Tuesday, March 25, 2008

Այսօր ձերբակալեցին եւս 4 քաղաքացու

A1+, 03-25-2008, Yerevan Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ:

Այսօր ձերբակալեցին եւս 4 քաղաքացու: Նրանցից մեկը մոտ 20-23 տարեկան մի երիտասարդ էր, որը կանգնած «Ազատություն" ռադիոկայանի լուրերն էր լսում: Ձերբակալվողների հետեւից հիմնականում վազում էին կանայք, սակայն ոչնչով օգնել չէին կարողանում:

«Աստծու անեծքը ձեր գլխին: Բա՞ դուք մայր ունեք, բա՞ ձեզ հայ կին է բերել",- լացելով ասում էր մի կին, որը պատմում էր, որ իր կողքին կանգնած երիտասարդը ոչինչ չէր անում: 4 հոգու ձերբակալելուց հետո, որոնցից մեկը կին էր, Հյուսիսային պողոտան կրկին լուսավորվեց եւ մարդիկ սկսեցին հեռանալ` անիծելով իշխանություններին: Այսօր Հյուսիսային պողոտայով զբոսնողները չէին կարծում, որ իշխանությունները կցրեն հանգիստ զբողսնող մարդկանց` նկատի ունենալով, որ կհարգեն նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի, որի մահվան առաջին տարելիցի առիթով նույն ժամին Օպերայում հուշ երեկո էր:

Ի դեպ, քաղաքական զբոսանքի մասնակիցներից շատերը այսօր շախմատ էին խաղում պողոտայի նստարանների վրա: Այս փաստը առնվազն պետք է արժանանար վարչապետ, ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահ ճանաչված Սերժ Սարգսյանի ուշադրությանը, որ միաժամանակ նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը այլեւս շախմատ չի սիրում, կամ նրան չէին զեկուցել, որ Հյուսիսային պողոտայում հավաքվածները ընդամենը շախմատ էին խաղում:

1 comment:

  1. Come on, tell me what's happening in this country. It's absurd, its abnormal, it's illogical. Can all this nonsense be sort of sabotage or protest from the side of the police.

    ReplyDelete