
You, too, can track the times and items visible in your skies on SpaceWeather.com.
Իջեւան. սպանել է ու գնացել դասի
Իջեւանում կատարված սպանությունը նույնպես բարձրագույն ուսումնական հաստատության աշխատակցի անվան հետ է կապվում: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, 31-ամյա Արտակ Ճաղարյանը սպանել է 44-ամյա Վալերի Աղինյանին, ով, ինչպես ասում են, փող փոխող էր: Նրանց միջեւ գումարային խնդիրներ են եղել: Ոստիկանության հաղորդած տեղեկությունների համաձայն, ահազանգ ստանալուց եւ օպերատիվ խմբի դեպքի վայր մեկնելուց հետո "Սպիտակ ջուր" կոչվող տարածքում հայտնաբերվել է Աղինյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի կրծքավանդակի եւ որովայնի մասերում հայտնաբերվել են որսորդական հրացանից արձակված գնդակի կոտորակների թողած վնասվածքների հետքեր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ Վալերի Աղինյանի մոտ եղել է 8-10 մլն դրամ: Ըստ հաղորդագրության, Արտակ Ճաղարյանը Իջեւանի "Մարմար" ռեստորանի մոտ առավոտյան սպանել է Աղինյանին ու հափշտակել նրա մոտ եղած գումարը: Դրանից հետո Անուշ Բ-ին պատկանող "ՎԱԶ-2121" մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել է "Սպիտակ ջուր": Հափշտակված գումարի մի մասը` 2 մլն դրամը, հայտնաբերվել եւ առգրավվել է: Իսկ ահա մեր ձեռք բերած տեղեկությունների համաձայն, համալսարանի դեկանը, ով Աղինյանին փող է պարտք եղել, զանգահարել է նրան եւ հետաքրքրվել` 20 հազար դոլարի չափ դրամ կունենա՞: Ի դեպ, սպանվածի հեռախոսին ստացված վերջին զանգն էլ հենց Ճաղարյանից է եղել: Վերջինս խոստացել է նաեւ իր պարտքը վերադարձնել: Հետո պայմանավորվել են հանդիպել: Ճաղարյանն Աղինյանին առաջարկել է մեքենա նստել` պատճառաբանելով, թե չի ցանկանում, որ ուրիշները նկատեն իր մոտ եղած մեծ գումարը: Հետո սպանել է նրան ու դիակը թողել "Սպիտակ ջուր" լճում: Իջեւանցիների շրջանում վարկած է շրջում, թե նա միայնակ չի եղել, սակայն որոշել է մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնել: Սպանությունից հետո, ասում են, դեկան Ճաղարյանը ներկայացել է կուսակցական ժողովին, քանի որ Հանրապետական կուսակցության Իջեւանի կառույցի ղեկավար անդամներից է: Դրանից հետո էլ աշխատավայր է ներկայացել, որտեղ աչքի է ընկել բարձր տրամադրությամբ: Ու հենց համալսարանում իրավապահները ձերբակալել են նրան: Բայց մինչ այդ Ճաղարյանը հասցրած է եղել ավտոմեքենան լվանալ տալ ավտոլվացման կետում: Այստեղի աշխատակիցները նույնպես հարցաքննության են կանչվել: Ի դեպ, մեր ստացած տեղեկությունների համաձայն Իջեւանում, մասնավորապես դասախոսները, տնտեսագիտականի դեկանի մոտ վերջին շրջանում տարօրինակություններ են նկատել: Իսկ ինչ վերաբերում է նրա կատարած սպանությանը, ապա դրանից հետո նա շատ մարդկանց է պարտքը վերադարձրել: Իսկ պարտքուպահանջ, ասում են, շատերի հետ է ունեցել:
Երեկ հայտնի դարձավ, որ «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հանս Բոոնը նախորդ օրը հրաժարական է ներկայացրել: Ընդ որում նա հրաժարական է ներկայացրել հեռակա կարգով: Նա մի քանի շաբաթ առաջ մեկնել է հայրենիք` Հոլանդիա եւ փոստով ներկայացրել հրաժարականի իր դիմումը: Ամենահետաքրքիրն այն է, թե որն է Բոոնի հրաժարականի պատճառը: Խնդիրն այն է, որ վերջին կես տարվա ընթացքում, օտարերկրացի Բոոնը Երեւանի կենտրոնում երկու անգամ դաժան ծեծի է ենթարկվել: Առաջին անգամ հունիսին Կարապի լճի մերձակայքում, իսկ երկրորդ անգամ` հոկտեմբերի սկզբին` Պուշկինի փողոցում: Առայժմ անհայտ է, թե ինչու է Բոոնը խուսափել է այս փաստերին հրապարակայնություն հաղորդել: Հայտնի է միայն, որ բժիշկների ասելով վերջին հարձակումը եղել է առանձնապես դաժան եւ նրան հասցված մարմնական վնասվածքները կարող էին մահացու լինել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների հենց այս հարձակումներն են դարձել Բոոնի հրաժարականի պատճառ` օտարերկրացին, Հոլանդական “Haypost Trust Management” ընկերության կառավարման ներքո գտնվող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «Հայփոստի» եվրոպացի գլխավոր գործադիր տնօրենը իրեն անվտանգ չի զգում ոստիկանապետության վերածված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում: Սա շատ լավ գովազդ է մեր երկրի համար: Սրանից հետո, թերեւս, Տիգրան Սարգսյանը հիմքեր կունենա խոսելու Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար դրախտ դարձնելու եւ Հայաստանը միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական, մշակութային ու էլի եսիմինչ կենտրոնի վերածելու մասին:
Հ.Գ. Ի դեպ, «Հայփոստ» ըկերության կառավարումը շուտով կստանձնի արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանին պատկանող ընկերություններին: Սպասվում է, որ փոխանցման գործընթացը կավարտվի առաջիկա մեկ երկու ամիսների ընթացքում: