Wednesday, March 26, 2008

Ստիպե՛նք շարունակել “գայկա ձգելու” պրոցեսը

link to the English translation.
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց կողմից իրականացվող ռեպրեսիաների մասին խոսելիս “աշխատանքային” խոսակցությունների ժամանակ այդ պրոցեսը բնորոշում են որպես “գայկա ձգել”: Այսինքն, երբ պիտի ասեն, թե նոր ռեպրեսիաներ պետք է իրագործել, ասում են` գայկաները պետք է ձգել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը սկսելուն պես, Քոչարյանը եւ Սարգսյանը բազմիցս իրենց շրջապատում ասել են. “Ոչինչ, հեսա գայկաները մի քիչ էլ կձգենք ու ամեն ինչ կվերջանա”:

Նման արտահայտություն, որ վերաբերվել է ՀՀ առաջին նախագահին նրանք առաջին անգամ արել են 2007 թվականի հոկտեմբերի 26-ին, հանրահավաքից հետո իրենց անհանգստացած շրջապատին հանգստացնելու համար: Ու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանրահավաքից ի վեր ավազակապետական զույգը ստիպված է ձգել գայկաները: Այս ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ սպառնալիքներ են ստացել, բերման են ենթարկվել, շատերը զրկվել են աշխատանքից, առնվազն ութ մարդ` կյանքից: Արտակարգ դրությունը “գայկա ձգելու” ամենացայտուն օրինակն էր եւ գագաթնակետը: Բայց դրանից հետո էլ զույգը ստիպված է “գայկա ձգել”, մարդկանց զբոսանքը Երեւանի կենտրոնում հսկելով սաղավարտավոր-մահակավոր ոստիկաններով, նորանոր ձերբակալություններով: Այսինքն ավազակապետությունը շարունակում է ձգել իշխանական մեքենայի գայկաները:

Եւ ուրեմն, ի՞նչ պետք է անենք մենք` ՀՀ քաղաքացիներս: Մենք չպետք է թույլ տանք, որ զույգը գայկա ձգելու այս պրոցեսից դուրս գա, որովհետեւ քանի դեռ գայկա ես ձգում, մեքենան քշել չես կարող: Եւ հետո` գայկաները կտրվելու, այսինքն կոտրվելու հատկություն ունեն: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ գայկաները ձգում ես ավելի, քան դրանք կարող են ձգվել: Քոչարյանասերժական գայկաները հասել են այս սահմանագծին ու որպեսզի դրանք կտրվեն, հարկավոր է նրանց ստիպել, որ շարունակեն ձգման գործընթացը: Ինչպե՞ս:

Ամենակարեւորը, իհարկե, ամենօրյա զբոսանքներն են Ազատության հրապարակի մերձակայքում: Սա հիմնական գործն է, որ մենք բոլորս պետք է անենք:

Երկրորդը` պետք է կազմակերպել ավելի փոքր ակցիաներ: Պետք է շարունակել DVD գործունեությունը, հանրությանը մատուցելով օբյեկտիվ վիզուալ տեղեկատվություն: Եւ այլն եւ այսպես շարունակ:

Կարճ ասած, ավազակապետական զույգը պետք է ստիպված լինի շարունակել “գայկա ձգելու” պրոցեսը: Մյուս կողմից, վերը նշված ակցիաները կծառայեն մեծ հանրահավաքի նախապատրաստմանը, որի օրը եւ տեղը որոշում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ու մինչ վերջինս որոշում է կայացնում, մեզնից յուրաքանչյուրը պետք է Քոչարյանին ու Սերժին պահի “գայկա ձգողի” կարգավիճակում:

Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Նիկոլ Փաշինյան

No comments:

Post a Comment