Ես` Նիկոլ Փաշինյանս, այսօր ժամը 18.00-ին Երեւանի Ազատության հրապարակում նստացույց եմ սկսում, շուրջօրյա նստացույց։
Ես հասկանում եմ, որ ոմանք սա կգնահատեն որպես հուսահատ քայլ։ Բայց այս որոշումը կայացնելուց առաջ երկար եմ մտածել, եւ իմ արածը ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ է ընդդեմ հուսահատության։ Այն հուսահատության, որ մարդուն ստիպել է երկրի քաղաքացու, երկրի իշխանավորի իր իրավունքը զիջել մեկ-երկու հանցագործի։ Սա նաեւ հույսի, լավատեսության ակցիա է, եւ իրականացումը այն խոստման, որ չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, եւ մեզնից կախված ամենը անելու ենք մեր երազած երկիրը մեր երեխաներին ժառանգելու համար։ Այս քայլի նպատակը հստակ է. նախապատրաստել ուրբաթ օրը նույն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը, որը շատ կարեւոր է լինելու մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Նստացույցի ժամանակ իմ գլխավերեւում ոչ մի կոչ կամ կամ պահանջ չի լինելու։ Ընդամենը փակցված է լինելու A4 ֆորմատի մի թուղթ, որի վրա գրված է լինելու «1+»։ Մեր նախորդ հանրահավաքից առաջ ինչ-որ մեկը նման ցուցանակ էր փակցրել Թումանյանի արձանի պատվանդանի վրա, եւ ես ուզում եմ շարունակել այդ մարդու սկսած գործը` որի փակցրած թուղթը ինչ-որ մարդիկ հետո պոկել էին։ Ինչ եմ ես ուզում այս քայլով. ուզում եմ, որ ՀՀ քաղաքացիները, որոնք հասկանում են երկրում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը իրենց հետ վերցնելով «1+» գրառմամբ A4 ֆորմատի թուղթ գան Ազատության հրապարակ, եւ դրանք փակցնեն արդեն իսկ այնտեղ գտնվող թղթերի կողքին` ի նշան այն բանի, որ իրենք չեն պատրաստվում համակերպվել իշխանության կողմից պարտադրվող իրականության հետ, որ իրենք մասնակցելու են ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքին, որովհետեւ պատրաստ են կրել երկրի ապագայի համար իրենց ունեցած պատասխանատվությունը, պատրաստ են պայքարի դուրս գալ ընդդեմ բեսպրեդելի։ Եւ մենք կփորձենք «1+1+1+1» բանաձեւով պատել ողջ Ազատության հրապարակը, ողջ Երեւանը, ողջ Հայաստանը, այս պայմանագրի մասնակից դարձնելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Իսկ նստացույցի բուն իմաստը այդ «1+» գրառումներով թղթերը հսկելն է` որպեսզի դրանք փակցրած մարդկանց գնալուց հետո «1+»-ները հատ հատ չպոկվեն եւ չտարվեն Ազատության հրապարակից։ Այսինքն, իրականում ես ոչ թե նստացույց եմ անելու, այլ երկու օր ու գիշեր հսկելու եմ այդ թղթերը, մինչեւ որ դրանց տերերը, դրանց հեղինակները ուրբաթ օրը, ժամը 19-ին վերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու պայքարը եւ այդ թղթիկները իրենց հետ իրենց տները, բակերը, թաղամասերը տանելու։ Հիմա քաղաքական առաջիկա շրջափուլի նպատակի մասին։ Խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, կեղծվել են լկտի կերպով։ Ընդ որում, կեղծիքը սկսվել է դեռեւս նախորդ տարվանից, կեղծիքները ահագնացել են քարոզչության շրջանում, իսկ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Կեղծ անձնագրերի մասին վերլուծության հիմնավոր լինելը շատ արագ կարելի է ապացուցել եւ եթե իշխանությունը համոզված է, որ այդպես չէ թող համարձակություն ունենա մեզ տրամադրել մայիսի 12-ին քվեարկությանը մասնակցած անձանց անունները` ըստ տեղամասերի, 2003 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մինչեւ 2007 թվականի մայիսի 9-ը Հայաստանից դուրս եկած եւ վերադարձած քաղաքացիների անունները, 2003 թվականի ԱԺ ընտրություններից մինչեւ 2007 թվականի մայիսի 9-ը մահացած ՀՀ քաղաքացիների անունները։ Ահա այս տվյալներն ունենալուց հետո մենք շատ արագ կապացուցենք, թե ինչ հիվանդությամբ է հիվանդ այս իշխանությունը, եւ այդ հիվանդության բուժումը մեկն է։ Բայց մեծ հաշվով, խնդիրը ոչ թե այն է, որ իշխանությունը կեղծել է այս ընտրությունների արդյունքները, այլ այն, որ ստեղծել է «ընտրություններով» վերարտադրվելու հավերժական մեխանիզմ, եւ այդ մեխանիզմը սպասարկող հավերժական բանաձեւ։ Մեր իշխանավորները` Սերժի եւ Ռոբերտի գլխավորությամբ, չորս տարի թալանով փող են աշխատում, վերջին