Friday, March 28, 2008

Հարցազրույց Արա Սահակյանի հետ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՏՏՈ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ

Aravot, 03-28-2008, Yerevan Հարց -Պարոն Սահակյան, ի՞նչն է պատճառը, որ տեւական ընդմիջումից հետո ինքնակամ որոշեցիք խախտել լռությունը եւ հարցազրույց տալու խնդրանքով դիմեցիք «Առավոտին»:

Պատասխան - Ինձ հետ, ինչպես եւ քաղաքականությամբ հրապարակայնորեն չզբաղվող հարյուր հազարավոր մարդկանց հետ կատարվեց այն, ինչ հայտնի թեւավոր խոսքում է ասված. «Երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով»: Բեսլանի դպրոցում զոհված մի աղջնակի մայր խոստովանել էր՝ «Ես աղջկաս հետ ապրում էի մեկուսի կյանքով, աշխատում էի, ոչնչի չէի խառնվում եւ կարծում էի, որ այդպես կլինի միշտ: Բայց մի օր տեղի ունեցավ մեծ դժբախտություն, եւ ես կորցրի ինձ համար ամենաթանկագին էակին՝ աղջկաս: Թվում էր, թե դրանից հետո ապրելն ինձ համար պետք է դառնար անիմաստ, սակայն ես հասկացա, որ պարտավոր եմ ընդվզել, որպեսզի կանխեմ Բեսլանի կրկնությունը»: Այս ընտրությունները, մարտի 1-ը եւ շարունակվող ընթացքը հայերիս համար մի Բեսլան է եւ լռելը հանցակցության է համազոր:

- Որո՞նք են Ձեր մտահոգությունները:

- Ընտրությունները կեղծվել են, իշխանությունը բռնազավթվել եւ պետական մեքենային անվերահսկելիորեն տիրապետող վարչախումբը պատերազմ է հայտարարել ժողովրդին: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական թիմն ըստ էության հայտարարված են օրենքից դուրս: Նրանք հետապնդվում են որպես չարամիտ խռովարարներ, եւ այդ հիմքով հարյուրից ավելի մարդ նետվել է զնդանը, հազարից ավելին՝ ձերբակալվել, հարցաքննվել, բռնությունների ենթարկվել, ահաբեկվել, եւ այս ամենը շարունակվում է ու վերջը չի երեւում: Արտաքին ճնշման տակ վերացվել է արտակարգ դրությունը, սակայն դա առերես քայլ է, իրականում Հայաստանն ապրում է արտակարգ դրության պայմաններում: Մարդիկ ոչ միայն զրկված են իշխանություն ձեւավորելու, այլեւ սեփական կարծիքն արտահայտելու, տեղաշարժվելու, խոսքի, անձնական կյանքի անձեռնմխելիության ազատություններից:

- Բայց իշխանությունը ժողովրդին կոչ է անում միասնության եւ ինքն էլ օրինակ ծառայելով՝ համաձայնություն է կնքել խորհրդարանական չորս առաջատար ուժերի միջեւ:

- Ընտանիքում, ընկերների միջեւ կամ բանակում միասնությունը ես հասկանում ու գնահատում եմ: Առանց միասնության ընտանիք չկա, ընկերությունը վերածվում է թշնամության, բանակն էլ՝ խուժանի: Բայց անգամ մի կուսակցության ներսում միասնությունն անընդունելի է: Այնտեղ պետք է տիրի մրցակցության, գաղափարների ու ծրագրերի բախման ոգին, գոյության իրավունք պետք է ունենան ներկուսակցական խմբակցությունները, միասնական են բոլշեւիկյան, տոտալիտար տիպի կուսակցությունները: Իսկ երբ խոսում ենք հասարակության մասին, ապա միասնական հասարակությունը դա հնազանդ, լուռ, իր ճակատագրի հետ հաշտված մարդկանց կոնգլոմերատ է: Դարեր շարունակ շատ իշխողներ են ցանկացել ունենալ հպատակների այդպիսի մի զանգված, բայց միշտ էլ չարաչար պատժվել են, որովհետեւ միակերպությունը կամ համահարթեցումը դեմ է մարդկային բնությանը: Մարդիկ տարբեր են ի ծնե՝ իրենց ֆիզիկական ու մտավոր կարողություններով, քաղաքական ու տնտեսական ձիրքով եւ պատմականորեն ու անհրաժեշտաբար, պետությունը, իշխանությունը ծագել են հենց այդ տարբերությունները, ներհակությունները ներդաշնակելու համար: Քոչարյան-Սարգսյան զույգը կարծում եմ՝ դա հասկանում է, բայց չի կարողանում հաշտվել այդ անխուսափելիության հետ:

- Եթե հասկանում են՝ ինչի՞ վրա են հույս դնում, չհաշտվելով ու դեմ գնալով հասարակական կյանքի օրինաչափություններին:

- Կարծում եմ, նրանք ելնում են ադրբեջանական, իսլամական, թշնամի միջավայրում գոյատեւող ԼՂԻՄ-ի փակ հասարակության մեջ ձեռք բերած իրենց փորձից: ԼՂԻՄ-ում հասարակական միասնությունը նախ եւ առաջ ու գլխավորապես 70 տարի ընկալվել է որպես հայ ազգային միասնություն՝ միասնական ջանքեր՝ հանուն ազգային ինքնության պահպանման ու պայքար՝ ընդդեմ ասիմիլյացիայի, միասնական ջանքեր՝ հանուն հայոց լեզվի, հայկական մշակույթի ու հայ եկեղեցու պահպանման եւ պայքար՝ ընդդեմ լեզվական ուծացման, անհայրենիք կոսմոպոլիտիզմի, մարտնչող աթեիզմի: 1988 թվականի փետրվարին սկսված ազատագրական պայքարի ընթացքում ազգային միասնության վրա հենված ղարաբաղցիների աշխարհայացքը նրանց շատ օգնեց: Նրանք ունեին մեկ թշնամի՝ ադրբեջանցին, եւ այդ թշնամու դեմ համախմբվելու ջանքեր չգործադրեցին. իրենք համախումբ էին: Իսկ փոքրաթիվ միկոյանների, ավիսների կամ կեւորկովների հարցը հեշտ լուծվեց: Հայաստանի հասարակությունն այլ է: Մենք այստեղ մեր ազգային, լեզվական կամ մշակութային պատկանելության հիմքերով ոչ պետական մակարդակում եւ ոչ էլ կենցաղային՝ հալածանքների չենք ենթարկվել: Ռուսիֆիկացիայի երեւույթները բավականաչափ մակերեսային էին եւ չէին վնասել մեր արմատները: Ինչ վերաբերում է մարտնչող անաստվածությանը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրավունքներում վերահաստատված հայոց եկեղեցին՝ իր Էջմիածին կենտրոնով, լուրջ հակակշիռ էր դարձել: Հայկական ԽՍՀ-ն ԼՂԻՄ չէր, եւ Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ չէ. սա պետք է նրանք ընդունեն եւ ելնեն այս իրողությունից: Մեր հասարակությունը բաց հասարակություն է, պայքարել ու նվաճել է բազմակարծության, տնտեսական մրցակցության իրավունքը: Նրան գետտո դարձնելու ջանքերը դատապարտված են: <--Շարունակելի-->

No comments:

Post a Comment