2008թ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, Երեւանի Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին բռնությամբ դուրս մղելուց հետո, վերջիններս ինքնաբուխ կերպով հանրահավաքը շարունակեցին Մյասնիկյանի հրապարակում:
Գործող վարչախմբը քաղաքացիների խաղաղ հանրահավաքը դարձյալ բռնությամբ ցրելու գործողությունների դիմեց, որոնց հետեւանքով եղան բազմաթիվ վիրավորներ եւ ըստ որոշ տեղեկությունների նաեւ զոհեր:
Այս իրավիճակից միակ ելքը, ինչպես նշել էինք դեռեւս ս/թ փետրվարի 29-ին արած մեր հայտարարությունում, տնային կալանքի տակ գտնվող ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին անմիջապես ազատ արձակելն ու ժողովրդին անմիջականորեն դիմելու նրան հնարավորություն տալն էր: Մի բան, որ իշխանությունների մերժողական դիրքորոշման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել: Չնայած դրան, հանրահավաքում ելույթ ունեցողներն անում էին հնարավոր ամեն ինչ՝ ժողովրդի զայրույթը մեղմելու եւ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Սակայն իշխանությունների կողմից սադրանքները շարունակվեցին ներդրված գործակալների միջոցով, ովքեր հանրահավաքի վայրից մեծ հեռավորության վրա գտնվող Մաշտոցի պողոտայում կոտրել են խանութների ցուցափեղկեր, թալանել որոշ խանութներ եւ վնասվել մեքենաներ:
Սույնով մենք հայտարարում ենք, որ այդ սադրիչները որեւէ կապ չունեն հանրահավաքի մասնակիցների հետ, նրանք ներդրվել եւ ուղղորդվել են գործող վարչախմբի կողմից, ուստի կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Ժողովրդի նկատմամբ մարտի 1-ին կիրառված այս ահաբեկչությունը եւս մեկ սեւ էջ է Քոչարյան-Սարգսյան զույգի հանցավոր գործունեության մեջ:
Նոր արյունահեղությունից եւ սադրանքներից խուսափելու համար ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը դիմել է հանրահավաքի մասնակիցներին՝ հանրահավաքը դադարեցնելու կոչով:
Մենք կշարունակենք քաղաքական պայքարը հանուն ժողովրդավարության եւ օրինականության:
Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ
Երեւան
2 մարտի 2008 թ.
No comments:
Post a Comment