Monday, March 24, 2008

Ավազակապետերն էլ են լաց լինում

“Ուզենք, թե չուզենք, պետք է ընդունենք, որ մենք ենք ընտրել”,-Հանրային հեռուստատեսությամբ ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով ահա այսպիսի արտահայտություն արեց Հովհաննես Չեքիջյանը, փորձելով հիմնավորել, թե ինչու պետք է հանրությունը որպես նախագահ ընդունի Սերժ Սարգսյանին: Համոզված եմ` Հայաստանի ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորի այս արտահայտությանը շատերն են էմոցիոնալ արձագանքել` հայհոյելով այս եւ այսօրինակ մտավորականների ստրկամտությունը: Իրականում սակայն, պետք է շնորհակալ լինել Չեքիջյանին, որ նա սովորականից ավելի ուժեղ գրաքննվող Հանրային հեռուստատեսությամբ ըստ էության ասաց այն ինչ կասեին ընդդիմադիր քաղաքական գործիչները այս օրերին եթերում հայտնվելով: Կասեին մի փոքր այլ կերպ, բայց կարտահայտեին նույն իմաստը: Իսկ իմաստը հետեւյալն է` հայ հանրությունը չի ցանկանում Սերժ Սարգսյանին որպես նախագահ ընդունել, չի ընդունում որպես նախագահ, եւ ահա ավազակապետությունը տանկերը մտցրել է ՀՀ մայրաքաղաք եւ փորձում է հայ հանրությանը պարտադրել Սերժին: Բայց վերջինիս վիճակը թերեւս շատ ավելի ծանր է, քան կարելի էր մտածել, որովհետեւ անգամ Հովհաննես Չեքիջյանը չի ուզում Սերժ Սարգսյանին պատկերացնել ՀՀ նախագահի դերում: Այլապես Չեքիջյանը ոչ թե վերը նշված կերպով կձեւակերպեր իր նախադասությունը, այլ կասեր` հայ ժողովուրդ, ցնծացեք, ուրախացեք, որ այսքան լավ նախագահ եք ընտրել: Բայց դե ինքն էլ հասկանում է, թե ինչ է կատարվում, պարզապես հարմարվող տեսակ է եւ սովոր է կատարել բոլոր նրանց հրահանգները ում ձեռքին գտնվում է իշխանության կնիքը: Չեքիջյանի եւ իր ստալինյան սերնդի մտավորականության համար` իշխանությունը կնիք է, կաբինետ, պադավատ եւ բիրտ ուժ: Իսկ ժողովուրդը այս սերնդի մտածողությամբ այս ընթացքում անելիք չունի: Նա այսինքն ժողովուրդը ուզի թե չուզի պետք է գլուխը կախ լսի, թե ինչ են իրեն հրահանգում կնիքավորները, որովհետեւ նրանք են մարդկային ճակատագրի բարձրագույն քրմերը: Չեքիջյանը, ինչպես եւ Սոս Սարգսյանը եւ էլի ուրիշներ, սեփական օրինակով գիտեն դա, որովհետեւ կատարած զեղծարարությունների համար պետք է դատվեին, բայց չեն դատվել եւ դրա փոխարեն մանր ծառայություններ են մատուցում իրենց ճակատագրի տիրակալին` Սերժ Սարգսյանին: Չնայած, վերջինիս հոգեվիճակը շատ չի տարբերվում իրեն ծառայող “ինծիլիգենցիայի” վիճակից: Անգամ անսահման ցինիզմը Սերժ Սարգսյանին չի կարողանում օգնել, որ նա ինքն իրեն համարի ընտրված նախագահ: Վերջին շրջանի գործողությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ հայտնվել է ուզուրպատորի կարգավիճակում: Եւ մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության մեջ չլսված ու չտեսնված մի երեւույթի. նախընտրական քարոզարշավ ընտրություններից հետո: Հենց սրանով է զբաղված Սերժ Սարգսյանը: Նա սկսել է հանրությանը, գործարարությանը խոստումներ տալ ընտրություններից հետո: Մինչդեռ եթե ընտրված նախագահ է հիմա պիտի գար փետրվարի 20-ից առաջ տրված խոստումների իրագործման շրջանը: Բայց Սերժ Սարգսյանը հասկացել է, որ հանրությունը բացարձակապես արհամարհել է իր “Առաջ Հայաստանը”: Եւ ահա խոստումների նոր տարափ: Նա խոստանում է Հայաստանում կյանքը դարձնել ուրախ եւ ապրուստը ձրի: Սերժ Սարգսյանը սակայն չի ընկալել մի պարզ ճշմարտություն. պրոբլեմը ոչ թե իր տված խոստումների մեջ է, կամ դրանց պերճախոս չլինելու, այլ խոստում տվողի մեջ: Ավելի ճիշտ այն համակարգի մեջ, որի ղեկավարն է ինքը: Որպեսզի իր տված խոստումները կատարվեն, Սերժ Սարգսյանը պետք է կտրի այն ճյուղը որին նստած է, այսինքն պետք է կազմաքանդի իր թիմը, իր բիզնեսը, պետք է ոչնչացնի ինքն իրեն: Նման բան, հասկանալի է, լինել չի կարող, եթե անգամ Սերժ Սարգսյանը ցանկանա: Եթե անգամ սկսի այդ գործընթացը, համակարգը նրան կխժռի, որովհետեւ ցանկացած օրգանիզմ ունի ինքնապահպանության բնազդ: Ու եթե Սերժ Սարգսյանը իրոք դարձի է եկել, նա ունի շատ ավելի հեշտ լուծում` ուղղակի հեռանալ: Իրականում սակայն, այս ամենը կինո է, նախատեսված սերիալի սիրահար հեռուստադիտողի համար: Բայց հեռուստացույցը նաեւ Սերժ Սարգսյանի ջանքերով դադարել է տեղեկատվության աղբյուր լինելուց, այն ուղղակի կռահումներ անելու նյութ է տալիս: Եւ այսօր “գալուբոյ էկրանից” մեզ մատուցվող նյութը ստիպում է արձանագրել` Սերժ Սարգսյանը հասկանում է, որ մերժված է ժողովրդի կողմից եւ սա շատ կարեւոր արդյունք է:

Նիկոլ Փաշինյան

5 comments:

  1. Apres Nikol jan! Halal a kez, pind mna yev menk misht kez het klinenk. Durs chgas taqstocic, es arnaxumner@ yerdvel en fizikapes vochnchacnel kez...

    ReplyDelete
  2. We are reading and looking forward to your publications. Please, don't stop the fight or else many more people will be leaving this country very soon.

    Take care.

    ReplyDelete
  3. amsi 21-ic heto pakasel en publikacianer@. mi tulacreq.

    ReplyDelete
  4. I am proud and happy that there are still such journalists as Nikol in this country.
    Don't give way to despair.
    Paikar, paikar minchev verj.

    A group of young and pretty girls.

    ReplyDelete
  5. Due to the end of the State of Emergency and some freedom of printed and online press the volumes of payqar.org decreased. However due to many requests to maintain the previouse volume we will try to update the website as often as we can.

    If before it was a temporary measure to fight the ban on freedom of speech ( which we are proud to say was successfully accomplished) it seems it has now developed its own domain.

    There will be many more articles from Nikol.

    Haik on behalf of Payqar.org group

    ReplyDelete