Այն, որ երկրիս բնակչության մեծ մասը երազում է հայտնվել որեւէ արտասահմանյան երկրում, նորություն չէ եւ առանձնապես զարմանալի էլ չէ: Բայց որ երկրիս բարձր պաշտոնյաներն էլ են դա երազում եւ ցանկացած փոքր հնարավորություն օգտագործում արտերկրում հայտնվելու համար, թերեւս արտառոց է ու աննախադեպ: Մի երկիր, որի նախագահը պաշտոնավարումն ավարտելուց հետո համաձայնում է դառնալ ռուսաստանյան մի ֆինանսական կորպորացիայի տնօրենների նախագահ: Մի երկիր, որի օմբուդսմենը հրաժարվում է պաշտպանել իր երկրի քաղաքացիների իրավունքները եւ համաձայնվում պաշտպանել Կենտրոնական Ասիայի բնակչության իրավունքները: Մի երկիր, որի մեկ միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը հրաժարական է տալիս` հայտարարելով, որ բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկ է ստացել, եւ օրեր անց նշանակվում ռուսական մի բանկի փոխնախագահ: Մի երկիր, որի անվտանգության նախկին նախարարը (Կառլոս Պետրոսյանը) մշտական բնակության է տեղափոխվում Ռուսաստան եւ հիմնադրում հետխորհրդային ինտեգրացիա քարոզող «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժումը:
Իսկ գուցե երկրիս վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին:
OpEd in hraparak.am