատմամբ: Այսինքն, եթե կուզեք, դասական «գանդիզմ», քաղաքացիական անհնազանդություն, եւ մենք կանոնակարգելու ենք այդ տրամադրությունները: Այսինքն, եթե հարցնեք, թե ինչ եմ ես անելու, ես ձեզ կասեմ` ես ձեւավորելու եմ որոշակի հասարակական կարծիք, որ այս իշխանությունը չճանաչվի: Ինչ քաղաքական ձեւեր այն կընդունի, ես այսօր չեմ կարող ասել, ինչ քաղաքական գործողությունների այն կվերածվի, ցույց կտա ժամանակը: Կասեմ միայն, որ դրա համար օգտագործելու ենք օրինական բոլոր հնարավոր միջոցները:

ՆԻ - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ արեւմտյան կառույցների արձագանքը:

ԼՏՊ - Հայաստանը հանդիսանում է ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի անդամ, եւ նրա կառավարությունը որոշակի պարտավորություններ ունի այդ կազմակերպությունների առջեւ: Դրա հետ մեկտեղ, գտնում եմ, որ այդ կազմակերպությունները, իրենց հերթին, պարտավորություններ ունեն մեր ժողովրդի առջեւ: Այդ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման, երկրում օրինականության հաստատումը նրանց պարտավորությունն է մեր ժողովրդի առաջ: Սակայն իրենց առջեւ Հայաստանի կառավարության պարտավորությունների կատարումը պահանջելով` դրա հետ մեկտեղ իրենք մոռանում են մեր ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Հենց այստեղ է կայանում նրանց ձեւական մոտեցումը այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Ինչ վերաբերում է ընտրություններին, սա առաջին անգամը չէ: Այդ կազմակերպությունների դիտորդները ժամանում են, ինչ-որ առաքելություն իրականացնում, վերադառնում եւ զեկուցում իրենց ղեկավարությանը. նկատել ենք ինչ-որ թերություններ, տալիս ենք ինչ-որ խորհուրդներ, որպեսզի հետագա ընտրությունների ժամանակ դրանք վերացվեն, բարելավման հույս ենք ունենում, օրենսդրության մեջ նկատում ենք շատ դրական տեղաշարժեր եւ ժողովրդավարությունը խորացնելու իշխանությունների մտադրություն: Ի՞նչ եմ ես այդ ամենի ետեւում տեսնում: Իր գոյության պատճառի արդարացում: Դրանք, ըստ էության, մաքուր բյուրոկրատական կազմակերպություններ են, ես նկատի ունեմ դրանց ապարատը: Ապարատը ունի իր գոյության տրամաբանությունը: Նրանք պետք է ապացուցեն իրենց անհրաժեշտությունը, «ռեզոն դե-տրեն»: Այնտեղ հավաքվել են դիվանագիտական թոշակառուներ եւ երիտասարդ կարիերիստներ. նրանք չեն կարող ասել, որ իրենց համակարգման ներքո գտնվող երկրներից մեկում ամեն ինչ վատ է: Այդ դեպքում իրենց կհարցնեն` իսկ ինչո՞վ եք դուք մինչ այժմ զբաղվել: Դա զգում են նաեւ Եվրոպայում, արդեն իսկ կան քննադատական նկատողություններ, դրա վերաբերյալ հոդվածներ: Եթե նախկինում այդ կազմակերպությունների դեմ հանդես էին գալիս հիմնականում կառավարությունները, ապա այժմ հանդես է գալիս նաեւ հասարակայնությունը, ընդդիմությունը, ինչը նրանց համար առավել վտանգավոր է: Ե°ւ Վրաստանում է այդպես եղել, ե°ւ Հայաստանում, ե°ւ Ադրբեջանում այդպիսի ձայներ կան: Այդ կազմակերպությունների գործողություններից դժգոհ են բոլորը: Նրանք ժամանում են, կազմում են խախտումների ցանկը, իսկ վերջում ասում են, թե խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ես նրանց հարցնում եմ. եթե հազարավոր մարդիկ տարվում են ոստիկանական բաժանմունքներ, եթե մարդկանց ծեծել են, ձերբակալել են, ընթանում է միակողմանի քարոզչություն, այդ ամենը չի՞ ազդում ընտրությունների արդյունքների վրա: Այդ ամենը նրանք նկարագրում են, իսկ վերջում այսպիսի անհեթեթ ձեւակերպում: Ես չեմ հասկանում, թե ինչ է դա` տրամաբանության պակա՞ս, թե՞ ինչ-որ անբարոյական բան... Գրում ես, որ տասնյակ վստահված անձինք ձայների հաշվարկի ժամանակ վտարվել են, եւ դա չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Կարծում եմ` վաղ թե ուշ այդ կազմակերպությունները պետք է վերակազմավորվեն:

