Wednesday, April 18, 2012
"Patriots" Again Scared of Azeri Films, Resort to Violence.
Բաց նամակ Վանաձորում կազմակերպված ցույցի վերաբերյալ
Մենք գրում ենք՝ հայտնելու մեր մտահոգությունը 2012 թ. ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը պլանավորում էր 2012 թ. ապրիլի 17-ին ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակում: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը խնդրել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տարածք տրամադրել ֆիլմերի ցուցադրության համար և որպես իրավապաշտպան կազմակերպություն, որը հարգում է արտահայտման ազատությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չէր մերժել:
Գյումրիում, որտեղ այն պետք է տեղի ունենար 2012 թ. ապրիլի 12-ին, փառատոնն ընդունվել էր բողոքի ակցիայով և բռնությամբ: Թեև Գյումրիում փառատոնը տեղի չէր ունեցել, ԽՆԿԿ նախագահը հաստատակամ էր այն անցկացնելու Վանաձորում:
36 կազմակերպություններ, ներառյալ՝ հասարակական կազմակերպություններ, Երկրապահ կամավորների միությունը և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցչություններ, ստորագրել էին կոչ լոռեցիներին, որում հորդորում էին 2012 թ. ապրիլի 16-ին դուրս գալ և բողոքել ընդդեմ փառատոնի կազմակերպիչների ու աջակիցների և պահանջել, որպեսզի փառատոնը չեղյալ հայտարարվի, այլապես սպառնում էին քայլեր ձեռնարկել փառատոնի անցկացման օրը:
Ապրիլի 16-ի առավոտյան Գեորգի Վանյանը տարածել էր հաղորդագրություն փառատոնը հետաձգելու վերաբերյալ՝ «կեղծ հայերնասերների» կողմից բռնությունները և այլ գործողությունները կանխելու նպատակով: Սակայն ժամը 11:00-ի սահմաններում շուրջ 200 ուսանողներ, նախկին ազատամարտիկներ և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Հայքի հրապարակում և երթով շարժվել դեպի ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Ցուցարարներին առաջնորդել են Երկրապահ կամավորականների միության և քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցչությունների ղեկավարներց, որոնք ներս են մտել գրասենյակ՝ բանակցելու Արթուր Սաքունցի հետ և հորդորելու նրան՝ չեղյալ հայտարարել փառատոնը: Գրասենյակ մտած պատվիրակությունը բաղկացած է եղել մոտ 15 հոգուց, սակայն այլ ցուցարարներ նույնպես ներս են մտել: Նրանք սպառնացել են ջարդել սարքավորումները և գույքը և կոպտորեն վիրավորել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անձնակազմին: Ցուցարարներից մեկը պոկել է պատից կախված պաստառը՝ այն կոչելով հակահայկական (պաստառի վրա գրված էր «Ղարաբաղյան պատերազմի անհայտ զինվորների խնդիրները՝ Վանաձոր-Գյանջա»): Պատվիրակությունը փորձել է հանգստացնել իրենց աջակիցներին, սակայն ապարդյուն:
Արթուր Սաքունցը տեղեկացրել է պատվիրակությանը, որ փառատոնը հետաձգվել է: Պատվիրակությունը ծափահարել է և խնդրել Սաքունցին դուրս գալ ու հայտնել ամբոխին այդ մասին: Մինչ պատվիրակությունը ներսում է եղել, դրսում ամբոխը բացականչել է. «Դավաճաններ, ամոթ և թուրքեր» և պահանջել չեղյալ հայտարարել միջոցառումը: Արթուր Սաքունցը դուրս է եկել և տեղեկացրել ամբոխին, որ Գեորգի Վանյանը հետաձգել է փառատոնը: Ամբոխը գոհունակությամբ բացականչել է, սակայն երբ Սաքունցը վերադարձել է գրասենյակ, ամբոխն սկսել է պահանջել, որ փառատոնը ոչ թե հետաձգվի, այլ ընդհանրապես չեղյալ հայտարարվի: Ամբոխն սկսել է ձվեր և քարեր շպրտել գրասենյակի ուղղությամբ: Երկու քար ջարդել են գրասենյակի պատուհանները, իսկ նրանցից մեկը հարվածել է գրասենյակի աշխատակցուհու ոտքին: Ցույցի և այս հարձակումների ողջ ընթացքում 4 ոստիկաններ գնվել են ամբոխի կողքին և ոչ մի քայլ չեն ձեռնարկել: Որոշ ոստիկաններ կանգնած են եղել ամբոխի ետևում և ուղղակի դիտել են, թե ինչպես է հարձակումը տեղի ունենում: Կազմակերպությունը զանգահարել է ոստիկանության Վանաձորի բաժանմունք, (որոնք ի դեպ ժամանել են միայն ամբոխի հեռանալուց հետո):
Ցուցարարների պատվիրակությունը վերադարձել է գրասենյակ և պահանջել, որ Արթուր Սաքունցը վերադառնա ամբոխի մոտ և հայտարարի, որ փառատոնն ընդհանրապես տեղի չի ունենալու: Սաքունցը պնդել է, որ հայտարարություն կտա բռնության և միջոցառման վերաբերյալ, բայց պատվիրակությունը հայտնել է, որ չեն կարող ցրել զայրացած ամբոխը և Սաքունցը պետք է խոսի նրանց հետ: Երկար բանավեճից հետո Սաքունցը դուրս է եկել և տեղեկացրել ամբոխին, որ փառատոնը տեղի չի ունենա:
Ամբոխն այնուամենայնիվ չի լքել տարածքը և պատվիրակությունը ստիպված է եղել նորից առաջնորդել նրանց Հայքի հրապարակ: Ոստիկանությունը ժամանել է տարածքն ուսումնասիրելու միայն ամբոխի հեռանալուց հետո: Գրասենյակի ներսում և դրսում գտնվող անվտանգության տեսախցիկները տեսաձայնագրել են ամբողջ ընթացքը և տեսագրությունը տրամադրվել է ոստիկանությանը:
Այս միջադեպի լույսի ներքո ցանկանում ենք արտահայտել, որ մենք դեմ չենք ցույցեր անցկացնելու և ցուցարարների կողմից սեփական կարծիքը արտահայտելու իրավունքին, սակայն մենք շատ մտահոգ ենք, որ ոստիկանությունը հրաժարվել է միջամտել, երբ տեղի են ունեցել վայրագ գործողություններ մի կազմակերպության դեմ, որի հիմնական նպատակն է՝ կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ մարդու հիմնական իրավունքները պաշտպանված են:
Անկեղծորեն՝
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խորհուրդ
Քրիստ Մարուքյան
Ագնեշկա Կլոսովսկա
Զիգֆրիդ Վեբեր
Արմեն Սարգսյան
Պասկալ Բոկկերս