մեկ տարում այդ թալանած փողերի մի մասը ծախսում վերարտադրվելու համար։ Ընդ որում, վերջին փորձը ցույց տվեց, որ իշխանության հովանու ներքո մշտապես գործում են խմբեր, որոնք զբաղված են ընդամենը մեկ հարցով. ընտրությունները կեղծելու մեխանիզմների կատարելագործմամբ։ Եւ հիմա պրոբլեմը ոչ թե նա է, որ ընտրությունները կեղծվել են, կամ այն, որ հաջորդ ընտրություններն են կեղծվելու, այլ այն, որ այս պրոցեսը կարող է հավերժ շարունակվել։ Եթե մենք սպասենք մինչեւ հաջորդ, հաջորդ ընտրությունները, ամեն անգամ քվեարկությունից հետո ունենալու ենք այն զգացողությունը, որ ունեցել ենք մայիսի լույս 13-ի գիշերը։ Եւ հիմա քաղաքական խնդիրը հետեւյալն է` պետք է շարունակել սկսված շարժումը, եւ այդ շարժման նպատակը պետք է լինի մինչեւ առաջիկա նախագահական ընտրությունները Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից զրկելը։ Եւ այսօր մենք պետք է հենց այս փուլի հիմքը դնենք։ Բայց այս շարժումը սկսելուց առաջ մենք մի քանի կարեւոր արձանագրումներ պետք է անենք. Քոչարյան-Սարգսյանը զույգի իշխանությունը հիմնված է ՀՀ քաղաքացիների, քաղաքական գործիչների փոխադարձ ատելության վրա։ Քոչարյան-Սարգսյան զույգը հենց սրա վրա էլ կառուցում է իր իշխանությունը, եւ դա անում է մարդկանց իրար դեմ հանելով։ Իսկ մարդկանց իրար դեմ հանում է շատ պարզ եղանակով` ամեն ինչ անում է, որ բոլորը բոլորին ծախված համարեն։ Մինչեւ հիմա այս բանաձեւը իրականացվում էր քաղաքական գործիչների, լրագրողների, մտավորականների մեջ, հիմա այդ նույն պրոցեսը ավելի լայն տարածում է ստացել։ Ու հիմա քիչ էր, որ ժողովուրդը քաղաքական գործիչներին էր ծախված համարում, քաղաքական գործիչները լրագրողներին, լրագրողները մտավորականներին եւ հակառակը, այս ընտրություններում իշխանությունը նման իմիջ ձեւակերպեց նաեւ ժողովրդի համար։ Այս ամենը, իհարկե, ցավալի է, որովհետեւ այս մեխանիզմի ձեւավորման գործում մենք բոլորս օգնել ենք իշխող զույգին։ Եկեք խոստովանենք, որ մենք բոլորս ներգրավված ենք արատավոր այս շղթայի մեջ։ Եւ հիմա, վերջին օրերի մասին խորհելով մտածում եմ` ի՞նչ պետք է աներ այն խեղճ գյուղացին, որին առաջարկվում էր փող կամ հաշվեհարդար։ Կարող էր դիմել քաղաքական գործիչների, լրագրողների, մտավորականների. բայց այդ խեղճ գյուղացին համոզվել է, որ նրանք էլ նույն իրավիճակի դերակատարներ եւ զոհեր են։ Կարճ ասած, մենք բոլորս մեր ուսերին այնքան մեղք ու անպաշտպանություն ունենք, որ դժվար է անգամ պատկերացնել։ Բայց խնդիրը բոլորովին այլ է` արդյոք այդ մեղքը եւ անպաշտպանությունը ժառանգում ենք մեր երեխաներին, այնպես ինչպես մեր պապերն են իրենց մեղքը մեզ ժառանգել։ Միթե մենք թույլ ենք տալիս, որ մեր զավակների յոթ սերունդ պատժի եւ անեծքի տակ ապրի։ Եւ եթե թույլ չենք տալիս, ի՞նչ պետք է անենք։ Հենց այս համատեքստում էլի ուզում եմ խոսել քաղաքական Զատիկի մասին։ Մենք այսօր իսկապես մեր մեղքերից, քաղաքական ու քաղաքացիական մեղքերից մաքրվելու անհրաժեշտություն ունենք։ Մենք` ՀՀ բոլոր քաղաքացիներս պետք է մաքրվենք, ներենք իրար եւ ի նշան այդ ներման դուրս գանք հրապարակ եւ մաքրենք մեր ամոթի ու խայտառակության կենդանի խարանը` այն իրավիճակը, այն իշխանությունը, այն բարոյականությունը, որ այսօր հաստատվել է Հայաստանում։ Եւ այսօր ես հույս ունեմ հազարավոր մարդկանց ներումը ստանալ եւ հազարավոր մարդկանց համար ներվելու ու ներելու հնարավորություն ստեղծել։ Ես հույս ունեմ, որ ուրբաթ օրվա հանրահավաքը կդառնա այդ ներման եւ կամքի վճռական վկայությունը։ Հույս ունեմ հանրահավաքին կմասնակցեն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի այդ թվում եւ «Օրինաց երկրի», «Ժառանգության», «Նոր ժամանակների», ՀԺԿ-ի, «Ազգային միաբանության», «Հանրապետության» լիդերները։ Նաեւ ուզում եմ իմ քաղաքական պայքարի ընկերների ներումը հայցել, որ իրենք այս հրապարակումից են տեղեկանում այս ակցիայի մասին։ Ես հույս ունեմ, որ այս անակնկալը նրանց եւս մեկ անգամ կհամոզի, որ մեր կամքը անսասան է, ազատության հաղթանակը անխուսափելի։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
No comments:
Post a Comment