ՆԻ - Ինչպե՞ս եք տեսնում Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները:

ԼՏՊ - Դա չարչրկված հարց է: Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Իմ իշխանության օրոք այդպիսի հարց չի եղել, ոչ էլ Քոչարյանի: Եթե այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի հարց չկա, ապա դրա մասին խոսելն էլ իմաստ չունի: Ինչ վերաբերում է տարբեր ծրագրերի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա այդպիսի հարաբերություններ կան բոլորի մոտ: Հենց նույն Ռուսաստանի մոտ դրանք կան, նույնիսկ, կարող է, ավելի սերտ, քան Հայաստանինը: Փաստ է, որ Հայաստանը գտնվում է ԱՊՀ անվտանգության համակարգում: Առայժմ Հայաստանին դա ձեռնտու է, եւ ես առիթ չեմ տեսնում Հայաստանը արհեստականորեն հրել այլ կողմ: Առավել եւս, որ նրան ոչ ոք չի հրավիրում:

ՆԻ - Ամեն դեպքում, Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում ինչպե՞ս կարելի է գոնե նվազագույն առաջընթացի հասնել:

ԼՏՊ - Ներկա պահին ամենալավ ելքը կարգավորման վերջին պլանի իրագործումն է, որը ներկայացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հասավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնի բանաձեւի ընդունմանը, այդ պլանի իրագործումը դարձել է խնդրահարույց:

ՆԻ - Ինչպե՞ս եք տեսնում ռուսական բիզնեսի հեռանկարները Հայաստանում եւ հայկականինը` Ռուսաստանում:

ԼՏՊ - Դա բավականին պարզ է: Եթե Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ապա տնտեսության առկա կրիմինալ համակարգը կկապվի կրիմինալ Ռուսաստանի հետ: Կլինի բիզնես, կլինի մրցակցություն, սակայն հիմնականում դա կլինի համագործակցություն Հայաստանի կրիմինալի եւ Ռուսաստանի կրիմինալի միջեւ: Այլ, օրենք հարգող իշխանության դեպքում կլինեն ամենասերտ, նորմալ տնտեսական հարաբերություններ ռուսական պետության հետ:

ՆԻ - Դուք հայտնի գիտնական եք: Կապեր պահպանո՞ւմ եք գիտական աշխարհի ձեր ռուսաստանցի կոլեգաների հետ:

ԼՏՊ - Այո, իհարկե, ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Հիմնականում իմ լենինգրադյան կոլեգաների հետ: Դրանք արեւելագետներ են` պատմական գիտությունների դոկտորներ Կարեն Յուզբաշյանը, Ելենա Մեշչերսկայան, Ալեքսանդր Խոսրոեւը, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ԼՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Իվան Ստեբլին-Կամենսկին: Նրանք բոլորը իմ մտերիմ ընկերներն են: Հանդիպում ենք, իհարկե` հազվադեպ, հիմնականում, երբ նրանք Երեւան գալու առիթ ունեն»:

No comments:

Post a Comment