Thursday, March 20, 2008

Մշո վանքը պաշարված է

Օրեր առաջ Հայաստանի գործող ղեկավարներն ակնարկեցին այն միտքը, որ Հայաստանում պետք է ավելի շատ հացահատիկ ցանեն, որպեսզի երկիրն ի վիճակի լինի իրեն լիովին ապահովել հացով: Առաջին հայացքից սա խիստ գովելի նախաձեռնություն է: Կզարգացնենք հայրենի արտադրությունը, գյուղացիները կսկսեն ավելի լավ ապրել, ո՞վ գիտի, կարող է նաեւ հացահատիկ արտահանենք:
Մի խոսքով, առաջին հայացքից ստացվում է իդեալականին մոտ մի տեսարան, ընդ որում Սերժ Սարգսյանն էլ հանդես է գալու հայկական Ստոլիպինի դերում: Մի խոսքով, առաջին հայացքից ամեն ինչ շատ լավ է եւ ավելի լավ է լինելու: Սակայն բանն այն է, որ իրականում այս ամենն ունի շատ լուրջ քաղաքական եւ հոգեբանական նախադրյալներ: Սկսենք տնտեսությունից: Մարտի 1-ի եղեռնագործության շնորհիվ Հայաստանն իր արժանի տեղն է զբաղեցրել տարատեսակ բռնապետությունների շարքում: Պարզ է, որ նմանատիպ երկրի հետ ոչ մի իրեն հարգող գործարար կամ միջազգային կազմակերպություն գործ չի ունենա: Արդյունքում երկրում շատ արագ կսկսի թափառել հնարավոր սովի ուրվականը, ինչը հղի է սովյալ խռովությունների վտանգով: Դրանք արդեն լիակատար կործանման կհասցնեն առանց այդ էլ խարխլված եւ միայն սվինների վրա հենված իշխանական բուրգը: Բացի այդ, բացառված չէ, որ այսօրվա կառավարիչները կամենալով ամրապնդել իրենց ձեռքից գնացող իշանությունը, փորձեն հրահրել «փոքրիկ հաղթական պատերազմ»: Չեմ կարող, ավելի ճիշտ, վախենում եմ ենթադրություններ կատարել հնարավոր զինված բախման ելքի մասին, սակայն մի բան է հաստատ. այս ամենը կսաստկացնի Հայաստանի միջազային շրջափակումը: Այնպես որ, մեր իշխանությունները լավ օրից չէ, որ խորհուրդ են տալիս ժողովրդին հացահատիկ ցանել: Այսքանից հետո ընթերցողներն իրավասու են մի շատ պարզ հարցադրում կատարելու, եթե պատճառներն այդքան պարզ են, ապա ինչու հարազատ իշխանությունները պարզապես միջոցներ ձեռք չեն առնում երկիրն այդ վիճակին չհասցնելու համար: Եվ այսպես առաջին պլան է մղվում հոգեբանական գործոնը: Իրականում այսօրվա իշխանություններին «պաշարված ամրոցի» կարգավիճակը բավականաչափ ձեռնտու է: Մի կողմից «պաշարված ամրոցի» բնակչությունը` զուրկ լինելով էլեմենտար տեղեկատվությունից, կարող է ընկնել լիակատար ապատիայի գիրկը եւ այդքան էլ սուր չընկալել տեղի ունեցող իրադարձությունները: Բացի այդ, նմանատիպ եղանակով հնարավոր է ստեղծել «թշնամու կերպար», որը կմիավորի Արեւմուտքը եւ իբր նրան աջակցող հայաստանյան ընդդիմությունը, ասելով. «Տեսեք, սրանք են ձեր իրական թշնամիները եւ նրանց համակիրները»: Խիստ ծանոթ երեւույթ է. այսպես էին վարվում մեր ժողովրդի հետ, սկսած 1920թ. խորհրդային իշխանությունները, ջանալով ապացուցել մեզ, որ մեր հայոց սփյուռքը փաստորեն այլ ազգ է եւ նույնիսկ անվանում էին ընտրել` հայկական կապիտալիստական ազգ: Այսպես էին վարվում 30-ականների բերիական էնկավեդեականները, երբ որպես օտարերկրյա լրտեսներ ձերբակալում, աքսորում եւ գնդակահարում էին հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչները: Ադպես էին վարվում մակաշովյան վարձու գրչակները, երբ համազգային շարժման առաջնորդներին անվանում էին էքստրեմիստներ, իսկ թուրք ջարդարարներին` ընդամենը խուլիգաններ: Վերջապես, ընդամենը մի քանի տարի առաջ այսպես էին վարվում Նաիրի Հունանյանին ռոմանիկ երիտասարդ անվանողները, ինչպես նաեւ Ռ. Քոչարյանը, որը հայտարարեց պետական հեղաշրջման փաստացի փորձը` մի թաղայինի գործ: Այսքանը` մի կողմից:

Մյուս կողմից` մեր իշխանությունները հույս ունեն, որ աշխարհը կհաշտվի նմանատիպ «պաշարված ամրոցի» գոյության հետ եւ որոշ պատժամիջոցներ ընդունելուց հետո հանգիստ կթողնի իրենց: Ինչ կա որ, եթե աշխարհը հաշտվեց այն մտքի հետ, որ մեր երկիրը 1998-ի ժողովրդավարական երկրների շարքից տեղափոխվեց քիչ թե շատ պրոբլեմատիկների շարքը, ապա ինչու նույն աշխարհը չի հաշտվի, երբ Հայաստանը լքի երկրների այս խումբը (օրինակ` Թուրքիա, Թուրքմենստան, Ուզբեկստան) եւ տեղափոխվի ավելի ցածր խումբ կանգնելով մի շարքում Հյուսիսային Կորեայի, Կուբայի, այսօր արդեն Բելառուսի հետ: Վերջապես կա մի թույլ հույս, որ հյուսիսում կամ արեւելքում կգտնվի մի բարի թագավոր, որը կասի ամերիկյան նախագահներից մեկի թեւավոր խոսքերը. Այո, նա սրիկա է, սակայն մեր սրիկան է»: Թվում է, թե տողերիս հեղինակը բացարձակապես անհույս մի տեսարան նկարագրեց: Սակայն իրականում այդպես չէ:

Իրականում մարտի 1 տեսած եւ իր զավակներին կորցրած ժողովուրդը չի ընկնի ապագայի մեջ, իրականում ոչ ոք չի հանդուրժի բռնապետության մի օջախ աշխարհի ամենապայթունավտանգ տարածաշրջանում: Իրականում բոլորն էլ արդեն հասկանում են, որ հայաստանյան իշխանությունները սպառնալիք են եւ իրենց ժողովրդին, եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին:

Սեպուհ

No comments:

Post a Comment